Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետեւյալ դեպքերում՝
1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից.
2) անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.
3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.
4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.
5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.
6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով.
7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։
Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաեւ մեղադրանքի մասին: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին։
Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պատճառված վնասի հատուցման: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում:
Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:
Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի:
Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:
Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին։
Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել։
Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։
Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք:
Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:
Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:
Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:
Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:
Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:
Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:
Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար։
Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման եւ իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ:
Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ դատարանի որոշմամբ:
Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:
Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։