Մուրացան - Գթության քույրեր стр 2.

Шрифт
Фон

Երբ բժիշկները սենյակից ելան` հայտնելով, որ երեկոյան նորից կգան ինձ տեսնելու, առաջ անցավ սիրուն ձեռքի տերը, որ գթության քույրերից մինն էր և աթոռակն առնելով` դիմացս նստեց:

– Այժմ ինչպե՞ս եք զգում, ցավերը չե՞ն անցնում, – հարցրեց նա քնքշությամբ:

– Շնորհակալ եմ, կարծես, անցնում են, – ասացի ես և սկսա դիտել գթության քրոջը, որ երիտասարդ մի աղջիկ էր, նրբակազմ և գեղեցիկ: Նա հագած էր սև շրջազգեստ` սպիտակ գոգնոցով, որի կրծկալը ուներ կարմիր խաչանիշ: Իսկ գլուխը կիսով չափ ծածկած էր կտավի ձյունափայլ գլխանոցով, որի մեջ նրա դեմքը` յուր ծովի աչերով, երկար արտևանունքներով, փոքր ու ողորկ քթով և ժպտուն բերանի կարմրալար շուրթերով, չքնաղ լինելուց զատ, ուներ մի ինչ-որ գերբնական գրավչություն, որը չէր կարելի անվանել ուրիշ բան, բայց եթե սիրո ու գթության արտահայտություն:

Միջանկյալ պիտի ասեմ, որ ես, առհասարակ, գեղեցկության սիրահար եմ: Մեռնելուս ժամին իսկ` եթե երկու սիրուն աչեր իրենց ժպտուն հայացքը հառեն ինձ վրա, կարող եմ հոգեդարձ լինել… ինչ էլ որ չխոսեն մարդիկ կանանց ներքին արժանավորությունների մասին, որքան էլ վերջինս չգերադասեն կնոջ արտաքինին, այսուամենայնիվ, ես միշտ պիտի մնամ այն կարծիքին թե` կինը զորավոր է միայն այն ժամանակ, երբ ներքին արժանյաց հավասար` ունի և արտաքին գեղեցկություն: Դրեք Կանտի խելքն ու Գյոթեի հանճարը մի տգեղ ու զառամ կնոջ մեջ և պահանջեցեք, որ ես կենակցեմ նրան իբրև ներքին արժանավորություններով օժտված կնոջ…: Խոստովանում եմ, սիրով կզրկվիմ թե Կանտի խելքի և թե Գյոթեի հանճարի ինձ տալիք բարիքներից, միայն թե ամեն օր իմ աչքի առաջ չունենամ իմաստուն տգեղությունը: Եվ դուք մի կարծեք թե` թեթև բնավորությունն ու բարվոք խորհելու պակասությունն է որ գերի է դարձնում մեզ ճշմարիտ գեղեցկության, ոչ. դա ինքը բնությունն է, որ գործում է մեր մեջ յուր անշեղ օրենքներով, հարկադրելով մեզ` ընտրել միշտ լավագույնը` նմանն արտադրելու համար: Եվ ընտրության այդ ձգտումը չէ նայում ոչ տեղի, ոչ ժամանակի վրա. նույնիսկ մեր մարմնի տկարութ յունը հաճախ տեղի է տալիս այդ թաքուն ձգտման, մոռացնելով մեզ յուր գոյությունը: Եվ իրավ, մի՞թե կարելի էր երևակայել թե` այնպիսի մի ճգնաժամում, որի մեջ գտնվում էի ես, կարող է մարդ յուր ցավը բոլորովին մոռանալ` լոկ մանկամարդ մի կնոջ գեղեցկությունից գրավվելով, հարկավ, ոչ: Բայց ես մոռացել էի: Մի ժամանակ տեսա որ ոչինչ այլևս չէ ցավում վրաս: Գթության քրոջ այն հարցին թե` – ինչի՞ց առաջացավ պայթյունը, ես սկսել էի պատասխանել ավելի քան մանրամասնորեն` ծանոթացնելով նրան ոչ միայն պայթյունի հանգամանքներին, այլև բացատրելով նիտրո-գլիցերինի էությունը և նրա ահավոր զորության գաղտնիքը: Մի փոքր ևս, և ես, գուցե, սկսեի պատմել թե` ինչպե՞ս է գտել նրան Սոբերրը, քիմիկոսը և թե ինչպե՞ս նրանից Ալֆրետ Նոբելը շինել է դինամիտ և այլն: Բայց գեղեցիկ քրոջը կանչեցին այդ միջոցին և նա սիրաժպիտ «առայժմ ցտեսություն» ասելով հեռացավ:

Երբ ես մնացի միայնակ, զգացի, որ թևս դարձյալ ցավում է, թեպետ ոչ առաջվա նման սաստիկ: Իսկ օրվա ընթացքում գթության քույրը դարձյալ մի երկու անգամ մտավ սենյակս և միշտ էլ քաղցրաժպիտ առողջությունս հարցրեց և դուրս գնաց:

Երեկոյան դեմ` ներս եկան բժիշկները և ինձ ասացին հետևյալը.

– Որովհետև դուք այժմ այնքան հանգիստ եք, որ կարող եք լսել մեր զեկուցումը, ուստի հայտնում ենք ձեզ, որ ձեր թևը ողջացնելու համար միայն երկու միջոց կա, – առաջինն ու դյուրինը, որի հետ չեն կապված մեծ նեղություններ և որը, ոչ միայն երկար չի տանջիլ ձեզ, այլև ապագայի համար վտանգավոր հետևանք չի ունենալ, այն է, որ ձեր թևը կիսով չափ կտրենք: Իսկ երկրորդն ու դժվարինը այն` որ այդ թևը պահելու նպատակով` երկար օրերի, գուցե և ամիսների ընթացքում պատճառենք ձեզ ծանր և անտանելի տանջանքներ, որոնք պիտի առաջանան հաճախ ձեր վերքերը բանալուց, լվանալուց, պատռվածքները կտրելուց և երբեմն նրանց նորից քակելուց, դեղեր դնելուց և այլն և այլն:

– Օ՛, անկարելի է. ես չեմ թողնիլ որ թևս կտրեք, – բացականչեցի ես. – պատրաստ եմ, թեկուզ, ամբողջ տարի տանջվել, միայն թե իմ կյանքում չմնամ կռնատ:

– Եթե այդպես է, ամրացրեք, ուրեմն, ձեր սիրտը մի շարք տանջանքներ կրելու համար, – խոսեց գլխավոր բժիշկը, – բայց կրկնում եմ, դրանք դժվարատար կլինին:

– Հոգ չէ, թող լինին. գոնե ձեռքիցս չեմ զրկվիլ, – ասացի ես: Բայց, միևնույն ժամանակ, երկյուղ կրելով բժշկապետի խոսքերից, հարցրի թե` արդյոք չե՞ն կարող իմ վերքերը քրքրելուց առաջ` քնացնել ինձ քլորուկով:

– Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս, – պատասխանեց բժիշկը, – բայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ յուրաքանչյուր քնացման հետ կապված են որոշ դժվարություններ և երկրորդ, որ դուք, ինչպես այսօր տեսա, սրտի թուլություն ունիք և չեք կարող հաճախակի քնացման ենթարկվիլ, առանց վտանգելու ձեր առողջությունը:

– Ուրեմն սկսեցեք, կաշխատեմ համբերել. – ասացի ես:

– Եթե հաստատապես որոշեք, կարող եք համբերել:

– Իհարկե, կարող է, տղամարդ չէ՞, – հարեց մյուս բժիշկը:

– Իսկ ես կարծում եմ, որ պարոնն այդ դեպքում ոչ միայն համբերություն, այլև օրինակելի արիություն ցույց կտա, – խոսեց գթության քույրը` գեղանի աչերն ինձ վրա հառելով:

– Կաշխատեմ… – ասացի ես և նրա քնքուշ հայացքն ու ժպիտը, կարծես, ուժ տվին ինձ ամեն տեսակ տանջանք անտրտունջ կրելու:

Առաջին անգամից իսկ, երբ իմ թևը բացին և սկսեցին նրա վերքերը լվալ, ես զգացի, արդարև, սաստիկ սուր ցավեր: Դրանք անտանելի դարձան, մանավանդ, երբ փորձեցին մի երկու տեղ պատռվածքը կարել: Եվ, սակայն, զարմանալի է, այդ ցավերը չէին թափանցում սիրտս այնպես շեշտակի, ինչպես այդ լինում էր առավոտը, երբ առաջին անգամ էին թևս կապկպում: Ես մտածում էի թե` գուցե սիրտս ամրացել է մի քանի ժամվա ընթացքում: Բայց շուտով պարզվեց, որ այդ չէ պատճառը, այլ այն` որ գթության մանկամարդ քույրը յուր սիրուն աչերն ինձ վրա սևեռած` ամեն անգամ, երբ ես ցնցվում էի ցավից, կամ դեմքիս տանջանքի նշան արտահայտում, ինքն էլ ինձ հետ, կարծես. տանջվում էր յուր ներսում, մերթ անուշ ժպիտը դեմքից վանելով, մերթ նրան կսկիծի ստվեր խառնելով… Ահա, հենց այդ պատճառով ես աշխատում էի արիանալ և չզգալ այն ցավերը, որոնք պատճառում էին ինձ բժշկի մատների յուրաքանչյուր շարժումը, սպունգի լվացումը, դարմանի հպումը, որպեսզի գթության մանկամարդ քույրն ևս չտանջվեր ինձ հետ:

Թե ա՞յդ միտքն էր, իսկապես, իմ ցավերի դեմ ինձ արիացնողը, այդ բանին ես համոզվեցա, երբ գթության քույրը, մի ինչ-որ դեղ բերելու համար, հեռացավ մեզնից մի քանի վայրկյան: Իմ ցավերն, այդ ժամանակ, կարծես, սաստկացան, մինչդեռ երբ նա դարձավ, նորից սկսան հանգստանալ: Եվ սակայն դա իսկապես, հանգստություն չէր, այլ համբերելու համար գործ դրված ուժի մի տեսակ լարումն, որ դյուրացնում էր տոկալը և, հետևապես, թեթևացնում ցավը:

Բժշկապետն յուր գործը ավարտելուց հետո, գովեց իմ արիությունը և ասաց որ ինձանից նա չէր սպասում այդքան համբերություն:

– Եթե այդպես շարունակվի մեր գործը, – ավելացրեց նա ժպտալով, – հուսով եմ որ շատ շուտով կվերադարձնենք ձեզ ձեր գործարանը` նորից փորձեր անելու:

Հետևյալ լվացումն ու դարմանադրությունը նույն ձևող անցավ, ինչպես և առաջինը: Գթության քույրը դարձյալ դիմացս էր, ուստի տանջանքի զգացում չցուցի, չնայելով որ այս անգամ դարձյալ մի կարվածք անելու փորձն ևս ավելացել էր:

Բայց երրորդ անգամին այնպիսի կսկիծ ու տանջանքներ կրեցի, որ սիրտս ուղղակի թուլանում էր ցավից և ես չէի կարողանում զսպել ինձ` որ չճչամ, կամ բարձրաձայն չհառաչեմ:

Բժիշկը զարմանում էր:

– Անցյալ օրն ու երեկ ավելի պիտի ցավ զգայիր և սակայն դու քաջությամբ համբերեցիր: Այժմ ի՞նչ է պատահել, որ համեմատաբար ավելի թեթև ցավերին չես դիմանում, – հարցրեց նա ինձ:

– Չգիտեմ, այսօր ավելի եմ ցավ զգում, – ասացի ես:

– Այդպես չպետք է լինի… – նկատեց բժիշկը և նայեց վրաս տարակուսական հայացքով:

– Գուցե այն է պատճառը, որ երեկ և անցյալ օր ներկա էր այստեղ ձեր քույրերից մինը…

– Հա՞, հետո՞… – ընդհատեց ինձ բժիշկը ժպտալով ու հոնքերը վեր բարձրացնելով:

– Ես նրա դեմքի վրա նշմարում էի կարեկից զգացմունք դեպի իմ տանջանքը, ուստի ես էլ իմ կողմից աշխատում էի զսպել ինձ…

– Որպեսզի նա չվշտանա՞:

– Այո՛:

– Հա, հասկանում եմ… – բացականչեց բժիշկը ուրախ ծիծաղելով. – ուրեմն սիրուն կնոջ երկու աչերն էլ նույնպիսի դեր են խաղում ցավեր թմրացնելու նկատմամբ, ինչպես որ կոկայիտն ու քլորակը… նշանակիր այս բանը քո հուշատետրում, collega, – դարձավ նա ընկեր բժշկին, – այս առթիվ անպատճառ հարց պիտի զարթեցնեմ բժշկական ժողովում:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора