Գյուղացին հասկանալով, որ իր խոսակցությունը աղայի հետ վերջացած էր, մոտեցավ գործակատարին և հանելով իր ծոցից մի բուռն թղթադրամ, առանց համբարելու ածեց նրա առջևը:
Գյուղացու հաշիվը գործակատարին հանձնելը մի տեսակ խորամանկություն էր աղայի կողմից, որպես որսորդը երբեմն իր որսը շան առջևն է ձգում նրան լավ գզգզելու համար, որ իր բարակը ավելի խամռոտի1 և ավելի արյան սովորի:
Գործակատարը համբարեց իր առջևը ածած թղթադրամները, նայեց պարտամուրհակին, համրիչի հատիկները այս կողմը դարձրուց, այն կողմը դարձրուց և ապա ասաց.
– Բերած փողերդ դուրս գալուց հետո կմնաս հիսուն ռուբլի պարտական:
Գյուղացին սարսափի մեջ ընկավ:
– Իմ պարտքը առաջ հիսուն ռուբլուց ավելի չէր, – ասաց նա սրտի նեղությունիցը խեղդված ձայնով, – ապա էդ նոր տված փողերս ո՞ւր է գնում:
– Բա՛ տոկոսը չե՞ս հաշվում, – կոշտ կերպով պատասխանեց գործակատարը. – քո այժմ բերած փողը հազիվ տոկոսը կլրացնե:
Աղան նկատելով, գյուղացու և գործակատարի վիճաբանությունը, հեռվից ձայն տվեց.
– Ավետ ապեր, քեզանից հո ավել չեն առնի. որդի, ինչո՞ւ ես նեղացնում:
– Գրիգոր, – դարձավ նա դեպի գործակատարը, – տոկոսից մի բան բաշխիր Ավետին, մեր մարդն է, թո՛ղ շնորհակալ լինի: Դուքնիցն էլ մի բան տուր, թո՛ղ տանե իր երեխերքի համար, զատիկ օր է գալիս, թո՛ղ ուրախանան:
Հաշիվում ավելի վեր առնել, խաբել և կրպակից մի բան ընծայելով, գյուղացու աչքերը կապել, աղայի առևտրական տան հին սովորությունն էր: Ավետին ընծայեցին երկու գունավոր աղլուխ և մի քանի արշին էժանագին չիթ: Նա ընդունեց ընծաները և օրհնեց աղայի կյանքը:
Գործակատարը գրեց մի նոր պարտամուրհակ և գյուղացու առջև դնելով, ասաց, որ մատը թաթախե մելանի մեջ և կնիքի փոխարեն դնե թղթի վրա: Ավետը կատարեց պատվերը, որովհետև վաղուց սովորած էր այս գործողությանը:
Կալոն դրսումը վաղուց արդեն ձանձրացել էր, մենակ սպասելով, նա շուտ-շուտ գլուխը ներս էր բերում կրպակի դռնից, երկչոտ կերպով նայում էր և իսկույն ետ քաշվում, որ իրան չտեսնեն: Վերջացնելով իր գործը, Ավետը նոր հիշեց իր բերած գառը և կանչեց Կալոյին, որ ներս բերե:
– Զատիկվա համար գառն էլ ես բերել, շատ ապրիս, – ասաց աղան, հետաքրքիր աչքով նայելով Կալոյի վրա: – Այդ ո՞վ է, – հարցրուց Ավետից:
– Ձեր ծառայի, մեռած եղբորս որդին է:
– Տղա, արջի քոթոթ, մոտ եկ, տեսնեմ, – կանչեց աղան:
Կալոն ամաչելուց կարմրել էր, և քրտինքը կաթիլ-կաթիլ նրա ճակատից ցած էր թափվում: Նրա կյանքում առաջին անգամն էր, որ իր վրա ուշադրություն էին դարձնում այնպիսի մեծ մարդիկ:
– Քանի՞ տարեկան է, – հարցրուց աղան, դառնալով դեպի Ավետը:
– Տասներկուսի մեջ նոր է ոտ դրել, – պատասխանեց նա:
– Տեսնողը կասե տասնհինգ տարեկան է. ի՞նչ ասել է գյուղացի… անկարգ կերել է, անկարգ մեծացել…
Աղայի հետաքրքրությունը փոքրիկ Կալոյի մասին ուներ իր առանձին պատճառները. վաղուց նրա կինը միշտ ասում էր, որ մի գյուղացի երեխա գտնե տանը սպասավորություն անելու համար, պատճառ բերելով, թե քաղաքացի տղերքը շատ սատանա են լինում, ամեն բանից գողանում են, բայց անկարելի է լինում գողությունը բռնել, իսկ գյուղացին միամիտ կլինի և պարզ, նրան կարելի է ամեն ինչ հավատալ: Այս մտքով աղան մտածեց կորզել Ավետի ձեռքից նրա եղբոր որդուն:
– Գիտե՞ս ինչ կա, Ավետ ապեր, – ասաց նա իր սովորական մեղմ ձայնով, – քո հանգուցյալ եղբայրը շատ լավ մարդ էր, թո՛ղ աստված իր հոգին լուսավորե. դուն էլ լավ մարդ ես, բայց նա ուրիշ էր: Ես ուզում եմ իմ հոգու համար նրան մի լավություն անել, իմանում ե՞ս, լավությո՛ւն անել… ես ուզում եմ նրա որդին վերառնել ինձ մոտ պահել, մեծացնել և «մարդ» շինել… հասկանում ե՞ս, մարդ, ինձ նման մարդ, ոչ թե տգետ գյուղացի…
«Մարդ» բառը աղայի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ. մարդ ասելով նա հասկանում էր հարուստ վաճառական, որովհետև, նրա կարծիքով, ով որ փող չուներ, նա մարդ չէր:
Լսելով աղայի խոսքերը, Ավետը մի քանի րոպե մտատանջության մեջ մնաց, չգիտեր, թե ինչ պետք է պատասխանել: Վերջապես անորոշ կերպով ասաց.
– Ինչ ասեմ, աղա, դու ես իմանում, ինչ որ քո ոտը գիտե, այն մեր գլուխը չգիտե:
– Օրհնյալ լինիս, որդի, լավ հասկացար, – խոսեց նա ծանր կերպով: – Դու խելացի մարդ ես, դու չես թողնի, որ քո եղբոր որդին անբախտ մնա: Մի բան էլ կա, էն էլ պիտի գիտենաս, երբ որ քո եղբոր որդին մեզ մոտ մնա, դու ավելի կշահվես մեզանից, կգաս, կգնաս, կուտես, կխմես, մեր դուռը քո առջևը միշտ բաց կլինի:
Կալոն համարյա չէր լսում, թե որպիսի վճիռ է կատարվում իր վիճակի փոփոխության վերաբերությամբ. նրա ուշադրությունը գրավել էին խանութում գտնված առարկաները: Նա իր աչքը չէր հեռացնում կարդոնից շինած փոքրիկ ձիուց, որ կանգնեցրած էր նեղ տախտակի վրա:
– Ի՜նչ լավ պստիկ ձի է, – ասաց նա իր մոտ կանգնած խանութի փոքրիկ աշակերտին: – Ի՞նչ է ուտում:
Փոքրիկ աշակերտը ժպտելով գյուղացու միամտության վրա, նկատեց, որ սուս կենա, ամոթ է:
– Հիմա հասկացա՞ր – շարունակեց աղան, – դու կթողնես այս տղային մեզ մոտ, կհագցնեմ, կպահեմ, ինչպես իմ որդիս, երբ մեծացավ, խելքը բանի հասավ, ամսական էլ կտամ:
Ավետը մի կողմից ուրախ էր, որ իր եղբոր որդին կբախտավորվի և, աղայի ասածին պես, «մարդ» կդառնա, բայց մյուս կողմից մտածում էր, թե ինքը կզրկվի մի լավ գործիքից, որովհետև Կալոն շատ բանում օգնում էր նրան: Բայց վերջին մտածությունը որքան և գործնական լիներ, այսուամենայնիվ նա արտահայտել չէր կարող, քանի որ ինքը պարտական էր աղային, «պարտականի երեսը սև կլինի, իսկ լեզուն – կարճ»:
Պայմանների մեջ համաձայնվեցան, և, իսկն ասած, ամենևին պայման չդրվեցավ, միայն աղան խոստացավ կերակրել, հագցնել Կալոյին և ժամանակով, երբ նա կարող կլինի «օրինավոր գործ» կատարել, ամսական մի բան կստանա: Եվ այսպես բոլոր հույսը մնաց ապագայի վրա…
Բայց Կալոյի կամքը ոչ ոք չէր հարցնում: Երբ Ավետը հայտնեց նրան իրա խորհուրդը, նա խիստ տհաճությամբ պատասխանեց.
– Ես այստեղ չեմ մնա:
Ավետը քաղցրությամբ նրան համոզել սկսեց, թե քաղաքը լավ էր գյուղից, թե աղայի տանը նրան լավ կպահեն, թե ինքը շուտ շուտ կգա նրան տեսնելու և ուրիշ շատ խոսքեր ասաց, բայց համոզել չկարողացավ:
– Ես այստեղ չեմ մնա, – կրկնեց երեխան: – Ես քեզ հետ կգամ:
Երբ հորեղբայրը սկսեց ավելի թախանձել, խեղճ տղայի աչքերում երևացին արտասուքի կաթիլներ: Այդ արտասուքն էր, որ սկիզբն դրեց մի արտասվալի ապագայի…
Կալոյին համարյա զոռով բաժանեցին իր հորեղբորից և տարան աղայի տունը:
Հեռանալով քաղաքից, Ավետ ապերը միշտ այն տխուր մտածության մեջն էր գտնվում, թե ի՞նչ ասե Շուշան տատին, որպես հանգստացնե նրան: Որովհետև գիտեր, որ խեղճ պառավը առանց Կալոյին մի օր տեսնելու ապրել չէր կարող:
– Տարեցիր երեխիս, կորցրիր… – ասաց նա, երբ լսեց Ավետի խոսքերը:
Ե
Ե… քաղաքի մի ետ ընկած փողոցում գտնվում էր միհարկանի տուն, որ որոշվում էր բոլոր տներից իր մաշված պատերով, ցած դռնով և նեղ լուսամուտներով, որոնց նմանը կարելի է տեսնել միայն բանտերի մեջ: Երևի նա շինված է եղել այն դարերում, երբ դեռ եվրոպական ճարտարությունը մուտ չէր գործել այդ քաղաքում, և այժմ հարևան տները փոխել էին իրենց կերպարանքը, իսկ նա մնացել էր իր պարսկական հին ձևի մեջ: Նեղ դուռը ներս էր տանում մի բավական ընդարձակ բակ, որ հովանավորված էր դարևոր թթենիներով, որոնց միջուկը բոլորովին փտել և դուրս էր թափվել, իսկ ծառերը իրանց պատռված փորով ստացել էին հրեշավոր կերպարանք: Նրանց հետ խառն այստեղ ու այնտեղ, անկանոն կերպով, տնկած էին մի քանի ընկուզենիներ, ծերացած ուռիներ և կիսաչոր ծիրանիներ: Խաղողի որթը, փաթաթվելով այս գոսացած ծառերի բունին և վեր բարձրանալով մինչև նրանց կատարը, իր սաղարթախիտ ոստերով թաքցրել էր նրանց մերկությունը, զարդարելով իր գեղեցիկ կանաչությամբ: Չնայելով որ այս ծառատունկը մարդկային բնակության մեջ էր գտնվում, բայց կարծես ադամորդու ձեռքը նրան բնավ չէր դիպել, և ամեն ինչ բուսել, աճել, մեծացել էր իր վայրենի համարձակության մեջ:
Բակի զանազան կողմերում նույնպես անկանոն կերպով գտնվում էին, գետնից հազիվ բարձրացած, մի քանի ծածկոցներ, հնացած, ծխի մեջ սևացած, և ժամանակից քայքայված շինվածքով, որոնք իրանց ողորմելի կերպարանքով լրացնում էին ընդհանուր պատկերի տխրությունը: Առհասարակ այդ տունը այն տպավորությունն էր գործում, որպես թե նրա մեջ բնակվում էր այն լեգենդային ոգիներից մեկը, որ ինքնահաճ համառությամբ չէ ներում ոչինչ նորոգություն, որ սիրում է անշարժ ավերակներ, ուր տիրում է փտությունը մշտական փլատակների վրա…
Այդ տան մեջ բնակվում էր քաղաքի ամենահարուստ մարդը, որին բոլոր գավառում «աղա» էին կոչում: Այդ տան մեջ բնակվում էր Պետրոս Մասիսյանը, որի հետ ընթերցողը ծանոթացավ նախընթաց գլուխներում: