Մեր տանը խիստ սակավ էի տեսնում հորս: Նա, որպես սովորաբար ասում են, դաշտի մարդ էր: Տարվա երեք եղանակներում` գարուն, ամառ և աշուն – նա մշակում էր իր հողերը և փոքրիկ այգին, ձմեռը իր ջուլհակի խորի մեջ կտավ էր գործում: Բայց դարձյալ մնում էր միշտ աղքատ: Հայրս շռայլ մարդ չէր, ոչ արաղ էր խմում, ոչ ծխում էր և ոչ էլ լավ ուտում կամ հագնվում էր: Ես դեռ չեմ մոռացել նրա բազմամյա հողաթափները, որոնք ստեպ կարկատվելուց այնքան ծանրացել էին, որ հազիվ կարելի էր շարժել: Նրա մորթե գդակը բոլորովին կորցրել էր իր մազերը: Էլ ինչո՞վ պետք էր բացատրել այդ խնայող և աշխատավոր մարդու դառն աղքատության պատճառները:
Լինում էր, շատ անգամ տանը հաց չունեինք ուտելու, քույրերս լաց էին լինում սովից: Եվ ահա՛, գիշերային տարաժամ պահուն հայտնվում էին հարկապահանջները: Սկսում էին դուռը զարկել: Կկոտրեին, եթե իսկույն չբաց անեինք: Ներս էին թափվում մի խումբ կատաղի ֆերրաշներ: Բոլորովին դժոխք էր դառնամ այն ժամանակ մեր տունը: Ամենքս սարսափում էինք: Հայրս մեռելի գույն էր ստանում, իսկ մայրս երկյուղից սկսում էր դողալ: Ես և քույրերս փախչում էինք ու մտնում մեր քնաշորերի մեջ, թեև երբեք քնել կարող չէինք, բայց սուս էինք կենում:
Ֆերրաշները հորս բռնում էին ու կապում մեր խրճիթի սան վրա, այնքան պինդ, որ շարժվել կարող չէր, կարծես ամբողջ մարմնով մեխած լիներ սան հետ: Նրա մոտ դիզվում էր մի ահագին խուրձ դալար ճիպոտների` սկսում էին ծեծել հորս: Նա մորմոքում էր, աղաղակում էր, աղաչանք էր անում – բայց ո՞վ էր նրա ձայնը լսողը…
Ֆերրաշները հարկ էին պահանջում: Եվ եթե մի փոքր ուշանում էր, սկսում էին հորս մերկ ոտների տակ կրակ լցնել, այդ բավական չէր, նրա մարմինը այրում էին տաքացրած շամփուրներով: Այդ սոսկալի տանջանքների ժամանակ ինչ որ իմ մոր դրությունն էր, աստվա՜ծ ազատե, ես անկարող եմ նկարագրել: Նա բոլորովին գժվում էր, նա կտրում էր իր գլխի և պարանոցի զարդերից ամենաթանկագինը և տալիս ֆերրաշներին: Նա աղաչում էր, պաղատում էր, որ չծեծեն հորս, որ չսպանեն նրան, որ սպասեն մինչև առավոտ, մինչև լույսը ծագի, որ հայրս կարողանա մի տեղից պարտք անել և պահանջած հարկը վճարել:
Այս րոպեիս էլ իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ այն սարսափելի գիշերները… Ֆերրաշները գալիս էին միշտ գիշերով, ինչպես չար երեխաները միշտ գիշերային մթության ժամանակն են քանդում խեղճ ծտի բույնը, և գիշերով են բռնում նրան, որովհետև գիտեն, որ ողորմելի թռչունը այն ժամանակ մի ուրիշ պատսպարան չունի, բացի իր օթևանը:
Զարհուրելի գիշերներ… Որքա՜ն արտասուքի և որքա՜ն տանջանքների պատճառ էին դառնում նրանք մորս… Նա գիշերային այն մթին խավարի մեջ, մենակ դուրս էր գալիս տունից, առնում էր իր հետ մի պղինձ կամ մի ուրիշ բան, և տանում էր գինետուն, որ գրավ դնե և նրանց համար ըմպելիքներ բերե: Նա մորթում էր մեր հավերը և նրանց համար կերակուրներ էր պատրաստում, բայց անողորմ հյուրերի ուտելուն և խմելուն չափ չկար:
Այսպիսի դեպքերը պատահում էին համարյա միշտ, որովհետև հարկերը վերջ ու սահման չունեին: Ամեն բանի համար պահանջվում էր, թե ցանքի համար, թե անասունների համար և թե մեր ընտանիքը կազմող հոգիների համար: Հաշիվ չկար. հաշիվը կախված էր պահանջողի կամքից միայն: Վերջապես հարկերը կարող էին ծագել հազար ու մեկ հանգամանքներից, և այնքան զանազան միմյանցից, որ շատերի անունները մոռացել եմ: Ո՞րտեղից պետք էր վճարել: – Պետք էր տունից մի բան ծախել, մի բան գրավ դնել: Բայց մեր տանը ոչինչ չէր մնացել. մեր տունը նմանում էր մերկ գերեզմանի: Այդ կարո՞ղ էր հասկանալ ֆերրաշը: Նա ինքն էր ծախել տալիս մեր կովը, մեր եզը և մեր գոմեշը, ամենևին չմտածելով, թե վաղը մեր արորը կդադարե գործելուց և մի ամբողջ ընտանիք կզրկվի ապրուստի միջոցներից:
Հայրս վերջին ժամանակներում բոլորովին թողեց իր հողերի մշակությունը, որովհետև ստացած արդյունքը մինչև անգամ չէր լրացնում հարկերի վճարը: Բայց այսպիսով նա դարձյալ չազատվեցավ ֆերրաշներից, նրանց այցելությունները դարձյալ շարունակվում էին:
Ի՞նչով պետք էր ապրել: – Մնում էր մի բան, որ սոված չմեռնենք` միշտ պա՜րտք և պա՜րտք անել… Բայց որքան ծա՜նր էին տոկոսները… ես այն ժամանակ երեխա էի, իհարկե, հաշիվներ չէի կարող հասկանալ, բայց դեռ չեմ մոռացել մեր անիրավ վաշխառուի վայրենի դեմքը: Նրան կոչում էին Հաջի-Բաբա. դա մի հարուստ մահմեդական էր, բայց հոգեառ հրեշտակը ձեզ օրինակ, երբ հայտնվում էր տոկոսները հավաքելու: Նա գրել-կարդալ չէր իմանում և ոչ տված փողերի համար պարտամուրհակ էր պահանջում: Նրա պարտամուրհակը իր խղճմտանքն էր, իսկ ամսաթիվը կամ տարեթիվը հաշվում էր եղանակների փոփոխության վրա: Նա մի տոպրակի մեջ իր հետ ման էր ածում փայտի զանազան կտորներ, երկայն և կարճ, բարակ ձողերի նման, որոնց վրա նշաններ էին արած գույնզգույն դերձաններով, – դրանք նրա հաշվամատյաններն էին: Ձողերի վրա կային շատ և փոքր թվով խազեր, որ նշանակում էին գումարների որքանությունը, իսկ գույնզգույն դերձանները պարտականների անուններն էին որոշում:
Հաջի-Բաբան գանգատ անելու սովորություն չուներ, երբ նրա պարտականներից մեկը իր ժամանակին փող չէր վճարում կամ ուշացնում էր. – նա իր դատաստանը իր ձեռքովն էր անում: Ամենին հայտնի էր Հաջի-Բաբայի ահագին մահակը, որով նա ջարդում էր իր պարտականների ոսկորները: Նա մինչև անգամ իր հրամանով բանտարկում էր շատերին և ծախել էր տալիս նրա տան կայքը:
Ես դեռ հիշում եմ անգութ վաշխառվի խոսքերը, երբ նա տոկոսները առնելու համար մեր տունն էր գալիս: – «Սհակ, ասում էր նա իմ հորը, – գիտե՞ս ո՛րքան է անցել, տե՛ս, այս ծառը դեռ նոր էր տերև բացել (նա ցույց էր տալիս մեր բակի ընկուզենին), հիմա կրկին կանաչել է նա, ուրեմն, անցել է մի բոլորակ տարի: Թե գլուխքը չես կարող տալ, գոնե կաթը (տոկոս) տուր, թե չէ, այդ ջուխտ աղջիկներիդ կտանեմ, կթուրքացնեմ»…
Մարիամը և Մագթաղը, երբ այդ խոսքերը լսում էին կուչ էին գալիս և միմյանց գրկելով, սկսում էին լաց լինել: Անմե՜ղ արարածներ, կարծես, նրանք հասկանում էին, թե ինչ սարսափելի բան է թուրքի հարեմը…
Ահա այսպես էին անցնում մեր սև օրերը:
Հայրս, չկարողանալով հայրենի երկրում իր ընտանիքը պահել, ստիպվեցավ դիմել դեպի պանդուխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու: Մենք տարանք նրան մինչև գյուղից դուրս ճանապարհ գցելու: Ես և քույրերս շատ ուրախ էինք, երբ նա գնում էր, կարծում էինք, թե բազարն է գնում, որ մեզ համար չամիչ կամ խուրմա բերե: Բայց մայրս լաց էր լինում: Տխուր էր և հայրս. մահվան չափ տխուր էր նա: Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ բաժանման րոպեում ասաց նա մորս. – «Ամանաթ քեզ որդիքս, Նիգյար, եթե կենդանի կմնամ, թող չեմ տա, որ նրանք սոված մնան»… «Շուտ ե՛կ, շո՛ւտ, հայրիկ, – կանչում էինք ես և քույրերս նրա ետևից, – մեզ համար չամիչ և փշատ բե՛ր»:
Բայց նա գնաց, էլ չվերադարձավ…
Տարի չանցավ, հորս մահվան լուրը մեզ հասավ: Այդ ցավալի մահը, որի մանրամասնությունները ես կպատմեմ հետո, ամենասաստիկ ներգործություն ունեցավ մեր դժբախտության վրա: Այն ժամանակ հայտնվեցավ Հաջի-Բաբան, տիրեց մեր բոլոր կայքերին և մեզ մերկ ու ոտաբոբիկ դուրս արեց հայրենական տնակից: Մայրս բռնելով իմ և քույրերիս ձեռքից, գնաց քեռուս տունը, այնտեղ ապրելու: Միակ ժառանգությունը, որ մնաց մեր հոր հարստությունից, էին` Մըրոն – մեր ահագին շունը և Նազլուն-տատիս մտերիմ կատուն, դրանք չբաժանվեցան մեզանից:
Բ
ՀԱՅՐԵՆԻՔ
Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը: Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով: Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին:
Սալմաստը որպես հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը, և այժմ նրա բնակիչների մեծ մասն բաղկացած էին հայերից: Մնացյալ ազգաբնակություններին պատկանում էին թուրքերը, հրեաները, ասորիները և քրդերը, – այդ բոլորը միասին վեր առած, հազիվ թե հայերի կես մասին էին հավասարվում:
Ամեն դար, սկսյալ խորին հեթանոսական ժամանակներից, թողել էր այդ գավառում իր տիրապետության հետքերը: Այստեղ դեռ տեսնվում էին հին Զարեհավանի հետքերը: Այստեղ ահագին մոխրաբլուրներ դեռ հիշեցնում էին մոգական ատրուշանները և սրբազան կրակի հազարավոր տարիներով լափած նյութերը: Այստեղ բարձր մինարեթներ իրանց գեղեցիկ մոզայիկներով ցույց էին տալիս արաբաբոց տիրապետությունը և հիշատակը այն ազգի, որը ուր և իշխում էր, տարածում էր արհեստ, գիտություն և արյուն: Այստեղ դեռ մնացել էին բեկորները այն ամրոցի, ուր մեծ Հուլավունը պահում էր իր գանձերը: Այստեղ զանազան լեռների և բլուրների բարձրավանդակի վրա դեռ մնում էին փլատակները մեծամեծ բերդերի, որպես փշրանք ավատական իշխանների խորտակված փառքի, որոնք իրանց բռնակալության ներքո ճնշում և խեղդում էին ամեն կենդանի զորություն: – Իսկ այդ բոլոր հնությունների մեջ իմ ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուշ լեռան ժայռերից մեկի վրա քանդակած, պատմական մի անցքի տխուր նկարագիրն էր: Պարսպաձև ժայռի հարթած մակերևույթի վրա դուրս էին բերված մի քանի ձիավորներ հնադարյան հագուստով և նույնպես նախնական զենքերով: Մեկին գերի էին տանում: Նա թագավոր էր: Ոչ մի արձանագրություն չէր ցույց տալիս դրանց ո՛վ և ի՛նչ ժամանակի մարդիկ լինելը: Միայն հայ ժողովրդի մեջ պահված էր մի ցավալի ավանդություն. գերին Արշականյաց վերջին թագավոր Արտաշեսն էր, որից հետո Հայաստանը ընկավ պարսիկների իշխանության ներքո և կորցրեց իր թագավորներին: Կարծես, այդ պատկերը, որպես մշտական նախատինք, իր քարաժայռի բարձրությունից հանդիմանում լիներ հայերին, ասելով. «Ահա, ինձ նման միշտ գերի և ստրուկ կմնաք դուք, որովհետև ձեր թագավորին գերության մատնեցիք»…