– Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, – հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:
Վազելով ընկնում է պալատը: – Հայ-հարա՛յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:
Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:
Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն: Շրջապատված մեծամեծներով, առջևից` ձիավորներ, ետևից` ձիավորներ – էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՜ն – շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկուռում ու զարմանում:
– Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը: – Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:
– Չէ, դրանից չի, – պատասխանում է աղվեսը: – Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…
Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի:
– Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը:
– Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի, – պատասխանում է աղվեսը հառաչելով:
– Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի, – խնդրում է թագավորը: – Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:
Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:
Հարսանիքից հետո թագավորը իր աղջկակ մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:
– Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք, – ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:
Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:
– Էս ո՞ւմ նախիրն է: Ասում են. – Շահ- Մարինը:
– Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը. թե չէ` վայն եկել է ձեզ տարել:
Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:
– Էս ո՞ւմն է:
– Շահ-Մարինը:
Հովիվներին էլ նույնն է ասում:
Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:
– Էս ո՞ւմ արտերն են:
– Շահ-Մարինը:
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում: Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:
– Էս ո՞ւմն են:
– Շահ-Մարինը:
Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին:
– Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր, – գոռում է հեռվից վազելով: – Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:
– Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, – հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:
– Փախի՛, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:
Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից:
Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:
Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից անհամար ձիավորներ:
Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:
– Էս ո՞ւմ նախիրն է, – հարցնում են ձիավորները:
– Չախչախ թագավորինը, – պատասխանում են նախրապաները:
Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:
– Էս ո՞ւմն է, – հարցնում են ձիավորները:
– Չախչախ թագավորինը, – պատասխանում են հովիվները:
Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:
– Էս ո՞ւմ արտերն են:
– Չախչախ թագավորինը: Հասնում են խոտհարքներին:
– Էս ո՞ւմն են:
– Չախչախ թագավորինը:
Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:
Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին:
Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:
Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը:
Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում:
Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է:
ՈՍԿՈԻ ԿԱՐԱՍԸ
Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը:
Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են: Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին:
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի: Եզները լծած թողնում է, վազում է գյուղը` հողատիրոջ մոտ:
– Հե՜յ, աչքդ լուս, – ասում է, – քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար:
– Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի, – պատասխանում է հողատերը: – Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է:
Սկսում են վիճել. սա ասում է` քունն է, նա, թե չէ` քունը: Վեճը տաքանում է, իրար ծեծում են: Գնում են թագավորի մոտ գանգատ:
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ` աչքերը չորս է բաց անում: Ասում է.
– Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել – իմն է:
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի: Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում – ի՞նչ ոսկի – կարասը լիքը օձ…
Զարհուրած ու կատաղած ետ է գալի: Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել:
– Չէ՛, թագավորն ապրած կենա, – գոռում են խեղճերը, – մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի…
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն: Մարդիկը գնում են, ետ գալի, թե` ճշմարիտ, ոսկի է:
– Վա՜հ, – զարմանում է թագավորը: Ասում է. – երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր: – Վեր է կենում մին էլ գնում:
Կարասը բաց է անում, – դարձյալ մեջը լիքը օձ:
Էս ի՜նչ հրաշք է, ինչ միտք ունի, – չեն հասկանում:
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին:
– Բացատրեցեք, – ասում է, – ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա: Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել: Ես եմ գնում – կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում – ոսկի: Էս ի՞նչ կնշանակի:
– Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ, – ասում են իմաստունները: – Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար: Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում:
Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու:
– Լա՛վ, – ասում է, – դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին:
– Իհարկե հողատիրոջը, – ձայն է տալի վարող գյուղացին:
– Չէ, վարողինն է, – մեջ է մտնում հողատերը: Ու նորից սկսում են կռվել:
– Լա՛վ, լա՛վ, կացե՜ք, – կանգնեցնում են իմաստունները, – ի՞նչ ունեք դուք – տղա կամ աղջիկ: