Մուրացան - Չհաս է стр 2.

Шрифт
Фон

Բայց ում համար էր ժողովում Թովմասը այս հարստությունը, քանի որ նա ոչ ամուսնանում էր, ոչ յուր բարեկեցության համար էր ծախսում, ոչ կարոտյալներին էր օգնում, ոչ բարեգործության էր նվիրում…

Այդ հարցին, իհարկե, դժվար է պատասխանել, որովհետև նա ոչ ոքի չէր հայտնում յուր գաղտնիքը: Սակավաթիվ բարեկամներից ոմանք այն կարծիքն ունեին, որ իբր թե Թովմասը նախանձում է Մելքոն-աղա Խալաթյանի փառքին և աշխատում է եթե չգերազանցել գոնե հավասարվել նրան:

Ո՞վ կարող էր այս բանի մեջ մեղադրել Թովմասին: Մելքոն-աղա Խալաթյանը համարվում էր քաղաքի մեջ առաջին հարուստը. նա կես միլիոն կարողություն ուներ, նա հասարակական գործերում կշիռ ու ձայն ուներ, նա իրեն դիմող նեղյալներին ամեն ձեռնատվություն կարողանում էր անել, որովհետև նա ազդում էր նույնիսկ պաշտոնական անձանց վերա… Բայց Թովմասը զուրկ էր այս բոլոր առավելություններից և կարծես այդ բավական չէ, դեռ ժողովուրդն էլ Մելքոն Խալաթյանին աղա անունն էր տալիս, իսկ Թովմասին՝ պարոն: Եվ միթե սա վիրավորական չէր: Թովմասի չափ ինքնասիրություն ունեցող մարդը միայն կարող էր մտնել Թովմասի դրությունը և կարեկցել նրան…

Եվ այն օրից սկսած, որ պ. Թովմասը եկավ այն եզրակացության, թե անընդհատ աշխատությամբ կարող է մի օր Մելքոն-աղայի փառքը նսեմացնել, նա էլ դադար ու հանգիստ չուներ: «Թող աստված մահ չտա ինձ այնքան ժամանակ, մինչև որ Մելքոն Խալաթյանին հավասարվիմ իմ հարստությամբ, – մաղթում էր Թովմասը, – այնուհետև եթե մեռնեմ էլ չեմ ցավիլ, որովհետև ժողովուրդը կիմանա վերջապես, որ Թովմաս-աղա Մարալյանը յուր մահից ետ թողեց կես միլիոն կարողություն…»:

Մենք, իհարկե, չենք մեղադրիլ պ. Թովմասին. սա էլ մի նպատակ է, որ ահա, ինչպես տեսնում եք, ունի յուր պաշտողը: Կյանքի վերաբերությամբ մարդկանց հայացքները զանազան են: Կան մարդիկ, որոնք ստամոքսի մեջ են որոնում երջանկությունը, և մարդիկ, որոնք գրպանից դուրս փրկություն չեն ճանաչում…

Բարոյագետներին թողնենք նրանց դատելու իրավունքը, իսկ մենք դառնանք մեր պատմության:

Բ

ՄԻ ՇԱՀԱՎՈՐ ԳՈՐԾ

Բոլորովին անակնկալ կերպով տեղեկացավ նրա մասին պարոն Թովմասը: Ամառային մի շոգ օր՝ խանութի մեջ անցուդարձ անելուց ձանձրացած, նա հրամայեց, որ աթոռ դնեն յուր համար խանութի դռան առաջ: Հազիվ նստեց նրա վերա և սկսավ երթևեկող ամբոխը դիտել, երբ յուր Սիգո անունով դրացին կարևոր համարեց նրան ընկերանալ, իհարկե, յուր սեփական աթոռով: Սիգոն խելոք վաճառականներից մինն էր, հետևապես նրա ընկերությունը Թովմասին անախորժ չթվաց: Խոսելով առևտրի անբավարար դրության վերա, Թովմասն այն կարծիքը հայտնեց, որ էլ չարժե շարունակել մանր ապրանքի առևտուրը, որովհետև օգուտ ասած բանը էլ չկա նրանում:

– Մի ժամանակ մարդիկ ապրում էին նրանով, – շարունակեց նա յուր խորհրդածությունը, – և ապրելուց ի զատ փող էլ էին աշխատում: Բայց այն օրից սկսած, որ ամեն մի երեխա յուր մի քանի ռուբլով Մոսկվա ու Նիժնի վազել սովորեց, էլ մեծ գործ անողի բանը վերջացավ: Այո՛, մկան կերածը մի բան չէ, բայց մի քանի մկներ միասին կատվի պաշարը հատցնում են, – դառնությամբ շեշտեց յուր ասածի վերա Թովմասը:

– Դու հո կարող ես ուրիշ գործ էլ անել, – նկատեց դրացին, – մեր բանն է դժվար, որ չարչիությունից ձեռք վերցնել չենք կարող:

– Ես ի՞նչ կարող եմ անել, – կարծես բարկացած հարցրեց Թովմասը, – դուք հենց գիտեք, թե ես միլիոններ ունիմ:

– Գիտենք, որ միլիոններ չունիս, բայց այնքան ունիս, որ կարող ես մի մեծ կապալ վերցնել և ամեն տարի առնվազն հիսուն հազարով դեն դնել: Դու հո գիտես, որ մեծ փողերը կապալներում են աշխատում:

– Կապալներում… – մեքենայաբար հարցրեց Թովմասը և հանկարծ ընկավ մտածության մեջ, նա կարծես գտավ մի բան, որ վաղուց կորցրել էր: – «Ահա մի գործ, որի վերա ես երբեք չեմ մտածել, – խոսեց նա ինքն յուր սրտում»: Եվ իրավ չէ որ Մելքոն աղան էլ կապալների շնորհիվ հարստացավ… Ինչո՞ւ մինչև այսօր ես սրա վերա չմտածեցի, հիմար չեմ, որ իմ հույսը անշնորհք գազի վերա եմ դրել… Եվ նա, անփութություն կեղծելով, կրկին հարցրեց դրացուն. – Ինչ կապալների համար ես խոսում դու, Սիգո, այն որ հարյուր, հինգ հարյուր ռուբլով մեր վարպետները վերցնում են, ինչ փող կարելի է աշխատել նրանցում:

– Ինչ հարյուր, ի՞նչ հինգ հարյուր, ինչ վարպետներ, տերության կապալներ եմ ասում, զորքերի կապալներ, հացի, մսի, խմիչքի, փայտի…

– Է՛հ, այդպես կապալներ որտեղ են հիմա, առաջ կային, ճշմարիտ է, իսկ այժմ, չէ, այժմ հազիվ թե պատահի:

Բարի Սիգոն ծիծաղը պահել չկարողացավ և սկսավ բարձրաձայն կարկաչել:

– Այ, մարդ աստուծու, այժմ տերության զորքերը հաց ու միս չեն ուտում, օղի ու գինի չեն խմում, փայտ չեն վառում, ո՞ր աշխարհումն ես ապրում դու, ինչպես թե այժմ հազիվ թե պատահի:

Բայց Թովմասը ճանաչում էր յուր դրացուն և գիտեր, թե ի՞նչ է խոսում: Կապալ բառը առաջին անգամ նրանից լսելով, նա հոգեբանորեն գուշակեց, որ այդպիսի մի բան երևի գոյություն ունի շրջակայքում, որ յուր դրացին իսկույն նրա վերա է մատնացույց անում, նա շատ անգամ էր լսել Սիգոյին և գիտեր, որ նա սիրում է միշտ յուր «փորացավի» վերա խոսել:

– Իհարկե, հազիվ կպատահի, – կրկին պնդեց Թովմասը և իբրև անուշադիր դեպի յուր դրացին, սկսավ խանութի առաջից անցնող ածխապաններին խոսեցնել, բայց միևնույն ժամանակ լսողությունը դեպի Սիգոն լարելով:

– Ինչպես թե հազիվ կպատահի, այ, հենց առաջիկա շաբթին մեծ աճուրդ պետք է լինի զորքի մեծավորի տանը. դրա համար էլ Թիֆլիսից մի գեներալ է եկել ու մի քանի էլ ուրիշ աստիճանավորներ:

– Բայց ի՞նչ գործի համար:

– Զորքի հացը, միսը ու խմիչքը կապալով տալու

– Դա երևի մեծ գործ չէ, ինչու չես ուզում վերցնել:

– Դու կատակ ես անում ինձ հետ. իհարկե մեծ գործ է: Մենակ գրավականը տասնուհինգ հազարից ավելի է, իսկ ես, – եվ խեղճ Սիգոն էլ չկարողացավ շարունակել: Նա մի անգամ էլ զգաց յուր անզորության չափը և գլուխը խոնարհեց:

Բայց Թովմասի սիրտը թունդ ելավ, լսված նորությունից առաջացած ուրախությունը այնպես հուզեց նրան, որ քիչ էր մնում ինքն իրեն մատներ: Այսուամենայնիվ նա կարողացավ զսպել յուր անհանգստությունը և կեղծ անհոգությամբ «անօգուտ գործ է» ասելով վեր կացավ տեղից և մտավ խանութ:

Ուրիշ անգամ նա իսկույն ուշադրություն կդարձներ այդտեղ մտնող ամեն մի հաճախորդին և ինքը կվաճառեր նրան պահանջած ապրանքը, բայց այս անգամ, ի մեծ զարմանս յուր գործակատարների, նա անուշադիր թողեց մի մարդու, որ մեծ գումարի ապրանք էր գնում և նրա հետ առևտուր անողը մի գործակատար էր:

Միմյանց մեջ բացված եռաչյա խանութի երկարությամբ Թովմասը անցուդարձ էր անում լուռ և մտախոհ: Նա կամենում էր մի փոքր ավելի համբերությամբ քննել nւ կշռել Սիգոյի հայտնած նորության արժեքը:

Երբ գնողը դուրս գնաց, նա արդեն եկել էր մի որոշ եզրակացության: Ստանալով գործակատարից վաճառված ապրանքի փողը, և սնդուկի մեջ փակելով, նա կանչեց գործակատարներից մինին:

– Միքել, – հրամայեց նա, – վազիր շուտով Միկիթ-բեկի մոտ և ասա նրան իմ կողմից, որ դատարանը արձակելուց ետ շնորհ բերե մեզ մոտ ճաշին, ես տանը պիտի սպասեմ նրան:

Վերջին բառը դեռ չէր արտասանել աղան, երբ Միքելը դուրս թռավ խանութից:

Այդպես էր սիրում պարոն Թովմասը: – «Հրամանը դեռ չլսած՝ պետք է կատարել», – ասում էր նա. որովհետև նա հավատում էր, որ «մի կորցրած վայրկյան մի գտած տարիից էլ ավելի է»:

Միքելի գնալուց ետ նա վերցրեց իրեն հետ խանութի ծառային և տանելով նրան նպարավաճառների հրապարակը, յուր ձեռքով գնեց այդտեղ մի քանի «ավելորդ բաներ», որոնք միշտ նորություններ էին համարվում յուր, սեղանի համար, և հանձնելով ծառային, տվավ նրան այդ օրվա ճաշին վերաբերյալ մի քանի ուրիշ պատվերներ էլ և ճամփեց տուն:

Վերադառնալով խանութը, նա արդեն գտավ այնտեղ Միքելին, որ հայտնեց նրան, թե Միկիթ-բեկն ուրախությամբ ընդունեց հրավերը և խոստացավ ճիշտ երկու ժամին՝ ներկա գտնվելու աղայի տանը:

Պ. Թովմասը այս լուրը հաշվեց արդեն իբր հաջողության սկիզբ, թեպետ օրինակ չէր պատահած, որ Միկիթ-բեկը մերժեր որևիցե մի հացկերույթի հրավեր:

Գ

ՀԱՑԹՈՒԽԻ ՏՂԱՆ

Թեպետ իմ պատմության մեջ մեծ դեր չէ խաղում Միկիթ-բեկը, այսուամենայնիվ ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել ձեզ նրա անձնավորության հետ, որովհետև կարող է պատահել, որ մի անգամ դուք գործ ունենաք նրա հետ և ձեր կանխավ ծանոթությունը մի օգուտ բերե ձեզ:

Միկիթը դեռ մանուկ հասակում որբացավ յուր հորից, որ մի աղքատ հյուսն էր. նրա մայրը հաց էր թխում իրենց հարուստ դրացիների տներում, որի համար նա ստանում էր օրական 15 կոպ. և 10 – 15 հատ լավաշ հաց իբրև, վարձատրություն: Այս եկամուտով էլ հացթուղ Մաքանը ապրեցնում էր իրեն և յուր որդուն: Երբ Միկիթը մի փոքր մեծացավ և ճանաչեց յուր դրությունը, նա վճռեց յուր մտքում մի բանով օգնել յուր մորը: Այդ պատճառով նա ծանոթացավ իրենց հարևանի տանը վարձով մնացող ռուս բժշկի խոհարարի հետ: Նա հաճախ գնում էր նրա մոտ և խոհանոցում փոքրիկ ծառայություններ էր անում: Դրա փոխարեն խոհարար ծառան տալիս էր նրան կերակրի ավելցուկները, որոնց Միկիթը մեծ ուրախությամբ տանում էր տուն և արժանանում յուր մոր գովություններին:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3