Պա՛հ, անիսափ մարդ, – բացականչեց կռոն, – նրանից, ո՞վ կվերցնի:
Տո՜, ես վերցնում էի, չտվեց, – շարունակեց Անդրին. – հմի գիտես ի՞նչ կա:
– Ի՞նչ կա:
– Դու ղոչաղ մարդ ե՞ս, թե չէ…
– Ինչ ասեմ, ախպեր… – և շվարած շիրակեցին չգիտեր ինչ պատասխան տա:
– Գիտես ի՞նչ կա, – խոսքը փոխեց Անդրին. տեսնելով, որ դժվարության մեջ է դրել խոսակցին:
– Ի՞նչ կա:
– Աստոծ վեր կունի, որ մի մարդի ամբար լիքը հաց ըլի, ու նրա հարևանը սովից մեռնի՞:
– Իսկի մարդն էլ չի էդ բանին հավանիլ, – համաձայնեց Գոքորը. – էդ անօրենություն ա:
– Չէ՛. արի կարճ քեզ մի ուրիշ բան ասեմ:
– Մի բան ես ուզում ասես, սիրտ չես անում, խնամի Անդրի, – նկատեց շիրակեցին. – ինձանից արխեին կաց, ինձ չես ճանաչում դու:
– Որ քեզ մի քանի թաղար ցորեն տամ, կարո՞ղ ես հասցնել Շորագյալ, – վերջապես հայտնեց Անդրին:
Այս խոսքերի հետ Գոքորի սովից նվաղած աչքերը փայլատակեցին:
– Քանի՞ թաղար, – գոչեց նա ուրախացած, – տա՞սը… քսա՞ն… ե՞րբ կտաս… Եգոր աղի՞…
– Սո՛ւս, գոռգոռալ մի… – զգուշացրեց Անդրին, – ամա գիտես, ուրիշ մարդ չպետք է իմանա… գիշերով պետք է անցկացնենք… այ այս մոտիկ սարերով… – նա ձեռքը մեկնեց դիմացի սարերին:
Այդ րոպեին վերևից մի գոռոց բարձրացավ. «Ա՛յ տղերք, ո՞վ եք, հե՜յ»:
Մեր ծանոթները ցնցվեցին, և ետ նայելով տեսան վերևից մի ուրիշ Գրանցի է գալիս. նա գոռգոռալով ուշունց էր տալիս, թռչկոտում, վազում էր դեպի ցած:
Այս տարօրինակ ուրախ տրամադրությունը զարմացրեց գյուղացիներին. «ո՞վ պետք է լինի, այսպես ուրախ այս աղետի ժամանակ, երբ ժպիտը մեղք է համարվում, եթե միայն խելագար չի…», մտածում էին նրանք. կարծես նրանց կասկածն ավելի հաստատելու համար մոտեցողը բարձրացրեց յուր գլխարկը և հարբած քեֆ անողի նման սկսեց աղաղակել. «հե՜յ-հե՜յ»:
Գոքորն ու Անդրին, մերթ իրար երեսի նայելով, մերթ եկվորին, մնացել էին ապշած, թե այդ ինչ կնշանակեր:
– Ինչ կտաք, որ ասեմ, – մոտենալով աղաղակում էր նա, – ինչ եք տալիս, շան տղերք, որ ասեմ…
– Ադա, դու սովիցը խելքդ թռցրել ե՞ս, Համբո, էդ ի՞նչ ես անում, – ձայնը բարձրացրեց Անդրին մոտեցողին ճանաչելով:
– Դու ես խելքդ կորցրել, ախմա՜խ, – գոռաց Համբոն ու մի ահագին քար շպրտեց նրանց վրա: Գոքորն ու Անդրին մի կողմը փախան, և քարը թմփթմփալով մինչև գետը մեկ գնաց:
Կռոյի փոքրիկ «մանչը» վախից սկսեց ճչալով լաց լինել:
Յուր քարից շատ չուշացավ Համբոն. կանգնեց երկու գյուղացիների առջև և դարձավ շիրակեցուն:
– Էս ձորում ի՞նչ ես շինում, տո սոված կռո հարամզադա… ա՛յ ես ձեզ էլ ղուրբան, ձեր հարսներին էլ… անումդ ի՞նչ ա… քանի՞ տարեկան ես…
Շորագյալցին գույնը թռցրած Համբոյի կամ ոտներին էր նայում կամ երեսին և ոչինչ չէր հասկանում նրանից:
– Սովն էլ չի էս շաշ ու գժերի հախիցը գալիս, – գլուխը պտտելով փնթփնթաց Անդրին և չիբուխը սկսեց լցնել:
– Ինչ սով, տո՛, ինչ ես դուրս տալիս գլխիցդ… հրես ֆուրգոններով էնքան ցորեն ա գալիս Ջալալօղլի, որ էս ձորերն ածես, կլցնի… գնա ձին բարձիր տար. էնքան կեր, կիսիցդ տրաքվես… Ի՞նչ ես կռտոփում բայղուշի նման… հլա փող էլ պտեն տալ, էն էլ չամչի տուր, ջեբդ ածա:
– Ի՞նչ ես ասում, ադա, դրուստ բան ասա, բան իմանանք, – սրտատրոփ անհամբերությամբ հարցնում էին Գոքորն ու Անդրին. – ի՞նչ ցորեն, ի՞նչ փող, ի՞նչ ես ասում:
– Դե՜ իմացեք, էլի, թե մարդ եք, իմացեք, որտեղից կըլի:
– Հա՜, իմացա, – հանկարծ հիշեց Անդրին, – էդ էն կըլի… էն ինչն էն տարին մեր գեղական ամբարների ցորենը ծախել տվին, փողը տարան, ասեցին` որ սով ընկնի, ետ կտանք… ախր ես գիտեի, որ էդ կըլի:
– Տո՛, չէ՛, չէ՛, – ձեռն Անդրու աչքը կոխեց Համբոն, – Թիֆլիզ, Բաքի, Բաթում, Էրեվան, Պետրապոլ, Ստամբոլ… ես ինչ գիտեմ, մի խոսքով, որտեղ անունը հայ կա, էլի, իմացել են, որ մեր կողմերը սով ա ընկել` հաց են հավաքել, փող են հավաքել, գիտեմ ոչ քանի հազար թուման ասեցին, համբարքն էլ մտիցս ընկավ – ղարկում են, որ սովն ընկած տեղերը ռանչպարին բաժին անեն:
«Փառք քեզ, աստոծ, գյուղացու համար միտք անող, գեղացու դարդը քաշող էլ կա…», զարմացած, իրան-իրան խոսում էր կռոն, մինչդեռ Անդրին հարցուփորձ էր անում Համբոյին:
– Ադա, թե դու էն կազեթինն ես ասում, էն ինչ մի երկու շաբաթ առաջ տիրացու Պետրոսը Ջալալօղլի կարդաց, էդ պարապ բան ա, կազեթումը սուտ ու մուտ բաներ շատ են գրում:
– Ա՜յ տղա, չէ՛, չէ՛, մեր Վարթանը Թիփլիզիցը նոր ա եկել, մարդն իրան աչքովը տեսած բան ա ասում… հմի ճամփին ֆուրգոններով ցորեն ա գալիս էլի, էսօր էգուց կհասնի Ջալալօղլի:
– Ա՛յ շեն կենան նրանք, հա՛, – սկսեցին օրհնել Գոքորն ու Անդրին:
– Էդ հլա Թիփլիզինն ա, – ոգևորված շարունակեց Համբոն, – դրա եդնուց Բաքվինն ա գալիս, նրանից եդը Բաթում, Էրեվան, Էջմիածին, Շուշի, Շամախի, Նուխի, Մոսկով…
Սով ու ցավ մոռացած գյուղացիները սրտախոր զգացված լսում էին Համբոյին և ամեն մի քաղաքի անունի հետ կարծես բարձրանում էին գետնից:
– Հաստատ ըլեն, հաստա՛տ, – հարբածի նման սկսեցին աղաղակել միասին, հենց որ լռեց Համբոն: Եվ հոգեզմայլ երկար աղոթում էին իրանց հարուստ եղբայրների հաջողության համար, օրհնում էին գիտեցած բոլոր օրհնանքներով:
Իսկ երբ որ ճանապարհ էին ընկնում, Անդրին մոտեցավ Գոքորին և կամաց փսփսաց. «Էն բանը, որ ասեցե, իմ ու քու մեջը մնա, քարը վեր կալ, քարի տակին դիր, օքմին չիմանա… Էլ մեր պետքը չի Եգոր աղի հարամ ցորենը… նալլաթ չար սատանին…»:
ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ
I
Ղ… գյուղաքաղաքում առանձնացած ապրում էր Սիմոն անունով մի բարի մարդ: Նա չէր խառնվում գյուղական գործերին. երևի գիտեր, որ իրան խոսքը չի ընդունվիլ, նրա համար էլ պոչն իրան էր քաշել:
Սիմոնը մի կարմիր կով ուներ, մին էլ` մի սիրուն կին. կինն էլ շատ սակավ էր պատահում, որ հարևանություն աներ դրացիների հետ. քաշվում էր հարուստ հարևաններից, գիտեր, որ յուր գնալ-գալը դուրեկան չէր նրանց համար: Եվ իսկապես, հարևանների դռներն ընկնելու կարիք էլ չունեին:
Սիմոնը չyuթի կամ գութանի ժամանակ ընկեր էր դառնում անասուն ունեցողի հետ, տանջվելն իրանից, անասունը, լծկանը հարևանից, և յուր հողերն էլ նրանցի հետ վարում: Երբեմն էլ պատ էր դնում, տախտակ էր քաշում, ձուկն էր բանում մոտակա գետից-ծախում, և կարողանում էր թե չէ, ամեն բանի էլ ձեռքը գցում էր:
Դրա համար էլ ոչ լավ ձուկը բռնող էր, ոչ կարգին պատ դնող և ոչ մի բանում հայտնի չէր. միայն մի բան լավ գիտեր, որ լավ սրախոսում էր և ծիծաղալի առակներ էր պատմում: Այդ էլ վերագրում էին նրա խելքի պակասությանը, անունն էլ «շաշ Սիմոն» էին դրել:
«Մի անգամ մի գյուղում մնի համար պատ դրի, – պատմում էր նա յուր կյանքից, – գործս վերջացրի, ասեցի` դե փողս տվեք, գնում եմ: Եկան պատին մտիկ արին, ասեցին` «Ուստա, էս գշեր քու շինած պատի տակին քնի, առավոտը քու վարձն էլ տանք` մի բան էլ ավելի, վեր կաց գնա». համաձայնվեցի ոչ. վախեցի գշերը պատը վրես քանդվի… պատն էլ թողի, վարձս էլ, վեր կացա եկա մեր տունը»:
Բայց խո ամեն մարդ այսպիսի պայման չէր կապում ուստա Սիմոնի հետ: Շատ մարդ էլ հենց նրա զվարճախոսությունների ու առակների համար դեռ վարձիցը մի բան էլ ավել էր տալիս: Եվ իրանց աղքատության մեջ ուրախ ապրում էին մարդ ու կին:
Այս մի փոքրիկ ուրախություն էր, որ ավելի շուտ բխում էր Սիմոնի սրտից, քան թե ունեցածից. բայց մարդիկ սրան էլ էին նախանձում:
– Ախպե՛ր, մենք էսքան չարչարվում ենք, մեզ համար ապրանք ունենք, դուքան ունենք, առուտուր ունենք… է՛լ չենք կարողանում ծերը ծերին հասցնենք, սա էս ո՞նց ա ապրում. – ոչ ջեբումը կապեկ ունի, ոչ դռանը չորսոտնանի, ոչ գլխումը խելք…
Այսպես նախանձում ու զարմանում էին համագյուղացիք, հարևանները Սիմոնի ապրուստի վրա և միշտ էլ «շաշ» էին անվանում:
– Շաշ Սիմոնի թայն էլ չկաս, – նախատում էին կանայք իրանց ամուսիններին, – տարենը երկու-երեք թազա լեհին (դերիա) ա հագցնում իրան էն անբան կնգանը… թողում չի բոբիկ ոտը գետին տեսնի…
– Դե նրա կնիկն էլ սիրուն ա, քու թայը խո չի, – կես լուրջ, կես հանաք նկատում էր մարդն յուր բարկացած կնոջն ու հեռանում:
Հիրավի, Սիմոնի կնոջ գեղեցկությունը մի երկնային պարգև էր, որ բաժին էր ընկել աղքատին: Նա մի բուրալի, շքեղ շուշան էր, որ դուրս է գալիս հաճախ մի հասարակ մացառի, մի փոքրիկ թփի տակ, և զվարթ ծաղկում է, ժպտում, առանց մտքովն անցկացնելու, թե քուրդը1 բուսել է վճիտ ջրերի ափին, կամ զանգակածաղիկը փայփայված է բուրաստանում. նրան միայն մի փոքր լույս, մի փոքր արևի շող է հարկավոր…
Ես մոռացել եմ այն պարկեշտ, ամոթխած սիրունի անունը, բայց գյուղացիք նրա ավել անունն էլ դրել էին «Եղապատառ»:
Գյուղի ջահելները աչք էին տնկել այս կնոջ վերա: Քանի անգամ գանգատվել էր նա մարդուն, թե` աղբրամը ջուր լցնելիս Ղազոյանց Գալուստը աչքերին խոր մտիկ տվեց ու ասաց «ուխա՛յ»… Վարթումանց Փիլոսը իրանց դռնովն անց կենալիս աչքով արավ… Միրզանց Առաքելը ճանապարհին «ղաստի» դիպավ իրան…
– Պտղատու ծառին շատ քար կգցեն… էդ ամեն կնգա էլ կպատահի, սիրտդ կոտրիլ մի, ես էլ եմ շատերին աչքով արել, – հանաք անելով կնոջը պատասխանում էր ուստեն:
Բայց, այսուամենայնիվ, թեկուզ հենց մենակ չմնալու, չվախենալու համար, որովհետև պատդիր, խզարչի, ձկնորս և այլն, Սիմոնը հաճախ գյուղից հեռանում, ուրիշ տեղ էր մնում– իրանց հարևան դարբին Ակոփի փոքրիկ աղջիկը գիշերները Սիմոնի կնկա մոտ էր քնում: