Գիշերները երկա՛ր հեքիաթ էր ասում Սիմոնի կինը յուր փոքրիկ ընկերուհու, ութ-տաս տարեկան Մարուշի համար (այսպես էր հարևանի աղջկա անունը) «Զմռուխտ ղուշի» հեքիաթն էր ասում, կամ պատմում էր, թե ինչպես մայրը յուր յոթը խորթ աղջիկներին ձգեց հորը և ջաղացաքարը դրեց բերանին, իսկ նրանք օրը մի չամիչ գտան, ապրեցին ու փորելով, փորելով հասան մի ստորերկրյա զարմանալի աշխարհ… և կամ թե «Լիս ու մութ աշխարքների» մասին էր պատմում, մինչև երկուսն էլ քնում էին:
II
Ահա ուստա Սիմոնի սպիտակ տնակը` մենակ, առանձնացած, երկու լուսամուտի փեղկերն էլ փակած, երևում է պարտեզի մի քանի ծառերի ետևից: Գիշերը խաղաղ է, ինչպես քունը, և կախարդիչ, քան երազ: Կարծես թե այս գիշերն էլ արևելյան մի հի՛ն-հի՛ն հեքիաթ լինի…
Երկու հոգի այս պահուն ծառերի տակովն անցան… մոտեցան Սիմոնի դռանը:
Թե ինչ էին անում նրանք, դժվար էր ասել, միայն շուտով ետ բացվեց դուռը շրըխկալով, և երբ բացվեց, ներսից պարզ լսվեց մի սուր ճիչ, որ իսկույն լռեց, և մի կանացի ձայն միաժամանակ աղաղակեց` «ո՞վ եք, ի՞նչ եք ուզում… ո՞վ եք, ո՞վ, ո՞վ…»: Դուռը շուտ փակվեց, ձայնը խլացավ, բոլորովին կտրվեց:
Այդ գիշեր ուստա Սիմոնը գնացել էր մոտիկ գյուղը, կարծեմ փուռը շինելու, և, երևի, խորը քնած, մի վատ երազ էր տեսնում յուր տան գլխին:
III
Գյուղական դատարանում ուստա Սիմոնի գանգատը լսելուց հետո ոմանք հանդիմանելով, ոմանք թքելով, մի քանիսը բարկանալով խորհուրդ տվին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից»:
– Թե որ կեղտոտ բանն ուզում չեք, դե դատաստան արեք, թե չէ` ես իմ ձեռովը կանեմ… – գոռում էր ուստա Սիմոնը և կարմրած աչքերը քիչ էր մնում դուրս թափվեին բներից: Նրա կողքին հեկեկում էր փոքրիկ Մարուշը:
– Հա՛, անգաճը կկտրես, էլի, – ձայն տվին չորս կողմից և ծիծաղելով նայեցին մեղադրյալին:
Սա գյուղի հայտնի լոթիներից մեկը` Սանդրոն էր: Մահուդ չուխայով, երկայնաճիտ, բարձրակրունկ կոշիկները հագին, ֆուրաշկան մի ականջի վրա թեքած, կարմիր բաղդադին վզովը ձգած, մի կողմ կանգնած, նա ժպտում էր ուստա Սիմոնի և նրա բարկության վրա: Հերոսին շրջապատել էին յուր ընկերներից մի քանիսը, որոնք եկել էին դատին ներկա լինելու:
– Կսպանե՛մ, ետո պատասխանը դուք կտաք, – բարձրաձայն սպառնում էր Սիմոնը, տեսնելով, որ դատարանն անուշադիր է յուր բողոքին:
– Սպանող ես` քու կնիկը պահի, շաշ գետինը մտած, – ձայն տվեց մեկը, և սրան հետևեց ընդհանուր ծիծաղ:
– Սպանիլ մի՛, ուստա Սիմոն ջան, մեղք ա, մուրազի վրա ջահել ա, – հեգնեց մի ուրիշը` նոր հռհռոց բարձրացնելով:
Այնտեղ տանուտերը մերթ ծիծաղելով ու հանաքներով, մերթ սպառնալով ու բարկանալով ստիպում էր Սիմոնին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից». բայց այդ չէր հաջողվում:
– Ես ասում եմ, որ արին պետք է անեմ… հիմի էս ա, որ ասում եմ… – իբրև հաստատ որոշում շուտ-շուտ կրկնում էր Սիմոնը, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա արյուն անող մարդ չի:
Սանդրոյի ընկերներից մեկը պատի տակը քաշեց տանուտերին, ականջումը մի բան փսփսաց. տանուտերն էլ Սիմոնին մի կողմ քաշեց` ականջումը փսփսաց.
– Չեմ ուզում, – նրա ձեռքից ազատվելով գոռաց ուստեն, – չեմ ուզում:
– Դե՛ որ չես ուզում, վկաներդ բեր, գործը շարունակում եմ, – դեմքը թթվացնելով ասաց տանուտերը և պաշտոնական դիրք ընդունեց:
Սիմոնը չվախեցավ:
– Ա՛յ վկա, – համարձակ ցույց տվեց Մարուշին:
– Դա երեխա ա, երեխի վկայությունը զակոնը չի ընդունում:
– Իմ կնիկը ճանաչել ա, – իսկույն վրա բերեց ուստեն:
– Քու կնիկը շատ կարելի ա սուտ ա ասում, զակոնը առանց ֆակտի, գանգատավորի խոսքին չի հավատում, – կրկին խիստ ու կոպիտ մերժեց տանուտերը:
Սիմոնը հասահատութենից ու կատաղութենից քիչ էր մնամ վրա թռչեր, խեղդեր յուր երեսին սառն հանդարտությամբ նայող տանուտերին, բայց, իրան զսպելով, հարցրեց.
– Բաս էս ո՞նց պըտի ըլիլ…
– Էնհենց պըտի ըլիլ, որ դրուստն իմանալու համար ես պետք է քննություն անեմ, պետք է քու կնգանը տանեմ դոխտուրի մոտ, որ դոխտուրը քննի…
Սիմոնը մնաց դիք կանգնած, արյանը գլուխը տվեց, ականջները տժժացին. նա չէր իմանում, թե որտեղ է կանգնած. չար մտքերն արդեն խռնվում էին նրա գլխում…
– Ադա, գնացեք սրա կնգանը բերեք, – հրամայեց տանուտերը և մի աղմուկ ընկավ: Ոմանք տանուտերին էին խնդրում. ոմանք գնացողներին էին բռնում, ոմանք էլ Սիմոնի հետ էին կռվում յուր «շաշության» համար, որ բանն այստեղ հասցրեց, և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ ետ կանգնի խայտառակությունից: Փոքրիկ Մարաշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մե՜կ խոսողների երեսին էր նայում, մե՜կ` Սիմոնի:
Այս ժամանակ դատարանի լուսը մթնեց, և յուր ահագին գայլենի քուրքը ներս բերեց գյուղի հարուստներից մեկը` Պետրոս աղեն:
– Ի՞նչ խաբար ա, ի՞նչ եք ղալմաղալ անում, – ծանր-ծանր հարցրեց աղեն:
Եվ բոլոր պատմությունը, թեպետ հայտնի էր իրան, ուշադիր լսեց, իբրև թե նոր էր իմանում:
Գլուխը պտտելով, խոր հառաչեց գյուղի հայրը և խորհրդավոր ձայնով դարձավ շուրջը. գետինը մտե՛ք… ձեններուդ կտրեցե՛ք, անաբուռներ, աննամուսնե՛ր…
Այս խոսքերն այնպիսի ազդու կերպով արտասանեց, որ բոլորն էլ գլուխները կախ արին, և եթե մի օտար մարդ լիներ, կկարծեր, թե ամաչեցին:
– Սրան մտիկ արեք, սրա՜ն, – գլուխը վեր քաշելով, ձեռքը դեպի Սիմոնը մեկնեց աղեն – օղլուշաղի անունը բերել ա գցել գեղամեջ…
– Բա սուս կենա՜մ… նամուսս գետինն եք կոխել… բա սուս կենա՞մ… – գոռալով ընդհատեց ուստա Սիմոնը:
– Բաս ի՞նչ կանես, որ սուս չես կենալ…
– «Ի՞նչ կանե՛մ…», արին կանեմ, արի՛ն…
– Ա՜յ տղա, դեռ կանգնած ե՞ք, էս րոպեիս գնացեք, սրա կնգանը բերեք, – տեղիցը վեր թռավ տանուտերը:
– Կացե՜ք, – աչքերը չռեց աղեն, և նորից աղմուկն ընկավ. Այս ժամանակ տանուտերն ու Պետրոս աղեն իրար մի քանի խոսք ասացին:
– Սո՜ւս կացեք, – ձայն տվեց աղեն, – ի՞նչ եք գորտան ժամատուն շինել… Սանդրո՛, էստեղ արի:
Սանդրոն մոտեցավ:
– Մի հինգ մանեթ հանիր էստեղ:
– Ախար զուր ա, է՛, աղա:
– Ես քեզ ասում եմ, հանի՛ր:
– Ախար զուր ընչի՛ հանեմ:
– Ես քեզ ասում եմ զո՛ւր հանիր, – բարկացած հրամայեց աղեն:
Սանդրոն, քթի տակը ժպտալով, մի հնգանոց հանեց, տվեց աղին և ուզում էր հեռանալ:
– Կա՜ց, ո՞ւր ես գնում… դու էլ էստեղ արի, Սիմոն:
– Գալ չեմ, էդ խելքից հեռու բան ա… ես իմ նամուսը փողով չեմ առել, որ փողով էլ ծախեմ:
– Էստեղ մո՛տիկ արի:
– Ասեցի, որ գալ չեմ:
– Դե գնացեք, ասեցի… ես էստեղ խաղ չեմ անում… Շուտ գնացեք, սրա կնգանը բերեք, – կրկին մեջ ընկավ տանուտերը:
– Կացե՛ք, դեռ չգնաք… Սիմո՛ն, քեզ ասում եմ էստեղ արի:
– Առաջ գնա, է՛լի, – խառնիխուռն աղաղակում էին այս ու այն կողմից:
– Գնա բարըշի, հինգ մանեթն առ, է՜լի…
– Տո շաշ, գնա, մուֆթա փող ա, առ, ջեբդ դիր. մի տարի որ տանջվես, պատ դնես, էդքան աշխատիլ չես…
– Կասես թե մենձ բան ա էլել… առաջ գնա՛… Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց – «պռոշտի՜»:
– Պռոշտի՜, պռոշտի՜, – աղաղակեցին գյուղացիք: Սիմոնն անզգայաբար գլուխն առաջ ծռեց…
Անո՜ւշ, անո՜ւշ, – ձայն տվին գյուղացիք:
Հաշտությունը կայացավ… Երբ որ սկսեցին արդեն ուրիշ բաներից խոսալ, Սիմոնն աննկատելի կերպով, փոքրիկ Մարաշի ձեռքը բռնած, էնպես թաքուն դուրս եկավ դատարանից, որ ոչ ոք չնկատի…
ԼԵՌՆԵՐԻ ՀՈՎԻՎԸ
Լեռնե՜ր… բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դո՜ւք– մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…
Եվ ո՞վ է հողեղեններից այնքան ձեզ նման հպարտ, հզոր, վեհանձն ու մաքուր, որքան ձեր հարազատ որդեգիրը, ձեր մրրիկների ու զեփյուռների, ծաղիկների ու կայծակների ծնունդը, ձեր պահած ու փայփայած հովիվը:
Լեռների հովի՜վը. անծանոթ ու խորթ կյանքի սրտամաշ հառաչանքներին, գետնաքարշ արարքներին, հացկատակ խաղերին ու տաղերին, հպարտ ու զվարթ, որպես այդ ձեր վայրենի ծաղիկները:
Բայց ձեր վայրենի ծաղիկներն էլ իրանց բայրով-հրապայրով ընկնում են ծանր ու կոպիտ ոտների տակ և ապականվում, ցեխ դառնում:
Քաղաքում, բարձրահարկ տան բակում` յուր սրինգն ածում ու պար էր գալիս մի բարձրահասակ, թիկնավետ երիտասարդ: Նրա հագին բազմատարազ շորերի ցնցոտիներ էին, գլխին` ծանր քրդի քոլոզ:
Զվարթ էր նրա հովվական սրնգի ձայնը, ուրախ էր պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև: Նրանք երբեմնակի նայում էին վերև, երևի տեսնելու, թե օքմի՞ն կա պատշգամբներում, թե չէ. նայում էին, սակայն չէին աղերսում…
Տխուր էր և նրա առնական դեմքը յուր շիկասև նորածիլ շրջանակի մեջ, ուր նշանավոր էին արծվի քիթն և ուռած շրթունքները: Եվ նա ինքն ամբողջ մի մարմնացած վայրենի վիշտ էր, բայց յուր սրինգն ածում ու պար էր գալիս:
Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ծիծաղաշարժ տեսարան, որ սաստիկ վիրավորում էր նրա հզոր կերպարանքն ու դառն տխրությունը: