Մուրացան - Չհաս է стр 3.

Шрифт
Фон

Մի օր Միկիթի բախտից խոհանոցում տեսավ նրան բժշկի կինը ամաններ լվանալիս և հարց ու փորձ անելով ծառային՝ տեղեկացավ նրա ով լինելը: Տիկինը բնությամբ ազնիվ, ու բարեսիրտ էր. տեսնելով երեխայի աշխատասիրությունը մի կտոր հացի համար, նա խղճաց նրան և յուր ծախքով տվեց քաղաքի արքունական դպրոցը ուսանելու:

Այդ օրից սկսած Միկիթի համար բացվեցավ առաջադիմության ասպարեզը: Մի քանի տարիներից ետ նա հաջողությամբ ավարտեց դպրոցը: Այդ ժամանակ գրագետ մարդկանց առաջադիմության միակ ասպարեզը դատարաններն էին, Միկիթն էլ մտավ այդտեղ հասարակ գրագրի պաշտոնով – ամսական հինգ ռուբլի վարձատրությամբ: Ինքնըստինքյան սա մի չնչին ռոճիկ էր: Բայց Միկիթը այն մարդկանցից էր, որոնց ոչնչից գիտեն ստեղծել ինչը: Հենց այդ պատճառով էլ նա շատ գոհ էր յուր վիճակից, մանավանդ որ փողի հաշիվներում նա չէր նմանում յուր ընկերներին: Որովհետև մինչդեռ վերջիններս առաջուց վերցրած պարտքերով ամսվա կիսում արդեն վատնած էին լինում դեռ ամսի վերջում իրենց հասանելի ռոճիկները, Միկիթը, ընդհակառակն, կրկնապատկած և մինչև անգամ եռապատկած էր լինում իրենը: Ինչպես էր անում նա այդ, հետաքրքիր է լսել:

Փողի հաշվի վերաբերությամբ Միկիթը միայն մի սկզբունք էր ճանաչում – ստանալ միշտ, բայց վճարել երբեք: Ահա այն գաղտնի զորությունը, որով բազմապատկվում էր նրա աննշան ռոճիկը: Բայց դուք կզարմանաք, թե ինչպես կարելի է այդքան սահմանափակ սկզբունքով գոյություն պահպանել մեր բազմապահանջ ժամանակում, երբ հայրն արդեն վաճառում է որդուն յուր խնամքը, և եղբայրը ձրի չէ ողջունում յուր հարազատին… Զարմանալու իրավունք ունիք – եթե Միկիթին ձեզ նմանող մարդ եք ընդունում, բայց նա միշտ հրաժարվել է այդ պատվից: Նա ուներ յուր սեփական, որոշ բնավորությունը, որ օգնում էր իրեն յուր խիստ սկզբունքին ծառայելու:

Ամենքդ էլ գիտեք, որ փող ծախսելու առաջին անհրաժեշտությունը ուտելու համար է լինում: Բայց Միկիթը նույնիսկ այդ առաջին անհրաժեշտության համար փող չէր վճարում: Նրա մայրը, ինչպես գիտեք, օրական 15 կոպ. փող և 10 – 15 հաց եկամուտ ուներ: 15 կոպեկները, իհարկե, անձեռնմխելի էին մնում միշտ, իսկ հացերը ոչ միայն բավականանում էին ուտելու, այլև ավելանում էին վաճառելու համար, որովհետև Միկիթը գրեթե միշտ դատարանում նախաճաշելով՝ էլ ճաշի համար տուն չէր գալիս: Եվ այդպիսով միջոց էր տալիս յուր մորը ավելացած հացերից փող ձեռք բերելու: Իսկ դատարանի նախաճաշը, իհարկե, նա յուր հաշվով չէր անում: Հենց որ գրագիրների մեջ միտք էր հղանում նախաճաշելու, իսկույն Միկիթը առաջարկում էր նրանց յուր ծառայությունը, և վերցնելով նրանցից նախաճաշի համար հավաքված փողը, վազում էր փողոց: Բայg այդտեղ արդեն նա մտաբերում էր այն գեղեցիկ առածը, որ նա բարեփոխել էր այս խոսքերով. – «Ճշմարիտ մարդու գդակը ծակ կլինի»: – «Ինչու համար ճշմարիտ լինեմ, որ գդակս ծակ լինի», – մտածում էր նա և բերած փողի երկու մասին ուտելիք գնելով, իսկ երրորդ մասը իրեն վերապահելով՝ վերադառնում էր դատարան: Բայg որպեսզի ինքն էլ յուր ընկերներին հավասար վայելե նախաճաշը, նա ամեն անգամ աշխատում էր հավատացնել, որ իրեն տված փողը չբավականանալով ինքն էլ իրենից ավելացրել է: Ընկերների մեջ կային այնպիսի միամիտներ, որոնք հավատում էին նրան, բայց թերահավատներն էլ նախաճաշից չէին զրկում նրան, այլ բավականանում էին բռունցքի մի-մի հարվածով, որ իջեցնում էին ուղղակի նրա ուսերից մեկի, կամ ծոծրակի վերա: Միկիթը ոչ միայն չէր վիրավորվում այդ տեսակ վարմունքից, այլև ուրախանում էր, որովհետև դրանով նա ազատվում էր նախաճաշից զրկվելու վտանգից: Իսկ այն օրը, որ գրագիրներից ոչ ոք նախաճաշելու ցանկություն չէր ունենում, Միկիթը դիմում էր դատարան հաճախող խնդրատուներին և նրանց մեջ անպատճառ գտնում էր մեկը, որ հոժարակամ 20 կամ 30 կոպեկ զոհում էր նրա նախաճաշի համար:

Երկրորդ անհրաժեշտությունը հագուստն էր, որի համար նույնպես Միկիթը փող չէր վճարում: Երբեմն նա սեղանապետի համար մի արտաքո կարգի գործ էր կատարում և իբրև վարձատրություն ստանում էր նրանից մի հին մունդիր: Երբեմն դատարանի պրիստավին օգնում էր մի քանի աշխատություններ օրինակելով, որի համար ժառանգում էր նրա հին վարտիքը, կամ մի զույգ կարկատած կոշիկներ իրենց լայնաբերան կրկնակոշիկներով: Երբեմն գրագիրներից մինը մի նոր գլխարկ առնելով՝ հինը կատակի համար հագցնում էր Միկիթի գլխին, իսկ սա ամենայն իրավունքով տիրանում էր նրան, առարկելով, թե «ինչ որ իմ գլուխն է մտել, իմն է»:

Գալով արտաքո կարգի ծախքերին, դա միայն ծխախոտի ձախքը պիտի լիներ Միկիթի համար, որովհետև նա յուր ընկերների համահավասար սիրում էր ծխել: Բայg նա ծխախոոտի համար էլ փող չէր վճարում: Նա միայն մշտական մի տուփ լուցկի ուներ յուր գրպանում, որի որտեղից լինելը հայտնի չէր. որից նա մի-մի հատ հոժարակամ նվիրում էր ծխել կամեցողին, իսկ դրա փոխարեն նա նրանից ստանում էր մի գլանակ և կամ մի քաշ ծխախոտ: Եվ որովհետև դատարանում գրագիրներ շատ կային, իսկ խնդրատու հաճախորդներին թիվ չկար, ուստի նրա համար ծխախոտ չէր պակասում: Բայց և այնպես յուր նվիրատուներին չձանձրացնելու համար Միկիթը յուր համար կարգ էր դրել, որ միևնույն մարդուց, միևնույն օրը մի քանի անգամ ծխախոտ չխնդրե, այլ հերթով, այսինքն, առաջին օրը այս երեք գրագրից, երկրորդ օրը մյուս երեք գրագրից, երրորդ օրը խորհրդարանի ծառայողներից և այլն, իսկ դատարանի խնդրառուներից՝ երբ և ինչպես կպատահեր: Այսպիսով Միկիթը ոչ միայն օրվա մեջ յուր ծխելիք ծխախոտն էր հոգում, այլև կյուրակի ու տոն օրերի համար պաշար էր պատրաստում, որպեսզի դատարանը փակված լինելու համար ստիպված չլիներ ծոմ պահելու: Իհարկե պատահում էր ժամանակ, երբ գրագիրները ձանձրանալով նրա անվերջ մուրացկանությունից, հայհոյում և անպատվում էին նրան, բայց Միկիթը բնավ չէր նեղանում նրանց այդ վարմունքից, այլ յուր զվարճախոսությամբ ու կատակներով սկսում էր ամոքել նրանց սիրտը և կրկին շարունակում յուր գործը:

Իսկ եթե պատահում էր, որ գրագիրները վճռում էին անողոք մնալ և Միկիթի կույր բախտից դատարանում ծխող խնդրատու չէր գտնվում, այդ ժամանակ նա դիմում էր դատարանի ծառային, որ հոժարությամբ առաջարկում էր Միկիթին յուր ծխաքարշն ու մախորկայի քսակը: Բայց ինչ վերաբերում էր փող հավաքելուն, այդ բանի համար Միկիթն ուներ ավելի առատ աղբյուրներ: Բացի յուր պաշտոնը, որ նա կատարում էր ամենայն խղճով և ճշտությամբ, նա մյուս կողմից էլ դատարան հաճախողների, կամ այլ անձանց համար պատրաստում էր զանազան խնդրագրեր, զեկուցումներ, պատճեններ և այլ այս տեսակ աշխատություններ, որոնց համար և առատությամբ վարձատրում էին նրան: Միկիթը գնի անհամաձայնության պատճառով երբեք չէր հեռացնում իրենից և ոչ մի խնդրատուի: Նա կանոն էր դրել յուր համար, վերցնել ինչ էլ որ կտային, շատ լիներ այդ տվածը թե քիչ, համապատասխաներ յուր աշխատությանը թե ոչ. որովհետև նա համոզված էր, որ ավելի լավ էր ստանալ մի բան, քան ոչինչ: Նրա ընկերները, ընդհակառակն, մի գործ շինելու համար ամբողջ ժամերով սակարկություն էին անում և վերջ ի վերջո չհամաձայնելով իրեն դիմող խնդրարկուի հետ, հեռացնում էին նրան իրենցից: Այդպիսի ժամանակները Միկիթը աչքից չէր փախցնում ոչ որին, թեկուզ ինքը ուրիշ շատ գործերով էլ զբաղված լիներ: Հենց որ խնդրարկուներից մինը գնի հետ չհամաձայնվելով հեռանում էր յուր ընկերներից, նա կամացուկ հետևում էր նրան, և նախասենյակի մեջ պատահելով առաջարկում էր նրան յուր ծառայությունը, ինչ գնով էլ որ նա կցանկանար: Համաձայնությունը կայանում էր և Միկիթը, յուր ընկերներից գաղտնի, շինում էր խնայող խնդրարկուի գործը և գաղտնի էլ ստանում վարձատրությունը: Շատ անգամ էլ նա փողով շինում էր յուր ծույլ ընկերների գործը, իսկ հաճախ՝ նա նրանց փոխարեն օրապահություն էր անում, կանխիկ ստանալով նրանցից այդ նեղության համար մի կամ երկու ռուբլի: Այսպիսով, ամբողջ շաբաթվա մեջ Միկիթը օրապահ էր կանգնում գրեթե երեք կամ չորս օր և այս կամավոր բանտարկությունը ոչ միայն չէր ձանձրացնում նրան, այլև մի ներքին ու հոգեկան զվարճություն էր պատճառում, մանավանդ երբ նա մտածում էր, թե դրա համար նա փող է ստացել: Այդ միջոցը մյուս կողմից էլ օգնում էր նրան ժամանակ վաստակելու և կողմնակի խնդրարկություններից վերցրած աշխատությունները հանգստությամբ պատրաստելու:

Մի տարին դեռ նոր էր լրացել Միկիթի դատարան մտնելու՝ օրից, երբ հանկարծ հայտնվեցավ, որ նա այնքան փող ունի, որ կարող է 20, 30 կամ 50 ռուբլով պարտք տալ ցանկացողներին: Հարկ չկա ասելու, որ դատարանի ծառայողները պատրաստ էին ամեն տեսակ պայմաններ ընդունելու, եթե միայն կարևոր միջոցին կարողանային մի քանի տասնյակ, ռուբլի պարտք վերցնել նրանից: Եվ ահա մեր հացթուխի տղան բանում է դատարանի մեջ վաշխառության մի գաղտնի բյուրո: Նա յուր ծառայակիցներից գրավ էր ստանում ժամացույցներ, մատանիներ և ուրիշ ամեն տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն իրեղեններ, իսկ նրանց արժեքի կես մասի փոխարեն նա նրանց փող էր պարտք տալիս, հարյուրին 20, 30 և երբեմն 50 տոկոսով: Քիչ ժամանակի մեջ դատարանի բոլոր ստոր ծառայողները Միկիթի հետ կապված էին առևտրական կապերով և ինչպես վարձված ստրուկներ, նրանցից յուրաքանչյուրը ամեն ամսվա վերջում տալիս էր նրան մի որոշ հարկ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3