Սենյակի հատակը թեև զուրկ էր տախտակամածից, բայց նրա փոխարեն ծածկված էր եղեգնյա փսիաթներով, որոնց վրա տարածել էին գեղեցիկ պարսկական գորգեր և կապերտներ: Վերջինները տեղային տնային արհեստի արդյունք էին: Անկողինները, ծալած, փաթաթած, առանձին-առանձին դրած էին պատերի մոտ: Նրանց թիվը ցույց էր տալիս, թե վարպետ Փանոսը ո՛րքան հարուստ պատրաստություններ ուներ իր հյուրերի համար, որոնք նրա տնից միշտ անպակաս էին լինում: Ես ոչ մի վանեցու տանը եվրոպական կարասիք չտեսա, իսկ այստեղ կար մի գրասեղան և մի քանի աթոռներ, թեև նրանց վրա չէին նստում:
Սենյակի լուսամուտների առջև կար պատշգամբի նման մի բան, հովանավարված տանձի ու ծիրանի ծառերով: Խաղողի որթը ներքևից վեր էր բարձրացել և, փաթաթվելով պատշգամբի սյուներին, տալիս էր նրան կանաչազարդ հովանոցի կերպարանք: Սենյակում օդը բավական հեղձուցիչ էր: Ես, Ասլանին միայնակ թողնելով, դուրս եկա պատշգամբի վրա: Սկսեցի նայել դեպի այգին: Ծառերը ընկղմված էին գիշերային մթության մեջ. ոչ մի տերև չէր շարժվում: Ամեն ինչ լուռ էր, միայն անհանգիստ ճպուռը իմ մերձակայքում եղանակում էր իր միակերպ, տաղտկալի երգը:
Ներքևում, բակի մեջ, կրակ էր վառվում: Վարպետի համարյա բոլոր ընտանիքը պտտվում էր կրակի շուրջը: Այնտեղ, ամառնային օջախի վրա, մեզ համար կերակուր էին պատրաստում: Ամառը այգեստանցին եփում է, ուտում է և պառկում է բաց օդի ներքո: Ես տեսնում էի, թե ինչպես տափակ կտուրների վրա նստած էին հարևանները և ընթրիք էին վայելում: Նրանց սեղանը լուսավորված էր մի տեսակ արևելյան օտարոտի լամպայով, որը շինված էր փայտից և բարձր վանդակի ձև ուներ, և որի մեջ թռչունի փոխարեն՝ վառվում էր մի ճրագ: Վանդակի վրա հագցրած էին բարակ կտավից սպիտակ շապիկ, որ պահպանում էր ճրագը քամու հոսանքից:
Սովորությունները համարյա միևնույնն էին, ինչ որ տեսել էի մեր կողմերում: Ընթրիք էին անում կտուրների վրա. սեղանների շուրջը բոլորել էին միայն տղամարդիկ, իսկ կանայք ոտքի վրա սպասավորում էին, սպասելով, որ տղամարդիկ վերջացնեն, հետո իրանք ևս մի բան ուտեն: Աղջիկները նույն կտուրների վրա անկողիններ էին պատրաստում, իսկ մայրերը ճոճում էին անքուն զավակների օրորոցները: Ա՜խ, ո՛րքան քաղցր էր կտուրային այդ բացօթյա կյանքը… ո՛րքան անմոռանալի հիշատակներով կապված էր նա իմ սրտի հետ… Դեպի բարձր նայում ես, քեզ հովանավորում է պարզ, աստղազարդ երկինքը, իսկ քո շուրջը տիրում է անսահման, ազատ տարածություն, խնկարկված հազարավոր բուսականների անուշահոտությամբ:
Մի քանի կտուրներից երգի ձայն էր լսվում, երգում էին ըստ մեծի մասին հոգևոր երգեր: Աշխարհիկ երգեր շատ չունի այդ ժողովուրդը, և ինչ էլ որ ունի, խիստ տխուր են և մելամաղձոտ: Դա ամենապարզ հատկանիշն է հուսահատ ինքնուրացության, երբ մարդու միտքը, հոգին, բավականություն չգտնելով աշխարհային վայելչությունների մեջ և զուրկ լինելով նրա ուրախություններից, ձգտում է դեպի հոգևորը, դեպի երկնայինը: Տեղ-տեղ ածում էին չոնգուրների վրա: Այդ ձայները խիստ թախծալի եղանակով հնչում էին գիշերային լռության մեջ, որպես վշտալի սրտի դառն մրմունջներ: Վանեցու սեղանի երգն անգամ խառն է լինում արտասուքի հետ…
Երկար լսում էի ես: Երբեմն գիշերային խաղաղությունը վրդովվում էր խառնաշփոթ աղաղակներով: Աղմուկը հետզհետե սաստկանում էր: Ահա լսելի եղավ հրացանի խուլ նետում, և իսկույն տիրեց խորին լռություն…
– Էլի կատաղե՜լ են անզգամները, – ասաց վարպետը՝ շտապով իմ մոտից անցնելով: – Առավոտյան կամ մի երկու սպանվածներ կունենանք, կամ մի քանի վիրավորվածներ…
Այնտեղ սպանում էին, իսկ այստեղ հոգևոր երգեր էին երգում:
Բայց մեր հյուրընկալը, որպես երևում էր, միայն աղոթքով բավականացող մարդիկներից չէր: Նա մտավ սենյակը, դրեց Ասլանի մոտ մի շիշ օղի և ափսեի մեջ խորոված տարեխ և, խլելով սենյակի պատից քարշ ընկած զենքերից մեկը, կրկին շտապով դուրս եկավ:
– Ո՞ւր եք գնում, – հարցրեց Ասլանը:
– Մեր թաղում աղմուկ կա, գնում եմ տեսնելու` ի՛նչ է պատահել, – պատասխանեց նա և, մի բան մտաբերելով, կանգ առեց շեմքի վրա: – Ձեր անունով նամակներ են ստացված, – ասաց նա, հանելով ծոցից մի ստվար կապոց և ձգելով Ասլանի մոտ:
Նա վազելով ցած իջավ սանդուղքներից:
Ասլանը լռությամբ վեր առեց նամակների ծրարները, մոտեցավ ճրագին և սկսեց ուշադրությամբ կարդալ: Ես հեռու նստած, հետազոտում էի նրա դեմքի փոփոխակի արտահայտությունները: Նրա սիրտը խռովության մեջ էր: Այն հեզ և խաղաղ աչքերը վառվում էին բարկության բոցով: Նա, որ այնքան զգույշ էր, կարծես մոռացավ իմ ներկայությունը և նամակներից մեկը, դեռ չվերջացրած, նետեց հատակի վրա և ձեռքը հուսահատական կերպով տարավ դեպի ճակատը, բռնեց աչքերը: Ի՞նչ էր պատահել: Նրա դողդոջուն շրթունքները մեքենաբար արտասանեցին միայն մի բառ` «թշվառակա՜ն»… Սի մեծ անհաջողություն միայն կարող էր Ասլանին այդ աստիճան զայրացնել: Նա կրկին վեր առեց չավարտված նամակը և շարունակեց կարդալ: Հետո բռնեց ճրագի վրա, և բարակ թուղթը մի վայրկյանում մոխիր դարձավ: Նա սկսեց կարդալ մնացած նամակները: Այժմ նրա դեմքը փոքր-ինչ խաղաղ էր: Բայց ճակատի վրա տակավին նշմարվում էին կնճիռներ: Երբեմն նամակը ցած էր գնում և իր հիշողության տետրակի մեջ ինչ-որ գրում էր, երբեմն մատների վրա թվեր էր հաշվում: Բայց ինձ զարմացրեց մի բան, երբ նա նամակներից մեկի վրա քսեց մի հեղուկ, և իսկույն առաջվա տողերի մեջտեղում հայտնվեցան նոր տողեր` բաց-կանաչագույն տառերով: Ո՞րտեղ էին թաքնված այդ տառերը: Ես չհամարձակվեցա հարցնել, երբ նկատեցի, որ նա դեռ ոչ բոլորովին հանգստացած էր:
Նամակները կարդալուց հետո նա բոլորը այրեց: Այժմ միայն ուշադրություն դարձրեց իր մոտ դրած տառեխների և օղիի շիշի վրա:
– Վանա տառե՜խ… որքան ընտանիքներ ապրում են միայն այդ փոքրիկ ձկներով, – բացականչեց նա և սկսեց ուտել: – Դու չե՞ս սիրում, – դարձավ դեպի ինձ:
Ես ախորժակ չունեի մի բան ուտելու: Ճանապարհի հոգնածությունից սաստիկ ջարդված էի: Հանգիստ և երկարատև քունը միայն կարող էր փոքր ի շատե կազդուրել ինձ: Բայց Ասլանի հոգը չէր. այդ երկաթի մարդը չգիտեր, թե ի՞նչ է հանգստությունը: Նա անհամբերությամբ սպասում էր վարպետին: Շատ չանցավ, վերադարձավ նա և, տարած զենքը իր տեղը դնելով, մի քանի անգամ անցուդարձ արեց սենյակի մեջ, ինքն իրան կրկնելով.
– Անտանելի՜ է… անտանելի՜ է… մինչև ե՞րբ… համբերություններս հատավ…
– Ի՞նչպես վերջացավ ձեր արշավանքը, – հարցրեց Ասլանը ժպտելով:
– Մինչև իմ հասնելը` ամեն ինչ վերջացած էր, քրդերը իրանց գործը կատարել էին… – պատասխանեց նա` լեղակի կարասների մեջ կապույտ գույն ստացած ձեռքերը տրորելով և միևնույն խոսքերը կրկնելով: – Համբերություններս հատավ… էլ համբերություն չմնաց… մինչև ե՞րբ…
Ասլանի մեղմ ժպիտը ծիծաղի փոխվեցավ:
– «Համբերությունը կյանք է», այդ խրատը ավանդեցին մեզ մեր պապերը, – ասաց նա, հեգնական կերպով նայելով վարպետի վրա:
– Այո՛, բայց ամեն համբերություն իր չափն ու սահմանն ունի, – պատասխանեց նա, շարունակելով կապույտ ձեռքերը տրորել: – Իսկ մեր համբերությունը անզգա դիակների համբերություն է, և ավելի ոչինչ:
Ասլանը այժմ լուրջ դեմք ընդունեց:
– Պատմեցեք, բանը ինչումն է, – հարցրեց նա:
– Իսկապես շատ սովորական մի դեպք, որի նմանը համարյա ամեն օր, ամեն գիշեր պատահում է, – պատասխանեց վարպետը, նստելով Ասլանի մոտ:
– Այգիներից միրգ էին գողանում: Թուրք կամ քուրդ գյուղացիները, երբ քաղաքը բան են բերում վաճառելու, գիշերը, դեպի իրանց գյուղերը վերադառնալու ժամանակ, սովորություն ունեն կողոպտելու հայերի այգիները: Դա պետք է մի առանձին բարություն համարել, երբ բավականանում են միայն պտուղներ գողանալով, բայց այդ անիրավները կտրատում են և ծառերը: Տեսնում ես, ցերեկով լուռ ու մունջ անցնում են այգիների մոտից, նայում են ծառերի վրա, նկատում են, որ այսինչ նորահաս կեռասենին, այնինչ գեղեցիկ տանձենին կարող է ծառայել իրանց կոտրած գութանը կամ արորը նորոգելու, իսկույն նշան են դնում, և, գիշերը մտնելով այգին, կտրում են և տանում: Տիրոջ տարիներով խնամած ու հասցրած ծառը ոչնչանում է, այգին այլանդակվում է: Իսկ ո՛րքան ցավ է պատճառում այդ դժբախտությունը խեղճ այգեգործին: Ես տեսել եմ ընտանիքներ, որոնք օրերով նստած իրանց սիրելի ծառերի կտրած բների մոտ, լաց են եղել, սուգ են կատարել, որպես սպանված որդու գերեզմանի վրա:
Պատահած անցքը, որքան վարպետի համար վրդովեցուցիչ էր, նույնքան Ասլանը սառն կերպով վերաբերվեցավ: Այդ երկրում կարգից դուրս բան չէր, որ մեկը աշխատասեր է, ծառեր է տնկում, այգի է մշակամ, պտուղներ է հասցնում, իսկ մյուսը ծույլ է, անկիրթ է. սովորել է միայն բռնությամբ հափշտակել առաջինի աշխատության արդյունքը: