Րաֆֆի - Ոսկե աքաղաղ стр 6.

Шрифт
Фон

Մասիսյանի ընտանիքի մնացյալ անդամներից Գայանեն նույնպես լավ էր Միքայելի հետ, թեև երբեմն ծաղրում էր, բայց պատահած ժամանակ իր ստացած մրգեղենից նրան բաժին էր հանում: Իսկ Հռիփսիմեին բոլորովի՜ն անտանելի էր նա. այդ գեղեցիկ և հպարտ արարածը մի առանձին ատելություն ուներ դեպի գյուղացի տղան, որին ստիպում էր երբեմն գանգատով դիմել տիկին Մարիամին: Ստեփանը, աղայի որդին, իր եղբոր պես սիրում էր նրան. նա գնեց Միքայելի համար մի ընթերցարան և պարապ ժամերում դաս էր տալիս, բայց մի օր այդ նկատեց աղան և գիրքը առնելով տղայի ձեռքից, մի կողմ ձգեց և դառնալով դեպի որդին, ասաց. «Ուզում ես դրան էլ փչացնես քեզ նման…»:

Միքայելի մեծ մխիթարությունը նրանումն էր, որ երբեմն բազարում տեսնում էր իրանց գյուղացիներից մի քանիսին, երբ քաղաքը բան էին բերում ծախելու: Մի անգամ մեյդանի միջով անցնում էր նա, հանկարծ տեսավ իր ընկերներից մեկին:

– Ա՛ Թո՜ւն, ա՛ Թո՜ւն, – կոչեց նա, իր վաղեմի ընկերի մոտ վազելով:

Ընկերը չճանաչեց: Միքայելը քարշ ընկավ նրա վզից և սկսեց համբուրել:

– Խաչը վկա, չճանաչեցի, – խոսեց գյուղացին: – Էդ ի՞նչ ես դառել, Կալո, դրուստ որ, «չամչի խաթունի» նման ես…

– Ի՞նչ անեմ, Թուն ջան, քաղաքումը էդպես են հագցնում, – պատասխանեց Միքայելը, – անունս էլ փոխեցին… էլ Կալո չեն կանչում… Դու էն ասա՛, Թունի ջան, մեր տունը գնո՞ւմ էիր, տատս ո՞նց է, ի՞նչ էին անում երեխեքը, Կիճին մեծացե՞լ է, Պապին հիմա ման գալիս կլինի…: (Վերջին անունները իր հորեղբոր փոքրիկ երեխաների անուններն էին):

Նա առանց պատասխան սպասելու խոսքը փոխեց:

– Դուն ի՞նչ էիր շինում, Թունի ջան, ամեն օր լեղանո՞ւմ էիր գետումը. ա՜խ, էստեղ չեն թողնում, որ մարդ ջրի երես տեսնի… Հիմա խոտը հնձո՛ւմ կլինեն, էնպես չէ՞, ո՞վ էր հավաքում մեր խուրձերը: Ես եկել եմ բազարիցը կանաչի տանելու, հացն էլ ինձ են առնել տալիս, ասում են, առուտուր սորվիր: (Նա կրկին խոսքը փոխեց): Մեր շլորենիքը հասե՞լ են: Մեր շունը տեսա՞ր: Ո՞վ էր արածացնում մեր գառները: Էստեղ լավ չէ, Թունի ջան, սիրտս տրաքում է, չեմ իմանում, թե ինչ անեմ… Տատիս ասա՛, թե Կալոյին տեսա: Ո՞ւմ հետ եկար: Ե՞րբ ես գնալու: Էստեղ շատ վատ է, Թունի ջան…

Միքայելը իր բազմաթիվ և անկապ հարցերով բոլորովին շվարեցրեց ընկերին, և նա չգիտեր, թե որ մեկին պետք է պատասխանել:

– Հորս հետ եմ եկել, – ասաց նա, – պանիր էինք բերել, ծախեցինք, էսօր պիտի գնանք:

– Ի՞նչ ես կերել, առ քեզ քաղաքի յուղով հաց տամ. առավոտյան խանումս (տիկինը) տվեց, չկերա, պահեցի, լավ էր որ քեզ նասիբ եղավ:

Այս ասելով, Միքայելը գրպանից հանեց մի կտոր նազուկ և տվեց ընկերին: Նա համեղ հացի մի ահագին կտորը ամբողջապես կոխելով բերանը, կիսախեղդ ձայնով ասաց.

– Ի՞նչ լավ հաց է, ամեն օր դրանի՞ց ես ուտում, Կալո:

– Ո՞վ կտար, որ ուտեի. էս էլ խանումը թաքուն տվեց, որ աղան չտեսնի, – ասաց Միքայելը վշտալի ձայնով: – Լավ կլիներ, որ ցամաք հացով կշտացնեին, էն էլ չեն տալիս:

Միքայելի աչքերը լցվեցան արտասուքով, բայց նա թաքցրուց իր սրտի ցավը: Նրա գյուղացի ընկերը հարցրուց.

– Ե՞րբ պիտի գաս գյուղը. գիտե՞ ս, Կալո ջան, մեր դութմաները հասել են, էնքան ուտում եմ, էնքան ուտում եմ, էնքան ուտում եմ, հերս ոչինչ չէ ասում: Քո բաժինը կպահեմ, ե՞րբ ես գալու:

– Չեն թողնում, Թունի ջան, – պատասխանեց Միքայելը տխուր ձայնով. – շատ եմ ուզում գալ, տատիս տեսնել, մեր տանը մնալ, բայց չեն թողնում. ասում են՝ «արջի քոթոթ, ձեր ծմակները չե՞ս մոռանում»… Դե ո՞նց մոռանամ, Թունի ջան, ախար էստեղ ի՞նչ կա… հենց տներ են ու տներ… մարդիկը, խո, գյուղացուն էշի տեղ են դնում… թե բերանդ բաց ես անում, խոսում ես, մի լավ ծեծում են…

Թունին հասակով մի քանի տարով մեծ էր Միքայելից. լսելով իր ընկերի խոսքերը, խղճաց նրա դրության վրա և մտածեց օգնել նրան:

– Եկ, ես քեզ կտանեմ գյուղը, – ասաց նա:

– Ի՞նչպես գամ, էնտեղ էլ ապերը (հորեղբայրը) գլխիս կտա, կասի՝ ինչո՞ւ եկար: Չէ, Թունի ջան, – խոսքը փոխեց նա, – լավն էն է, գնամ, ջուրը ընկնեմ, միանգամով պրծնեմ…

Թունին մխիթարեց նրան, սիրտ տվեց և խոստացավ, թե Ավետ ապորը կասե, որ նրան գյուղը տանե: Միքայելը ուրախացավ, մանկական բարեսրտությամբ ուզեց իր ընկերին մի բանով վարձատրել:

– Գիտե՞ս, Թունի ջան, – ասաց նա, – լավ միտս եկավ. ես ճաներս (վեգ) խորել էի մեր մարագի դռան տակին, այնտեղ, որ մի քոթուկ (կոճղ) է դրած, կգնաս, կհանես. հարյուր հատից ավել է, ինչքան կուզես, դու վեր առ, մնացածը բաժանիր մեր ընկերներին: Ես որ չեմ կարողանում խաղալ, դուք էլա խաղացեք:

– Թոմասին բաժին չեմ տա, – ասաց ուրախացած Թունին, – նա լավ տղա չէ, անցյալ օր ինձ հետ կռվեց:

– Նրան էլ տուր, մեր ընկերն է, բարիշեցեք, – խոսեց խրատական կերպով Միքայելը: – Ի՞նչ կա, ընկերը ընկերի հետ կկռվի ու էլի կբարիշի, անցյալ գիշեր ես էլ Պողոսի հետ կռվեցա՝ մահակով խփեցի, գլխիցը արյուն գնաց:

– Պողոսի հե՞տ, – հարցրեց Թունին զարմանալով, – Պողոսը էստեղ ի՞նչ էր շինում:

– Երազումս կռվեցա, Թունի ջան. հենց որ զարթեցի, էնքան լաց էլա, էնքան լաց էլա, որ նրա գլուխը պատռեցի: Դրուստն ասա, Թունի ջան, նրան խո մի բան չի՞ էլել:

– Ոչինչ չի էլել, երեկ չէ մեկել օրը ինձ հետ խոսում էր, հետո միասին գնացինք իրանց բաղը, ծիրան կերանք:

Երկու փոքրիկ գյուղացիների խոսակցությունը ընդհատեց Թունիի հայրը, որ հեռվից հայտնվելով, կանչեց նրան.

– Էն ո՞ւմ հետ ես խոսում, ե՛կ, գնում ենք:

– Թունի ջան, հիմա որ գնում ես, – ասաց Միքայելը նրա փեշից բռնելով, – տատիս, ապորը, ամենին շատ բարև տար, ասա՛, որ տեսա Կալոյին:

– Կասեմ, – պատասխանեց Թունին և հեռացավ:

Միքայելը երկար կանգնած նայում էր իր ընկերի ետևից, հանկարծ մտաբերեց, թե բավական ուշացել է, և սկսեց վազել դեպի աղայի տունը:

Ը

Անցավ երեք տարի:

Միքայելի վիճակի մեջ այս երեք տարվա ընթացքում բավական փոփոխություն էր եղել: Այժմ նա տան հասարակ սպասավորից դառել էր «դուքնի աշակերտ». դա մեծ առաջադիմություն է. բայց ո՞րպես հաջողվեցավ:

Զարմանալի նախապաշարմունքներ կան այն կարգի մարդիկների մեջ, որոնց պատկանում էր Մասիսյանը: Շատ անգամ մեկը մի նոր ձի է գնել3, մի նոր շուն կամ կատու է բերել տունը, պատահում է, որ նույն միջոցում նրա գործերը լավ են գնում, «շան, կատվի կամ ձիու ոտը խերով է», – ասում է նա և այն անասուններին չէ հեռացնում իր տնից: Այսպիսի անասունը դառնում է մի նվիրական արարած այն տան համար, այնտեղ ծերանում է, այնտեղ մինչև մահը ծառայում է, և մեռնելուց հետո նրա գլուխը թաղում են նույն տան գլխավոր մուտքի դռան շեմքի տակ: Նույնը նկատվում է մարդկանց վերաբերությամբ: Տեսնում ես, մեկը ամուսնանում է, պատահում է, որ կնոջ ոտը նույնպես «խերով» է լինում, տղամարդի գործերը լավ են գնում, և կինը սիրվում է: Շատ անգամ ընդհակառակն է պատահում: Կինը իր հետ դժբախտություն է բերում, նրա ոտը «շառոտ» է լինում, ամեն բան «նասացնում» է և նա ատելի է դառնում… Նույնը պատահում է նոր ծնված երեխաների հայտնվելով. ոմանք բախտավորություն, իսկ ոմանք դժբախտություն են բերում: Տան այն անդամը, որ իր հետ բախտավորություն է բերում, նրա համար ասում են՝ «տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կապած»… Դա էլ մի տեսակ «Ոսկի աքաղաղ» է, որ իր ազդեցությամբ բարիքներ է արտադրում:

Մի կողմ թողնելով այս տեսակ նախապաշարմունքների քննությունը, այսքանը միայն կասենք, որ այն օրից, երբ Միքայելը մտավ Մասիսյանի տունը, նրա գործերը սկսեցին անսպասելի կերպով լավանալ: Եվ սնահավատ Մասիսյանը չէր կարող չնկատել այդ և դրա համար սկսեց նա հետզհետե լավ աչքով նայել մանուկ գյուղացու վրա: Եվ այդ էր պատճառը, որ տարավ նրան իր առևտրական խանութը:

Միքայելի դրությունը այժմ մի աստիճան բարձրացել էր. նա տնային ստոր ծառայից դարձել էր «դուքնի աշակերտ»: Բայց նա այժմ այն չէր, ինչ որ երեք տարի առաջ, այժմ բավական տաշվել և կոփվել էր նա. այժմ նրա մոտ չէին երևում գյուղացու կոպտությունները: Նրա դեմքն անգամ փոխվել էր. գյուղական լիքը և կարմիր թշերը մաշվել էին, նուրբ և գեղեցիկ գծագրություն էին ստացել, և առաջվա զվարթ գույնը տեղի էր տվել խիստ ախորժ գունատության: Անփոփոխ մնացել էին միայն կրակոտ աչքերը:

Խանութի բոլոր հաճախորդները ճանաչում էին Միքայելին: Նա այն տեսակ տղերքից չէր, որ անհայտ մնար, որ նրա վրա ուշադրություն չդարձնեին: Ամեն մարդ ախորժում էր խոսեցնել նրան և լսել նրանից մի քանի խոսքեր: Միքայելը չափազանց կամակատար տղա էր. դեռ մեկը իր ծխախոտի գլանակը չշինած, նա արդեն լուցկին ձեռքում պատրաստ ուներ, որ պարոնին մի ծառայություն անե, և մեկը մի բան գնելիս, շուտով առնում էր, շնորհքով փաթաթում էր, շատ անգամ առանց նրանից խնդրելու, տանում, հասցնում էր գնողի տունը:

Բայց երբեմն ծագում էին փոքրիկ անհամաձայնություններ Միքայելի և աղայի՝ Մասիսյանի մեջ: Պատճառները առաջ էին գալիս վարպետի և աշակերտի հասկացողության անմիաբանությունից: Օրինակ, խանութը մտել է մի տիկին և կամենում է գնել մի քանի արշին չիթ կամ մի քանի ֆունտ թեյ: Մասիսյանը սկսում է տիկնոջ հետ մի ամբողջ պատմություն, թե նրա հանգուցյալ այրը իր լավ բարեկամն էր, թե ինքը նրա հիշատակը պատվելու համար պետք է զիջումներ անե և ապրանքի լավը տա, և այլն: Հետո նա դառնում է Միքայելին, ասում է.

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги

Популярные книги автора