Մուրացան - Պատմվածքներ стр 5.

Шрифт
Фон

Այնուհետև քարոզիչը նորեն դարձավ պասին, սուրբերին, պատկերներին և մեր եկեղեցու զանազան արարողությանց և ծեսերին: Երկար ու բարակ խոսեց և ըստ կամաց հազար ու մի սուտ ու սխալ բացատրություններ տվավ այդ ամենի համար: Հետո նա յուր կարծիքով այնքան պակասություններ գտավ մեր հոգևոր հայրերի մեջ, այնքան թերություններ մեր կրոնի և եկեղեցու մեջ, որ յուր ունկնդիրներից մի քանիսին, ի միջիայլոց և ոսկերիչ Գրիգորին, համոզեց, որ իրանք բոլորն էլ մոլորյալ ոչխարներ են, արդեն դժոխքի համար պատրաստված, որովհետև արքայություն մտնելու համար նորեն պետք է «եղբայրություն» ընդունեին, այլապես անհնար էր:

Քարոզիչը յուր բոլոր խոսակցության ժամանակ աշխատում էր խեղճ և տգետ արհեստավորների առաջ այնպիսի բաներ խոսել, որոնց հետ վերջիններս շատ ծանոթ էին, և որովհետև այդ խեղճ մարդիկը նրա ասածների միմիայն երեսն էին տեսնում, առանց խորը թափանցել կարողանալու և մանավանդ, որ սա կրկնում էր մեր այն թերությունների մասին, որոնց մենք ինքներս շատ անգամ հարվածում ենք, այս հանգամանքը մանավանդ օգնում էր, որ մի քանիսը բոլորովին հափշտակվել էին յուրմով: Ինչ վերաբերում է ոսկերիչ Գրիգորին նա սրան երկնքից իջած էր համարում: Հյուրերից հասակավորները միայն գինու առատությունից թմրել և լսելու ու հասկանալու անընդունակ էին դարձել, մյուս բոլոր երիտասարդները արդեն բավական խմորվել էին:

Ավետիքի զգացած ուրախությանը չափ չկար: Նա խոսելուց և քարոզելուց այն ժամանակ դադարեց, երբ ճրագները ներս բերին: Այնուհետև հյուրերի ցրվելու ժամանակն էր: Երբ հերթը եկավ Ավետիքին՝ նա վերկենալով հայտարարեց, որ այսուհետև կաշխատե շուտ – շուտ տեսնվիլ յուր այս օրվա բարեկամների հետ, որոնց նմաններին նա դեռ պատահած՝ չէր, ինչպես ասում էր, և կխոսի «հոգեշահ» բաների վրա: Ոսկերիչ Գրիգորը և յուր մի քանի ընկերները ուրախություն հայտնեցին նրա «հոգեշահ» քարոզներին ներկա գտնվելու ուր և լինի:

Բայց քարոզչի աշակերտ Կարոն ավելի լավ բան առաջարկեց, այսինքն վաղը երեկոյան ժողովվել յուր տանը ընթրիքի: Ներկա եղողները պարտավորվեցան բոլորն էլ այնտեղ գտնվիլ մի ուրիշ ժամում և միմյանց «բարի գիշեր» մաղթելով հեռացան:

Գրիգորը հյուրերին ճանապարհ դրավ մինչև բակի դուռը: Երբ դարձավ տուն, Մարիամին գտավ շատ տխուր և առանձնացած սենյակի մի անկյունը:

– Մարիամ, ինչո՞ւ տխուր ես, – ըստ սովորականին քնքշաբար մոտեցավ նրան Գրիգորը, – մի՞գուցե հիվանդ ես:

– Ո՛չ, հիվանդ չեմ:

– Ուրեմն, բարկացա՞ծ ես:

– Այո՛, քեզ վրա:

– Ի՞նձ, հա, հա, հա, ինչո՞ւ համար, մի՞թե քո դեմ մի անախորժ բան ունե՞մ արած:

– Այո, շատ անախորժ: Ո՞վ է այդ Ավետիքը, որի շատախոսությունները այդքան զմայլված լսում ես:

– Ո՞վ պետք է լինի, մի բարի մարդ, մի՞թե մեղք է նրա հետ խոսիլը:

– Այո, շատ մեղք է, դա բարի մարդ չէ, այլ սատանայից էլ չար: Դու գիտես, որ դա լութերական քարոզիչ է, դրան ուր ես քո սեղանի վրա նստեցրել:

– Եթե լութերական է, բայց ինքն էլի հայ է, ուրեմն չի՞ կարելի մեր սեղանի վրա նստեցնել:

– Գլխիս վրա էլ կնստեցնեմ, եթե լուռ ու մունջ մյուսների պես նստե, յուր հացն ուտե, ուրախություն անի ու դուրս գնա, բայց որ նստել է քարոզներ ասում, և մարդկանց ճանապարհից հանում, ես նրան ախոռն անգամ մտնելու իրավունք չեմ տալ: Դեռ նրա ճանապարհով խեղճ Համբարձումին էլ վիրավորում ես: Դու կամենում ես բոլոր դրացիներին միանգամով քեզ վրա խոսեցնել տաս:

– Տե՛ս, Մարիամ, հիմարություններ ես դուրս տալիս, ինձ շատ հարկավոր է, որ դրացիները մեզ վրա կխոսա՞ն:

– Ե՞ս եմ հիմարություններ դուրս տալիս:

– Ի՛հարկե, – կես բարկությամբ պատասխանեց Գրիգորը, մարդը քեզ մի վատություն չէ արել, դու նրա վրա թշնամաբար ես խոսում, դա հիմարությունից էլ մի փոքր ավելի է:

Մարիամը ոչինչ չպատասխանեց: Այդ առաջին կոպիտ խոսքն էր, որ յուր ամուսնուց լսավ: Նրա աչքերը իսկույն արտասուքով լցվիցան, և նա սկսավ լալ:

Առաջին արտասվաց կաթիլները գլորվեցան…

Գ

Իմ ընթերցողները չմոռացան իհարկե, որ ոսկերիչ Գրիգորը յուր հյուրերից մի քանիսի հետ հետևյալ օրը հրավիրված էր Կարոյի տունը ընթրիքի: Այդ երեկոյան երբ Գրիգորը՝ յուր խանութը փակելով դարձավ տուն և պատրաստվում էր՝ յուր խոստման համաձայն հյուրասիրող բարեկամի մոտ գնալու, Մարիամը եկավ նրա մոտ և խնդրում էր, որ նա թողնե յուր այդ մտադրությունը:

– Ինչո՞ւ համար, Մարիամ, ինչո՞ւ այդ արգելում ես ինձ, – հարցրավ Գրիգորը ամուսնուց, – Կարոյի տունը գնալս այս առաջին անգամը չէ, և վերջապես ես երեկ խոստացել եմ, ինչպես կարող եմ խոստմանս դրժել:

– Խոստմանդ ուղղակի մի դրժիլ, դու կարող ես ասել թե հիվանդ եմ, կամ գործ ունեի, վերջապես ինչ կամենում ես ասա, բայց այսօր մի՛ գնալ այնտեղ, աղաչում եմ:

– Բայց ինչու՞ համար, զարմանում եմ, ինչի՞ց ես կասկածում:

– Ես, չգիտեմ, թե ինչո՞ւ համար, չգիտեմ, թե ինչի՞ց եմ կասկածում, բայց չեմ կամենում, որ այնտեղ գնաս: Այսօր ամբողջ օրը ես տխուր էի և միմիայն այդ բանի վրա էի մտածում: Ես այնպես եմ համոզված, որ եթե դու գնաս այնտեղ, եթե դու մեկ էլ լսես այն չար սատանայի խոսքերը, դու կփոխվես, դու էլ նրա պես չար կդառնաս, դու էլ իմ Գրիգորը չես լինիլ…

– Տեսնո՞ւմ ես, ինչ հիմար – հիմար մտքեր ես անում, Մարիամ:

– Դարձյալ հիմա՞ր, – այս խոսքում Մարիամը փղձեցավ, և նրա աչքերը արտասուքով լցվեցան:

– Հապա ի՞նչ ասեմ, դու ինձ երեխա ես կարծում, ի՞նչ է: Այսուհետև պետք է ինձ փոխեն, այսուհետև պիտի չար դառնամ:

– Չգիտեմ, Գրիգո՛ր, հոգյակս, միայն խնդրում եմ մի գնալ այնտեղ, իմ սիրտը շատ վատ բաներ է գուշակում, ես վախենում եմ: Այդ Ավետիքի համար մեր դրացիները շատ վատ բաներ են խոսում, ասում են, ով որ մի անգամ նրա ձեռքը ընկավ, էլ ազատվիլ չէ կարող…

– Էհ, դատարկ բաներ ես խոսում, թող թե աստվածդ կսիրես, մարդիկը այժմ ինձ են սպասում, ամոթ է: – Այս ասելով Գրիգորը անցավ դեպի դուռը:

– Բայց քեզ խնդրում եմ, ինձ չե՞ս լսում, – այս խոսքերով Մարիամը վազեց դեպի դուռը և նրա ձեռքը բռնեց:

– Թող, – ասում եմ, Մարիա՛մ, ինձ մի՛ ուշացնիր, ես խոսք եմ տվել և իմ խոսքից դառնալ չեմ կարող:

– Ո՛չ չպետք է թողնեմ, ես չեմ կամենում, որ գնաս:

– Էհ, դու ինձ զզվեցնում ես: – Այս ասելով նա յուր ձեռքը խլեց կնոջ ձեռքից և շտապով հեռացավ:

Մի քանի րոպե Մարիամը մնաց յուր տեղը արձանացած: Նրա աչքերը անշարժ ուղղվել էին դեպի այն դուռը, որտեղից յուր ամուսինը դուրս գնաց: Բայց մի փոքր հետո նա ուշքի եկավ և դառն հեկեկանքով սկսավ լալ:

Երեխաները մյուս սենյակում խաղում էին. նրանք չտեսան, թե ի՞նչ պատահեցավ իրանց մոր հետ: Իսկ Մանիշակը հարևանի տանից դառնալով, երբ յուր մայրը գտավ լալիս, մնաց շվարած:

– Ի՞նչ պատահեցավ քեզ, մայրիկ, ինչո՞ւ լալիս ես, – հարցրավ նա մորը:

Իսկ վերջինս ո՛չ միայն ոչինչ չպատասխանեց, այլև աղջկանը տեսնելուն պես ավելի ևս սկսավ արցունքներ թափել: Քնքույշ Մանուշակը չդիմացավ մոր արտասուքներին, և ինքն էլ նրա հետ սկսավ լալ: Երկար այս աղիողորմ տեսարանը շարունակվում էր: Ի վերջո մայրը սթափվելով դադարեց լալուց և բեկված սրտով սփոփեց աղջկանը: Սակայն վերջինիս համար դեռ անբացատրելի մնաց յուր մոր լացի պատճառը:

Եվ իրավ, ինչու՞ համար խեղճ կինը այդ աստիճան վշտանում էր, ի՞նչն էր նրա արտասվաց և հուսահատության պատճառը:

Այդ յուր ամուսնու լութերական դառնալու երկյուղն էր, երկյուղ, որ պաշարել էր նրան այն րոպեից սկսած, երբ քարոզիչ Ավետիքը իրանց սեղանի վրա նստած տեսավ: «Լութերական» – այս բառը գավառեցի հայ կինը սառնասրտությամբ լսել չէ կարող, նա ակնհայտնի խորշում է նամանավանդ այդ անունը կրող հայից: Որքան կամենում եք դատապարտեցեք նրա այդ զգացմունքը, կամենում եք նախապաշարված կոչեցեք նրան, կամենում եք մոլեռանդ, – այդ նրա հոգը չէ, նա միայն գիտե, թե պետք է խորշել այդ կրոնափոխ մարդիկներից, որովհետև դրանց այդ հավատավաճառության գործի՝ մեջ նա ոչինչ ազնիվ և բարի բան չէ նկատում: Մի բան, որ անհերքելի իրողություն է մնում հայ կնոջ համար, այդ այն է, որ նա յուր նուրբ դիտողությամբ պարզ տեսնում է, թե յուր ընտանյաց այն անկումը, որ տգիտությամբ բռնվում է այդ մարմնազդեցիկ դևերի ցանցի մեջ, նա ընդմիշտ կորչում է յուր ընտանյաց համար: Նա այլևս ամենօրվանը չէ, նրա մեջ սառչում են սովորական զգացմունքները, նրա սիրտը, այլևս համահավասար չէ տրոփում այդ ընտանյաց սրտի հետ: Հայրական սեր, մայրենի գորով, հարազատաց խանդադատանք, այդ բոլորը նրա համար կորցնում են իրանց բարերար ազդեցությունը: Նա ծաղրում է ամեն բան, նա ծիծաղում է և ընտանյաց բոլոր հնավանդ սրբությանց վերա…

Այսպիսի օրինակները բազմաթիվ են նամանավանդ մեզ ծանոթ արհեստավորանց թաղի մեջ, այդ խավարի ու տգիտության կենտրոնատեղում: Այդտեղ կային լութերականացած հայրեր, որոնք խռով էին ապրում իրենց կնոջից և զավակներից, երիտասարդներ, որոնք օրն ի բուն անարգում և թշնամանում էին իրանց խորթ հավատը չդավանող ծնողներին: Այս բոլորին Մարիամը ծանոթ էր, նա այս մասին ավելի շատ տխուր պատմություններ գիտեր և ահա սրանք էին նրան այնքան վիշտ ու արտասուք պատճառողները: Եվ նրա նախազգացումը իրան չխաբեց:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора