Րաֆֆի - Զահրումար стр 6.

Шрифт
Фон

– Թե ինձ կու հարցնիս, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր տհաճությամբ, – աղջկերանց համա ուսումը մե հարկավուր բան չէ՛, էնդուր վուր, ինչ ղադա կարդալ գրել սորվին, էն ղադա էլ սատանութինը ավելանում է: Աբա ի՞նչ անինք, անիծվի՜ էս ժամանակը, մոդեն էհենց է դառի. ինչկլի աղջիկը ռսնակ չէ խոսում, ինչկլի տանցավատ չէ իմանում, լավ օքմին թամահ չէ ննգնում:

– Էլի էդ լավ է, Ճանճուր Իվանիչ, էնդուր վուր ինչկլի հիմի տղեն աղջկա փուղին էր թամահ ննգնում ու հիմի փուղի տիղը ուսումը կու բռնե էլի՜:

– Ամա գիտի՜ս էս զահրումար ուսումը քանի է նստում… եփոր միտս իմ բերում Սոփոյի վրա մսխածս, ջանս դող է ննգնում… Ես էլ առաջ քիզպես փիքր էի անում, թե ուսումը աղջկա բաժինքի թանխեն կու պակսեցնե, ու էդ ումիկով Սոփոյին վարժատուն տվի, ամա հիմի տեհնում իմ, վուր «կոճիս թոխան նստեցավ…»:

Ճանճուր Իվանիչը յուր խոսակցության մեջ միշտ սովորություն ուներ գործ ածել այդ այլազգի բառը՝ զահրումար, որ նշանակում է օձի թույն: Այդ բառում նա ավելի ճյտությամբ կարողանում էր արտահայտել յուր սրտի տհաճությունը: Աշխարհի մեջ ամենայն առարկա, որ դուրս էր քաշում նրա քսակից մի քանի կոպեկ, զահրումարի նշանակություն ուներ նրա համար. միակ սուրբ բանը բոլոր ստեղծագործության մեջ, որ հեռու էր այդ թույնից՝ էր արծաթը:

Թաթուխովի գլխավոր արհեստը, որով պարապում էր նա յուր քաղաքի մեջ, բացի լրտեսությունը և բամբասանքը, էր մոցիքուլություն, այլ խոսքով՝ աղջիկների առևտուրի դալալություն: Նա այդ արհեստով բավական գումարներ էր կարողանում ձեռք ձգել. իսկ այդ բոլորը նա վատնելով կլուբում խաղաթղթի վրա, մնում էր միշտ աղքատ և խեղճ: Նա նկատելով Ճանճուր Իվանիչի վիշտը յուր դստեր մասին, մխիթարեց նրան, ասելով.

– Դուն, ա՛ղա, Սոֆոյիդ համա իսկի փիքր մի՛ քաշի, նրա համա մե լավ փեսա ճարիլը իմ վզին. շատ վուխտ է նրա դեիփ մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ:

Ճանճուր Իվանիչը, այդ հին վաճառականը, այն կարգի մարդկանցից չէր, որ ցույց տար գնողին կամ դալալին (միջնորդին), թե ինքը յուր վաճառքի մասին շիվար է մնացած, նա վաղուց էր սովորել միշտ մեծ արժանավորություն տալ յուր ապրանքին: Այդ պատճառով բավական անփույթ կերպով պատասխանեց նա, թեև միևնույն րոպեին նրա սիրտը զգաց ինքնաբավական ուրախություն, երբ լսեց մոցիքուլի խոսքերը՝ «մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ…»:

– Է՛հ, հալա ի՞նչ վուխտն է Սոփոյի համա փեսա մտածել. բերնեն ջեր կաթը գնում է:

– Էդ մի՛ ասի, աղա, աղջիկը պահելու ապրանք չէ՛. աղջիկդ չուստ մարդի տու, վուր իժում չի փոշմնիս:

Ամբողջ ժամեր նրանք միասին այդպես խոսում էին, երբեմն բամբասանք, երբեմն չարախոսություն, երբեմն զվարճախոսություն, մինչև ընթրիքը ուտելուց հետո Թաթոլխովը հեռացավ Հացի-Գելենց տանից:

Ե

Առավոտյան Ճանճուր Իվանիչը վաղուց մի բաժակ կծովի թեյ խմելով՝ գնացել էր բազար. Գրիգոլը ութ ժամի կեսին գնացել էր գիմնազիոն. տիկին Բարբարեն պարապում էր տնտեսությամբ:

Այղ առաջին առավոտն էր, երբ օրիորդ Սոֆին, ազատվելով դպրոցի վաղորդյան զանգակի հրավիրական ձայնից, կամենում էր յուր ծնողական տան ծածկի տակ վայելել անուշ և հանգիստ քուն: Բայց նրա քույրերի կռվռոցը, որոնք մի ժամ առաջ զարթել էին, դռան ճռռոցը, սպասավորների ոտնաձայնը խռովեցին խեղճ օրիորդի հանգստությունը, և նա ստիպվեցավ վեր կենալ անկողնուց:

Նա շուտով լվացվեցավ, սանրվեցավ և հագնվեցավ և գնաց մոր սենյակը, ուր բոլոր գերդաստանը բոլորել էին թեյի սեղանի շուրջը:

Ջմայլեցավ տիկին Բարբարեն, երբ ցերեկով ոտքից գլուխ չափեց յուր դստեր գեղեցիկ հասակը և նրա հիանալի դեմքը:

Արդարև, օրիորդ Սոֆին այն գեղեցկուհիներից էր, որ ստեղծել կարող է միմիայն Կովկասի հրաշալի բնությունը: Նրա բարձր, ուղիղ և նրբակազմ հասակը, շնորհալի և սիգաճեմ ընթացքը նմանություն էին բերում մի անտառային հավերժահարսի, որի հպարտ և մեծաշուք կերպարանքը՝ Արքիմեդեսի քերիչը միայն կարող էր ձևակերպել սպիտակ մարմարիոնի վրա: Նրա դեմքն ուներ արևելյան գծագրության բոլոր կանոնավորությունը: Սևորակ նշաձև աչքերը, երկայն թերթերունքներով և նուրբ աղեղնաձև հոնքերով պատած, վառվում Էին ինչպես աստղերը պարզ և ջինջ երկնակամարի վրա: Նրա թավ, վարսագեղ, սև սաթի նման գիսակը հիանալի վայելչությամբ հարմարվում էր դեմքի հստակ գույնին և քնքուշ կազմությանը, որի վրա արտափայլում էին գեղեցկության հազարավոր հրապուրանքներ: Նրա ձայնը զանգակի հնչյուն ուներ, և խոսելու միջոցին նուրբ շրթունքները նմանում էին ճղած վարդի կոկոնին, ուսկից ալեռանդ թերթիկները կախարդողապես ժպտում էին մարդու երեսին: նրա քաղցրիկ ծիծաղը տալիս էր նրա դեմքին ավելի ախորժելի արտահայտություն, երբ երկու փոքրիկ փոսիկներ էին կազմվում. լիքը և վարդագեղ թշերի վրա: Բնական սև խալը, նրա շրթունքի վրա, ասես թե կենտրոնացնում էր յուր մեջ մի գրավիչ մոգական զորություն, որով առաջին նայվածքից կարող էր ներգործել սիրախնդիր երիտասարդին յուր հրապուրիչ ազդեցությամբ…: Նա շնչում էր մանկական գարունքի բոլոր քնքշությամբ…:

– Որպե՞ս անցկացրիր գիշերը, – հարցրեց նրանից մայրը վրացերեն լեզվով, ախորժանոք նայելով դստեր երեսին:

– Բավական հանգիստ, – պատասխանեց օրիորդը անուշ կերպով, – հայրական տան քունը քաղցր է, մայրի՛կ, միայն ես ներկայացնում էի ինձ, թե դարձյալ դպրոցումն եմ, երազումս երևում էին ինձ դասատները, ռուսաց լեզվի վարժապետը հարցնում էր ինձանից դասս, և ես դժվարանում էի պատասխանել. իմ ընկերուհիքը ծիծաղում էին ինձ վրա, ես ամաչելով կարմրում էի, բայց Լիզայի ձայնը զարթեցրեց ինձ, և ես նկատեցի, որ մորս տանն եմ. շատ ուրախացա, մայրիկ, որ իմ վարժապետից նուլ ստանալիս հիշեցի, որ երազ էր:

– Այդպիսի երևակայություններ, իմ սիրեկան, ընդերկար չեն հեռանում դպրոցի աշակերտներից, երբ նրանք մտնում են հասարակական կյանքը, – պատասխանեց օրիորդի մայրը: – Գրիգոլն էլ, նկատում եմ, շատ գիշերներ խռոված է լինում վարժարանի երազներով:

– Բայց քաղցր երազներ են դրանք, մայրիկ, – խոսեց օրիորդը խորհրդավոր ձայնով: – Նրանք հիշեցնում են դպրոցական անհոգ, մտավորական կյանքը…:

– Ինձ էլ տվեք պանսիոն, մայրի՛կ, – նրանց խոսքը կտրեց փոքրիկ Ելենան անմեղ ժպիտով, – որ ես էլ տեսնեմ այդպիսի երազներ:

– Հա՛, աղջիկս, – պատասխանեց մայրը, հարդարելով նրա գլխի մետաքսանման մազերը, որ նույն րոպեին թափված էին փոքրիկ կուսի սպիտակ երեսի վրա: – Սոֆին կսովորեցնե քեզ ու Լիզային, և հետո կգնաք պանսիոն:

– Հա՞, կսովորեցնե՞ս ինձ, Սոֆի ջան, – դարձավ փոքրիկ աղջիկը դեպի յուր քույրը, յուր կապուտակ աչիկները հարցական կերպով բանալով նրա վրա:

– Կսովորեցնեմ, իմ սիրեկան, երբ դու խելացի ու աշխատասեր կլինես, – պատասխանեց օրիորդը ժպտալով:

– Ես շատ խելացի եմ, էնպես չէ՞ , մայրիկ, – կրկնեց փոքրիկ աղջիկը՝ դառնալով դեպի տիկին Բարբարեն. – ես ոչ մի ժամանակ չեմ աղտոտում իմ հագուստները:

Լիզան, որ այդ խոսակցության միջոցին ընկղմված էր յուր սովորական մելամաղձական լռության մեջ, կտրեց փոքրիկ քրոջ խոսքը երգիծաբանորեն՝ ասելով.

– Հա՛, դու շատ խելացի ես, սնապարծ, հպարտ. օր չի անց կենա, որ դու մի բան չկոտրես, և հայրս չծեծե քեզ:

Փոքրիկ Ելենան վշտանալով քրոջ կծու նկատողությունից ասաց` նրան.

– Հա՛, դու շատ ուղորդ ես ասում… երեկ ես ի՞նչ էի կոտրել, որ մամեն թակեց ինձ. բայց այն, որ դու կոտրել ես, ասե՞մ…

– Դե, լուռ, Ելենա՛, դու երբեք թույլ չես տալ քեզ լրտեսություն անել, – սաստեց նրան օրիորդ Սոֆին:

– Ես ոչինչ չեմ ասում, բայց Լիզան միշտ ջգրացնում է ինձ, – ասաց նա և լռեց:

Տիկին Բարբարեն, որ յուր դուստրների բոլոր վիճաբանության միջոցին ծիծաղելով նայում էր նրանց վրա, գրկեց երկուսին ևս՝ ասելով.

– Դուք երկուսդ էլ խելացի եք, իմ աղջիկներ. Սոֆին ձեզ երկուսիդ էլ կպատրաստե, և հետո կտամ ձեզ պանսիոն: Սոֆիի նման լավ ռուսերեն և փրանցուզերեն կսորվիք:

Թեյըմպությունը և նախաճաշիկը վերջացավ:

Լսելի եղավ դռան մուրճի զարկը:

Ծառան իմացում տվավ, թե մի օրիորդ եկել է օրիորդ Սոֆիին տեսության:

Օրիորդ Սոֆին շուտով գնաց յուր սենյակը և հրամայեց հյուրուհուն հրավիրել այնտեղ:

Տիկին Բարբարեն դիմեց խոհանոց՝ պատվերներ տալու Թինային, որ կատարում էր և՛ աղախնի, և՛ խոհարարուհու պաշտոն: Ելենան առավ յուր խրծիկը և դուրս եկավ բակը՝ խաղալու կեցողի փոքրիկ աղջկա` Օլինկայի հետ: Բայց Լիզան, դեռ պահելով փոքրիկ քրոջ ոխը յուր սրտում, սկսավ վեր քաղել թեյի պարագաները:

Օրիորդ Սոֆիի սենյակում, որ և՛ նրա ննջարանն էր, և՛ հյուրանոցը, և՛ կաբինետը, հայտնվեցավ հյուրուհին, մի հասուն օրիորդ, միջակ հասակով, ուրախ դեմքով և բավական վայելուչ կերպով հագնված առանձին թեթև զգեստներով:

Նրա երևույթը լիակատար հաճություն պատճառեց օրիորդ Սոֆիին, տեսնելով յուր հին ընկերուհուն, որ երկու տարի առաջ ավարտել էր նույն պանսիոնը, ուր ուսանում էր ինքը, և նրանք ուրախությամբ գրկախառնվեցան:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги

Популярные книги автора