Մուրացան - Պատմվածքներ стр 2.

Шрифт
Фон

– Ահա այս մարդն է, որ սպանում է յուր կնոջը, – այս ասելով Խաթունը ցույց տվավ ոսկերիչին, որը սպառնացող դեմքով կանգնած էր ներս մտնողների դիմացը: – Ամբողջ գիշերը ծեծել է նրան, – շարունակեց Խաթունը, – և մեկը չէ գտնվել, որ թշվառ զոհին ազատե դրա ձեռքից: Այս խեղճ աղջիկն էլ կամեցել է յուր մորը պաշտպանել, նրան էլ դուրս է արել և դուռը վերան փակել: Բոլոր գիշերը անցրել է սա դուրսը ցրտում:

Այս ասելով բռնեց նա Մանիշակի ձեռքից, որը ամոթահար կծկվել էր սենյակի մի անկյունում, և նրան առաջ քաշելով շարունակեց, «Նայեցեք սրա գույնին, նայեցեք, կարծես գերեզմանից դուրս հանած լինի: Եթե մի փոքր էլ ուշանայի, խեղճ աղջիկը դրսումը պիտի սառչեր»:

Խաթունի պատմածները վերին աստիճանի գրգռեցին վարպետ Սարգսին: Նա մոտեցավ ոսկերիչին և բարկացած ձայնով գոչեց. «Այ մարդ, ի՞նչ ես ուզում այս խեղճ կնոջից, ինչու ես ծեծում նրան»:

Ոսկերիչը ոչինչ չպատասխանեց:

– Քույրիկ, ինչու՞ համար սա ծեծում էր քեզ, – դարձավ նա դեպի կինը մեղմ ձայնով:

Համայնքի գլխավորը բոլոր արհեստավորների ընտանիքում ընդունվում է իբրև հայր, ուստի Մարիամը չքաշվեցավ նրա մոտ բացարձակ խոսելու: Նա պատասխանեց,

– Վարպետ, ձեզ հայտնի է, որ դա ամբողջ չորս տարի է, որ լութերական է դարձել, և ամբողջ չորս տարի է, որ ինձ տանջում է: Ամեն մի եկեղեցի գնալովս, ամեն մի քահանա իմ տանը ընդունելովս, ամեն մի սուրբի դիմելովս մի մեծ խռովություն է ձգել տան մեջ: Էլ նախատինք, էլ հայհոյանք չէ մնացել, որ դա իմ գլխին չթափեր: Եվ ահա մի քանի ամիս է, որ սովորել է ծեծել:

– Բայց այս գիշեր իսկապես քեզ ինչու՞ համար էր ծեծում, – հարցրավ վարպետ Սարգիսը:

– Տեսնո՞ւմ եք, որ երեխաս հիվանդ է, – ամենայն պարզությամբ շարունակեց Մարիամը, ցույց տալով անկողնի մեջ նստած հիվանդ երեխային, – երեկ մոմ – հալող Վարդին բերի երեխայիս սրտին մոմ հալելու. նա ասաց, որ երեխայի հիվանդությունը խաչիցն է: Դորա համար էլ ես էլ մի գառն ունեինք, վերցրի երեկ և մատաղ արի մեր սուրբին: Երբ դա երեկոյան տուն դառնալով այդ բանը իմացավ, գազանի պես կատաղեց: Ամբողջ երկու ժամ նախատինքներ ու հայհոյանքներ թափեց իմ գլխին, երբ ես էլ համբերությունից դուրս գալով սկսա միևնույն կերպով պատասխանել իրեն, նա սկսավ անողորմաբար ծեծել ինձ… և ծեծեց ամբողջ գիշերը… – այստեղ արտասուքը խեղդեցին խեղճ Մարիամի ձայնը և նա այլևս չկարողացավ շարունակել:

Բայց նրա պատմածները ներկա գտնվողները լսելով չէին կարողանում զսպել իրանց զայրույթը: Նրանցից մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին ոսկերիչին ծեծելու, բայց վարպետ Սարգիսը բոլորին էլ արգելեց, և դառնալով դեպի յուր կինը

– Խաթուն, – ասաց նրան, – վեր առ Մարիամին և երեխաներին և տար մեր տուն, այս մարդը այլևս դրանց տիրություն անելու չէ. այսուհետև մենք պետք է դրանց պահպանենք և հույս ունեմ, որ ավելի լավ կպահպանենք:

– Ինչու չէ, մեր աչքերի լույսի պես, – պատասխանեց բարի Խաթունը, – մի ժամ առաջ ես նույնն էի կամենում անել, բայց այդ անզգամը ինձ տանից դուրս արավ:

Այս ասելով նա մոտեցավ Մարիամին և ձեռքից բռնելով բարձրացրավ նրան:

– Աշոտ, – դարձավ վարպետ Սարգիսը դեպի յուրը որդին, որը մոտը կանգնած էր, – այս հիվանդ երեխային յուր անկողնով միասին գրկիր և տուն տար: Դուք էլ գնացեք, – դարձավ նա դեպի Մանիշակը և երկու փոքրիկ տղաները, – ձեզանից ոչ ոք թող չմնա այս տանը:

Բոլորը հնազանդվեցան վարպետ Սարգսի հրամանին: Նրանք պատրաստվում էին դուրս գնալ դռնից, երբ ոսկերիչը նրանց առաջ բռնելով գոչեց.

– Ո՞ւր եք կորչում:

– Չգիտե՞ս ուր, – բարկությամբ մոտեցավ նրան վարպետ Սարգիսը և թևիցը բռնելով ուժգին քաշեց դեպի ինքը:

Խաթունը մի ակնթարթումը Մարիամին ու երեխաներին դուրս հանեց տանից: Ոսկերիչը այս տեսնելով ավելի եւս կատաղեց.

– Իմ կնոջը և երեխաներին համարձակվում եք ինձանից խլե՞լ, – գոռաց նա վարպետ Սարգսի վրա:

Սարգիսը ոչինչ չպատասխանեց: Նա մի շեշտակի ապտակ տվավ ոսկերիչին, որից սա գլորվեցավ:

– Տղայք, – դարձավ ապա վարպետը դեպի ներկա եղող երիտասարդները, – կապեցեք դրա ձեռները և վերցրեք գավառապետի մոտ տանելու:

Մի քանի երիտասարդներ իսկույն կապեցին ոսկերիչի ձեռները և դուրս հանելով նրան փողոցը, բռնեցին գավառապետի տան ճանապարհը:

Բոլոր ամբոխը հետևեց նրանց:

Բ

Երջանկությունը, որին մարդիկ շատ փոքր են ճանաչում և որին ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում, հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում, որոնց մենք թշվառների կացարան ենք անվանում: Ապրիլ արդար վաստակով, ճանաչել չափավորություն և գիտենալ գոհ լինել յուր ունեցածով, ահա երջանիկ լինելու առաջին պայմանները: Այս պարզ ճշմարտությունը ճանաչելու համար պետք է այցելել մեր այն գավառական քաղաքները, ուր տակավին զեխությունը լուսավորության անվամբ, չէ եղծել նահապետական կյանքի պարզությունը և ուր անծանոթ է դեռ միշտ զեխության ընկեր արտաքուստ փայլող թշվառությունը: Այն քաղաքը, ուր նախընթաց գլխում նկարագրված դեպքը տեղի ունեցավ, երբեմն շատ այսպիսի երջանիկներ ուներ յուր մեջ: Նրանց թվին պատկանում էր և ոսկերիչ Գրիգորի ընտանիքը:

Ով որ չորս կամ հինգ տարի առաջ ծանոթ է եղել այդ ընտանյաց հետ, նա կհաստատե այս վկայությունը:

Գրիգորը դեռ քսան և երկու տարեկան երիտասարդ՝ յուր ունեցած ձիրքերով մեծ անուն հանեց ոսկերչության արհեստի մեջ: Նրա ձեռացագործները մեծ գին ունեին քաղաքում և գրեթե միշտ մեծամեծների սեփականությունն էին կազմում: Տփխիսի թանգարանը այցելողը կտեսնե այսօր էլ այդ շնորհալի արհեստավորի ձեռքերի ճարտարությունը:

Գրիգորը յուր այդ երիտասարդ հասակում ամուսնացավ Մարիամի հետ, որը յուր պես որբ լինելով, ապրում էր յուր մորեղբայրների մոտ: Նա գեղեցկությամբ այնքան գրավիչ էր և բարվոք այնքան պարկեշտ, որ նրա որբությունը Գրիգորի կողմից ի նկատի չառնվեցավ, մինչդեռ այդ հանգամանքը շատ անգամ նպաստում է գավառացի աղջկա ամուսնական անհաջողության, որովհետև փեսաները այդտեղ անշուշտ ցանկանում են աներ և զոքանչ ունենալ, հակառակ դեպքում այդ պակասությունը շատ զգալի է լինում նրանց համար: Բայց Գրիգորը այդ բոլոր պակասության լրումը գտնում էր Մարիամի մեջ: Մի կին, որ ամենայն խանդաղատանոք սիրում էր յուր ամուսնուն և յուր բոլոր ուրախությունը և կյանքը որոնում էր միմիայն նորա մեջ, մի՞թե այսպիսի մի գանձ չէ, որ լցնում է ամենայն տեսակ բարյաց պակասությունները: Եվ ահա ինչու նրանք ապրում էին ուրախ և երջանիկ, որովհետև ապրում էին միմյանց համար: Գրիգորը ամբողջ օրր գործում էր խանութում և երեկոյան դառնում էր տուն, գոհ յուր օրվա աշխատանքից և ուրախ յուր ամուսինը տեսնելու համար: Մարիամը դիմավորում էր նրան միշտ անուշ ժպիտը երեսին: Երիտասարդական սիրո խանդաղատանքը, այս ժայռերի քաղաքում, նկատվում է իբրև մեղկության նշան, և շատ հազիվ է պատահում, որ փեսան կարողանա գեթ յուր մոր կամ քրոջ ներկայությամբ յուր նորատի հարսին համբուրել, բայց երիտասարդ ոսկերիչի և յուր Մարիամի սերը այնքան վառ և բորբոքված էր որ նրանք չէին կարողանում համարձակ չանել այդ: Չնայելով, որ ոսկերիչի մեծ մորաքույրը, Թագուհի տատը, որ անորդի պառաված լինելով մնում էր յուր քեռորդոց տանը, միշտ խրատում էր նրանց՝ այդպես չվարվել, որովհետև դրացիները կարող էին այդ բանը տեսնել և նրանց բամբասել, այսուամենայնիվ ոսկերիչն ու յուր կինը միշտ մնում էին միևնույնը:

Թագուհի տատը շատ անգամ նրանց այդ, ըստ յուր կարծյաց, ներելի հանցանքից դարձնելու համար պատմում է յուր երիտասարդական կյանքի պատմությունից այնպիսի կտորներ, որոնք յուր կարծիքով մեծ ազդեցություն կարող էին անել ամոլների բարքի վերա: Օրինակ նա պատմում էր, որ մի անգամ յուր ամուսինը շուկայից դարձավ տուն աղլուխով միսը ձեռքին, բայց դեռ բակը չմտած, փողոցից կանչեցին նրան: Եվ որովհետև այդ միջոցին ինքը գտնվում էր բակի մեջ ամուսինը միսը յուր ձեռքը տվավ և դուրս գնաց:

– Երևակայեցեք, – շարունակում էր Թագուհի տատը, – միսը ես տուն բերի, բայց սկեսուրս երբ իմացավ, որ ամուսինս յուր բերած միսը ուղղակի իմ ձեռքն է տվել, նա այն մսից մի կտոր անգամ չկերավ և մի ամբողջ շաբաթ ինձանից և յուր որդուց՝ հանգուցյալ Ղազարից, խռով մնաց:

Այս և սրա նման խրատական օրինակներ շատ էր բերում Թագուհի տատը քանի որ նա կենդանի էր, բայց Գրիգորի և Մարիամի վրա, ինչպես ասեցինք, ոչինչ ազդեցություն չէին կարողանում անել: Երկու նորատի ամուսինները սիրում էին միմյանց այնպես, ինչպես հրամայում էր նրանց բնությունը և ինչպես կամենում է բանաստեղծը:

Այսպես քանի որ նրանք որդի չունեին, ապրում էին իբրև ամենախանդակաթ ամուսիններ: Իսկ երբ մի երկու տարուց ետ ծնավ նրանց Մանիշակը, նրանց սիրո անդրանիկ պտուղը, նրանք սովորեցին ապրել և իբրև կատարյալ ծնողներ: Գրիգորը յուր արհեստի շնորհիվ լավ վաստակ ուներ և նրա կեսը այժմ կարողանում էր խնայել ապագայի համար: Մարիամը քիչ չէր օգնում նրան այդ խնայողության գործի մեջ: Նրանց այս երջանիկ դրության վրա անցան և մի քանի տարիներ, և նրանք ունեցան դարձյալ երեք տղա զավակներ: Նրանցից յուրաքանչյուրի աշխարհ գալովն նորանոր ուրախություններ էին ավելանում նրանց համար: Մյուս կողմից էլ հետզհետե բարվոքվում էր նրանց նյութական վիճակը: Գրիգորը յուր ամուսնության տասներեքերորդ տարում, յուր և ամուսնու խնայողության շնորհիվ, արդեն ուներ մի երեք, հազար ռուբլի, մի գումար, որ արհեստավորի համար հարստություն է համարվում:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора