ՕԳՍԵՆ – Ի՞նչ ըսել է պատվիրել:
ՊԱՂՏԱՍԱՐ – Որ թող տա:
ՕԳՍԵՆ – Ի՞նչ կնշանակե որ թող տա, ի՞նչ հարաբերություն ունի, որ թող տա իմ հարցմանս հետ… որ թող տա եղեր…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեզի ներս մտնել:
ՕԳՍԵՆ – Ոչինչ, խոսքեր, անպիտան արդարացումներ… խնդիրը ծանր է, փաստաբան մը, իրավագետ մը, արդարության գործակատար մը բռնաբարված է, նախատված է, անարգված է, պատվո գոհացում, փոխարինություն կպահանջեմ: Գիտե՞ք, որ օրենքը քսան ոսկվո տուգանաց կդատապարտե այսպիսի հանցանաց հեղինակները, և հետևաբար քսան ոսկի դուք պիտի վճարեք և քսան ոսկի ձեր աղախինը…
ՍՈՂՈՄԵ – Ոտքդ պագնեմ, ես…
ՕԳՍԵՆ – Ոչ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Մեծապատիվ Տեր, կաղաչեմ, ներեցեք, խելքս գլուխս չէ:
ՕԳՍԵՆ – Ոչ:
ՍՈՂՈՄԵ – Ես սխալ հասկացեր եմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ձեզի համար չըսի, որ ներս չառնե:
ՍՈՂՈՄԵ – Օտարական մը կարծեցի զձեզ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեզի դեմ ինչո՞ւ պիտի գոցենք մեր դռները:
ՍՈՂՈՄԵ – Ամեն օր հրամմե, եկուր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վսեմափայլ Տեր, գթա ինձի, տունս կործանած է…
ՍՈՂՈՄԵ – Մի սրդողիք… երթամ անուշ մը բերեմ ձեզի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խահվե բեր, օղի բեր, գինի բեր, քոնյաք բեր:
ՕԳՍԵՆ – Բան մը ալ չեմ ուզեր, այս դեպքը խրատ մը ըլլա ձեզ ուրիշ անգամներ զգուշանալու համար ասանկ անվայել ընթացքներե, եթե իմ տեղս ուրիշ փաստաբան մը սակայն ես կներեմ, որովհետև խնդրույն մեջ թյուրիմացություն կտեսնեմ: (Առ Սողոմե) Դուրս գնա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Դուրս գնա… հոս եկուր… ահա կպատվիրեմ քեզ, տանս դռները միշտ բաց պիտի մնան պարոն Օգսենի համար, որ ազատ է տունս գալու առտու կամ իրիկուն, ցերեկ կամ գիշեր:
ՍՈՂՈՄԵ – Պատվիրելու հարկ չկա:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Մեկուսի) Այս փորձանքն անցուցինք:
ՍՈՂՈՄԵ – (Մեկուսի) Գետնին տակը անցնիք երկուքնիդ ալ:
ՏԵՍԻԼ Դ
ՊԱՂՏԱՍԱՐ և ՕԳՍԵՆ
ՕԳՍԵՆ – Դառնանք մեր խնդրույն: Ի՞նչպես եղավ, որ դուք այս կնոջ հետ կարգվեցաք: Այս մասին տեղեկություններ կուզեմ առնել, որպեսզի խնդրույն հիմը լավ ըմբռնեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եղավ որ գիշեր մը թատրոն գնացի բարեկամի մը հետ… ոտքս կոտրեր ու չերթայի… առաջին արարվածին քովի օթյակիս դռները բացվեցան և օրիորդ մը ու պարոն մը մտան հոն… բարով խերով չմտնեին… օրիորդը տեսնելուս պես հրապուրվեցա և կամաց-կամաց հափշտակվեցա անոր գեղեն, շարժվածքեն, ձևերեն, խոսելու և մանավանդ խնդալու եղանակեն, ուստի բարեկամիս հարցուցի թե կճանչնա՞ր այդ աղջիկն… բարով խերով չհարցնեի… բարեկամս պատասխանեց, թե կճանչնար զինքն, թե որբ մը էր, թե հեզ, բարեբարո, խոնարհ, խոհեմ, կրթված, դաստիարակված աղջիկ մը էր, թե զայն կնության առնողն մեծ բարիք մը պիտի գործեր, թե աղքատութենե պիտի փրկեր զայն:
Քանի մը օր ետքն ազգականներուս և քանի մը բարեկամներուս դիմեցի… բարով խերով չդիմեի… և անոնց կարծիքն իմանալ ուզեցի: Ամենքն ալ պատասխանեցին, թե անգյուտ գանձ մը գտեր էի և թե առանց ժամանակ կորսնցնելու աշխատեի վայելել այդ գանձը: Այս տեղեկությանց վրա անմիջապես խոս-կապ տվի, շաբաթ մը ետքը նշանտվությունն կատարեցի և երեք օրեն հետո հարսանիքը:
ՕԳՍԵՆ – Ասանկ լավագույն հանձնարարություններ ունեցող կին մը, ի՞նչպես անբարոյականության մեջ կգլորի ուրեմն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ փույթ ինձ, թե ինչպես գլորած է, ես կուզեմ միայն, որ իմ տանս պատիվն պահեմ, տունես վռնտեմ այդ լիրբ կինն` զոր իբրև կողակից չեմ ընդունիր բնավ և կպնդեմ նաև, որ իր արժանի պատիժն կրե:
ՕԳՍԵՆ – Կխնդրեմ, մի հուզվիք այնքան, խնդիրը փափուկ է, պաղ արյամբ խորհինք և տեսնենք, թե ինչպե՞ս են օրինաց տրամադրություններն այս մասին:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ազգային Հիվանդանոց ղրկել, շղթայով կապել, անոթի պահել, ամեն գիշեր ծեծել, ոսկորները ջարդուբուրդ ընել և աշխարհես վերցնել ասանկ լիրբ և անպատիվ կիները:
ՕԳՍԵՆ – Չափավորեցեք ձեր լեզուն: Առանց օրինաց վճիռն ստանալու իրավունք չունիք այդ կնոջ լիրբ և անպատիվ ըսելու, ձեր տիկինն դեռ պարկեշտ ու պատվավոր կին մը է աշխարհի և օրինաց առջև:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պարկե՞շտ… պատվավո՞ր… կին մը, որ վատահամբավ տունե մը դուրս ելած է…
ՕԳՍԵՆ – Այդ անպատիվ դուռն կոտրելով ու խորտակելո՞վ ներս մտած է, թե դուռը բաց գտնելով ներս մտած է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչո՞ւս պետք, բավական է, որ մտած է հոն:
ՕԳՍԵՆ – Ինձ պետք է այս պարագան, կաղաչեմ, որ ըսեք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Տեր ողորմյա, ի՞նչ գիտնամ ես… բայց դուռը կոտրելու և խորտակելու հարկ չկա:
ՕԳՍԵՆ – Ապա ուրեմն բաց գտած է դուռն ու ներս մտած է, ահա նրբացուցիչ դեպք հանցանաց մը… տեսա՞ք…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ կա… ո՞վ է նրբացուցիչ դեպք հանցանաց մը…
ՕԳՍԵՆ – Այսինքն դեպք մը, որ հանցանքը կբարակցնե…
ՊԱՂՏԱՍԱՐ – Վերջը ի՞նչ կընեն այդ բարակ հանցանքը…
ՕԳՍԵՆ – Բարակ հանցանքին պատիժն ալ բարակ կըլլա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Չեմ հասկնար բարակ հանցանքեն, հաստ հանցանքեն:
ՕԳՍԵՆ – Փաստաբանական լեզվով նրբացուցիչ դեպք հանցանք կըսվի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խելքս չբռնեց:
ՕԳՍԵՆ – Գաղղիերեն` սիրքոնդանս աթենյուանդ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Չեմ կրնար ըմբռնել:
ՕԳՍԵՆ – Իտալերեն` չիրքոսդանցա ադենուանդե:
ՊԱՂՏԱՍԱՐ – Իտալերեն չեմ գիտեր:
ՕԳՍԵՆ – Ալմաներեն` միլտերունկս – կրունտ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուրիշ կերպով մը հասկցուր:
ՕԳՍԵՆ – Հունարեն` էլաֆրինթիքի բերիսդասիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բերիսդասիսը գիտեի քիչ մը, շատ անգամ լսած եմ, բայց չեմ հիշեր, թե ի՞նչ ըսել է:
ՕԳՍԵՆ – Անգլերեն` սիրքըմսդանս ադդենույընթ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հայերեն հասկցուր սա անպիտանը:
ՕԳՍԵՆ – Նրբացուցիչ դեպք հանցանաց, այսինքն հանգամանքներ, պարագաներ, որ հանցանքը կմեղմացնեն, կթեթևացնեն, կպզտիկցնեն, մեղմացուցիչ պարագաներ կամ լավ ևս պատճառներ, զորս հանցավորը կփնտռե պատիժը թեթևացնելու, պզտիկցնելու համար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սանկ չըսե՞ս, հասկցա:
ՕԳՍԵՆ – Թե որ տիկինն դուռը կոտրելով ներս մտած ըլլար` պատիժն ավելի ծանր կըլլար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կիմանամ: Բայց վերջապես մտած է այդ անիծյալ տունը մեկը սիրելու համար:
ՕԳՍԵՆ – Մասնավորապես սիրելու դիտմա՞մբ մտած է հոն` թե դիպվածով սիրած է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ասոնք իմ տանս պատվույն հետ վերաբերություն չունին:
ՕԳՍԵՆ – Սիրականն պատանի՞ է, թե չափահաս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գրողը տանի, ո՞վ գիտե:
ՕԳՍԵՆ – Գեղեցի՞կ է, թե տգեղ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կխնդրեմ վերջացուր այս հարցումները:
ՕԳՍԵՆ – Բարի՞ նպատակով սիրած է, թե չար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչպես կրնա կին մը բարի նպատակով խաբել, մատնել յուր էրիկն:
Ի՞նչ խայտառակություն է աս… ես հերը կանիծեմ այդ նրբացուցիչ դեպք հանցանացին ալ, հնարողին ալ… իմ կինս, իմ ընկերս, իմ կողակիցս,իմ լծակիցս ինձմե զատ ուրիշ անձ մը սիրած է, եղեռն, ոճիր գործած է, կախվելու արժանի է…
ՕԳՍԵՆ – Շատ կաճապարեք վճիռ տալու, համբերեցեք որ օրենքն խուզարկե, հետազոտե, քննե, սերտե և ուսումնասիրե այն պատճառներն, որ ստիպած են կինդ սիրական մը ունենալու: Թերևս իրավունք ունի ուրիշ մը սիրելու: Թողեք ուրեմն, որ սերտեմ խնդիրն, որպեսզի չկորսցնենք դատը: Դուք կուզեք, որ վկայության վրա անմիջապես պատժվի ձեր տիկինը: Կարելի չէ այդ: Շատեր ձեզի պես իրենք զիրենք անմեղ կարծելով, դատ վարած են իրենց կնոջ դեմ և ինքյանք հանցավոր և պարտավոր ելած են դատարանեն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ըստ ձեզ անմե՞ղ է ուրեմն կինս:
ՕԳՍԵՆ – Ըստ իս այժմ ամեն ինչ մթության մեջ է, չեմ ըսեր, թե կինդ անմեղ է, ի վերա այսօր ամենայնի չեմ ալ պնդեր, թե մեղավոր է, ոչ կրնամ արդարացնել կամ դատապարտել կնոջդ սիրականը, ոչ ալ կրնամ համարձակիլ վճռելու, թե հանցավորն դուք եք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հավանականություն կա՞, որ ես ալ հանցավոր ըլլամ այս խնդրույն մեջ:
ՕԳՍԵՆ – Ամեն բան հավանական է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ըսել է թե այդ կինն կարելի չէ այսօր Փրկիչ դնել:
ՕԳՍԵՆ – Անհնար է: Նրբացուցիչ դեպք հանցանաց այնչափ հառաջ գնացած է, որ եթե կինդ բարի նպատակով մը սիրած է ուրիշ մը, այսինքն` ի նպաստ ազգային հառաջադիմության և լուսավորության, կամ հօգուտ որբեր, հաշմանդամներ, ծերեր, անկարներ, աղքատներ ու անանկներ պատսպարելու գովելի և ազգօգուտ ձեռնարկի մը, կինդ, կըսեմ, լրագրաց մեջ կանցնի, գովեստներ, դափնյա պսակներ կընդունի, որովհետև մասնավորին շահն ընդհանուրի շահուն զոհելու դյուցազնությունն ունեցած է, և այս պարագային մեջ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ե՞ս եմ ուրեմն հանցավորն:
ՕԳՍԵՆ – Իսկ ընդհակառակն` եթե սիրեր տգեղ կամ ձեր հակակիր անձ մը` բնականաբար կծանրացներ հանցանքը, թողունք օրենքն, հասարակաց կարծիքն կդատապարտեր զինքն, ըսելով “Գոնե սիրածն գեղեցիկ երիտասարդ կամ համակիր մե՞կն ըլլար”:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վաղը կրնա՞նք Փրկիչ դնել:
ՕԳՍԵՆ – Անկարելի է: Իսկ եթե դուք ձեր կնոջն անհավատարիմ գտնվելով, կամ նախանձելով, կամ հետն խստությամբ վարվելով պատճառ տված եք իրեն սիրական մը ունենալու, այն պարագային մեջ մեծ պատասխանատվություն կհրավիրեք ձեր վրա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խենթի պես կսիրեի զինքն, ուրիշ կնկան երեսն անգամ նայած չունիմ:
ՕԳՍԵՆ – Վստահ եղեք ուրեմն: Ժամանակս սուղ է, հարկ է որ երթամ: Պիտի աշխատիմ իրավաբանական և փաստաբանական բոլոր կարողությամբս այդ դատին մեջ զձեզ անմեղ հանդիսացնելու և ձեր կինն հանցավոր շինելու: