Այժմ նրանց ոչինչ չէր պակասում: Երկու ամուսինները շատ անգամ նայում էին իրանց շուրջը, և երբ տեսնում էին հրեշտակի պես գեղեցիկ մետասանամյա դուստրը, երեք սիրուն և կայտառ տղաները և այս բոլորի հետ հիշում էին իրանց անկարոտ վիճակը հրճվում և փառք էին տալիս աստծուն: Ամբողջ 13 տարի նրանց ամուսնությունից ետ դեռ մի դժգոհություն կամ գժտություն չէր խռովել նրանց ընտանեկան խաղաղությունը և երկու ամոլներից ոչ մեկի անախորժ վարմունքը չէր կնճռել մյուսի ճակատը:
Դրացիները երանում էին նրանց, և ով որ ճանաչում էր մանավանդ նրանց առտնին կյանքը, համոզվում էր, որ նրանք երջանիկ էին…
Բայց, կարծես թե այդ երջանկությունը հասել էր յուր կյանքի լրման, և նա տեղի պիտի տար իրանից միշտ անբաժան, բայց և միշտ ատելի ընկերին` թշվառությանը:
187… թվականի հունվար առաջին օրն էր: Այդ օրը մեր երջանիկ ամուսինները ողջունում էին իրանց ամուսնության տասն և չորրորդ տարին: Կեսօրին մոտ էր: Գրիգորը վերջացնելով յուր նոր տարվա առթիվ տված այցելությունները դարձավ տուն: Նախընթաց օրը տեղի ունեցած պայմանադրության համաձայն, այսօր Գրիգորի մոտ պետք է ճաշեին յուր համարվեստ բարեկամները: Մարիամը բոլոր հարկ եղած պատրաստությունները տեսել էր յուր ամուսնու հյուրերին պատվելու համար: Չնայելով, որ օրը պահոց էր, այնուամենայնիվ նրա խոհանոցը արտադրել էր կերակուրների մի քանի տեսակները: Մի քանի աննշան պակասություններ էլ Գրիգորի արած նկատողություններով լրացան, և այժմ նրանք անհամբեր սպասում էին հյուրերի գալստյան:
Կեսօրը լրացավ թե չէ, Գրիգորի բարեկամները խոսելով ու ծիծաղելով խմբովին ներս թափվեցան տան բակը: Սրանք բոլորն էլ հոգվո ամենաուրախ տրամադրության մեջ էին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը յուր այցելությանց ժամանակ առնվազն մի հինգ բաժակ օղի վայելած էր: Կենաց ջրի այնպիսի մի քանակությունը բավական է արհեստավորին մոռացնելու տալու աշխարհի մեջ թշվառությունների գոյությունը:
– Գրիգոր, քեզ համար մի նոր հյուր եմ բերել, – զվարթ ձայնով կանչեց նրա արհեստակիցներից մեկը:
– Գլխիս վերա տեղ ունի, Կարո ջան, որքան շատ, այնքան լավ, – պատասխանեց Գրիգորը:
– Գլխիդ վերա տեղ չկա, գլուխդ քեզ լինի, սենյակիդ մեջ տեղ տուր մեզ, – ծիծաղելով պատասխանեց Կարոն և ներկայացրավ նրան յուր բերած հյուրին:
Գրիգորը սեղմեց երկուսի ձեռները:
– Գրիգոր ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, – մոտենալով հարցրավ նրան մի կարճահասակ և թխադեմ երիտասարդ:
– Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է, ինչու՞ չճանաչեմ:
– Տեսա՞ր, որ չճանաչեցիր:
– Ի՞նչպես թե չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել,
– Իհարկե չճանաչեցիր, խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ էր բռնում յուր ուսերի վերա:
– Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում, – պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:
– Ինչ եք կռվում, – մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում, – երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր, – դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով, – դու գիտես, որ մեր Կարոն լութերական է, էհ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թե ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝ գիտե՞ս, որ նա սրա վարժապետն է թե՛ չէ, ահա սրանց հարցի միտքը, այժմ հասկացա՞ր:
– Իհարկե հասկացա դեհ այդպես խոսեցեք է, հերօրհնածներ:
– Վահ, չպե՞տք է շնորհք ունենան այդպես խոսելու համար, – կրկնեց քթատ Համբարձումը ինքնաբավական ծիծաղով,
– Խոսք չկա, շնորհքդ էլ այնքան մեծ է, որքան քիթդ, – կցեց վարպետ Օհաննեսը ծիծաղելով:
– Իսկ քոնն էլ երևի այնքան է մեծ, որքան գլուխդ, – կրկնեց Համբարձումը, և ծիծաղը ընդհանրացավ խմբի մեջ:
– Բավակա՛ն է, բարեկամներս, – ձայն տվավ Գրիգորը, – ճաշի ժամանակ է, ո՞ւր եք այդքան երկար կանգնում այդ ցրտի մեջ: Ներս հրամեցեք, սեղանը ձեզ է սպասում:
– Այս ասելով նա առաջ անցավ, և հյուրերը հետևեցին նրան:
Բավականին ընդարձակ սենյակը, որ պատրաստած էր հյուրերի համար, փայլում էր մաքրությամբ, երեք երկար գույնզգույն գորգեր, որոնք ծածկած էին սենյակի հատակը, երկու սեղաններ, մի քանի աթոռներ և մի հնատարազ հայելի լրացնում էին սենյակի պարզ զարդարանքը: Հյուրերի համար գորգերի վերա զուգահեռական դիրքով ձգված էին երկու երկար օթոցներ, որոնք ծառայում էին աթոռների փոխարեն և որոնց վերածալապատիկ շարվեցան մեր հյուրերը:
Փոքր ժամանակից ետ Մանիշակը ներս մտավ յուր հոր աշակերտ Աշոտի հետ, յուրաքանչյուրի ձեռքը մի – մի սկուտեղ զանազան պնակներով: Նրանք միասին տարածեցին կապույտ ծաղկենկար սփռոցը հյուրերի առաջ, կարգավորեցին նախաճաշի պնակները, գինու շշերը և ապա հետզհետե ներս էին բերում կերակրի բաժինները: Արհեստավոր դասը առհասարակ ծառա չէ ունենում, նրա տանը հերթով օգնում են յուր արհեստի աշակերտները: Այսօր հերթը Աշոտինն էր, որի հայրը՝ վարպետ Սարգիսը, նույնպես հրավիրված էր այսօր ոսկերիչի տանը:
Վարպետ Սարգիսը տեսնելով, թե ինչ սիրով սպասավորում էին հյուրերին երկու հասակակից երեխաները, երկար նրանց դիտելուց ետ դարձավ դեպի տանուտերը.
– Գրիգոր, – ասաց նրան, – մեր արհեստակիցների ներկայությամբ ես մի խնդիր եմ առաջարկելու քեզ, պետք է ընդունես:
– Հրամայի՛ր, վարպետ, – պատրաստ եմ կարողությանս չափ քեզ ծառայելու, – համեստությամբ պատասխանեց Գրիգորը:
– Օրհնյալ լինես, ուրեմն լսիր, ես կամենում եմ, որ քո Մանիշակը իմ Աշոտի հարսնացուն լինի, և հենց այսօրվանից մենք խնամիներ դառնանք: Իմ Աշոտը 14 տարեկան է, քո Մանիշակը 11 – ից ավելի չէ, 5 թե 6 տարիից հետո մենք, եթե կենդանի մնանք, նրանց կպսակենք: Ի՞նչ կասեք, տղայք, դարձավ նա դեպի հյուրերը, վատ առաջարկություն խո չեմ անում,
– Աստված շնորհավոր անի, – գոչեցին հյուրերը միաբերան, – մենք մեր կողմից հոժար ենք:
– Դուք որ հոժար եք, ես ի՞նչ խոսք ունեմ, – պատասխանեց Գրիգորը քաղցրությամբ և սեղմեց վարպետ Սարգսի ձեռքը, որ նա պարզել էր դեպի իրեն:
– Ապա մա՞յրը, – մեջ մտավ կնքահորենց Ավետիքը, որը ըստ երևույթին կանանց դատը պաշտպանողներից էր:
– Մայրը ինձ հետ միշտ համաձայն կլինի, իմ և նրա կամքը մեկ է, – պատասխանեց Գրիգորը:
– Ուրեմն առաջին բաժակը կդատարկենք Մանիշակի և Աշոտի կենացը, – գոչեցին հյուրերը միանգամայն և դատարկեցին բաժակները:
Մի ապագա ամուսնության դաշը կռված էր: Եվ որովհետև նա համայնքի կամքովն էր, ուրեմն և անքակտելի էր:
Սեղանի վրա հետզհետե բարդվում էին կերակուրները, գինու բաժակները արդեն սովորական արագությամբ պտտվում էին, և ուրախությունը սկսել էր դառնալ հասարակաց:
– Զարմանալի սովորություն կա ձեր մեջ, – խոսել սկսավ կնքահորենց Ավետիքը, – երբ հավաքվում եք մի տեղ ուրախանալու, անպատճառ կամ պետք է մի տղայի նշանեք կամ մի աղջկա, մեծ լինի թե մանուկ բնավ ուշադրություն չեք դարձնում: Լավ, դիցուք թե տղան ես եմ, մեծացա ու աղջկանը չսիրեցի, կամ աղջիկը յուր կողմից սկսեց ատել տղային, այն ժամանակ խո զոռով չեք կարող ամուսնացնել: Եթե անենք էլ՝ նրանց կթշվառացնեք:
– Աստծո ողորմությամբ մինչև այսօր այդպիսի բան չէ պատահել, պարոն Ավետիք, – մեջ մտավ վարպետ Սարգիսը, – եթե աստվածդ կսիրես բարի բանի մեջ քար մի գցիլ:
– Ինչո՞ւ եմ քար գցում, ես ձեր վատ սովորության վրա եմ խոսում:
– Եղբայր, այստեղ ոչինչ վատություն չկա, – մեջ մտավ մյուս կողմից քթատ Համբարձումը, – ուրախության տեղն էլ ուրախ բաների վերա կմտածեն, կխոսեն, էլ ուրիշ ինչ պիտի անեն:
– Ի՛հարկե, ի՛հարկե, – գոչեցին շատ տեղերից հյուրերը: Համբարձումը իրավունք ունի, էլ ուրիշ ինչ պիտի անենք:
– Որ այդպես է Համբարձումի կենացը, – կանչեց վարպետ Օհաննեսը, որը յուր համայնքից ցմահ անփոփոխ մատռվակ էր ընտրված: – Համբարձումի կենացը, – կրկնեցին հյուրերը և դատարկեցին բաժակները:
Համբարձումը ինքն իրեն հրճվում էր, որ յուր նշանավոր նկատողությամբը արժանացավ հասարակության առանձին ուշադրությանը: Բայց Ավետիքը տեսնելով, որ ճիշտ յուր որսի տեղն է ընկել, շահավոր չէր համարում լռել, ուստի նորեն սկսավ խոսել:
– Պարոն Համբարձում, դուք սխալվում եք կարծելով, որ ուրախության տեղը միշտ դատարկ ուրախություն պետք է անենք: Ընդհակառակն, ամեն մի ուրախության տեղ ամենից առաջ մի ավելի լավ բան կա անելու և առաջ այն պիտի անենք:
– Ի՞նչ բան, – հետաքրքրությամբ հարցրավ Համբարձումը:
– Այն, որ առաջ այս սեղանը և կերակուրները մեզ պարգևող «տիրոջ» անունը հիշենք: – Այս ասելով նա մատը բարձրացրավ դեպի երկինքը:
– Իրավունք ունիք, եղբայր, – հաղթված ձայնով գոչեցին հյուրերը, – ախար մենք հացի նստանք առանց սեղանը օրհնելու:
– Այ, այ, այ, – դժգոհությամբ գլուխը շարժեց վարպետ Սարգիսը, և սկսավ օրհնել սեղանը: