Մուրացան - Պատմվածքներ

Шрифт
Фон

Մուրացան

Պատմվածքներ

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Ա

Դեկտեմբեր ամսի ցուրտ օրերից մեկն էր: Դեռ վաղ առավոտ լինելով՝ ամբողջ քաղաքը պատված էր մշուշով: Քամին անընդհատ փչելով փոթորկում էր յուր հետ տան կտուրների վրա դիզված ձյունը, որի սառած հատիկները զարնրվելով երբեմն փակված պատուհանների ապակիներին, մեղմ հնչյուններ էին հանում: Սառուցակապ փողոցների մեջ անցուդարձ գրեթե չկար. միայն երբեմն – երբեմն, նրանց այս ու այն ծայրում, սևին էին տալիս եկեղեցին շտապող բարեպաշտ ծերունին կամ պառավը, որոնց միօրինակ ու համբաքայլ ընթացքը մերթ ընդհատվում էր նրանց երկաթագամ քոշերի՝ սառույցի վրա սահելուց: Եվ այս շատ անգամ վերջանում էր նրանով, որ բարեպաշտ պառավը ակամա նստում էր ճանապարհի մեջտեղը և դժգոհելով անիծում յուր քոշերը գամող դարբնին:

Քաղաքի մի ետ ընկած փողոցում, որ գլխավորապես աղքատների բնակատեղին էր, գտնվում էր մի տնակ: Ամբողջ գիշերը հակառակ սովորականին, ճրագը վառվում էր այդտեղ: Այդ հանգամանքը կարող էր հետաքրքրել դրացիներին, բայց եղանակի վատթարության և գիշերվան մառախուղի պատճառով այդ նրանցից աննկատելի մնաց: Միայն առավոտյան պահուն, երբ Խաթուն մայրիկը՝ թաղի ամենաբարի պառավը, եկեղեցին գնալու ժամանակ անցավ տնակի մոտից, շատ զարմացավ, երբ ոսկերիչ Գրիգորի ճրագը վառ գտավ: Սա մոտենալով բակի դռանը նայեց նրա ծերպերից տեսնելու համար, թե բակում անցուդարձ կա՞ արդյոք: Բայց որքան մեծ եղավ նրա երկյուղը, երբ տան ներսից լսվեցավ կանացի լացի մի ողորմելի ձայն: Պառավը պատրաստվում էր դուռը բախելու, երբ բակից նրա ականջին զարկավ մի ուրիշ աղիողորմ մրմունջ. «Ախ, աստված, դարձյալ ծեծում»:

Բարի պառավը երկար չսպասեց: Նա ձեռքը ձգեց դռան մուրճը զարնելու, բայց դուռը մուրճ չուներ: Սկսավ քար որոնել գետնի վերա, բայց գետինը սառած լինելով նա այդ ցանկությանն էլ չհասավ: Վերջապես հանեց ոտքի քոչերից մեկը և նրանով սկսավ ամուր – ամուր բախել դուռը:

Դուռը իսկույն բացվեցավ: Պառավի առաջ արձանացավ մի տասնևհինգամյա գեղահասակ աղջիկ: Նրա դեմքը դրսի ցրտությունից դալկացել էր, և արտասուքը սառել այլագունված այտերի վերա:

– Մանիշա՛կ, այս ժամին ի՞նչ ես շինում այս ցրտի մեջ, – եղավ պառավի առաջին հարցը:

Մանիշակը հեկեկալով ընկավ պառավի պարանոցով և ոչինչ չկարողացավ պատասխանել:

– Աղջիկ, ի՞նչ եղավ քեզ. ի՞նչ է պատահել, խոսիր տեսնեմ:

– Ի՞նչ խոսեմ, մայրիկ, միթե չգիտե՞ս. էլի մորս ծեծում է, – պատասխանեց նա, և հեկեկանքը խեղդեց խեղճ աղջկա ձայնը:

Պառավը հասկացավ իսկույն, թե բանը ինչումն էր:

– Իսկ դու ինչո՞ւ այս ցրտի մեջ կանգնած ես, – հարցրավ նա:

– Ես կամեցա մորս ազատել նրա ձեռքից (աղջիկը խոսում էր յուր հոր համար), իսկ նա ուժով դուրս հրեց ինձ և դուռը վերաս կողպեց: Չորս ժամ է, որ այս ցրտում կանգնած եմ ես, բոլոր մարմինս սառել է…

Վերջին բառերը արտասանելիս թշվառ աղջկա աչքերից աղբյուրի պես արտասուքը վազել սկսավ:

Բարի պառավի զայրույթը հասավ իր վերջին աստիճանին: Նա այլևս հարցեր չարավ Մանիշակից, այլ նրա ձեռքից բռնելով արագ – արագ մոտեցավ տան դռանը և ոտքովը ամուր զարնել սկսավ:

– Բա՛ց դուռը, – գոչեց հրամայող ձայնով:

– Ո՞վ է, – ներսից լսվեցավ ոսկերիչ Գրիգորի ձայնը:

– Աչքդ հանողը, անզգա՛մ, դուռը բա՛ց, – զայրացած կրկնեց պառավը:

Տանուտերը ճանաչեց յուր հայտնի դրացուհուն: Նա դուռը թողեց փակ և հեռացավ ուրիշ սենյակ: Պառավը կրկնեց յուր հարվածները:

– Բա՛ց, ասում եմ, անզգա՛մ, թե չէ կերթամ բոլոր ժամավորներին այստեղ կհավաքեմ,

Տանուտերը այս սպառնալիքից վախեցավ և շտապեց դուռը բանալու:

Պառավը ներս մտավ Մանիշակի ձեռքից բռնած: Նրա աչքերի առաջ ներկայացավ մի աղետալի տեսարան: Տանտիկինը արտասվաթոր աչքերով և արյունոտ երեսով ընկած էր սենյակի մի անկյունը և հեծեծում էր անգութ ամուսնուց ստացած հարվածներից: Երկու փոքրիկ երեխաներ կիսամերկ անկողնից ելած` բռնած էին մոր ծնկներից. մի ուրիշ, նրանցից ավելի հասակավոր տղա երեխա հիվանդ նստած էր յուր անկողնի մեջ և լալիս էր:

Երեխաները իրանց ծանոթ և սիրելի պառավին տեսնելով, մոռացան հոր երկյուղը և կարծես նրա մեջ իրանց պաշտպանը գտնելով, իսկույն ցատկեցին տեղից և վազեցին դեպի նա. «Խաթուն մայրիկ տե՛ս պապան որքան է ծեծել մայրիկին, ասա, որ էլ չծեծի, ախար խեղճ է…»:

Երեխաների գանգատը, որ փոքրիկ սրտերի հուսահատ ապստամբության ծնունդ էր, այնքան սրտաշարժ էր, որ պառավի արտասուքը շարժեցին:

– Տո անաստված, – դարձավ նա կատաղի զայրույթով դեպի տանուտերը, – հերիք տանջես այդ խեղճ կնոջը. այդ ինչ օրի ես հասցրել դրան, բա դու չե՞ս խղճում այդ երեխաներին. ասենք սիրտդ քար է կտրել, խո ականջներդ էլ չե՞ն խլացել, խո աչքերդ էլ չե՞ն կուրացել, խո լսո՞ւմ ես այս ողորմելիների լացն ու կոծը, տեսնո՞ւմ ես նրանց արտասունքը: Տո՛ անգութ…

– Լա՛վ լա՛վ, Խաթուն մայրիկ, – խոսքը կտրեց տանուտերը, – մի երկարացնիլ. ի՞նչ ես ուզում ասել, ինչո՞ւ համար այս ժամին մտել ես իմ տունը: Եվ եթե մտել ես, ի՞նչ իրավունքով հայհոյում ես ինձ: Ես գիտեմ իմ կինը ու երեխաները, խո դու չես նրանց հաց ու ջուր տվողը…

– Դու հաց ու ջուրը չես տալիս մեզ, անաստված, – ողորմելի ձայնով ընդհատեց նրան կինը, – քո տվածը թույն ու լեղի է…

– Ձայնդ կտրի՛ր, – գոռաց ամուսինը դեպի նա դառնալով:

– Քո ձայնն էլ աստված կտրի, – մրմնջաց կինը և լռեց:

Պառավը տեսնելով ոսկերիչի անողոք կատաղությունը, մոտեցավ կնոջը, բռնեց նրա ձեռքից, «վեր կաց, Մարիամ» ասաց նրան հրամայողական ձայնով, «վեր կաց, երեխաներիդ հավաքիր գնանք իմ տունը, այս գազանի մոտ մի մնաք»:

– Ախ, Խաթուն մայրիկ, – հեծծաց Մարիամը թույլ ձայնով, – դորանով խո ամեն բան չէ՞ վերջանում:

– Վեր կաց, ասում եմ քեզ, – կրկնեց պառավը:

– Վեր կաց, մայրիկ, վեր կաց գնանք Խաթունենց տուն այստեղ վախենում ենք, – թախանձեցին երեխաները:

– Կորեք այստեղից, – գոռաց հայրը, հրացայտ աչքերը երեխաների վերա սևեռելով: Երեխաները սարսափով ետ քաշվեցան, և նրանցից յուրաքանչյուրը կծկվեցավ մի անկյունում:

– Դու էլ վեր կաց գնա քո տունը, պառավ, – դարձավ նա դեպի Խաթունը, – իմ կինը քո կարեկցության պետք չունի, վեր կաց գնա:

– Վեր կենամ գնա՞մ, – հարցրավ պառավը բարկությունից դողացող ձայնով, գնամ, որ էլի գազանությունդ գործ դնես այս խեղճերի վերա: Չէ՛, դու այլևս արժանի չես այս երեխաներին ու այս կնոջը տեր լինելու, նրանց մենք կպահենք, դու բուի նման միայնակ պիտի մնաս այստեղ մինչև որ ինքդ քո գլուխդ ուտես:

Այս ասելով Խաթունը դարձավ դեպի Մարիամը.

– Այ կին, վեր կաց, ասում եմ, առ երեխաներդ, գնանք այստեղից:

– Ոչ ոք երկյուղից չշարժվեցավ: Տանուտերը սպառնալից դեմքով մոտեցավ Խաթունին և բռնելով նրա ձեռքից՝ ուժով քաշեց դեպի դուռը.

– Դո՛ւրս գնա, ասում եմ քեզ, դո՛ւրս գնա…

Պառավը շատ աշխատեցավ ընդդիմանալ, սակայն նրա թույլ ուժը չօգնեց յուր ցանկության: Տանուտերը նրան դուրս հանեց և դուռը ետևից փակեց:

Այդ բանի վրա Մարիամը և երեխաները սկսան լալ եւ աղիողորմ ճիչեր արձակել, կարծես թե իրանց միակ պաշտպանը կորուսին:

Եվ այս թշվառություններից ամենամեծն է. երբ կինը յուր կողակցի և որդիքը իրանց հոր դեմ օտարի պաշտպանությունն են խնդրում:

Պառավը բռնի դուրս հանվելով, զայրացած վազեց դեպի եկեղեցին, որը այնտեղին շատ մոտ էր: Ժամասացությունը արդեն վերջացել էր, և ժամավորները դուրս էին գալիս: Նա կանգնեց բակի մեջ և աղաղակեց, «Այ մարդուկ, այստեղ ամուսինը յուր կնոջը սպանում է, ի սեր աստծո, եկեք ազատեցեք»:

Այս աղաղակը ցնցեց ժամավորներին: Նրանք պատեցին իսկույն պառավի շուրջը: «Ո՞վ է, ո՞ւր է, ցույց տուր» ամեն տեղից գոչում էին: «Եկեք և ինքներդ տեսեք», պատասխանեց պառավը և առաջ անցավ շտապով, իսկ ժողովուրդը իրար վերախռնվելով հետևում էր նրան:

Մի քառորդ ժամից բոլոր եկեղեցին գրեթե ժողովվել էր, ոսկերիչի բակը: Մի քանիսի խնդրանոք Խաթունը համառոտ պատմեց, թե բանը ինչումն էր: Այնուհետև ամբոխի միջից ավելի տաք գլուխները գոռում գոչումով սկսան տան դուռը բախել: Ոսկերիչը այս խայտառակությունից ավելի համառված ոչ մի կերպ չհամարձակվեցավ դուռը բանալու: Ամբոխի խառնաշփոթ ձայնը ավելի վախեցրավ ներսը գտնվող երեխաներին, որոնք իրանց բոլոր ուժով սկսան գոռալ:

Նրանց լացի ձայնը և հոր համառությունը ավելի և ավելի գրգռում էր ամբոխի զայրութը: Այս տեսնելով վարպետ Սարգիսը, Խաթունի ծերունի, բայց դեռ ուժեղ մարդը, դուրս եկավ ամբոխի միջից և մոտենալով փակված դռանը հրամայաբար կանչեց. «Գրիգո՛ր, բա՛ց դուռը»: Գրիգորը թեպետ ճանաչեց ոսկերիչների համայնքի գլխավոր – վարպետ Սարգսի ձայնը, բայց դարձյալ դուռը չբացավ: Վարպետ Սարգիսը մի փոքր սպասելուց հետո հրամայեց յուր մոտը կանգնող երիտասարդներին, «Տղայք, դուռը կոտրեցե՛ք»: Երկու ուժգին հարվածների առաջ դռան փականքը կոտրվեցավ, և դուռը ճռնչալով բացվեցավ: Ամբոխը հետաքրքիր և զայրացած կամենում էր ներս խուժել, բայց նրան արգելեցին մի քանի առաջավոր մարդիկ և իրանք պառավի հետ ներս մտան:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора