Րաֆֆի - Ոսկե աքաղաղ стр 5.

Шрифт
Фон

Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե. առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն: Այդ երկու քույրերի վրա բնությունը կարծես կամեցել էր գործ դնել իր բոլոր համառությունը, մեկին ստեղծելով որպես գեղեցկության օրինակ, իսկ մյուսին՝ նրա հակառակը: Բնավորության կողմից նույնպես նման չէին: Գայանեն, տգեղ, չափազանց մեղմիկ և բարեսիրտ էր: Հռիփսիմեն, գեղեցիկը, նույնքան հպարտ և չար էր: Տգեղի տգեղությունը լրացնում էր երկու ոտների ևս կաղությունը, որի պատճառով ման գալու ժամանակ սաստիկ օրորվում էր: Մարմնով արատավորները միշտ լեզվանի, հեգնող և երբեմն կծող են լինում: Գայանեն իր բարեսրտության հետ զուրկ չէր և այդ հատկություններից:

Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ: Շատ անգամ բախտը, ճակատագիրը, նախախնամությունը, – վերջապես ինչ որ կուզեք անվանեցեք, – բայց կա մի բան, որ զարմանալի կատակներ է խաղում ամուսնական զուգավորության մեջ: Տեսնում ես, – գեղեցիկ կնոջը տալիս է տգեղ ամուսին, իսկ սիրուն տղամարդին` տգեղ կին: Տեսնում ես, խելացի կինը հիմար մարդ է ունենում, իսկ հիմար կինը՝ խելացի մարդ: Տեսնում ես, կարճահասակ տղամարդը բարձրահասակ կին է ունենում, իսկ բարձրահասակ տղամարդը՝ կարճահասակ կին: Կարծես, բախտը ամուսնության մեջ ներդաշնակություն չէ սիրում: Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ: Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր: Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը: Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր:

Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի:

Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ: Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տզամարդերից: Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից. շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում: Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար. ներս մտնելու իրավունք չուներ: Մասիսյանը խստությամբ էր պահպանում այն պայմանները, ինչ որ վերաբերում էր ընտանիքի անմատչելիությանը կամ կանանց սեռի հեռու պահելուն օտար տղամարդի հասարակությունից:

Բայց «խանա-բիչայները», այսինքն՝ տնային փոքրիկ տղա¬սպասավորները, ընդունված են մինչև անգամ պարսկական հարեմների մեջ: Մինչև 12-15 տարեկան հասակը այդ անմեղ արարածները ընդունվում են կանանոցների մեջ: Կալոյի տարիները բոլորովին համապատասխանում էին այդ վիճակին:

Առաջին օրը, – մեծ պասի ավագ ուրբաթ երեկոյան, – երբ նրան տուն բերեցին, ռամիկ գյուղացու օտարոտի կերպարանքը բարձրացրեց ընդհանուր ծիծաղ:

– Դա՞ է նոր բռնած ծառան, – հարցրեց տիկին Մարիամը հեգնական կերպով իր ամուսնից, ոտքից ցգլուխ չափելով Կալոյին, որ նույն ժամում զարմացած նայում էր իր շուրջը:

– Ի՞նչպես է, չե՞ս հավանում, – պատասխանեց նրա ամուսին այրը մի առանձին բավականությամբ. – տեսնո՞ւմ ես, օխտը մարդու բան կբանի, ղոչաղ տղա է. դու մեկ նրա ձեռք ու ոտքին մտիկ տուր, կասես նոր խամից դուրս բերած եզը լինի2:

Վերջին նկատողությունը դուր չեկավ Կալոյի ինքնասիրությանը և նա ասաց.

– Ես եզն չեմ…

Երկու ամուսինները սուր կերպով նայեցան նրա վրա և ոչինչ չպատասխանեցին: Կալոյին հրամայեցին տանել խոհանոցը և հաց տալ ուտելու:

– Լեզուն երկար է երևում… – նկատեց Մասիսյանը. – կոշտ-կոպիտ է մեծացել… ջեր վարպետի ապտակ չի կերել… Բայց լավ բանվոր է:

– Բանելը յոլա կգնա, – պատասխանեց տիկինը. – աստված տա, գող չլինի:

– Հիմա, իհարկե, չի լի՛նի, հալա նոր է ձվից դուրս թռել. կամաց-կամաց կսորվի, հետո կգողանա:

– Ես չեմ թողնի, որ սորվի, – ասաց տիկինը:

Մասիսյանը անհավան կերպով գլուխը շարժեց և ծիծաղելով ասաց.

– Դու չես թողնի, բայց նա էլի կսորվի. շատ բան կա, որ արգելում ենք, բայց մարդիկ սովորում են առանց վարժապետի: Ղազի ճտին որքան արգելես, որ գետը չմտնի, չես կարող, հենց որ ձվից դուրս եկավ, կվազե դեպի ջուրը: Ո՞վ սովորացրեց նրան լեղ տալը:

Այս խոսակցությունը անց էր կենում բակումը, ուր այր և կին նստած էին մի քառանկյունի թախտի վրա, որ դրած էր նոր տերևները բացած ուռենու տակ և ծածկած էր կապերտով: Նրանց որդին՝ Ստեփանը, ծնողներից փոքր ինչ հեռու, ածուի մոտ նստած, խոշորացույցով զննում էր մի փոքրիկ միջատ: Լսելով հոր վերջին խոսքերը, նա մեջ մտավ, ասելով.

– Ղազի ճուտը բնազդում ունի, և դրա համար վազում է դեպի ջուրը, բայց մարդը մի այնպիսի բնազդում չունի, որ դրդեր նրան դեպի գողություն. այդ ախտին սովորում է նա վատ օրինակից, անկրթությունից, և վերջապես կյանքի ուրիշ պայմաններից:

Հայրը, իհարկե, չհասկացավ որդու խոսքերը, և մի խոժոռ հայացք ձգելով նրա երեսին, ասաց.

– Դա քո խելքի բան չէ, սուս կա՛ց…

Է

Կալոյին թեև սկզբում դառն երևեցավ գյուղական ազատթյունից զրկվելը, թեև նրան շատ դժվար էր իր սիրելի ընկերներից բաժանվելը, թեև նա շուտով չէր կարող մոռանալ իր սիրելի գառները, – բայց այսուամենայնիվ, այդ կիսավայրենի «արջի քոթոթը», որպես առաջին տեսնելիս կոչեց նրան աղան, հետզհետե սովորեց քաղաքին և մանավանդ Մասիսյանի տանը: Նա հայտնվեցավ այս տանը, որպես հիշում է ընթերցողը, զատկի տոների օրերում: Շատ հասկանալի է, որ տոն օրերում տան շներն և կատուներն անգամ ուրախ և երջանիկ են լինում, որովհետև անմասն չեն մնում այն բարիքներից, որ վայելում է ուրախ գերդաստանը: Մասիսյանի ընտանիքը, որքան և չափավոր լիներ իր տնտեսաթյան մեջ, դարձյալ մի գյուղական աղքատ խրճիթի զավակի համար կներկայացներ ամեն բարիքներով լի առատություն:

Սկզբում նրա վրա նայում էին և խոսացնում էին միմիայն հետաքրքրության համար. կոպիտ գյուղացու ամեն մի շարժմունքը ծիծաղ էր պատճառում: Բայց հետո կամեցան փոքր-առ-փոքր կրթել և տաշել նրան: Այդ հոգածությունը հանձն առավ գլխավորապես տիկին Մարիամը:

Մի քանի օրից հետո Կալոյին դժվար էր ճանաչել, գոնյա արտաքին կերպարանքից: Ահագին մոթալ-փափախի տեղ կրում էր Ստեփանի գիմնազիստի հին կեպին. տրեխների տեղ հագել էր աղայի քրքրված քոշերը, որոնք իրանց մեծությամբ դժվարացնում էին նրան ազատ ման գալ: Իր ղադաքե արխալուղի վրա հագել էր նույնպես աղայի թերմաշ կաբան, որի փեշերը անցնում էին ոտների կրունկներից, և որովհետև իր հասակից ավելի երկար էր, այս պատճառով մեջքը պնդել էր սև փոկով և կաբայի ավելորդ մասը թողել էր գոտիից վերև, և այսպիսով այս պարսկական վերնազգեստը ստացել էր մի ահագին տոպրակի ձև, որի մեջ ձգած էր խեղճ տղան:

Մի խոսքով, նա ոտքից ցգլուխ փոխված էր: Նրա անունն անգամ փոխել էին. ռամկական կրճատված Կալո անվան տեղ այժմ կոչում էին Միքայել: Նա փոխված էր դրսից միայն, բայց սրտով մնացել էր դարձյալ նույն ուրախ և միամիտ Կալոն իր գյուղական կոշտության մեջ, որպես մի անտաշ քար, որ հմուտ արհեստագետի ձեռքի տակ կարող էր գեղեցիկ փայլ ստանալ:

Զատկի տոների հետ անցան և նրա ուրախ օրերը:

Ավետ ապորը թեև խոստացել էին խանութում պահել փոքրիկ Կալոյին, առևտուր սովորեցնել և «մարդ շինել», բայց այդ խոստմունքները անկատար մնացին հենց սկզբից: Նրան պահեցին տանը ծառայելու համար: Փոքրիկ ծառայությունների մեջ նա շատ անշնորհք էր. ամեն մի առարկա նրա ձեռքից թռչում էր, ընկնում էր, կոտրվում էր և ամեն բանի դիպչելիս ցած էր գցում: Օրինակ, մի բաժակ թեյ նա չէր կարող առանց վիթելու տեղ հասցնել, բայց եթե տայիր նրան մի փոքրիկ տակառ լիքը ջրով, կտաներ, և որտեղ ասես, կհասցներ: Նա մանր բաների համար գլուխ չուներ, կարծես ստեղծված էր խոշոր գործերի համար:

Միքայելի – մենք էլ այսպես պիտի կոչենք այսուհետև – այս տեսակ անընդունակությունները սակավ ցավեր չպատճառեցին նրան: Ամեն մի բան կոտրելիս, ամեն մի բան վիթելիս, խիստ հազիվ էր պատահում, որ մի ամբողջ օրով քաղցած չթողնեին: Սկսյալ աղայից, մինչև վերջին աղախինը, բոլորը նրան հանդիմանում էին, անդադար կրկնելով, – «արջի քոթոթ», – «էշ գյուղացի» և այլն: Եվ այսպես, օր չէր անցնում, որ նա մի լավ «շնաթակ» չուտեր: Բայց Մասիսյանի ընտանիքի մեջ նա ուներ մի պաշտպան միայն, դա էր տիկին Մարիամը, որ ներում էր նրան որպես մի անփորձ երեխայի և պատվիրում էր նրա անմեղ հանցանքները չհայտնել աղային, որ չծեծվի:

Միքայելը, որպես մեզ հայտնի է, լավ ձայն ուներ, քաղցր երգում էր, երբ դեռ գյուղումն էր, բայց այդ ուրախ թռչնիկը իսպառ լռեց, երբ մի չար բախտով ընկավ երկաթի վանդակի մեջ: Մի քանի անգամ այն աստիճան հուսահատվեցավ նա, որ փորձ փորձեց փախչել և կրկին գյուղ գնալ. – գնալ իր սիրելի ընկերների և տատի մոտ, այնտեղ ոչ ոք չէր ծեծում նրան: Բայց տիկին Մարիամը կես ճանապարհից ետ բերել տվեց, մխիթարեց և կրկին համոզեց մնալ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги

Популярные книги автора