Դ
ՈՐՍՈՐԴԸ
Անցան մի քանի ամիսներ այն օրից, երբ հարկապահանջները ծախեցին մեր տան կայքը, – անցան մի քանի դա՜ռն և մահաբե՜ր ամիսներ…
Մեր շուրջը տիրում էր արդեն ձմեռ, որ սառն ձեռքով խլեց դաշտերի և լեռների բոլոր գեղեցկությունները: Ցուրտը օրըստօրե սաստկանում էր և մուգ – մոխրագույն երկնքի երեսը ավելի և ավելի խոժոռ կերպարանք էր ստանում: Արեգակը, կարծես, խռովել էր երկրից և չէր ուզում իր դեմքը ցույց տալ: Վերջապես եկավ ձյունը և թանձր պատանը տարածեց երկրի վրա:
Մութ փոթորկային գիշեր էր: Դրսում քամին կատաղի կերպով մռնչում էր և նորեկ ձյունի փխրուն տարափը ահագին քանակությամբ տարուբերում էր մի տեղից մյուս տեղ: Մեր խրճիթը դողդողում էր սարսափելի մրրիկից: Մտածում էինք, ահա րուֆանը հիմքից կխլե նրան և խառնելով ձնային լեռների հետ, կտանե հեռու և հեռու և կփշրե դաշտերի մեջ:
Մայրս նստած էր յուղային ճրագի մոտ, կարում էր մի բան: Նա այնքան խորին կերպով ընկղմված էր իր մտածությունների մեջ, որ ամենևին չէր զգում, թե ինչ էր կատարվում դրսումը: Մարիամը և Մագթաղը երկար լաց եղան, որ մի բան ուտեն, և երբ ոչինչ չգտան, այնպես քաղցած քնեցին: Ես նստած էի վառարանի մոտ և շուտ-շուտ դնում էի նրա մեջ ցամաք տերևներ և չոր մացառներ, որ քույրերիս հետ հավաքել էինք այգիներից: Նրանք հանկարծ բռնկում էին, բոցավառվում էին և քանի րոպեից հետո կրկին հանգչում, մոխիր էին դառնում: Այդ խաղը պատճառում էր ինձ ավելի զվարճություն, քան խրճիթի մեջ որևիցե տաքություն:
Դուռը սաստիկ զարկեցին: Մայրս չլսեց. ես գնացի բաց արի: Ներս վազեց սպիտակ գնդակի նման մի բան, երբ անցավ շեմքից, կատվի պես թափ տվեց իր մարմինը և ձյունը բամբակի գլուջների նման թափվեց ցած:
– Տո, Մարո, գետի՜նը մտնես, ո՞րտեղից եկար, – հարցրի ես:
Փոքրիկ աղջիկը ոչինչ չպատասխանեց և իմ վրա ուշադրություն անգամ չդարձրեց, միայն գցելով մորս մոտ թաշկինակի մեջ կապած մի բան, վազեց դեպի վառարանը և սկսեց իր լրջացած ձեռքերը տաքացնել արդեն մարած կրակով: Երբ նկատեց, որ ջերմություն չկա, գնաց մորս մոտ, և գրկելով նրա պարանոցը, կպավ կուրծքին:
– Հայրս ուղարկեց, – ասաց նա, ցույց տալով կապոցը:
Հետո դարձավ դեպի ինձ, կարծես նա չէր կարող համբերել, որ իմ կոշտ հարցմունքը թողեց առանց պատասխանի:
– Ես քեզ նման պառավ տատիկ չեմ, որ կրակի մոտը նստեմ, ու տնից դուրս չգամ:
Մորս տխուր դեմքի վրա երևաց մի անսովոր ժպիտ, նա դրեց Մարոյի սառած ձեռքերը իր ծոցի մեջ, և գրկելով նրան, սկսեց տաքացնել: Նրա լեզուն բացվեցավ:
– Հարսի՛, – ասաց նա մորս մի առանձին ուրախությամբ, – ա՜յնքան ձյուն է եկել, ա՜յնքան ձյուն է եկել, ուղիղ մի արշին, – տես այսքան (նա ձեռքով չափեց իր ոտքից մինչև գլուխը): – Ֆարհատ, – դարձավ նա դեպի ինձ, – առավոտյան ձնագնդի կխաղանք, այնպես չէ՞: Ո՞ւր է Մարիամը, – խոսքը փոխեց նա, – թո՛ղ լուսանա, ես նրա աչքը կհանեմ… Մագթաղին ձյունով չեմ խփի, նա լավ աղջիկ է: Բայց այդ սատկած Մարիամը, բերնումը ինչ որ գալիս է, դուրս է տալիս… Թո՛ղ լուսանա…
– Ես ինքս կծեծեմ Մարիամին, կպատվիրեմ, որ քեզ վատ բան չասե, – հանգստացնում էր նրան մայրս:
– Լեզուն կտրե՛ր, որ սուս կենա:
– Կկտրեմ… – պատասխանեց մայրս ժպտալով:
Մարոն տեսնելով, որ պատիժը ավելի սաստիկ պետք է լիներ,քան այն վիրավորանքը, որ Մարիամը հասցրել էր նրան, ետ առեց իր խոսքը:
– Չէ, մի՛ կտրե, ասա, որ ինձ վատ բան չասի, թե չէ ծամերը մեկ-մեկ կփետրեմ…
Մայրս սեղմեց նրան իր կուրծքին և համբուրեց:
– Հարսի, – առաջ տարավ շատախոս Մարոն, – ի՛նչ լավ է ձյունը… վազում ես, վազում, չես կշտանում… ընկնում ես, այնքան փափուկ է, որ կողքդ չէ ցավում… – Հարսի, ե՞րբ կսառչի մեր լիճը:
Մարոյի վերջին հարցմունքը մեր տան մոտ գտնված փոքրիկ լճակի մասին էր, որը ձմեռը սառչելով, մեծ զվարճություն էր պատճառում խաղասեր երեխաներին: Մայրս այդ մասին ոչինչ չպատասխանեց, միայն հարցրուց, արդյոք վախեցա՞վ նա, որ այնպիսի մթին և վատ եղանակում մեր տունը եկավ:
– Ինչի՞ց պիտի վախենամ, – ասաց նա մի առանձին հպարտությամբ, – գայլ չկա, սատանա չկա, բոլորը ցրտից փախել, մտել են իրանց ծակերը: Ես խո Մարիամը չեմ. որ վախենամ: Ո՜ւհ, սատկած, հիմա կքնե՞ն: Տես, ի՞նչպես քնել է, մտիկ տո՛ւր, Ֆարհատ, մտիկ տուր, հարսի…
Վերջին խոսքերի միջոցին Մարոն այնպիսի մի հեգնական ծամածռություն գործեց իր սևուկ դեմքի վրա, որ չէր կարելի առանց ծիծաղելու նրա երեսին նայել: Բայց հանկարծ նրա մեծ և գեղեցիկ աչքերը վառվեցան, նա դուրս թռավ մորս գրկից և վազեց մահճի մոտ, ուր քնած էին քույրերս: Նա խոնարհվեցավ, համբուրեց Մագթաղի երեսը, բայց Մարիամի մազերից այնպես սաստիկ ձիգ տվավ, որ խեղճ աղջիկը ծվաց, սարսափելով քնած տեղից վեր թռավ, և տեսնելով իր ոխերիմը կշտին նստած, գոչեց վրդովված ձայնով:
– Տո, սև սատանա, այստեղ ի՞նչ ես շինում:
Դեռ քնաթաթախ Մարիամը ջանք արեց, որ նրան բռնե, վրեժը առնե, բայց վայրենի Մարոյի ճարպիկ մատները պինդ սեղմվեցան նրա կոկորդին և շնչասպառ աղջիկը գլորվեցավ բարձի վրա: Ես մոտ վազեցի, որ ազատեմ քրոջս: Նույն միջոցին Մարոն կատվի արագությամբ դուրս թռավ, և աներևութացավ գիշերային խավարի մեջ: Մայրս չգիտեր` ծիծաղել թե բարկանալ. նա ասաց ինձ, որ գնամ և այն «դևի ծնունդին» հասցնեմ իրանց տունը, չիցե թե ճանապարհին փորձանքի հանդիպի: Ես դուրս վազեցի, նա արդեն անհետացել էր, միայն փողոցում տեսա մի ահագին կերպարանք, որին մոտեցավ Մարոն: Դա նրա հայրն էր:
– Մի՞թե կարելի է թողնել փոքրիկ աղջկան այս խավարում, այս ձների մեջ, տնից դուրս գալ, – հարցրի նրանից:
– Թո՛ղ սովորե՛… – պատասխանեց հայրը և հեռացավ:
Այդ սառն և խստասիրտ պատասխանը ինձ խիստ օտարոտի երևաց: Ի՞նչ պիտի սովորեր փոքրիկ աղջիկը: – Գիշերային փոթորիկի ժամանակ, ձյունի և սառնամանիքի մեջ միայնակ ման գալ: Ես չէի հասկանում դրանում ինչ միտք կամ նպատակ կարող էր լինել: Այդ ինչ տարապայման կրթություն էր, որ խստասիրտ հայրը ցանկանում էր տալ մանկահասակ աղջկան: Մարոն առանց դրան ևս վայրենի բնավորություն ուներ: Ամեն անգամ, երբ մեր տունն էր գալիս, առանց մեկին կծելու, առանց մյուսին ճանկռելու չէր հեռանա: Նա անպատճառ մեկ ղալմաղալ պետք է սարքեր: Այս պատճառով վերջին անկարգությունը մեզ երևաց բոլորովին սովորական: Նա խիստ չար աղջիկ էր, բայց մենք ամենքս սիրում էինք այդ կյանքով լի և միշտ ուրախ փոքրիկին: Իսկ Մարիամի հետ նրա ոխակալությունը ուներ իր պատմական պատճառները. չգիտեմ մի տարի առաջ, թե երբ, մի անգամ Մարիամը նրան կոչել էր «բոշա». այդ վիրավորանքը Մարոն երբեք չէր կարող մոռանալ, թեև քրոջս խոսքը բոլորովին հեռու չէր ճշմարտությունից, որովհետև Մարոյի մեջ կար շատ ինչ բոշայական: Մարոն չէր կարող համբերել, երբ նրան հիշեցնում էին, թե նրա երեսը սևուկ գույն ունի, թե նրա մեծ, կրակոտ աչքերը «ֆալ բացողի» (կախարդի) աչքեր էին, նրա մանր գանգուրներով թուխ ծամերը միայն արաբները կարող էին ունենալ: Հարկավոր չէր ուղղակի նկատողությունը, բավական էր ասել, թե Մարիամի երեսը ճերմակ է կամ նրա մազերը շեկ ոսկու գույն ունեին, – այն ժամանակ Մարոն իրանը հասկանում էր: Նա մինչև անգամ նախանձվում էր, որ Մարիամը միևնույն անունն է կրում, ինչ որ ինքն ուներ, և այս պատճառով ամենևին չէր բարկանում, երբ նրան կրճատած կերպով Մարո էին կոչում. դրանով գոնե իր անունը զանազանվում էր:
Ինձ հետ Մարոյի հարաբերությունները նույնպես բարեկամական չէին. երբ ես բարկացնում էի, նա պատրաստ էր պատառոտել ինձ, բայց զգալով իր ուժի անհավասարությունը, միշտ սպառնում էր, թե «գիշերը, իմ քնած ժամանակը, նա կգա և կխեղդե ինձ»: Մարոն հաշտ էր միայն Մագթաղի հետ, որովհետև չափազանց փափուկ բնավորություն ունեցող Մագթաղը թեքվում էր նրա առջև և համարյա բոլորովին ենթարկված էր նրա ազդեցությանը: Այդ պատճառով Մագթաղի նույնպես ճերմակ երեսը և շեկ մազերը չէին բարկացնում նրան և չէին հիշեցնում, թե ինքը բոշայի դեմք ունի:
Մարոյի այն գիշեր բերած կապոցը այնպիսի սովորական բան էր, որ մենք առանց բաց անելու, գիտեինք նրա միջում ինչ կար: Դա որսի խորոված միս էր հացի հետ, որ երբեմն ուղարկում էր նրա հայրը, չնայելով, որ ինքն էլ ոչ սակավ աղքատության մեջ էր ապրում: Երբ Մարիամին հրավիրեցին ուտելու, նա հրաժարվեցավ, ասելով, թե ինքը քաղցած կմեռնի և այն «սև սատանայի» բերած ողորմությանը չի մոտենա: Բայց մայրս միշտ գոհությամբ էր ընդունում բարերար ձեռքի օժանդակությունը այն մարդից, որի հետ ամենևին ծանոթություն չուներ, որը մի անգամ ևս ոտքը ներս դրած չէր մեր շեմքից, թեև մեր ամենամոտ դրացին էր: Միայն Մարոն, որ հաճախ գտնվում էր մեր խրճիթում, պատմել էր իր հորը մեր թշվառ դրությունը, և նա համարյա ամեն գիշեր չէր դադարում ուղարկել իր տնում գտնվածից մեր բաժինը, և այնպես ծածուկ, որ ոչ ոք չէր հասկանում: