Րաֆֆի - Զահրումար стр 7.

Шрифт
Фон

Այդ օրիորդը նույնպես արմենուհի էր և կոչվում էր Անիչկա Եգորովնա:

Օրիորդ Սոֆին մատույց յուր ընկերուհուն մի հին աթոռ, որից երկու հատ միայն կար նրա սենյակում, այնպես որ մի երրորդ անձն եթե գար, ստիպված պետք է նրա մահճակալի վրա նստեր:

– Ներեցե՛ք, խնդրեմ, Անիչկա ջան, – ասաց նա ռուսերեն, ես տակավին որպես մի օտարական հյուր եմ այս տան մեջ. մենք դեռ ոչինչ չենք կարգադրել իմ կացության համար. նստի՛ր, խնդրեմ, հոգյակս, եթե մեր աղտոտ աթոռը չի կեղտոտիլ քո սպիտակ հագուստը:

– Այդ ոչինչ… – պատասխանեց նույն լեզվով օրիորդ Անիչկան: – Ես մինչ այն աստիճան նրբաճաշակ չեմ: Ես էլ տեսել եմ առաջին անգամ այդպիսի կեղտոտ աթոռներ հորս տանը…:

Եվ նա նստեց առաջարկած աթոռի վրա, հին գրասեղանի հանդեպ, որ յուր գույնով և կազմվածքով համապատասխան էր երկու աթոռների գոյությանը, որ երկու տարի առաջ Ճանճուր Իվանիչը հինգ մանեթով առել էր աճուրդում, Թամամշովի քարվանսարայի առաջ, մտածելով, որ մի օր նրանք կարող էին հարկավոր լինել դստերը, և նույն օրից թաքնված էր մառանումը, փոքրիկ Ելենայի չարություններից զերծ պահելու համար:

Բայց օրիորդ Սոֆիի թշերը շառագունեցան ընկերուհու նկատողության պատճառով, և նա ասաց խիստ խորհրդավոր ձայնսվ.

– Այո՛, այդ այդպես է լինում միշտ մեր կյանքի առաջին հանդեպը դպրոցեն դուրս գալուց հետո…

– Բայց դու տակավին մեծ պատերազմ ունիս и պատերազմելու հնամոլության հետ, մինչև կարգադրես ամեն ինչ քո ախորժակին համեմատ:

– Կփորձենք, – ժպտալով կրկնեց օրիորդ Սոֆին:

– Այժմ ասա՛, ի՞նչ նորություններ ունիս մեր աշխարհից, ի՞նչպես են Սոնիչկան, Մական, Կատոն, Էփոն և մեր մյուս ընկերուհիները:

– Բոլորը. քո տեսածին պես. Սոնիչկան տակավին ծուլանում է որպես առաջ. Մական դեռ չէ՛ դադրում լուսամուտներից թաքուն նայել դեպի շուկա, Կատոն նույնպես պահած ունի յուր բարձի տակ Տուրգենևը, և Էփոն նույնպես զանազան զվարճախոսությամբ ծիծաղեցնում է յուր ընկերուհիներին:

– Բայց Նատո՞ն:

– Նա էլ դեռ բանեցնում է յուր հին արհեստը. փոքրավորներին կաշառելով, ծածուկ նրանց ձեռքով գրագրություններ է անում, և ամեն րոպե պատրաստ է վազել դեպի լուսամուտը, լսելու այն քաղցր մեղեդին Դոն – Ժուանից, երբ նրա մտքի ցնորքը, գիշերային պահուն երգելով, անցնում է դպրոցի մոտից:

– Այդ, ճշմարիտ, շատ հետաքրքրական է, – խոսեց Անիչկան և սկսեց ծիծաղել:

– Բայց նրա Կոջորի այն անցքը ճշմարի՞տ էր, – հարցրուց Անիչկան՝ բավական հետաքրքրվելով ընկերուհու խոսքերից:

Օրիորդ Սոֆին յուր սովորական քաղցրաբարոյությամբ ծիծաղեց:

– Ո՞վ ասաց քեզ, – հարցրեց նա:

– Այդ ինձ ասաց Նինոն:

– Ա՜խ, ո՛րպիսի շաղակրատն է նա, աստված իմ, ամենևին գաղտնիք պահել չգիտե:

– Մեր մեջ ի՞նչ գաղտնիք, ասա՛ խնդրեմ:

– Այնուամենայնիվ չէ կարելի ամեն ինչ հրապարակել…

Անիչկան տեսավ, որ յուր ընկերուհին ընդունեց բավական պատկառելի ձև, սկսավ նրան թախանձել, որ հանգամանորեն պատմե Նատոյի անցքը:

– Դու արդեն լսել ես, էլ ո՞ւր ես կրկին հարցնում, – ասաց նրան օրիորդ Սոֆին:

– Կամենում եմ քեզնից լավ տեղեկանալ. դու գիտես, որ շատ չէ՛ կարելի հավատալ Նինոյի խոսքերին:

– Մենք մի օր առավոտյան պահուն գնացինք զբոսանքի բոլոր աշակերտուհիներով. մինչև մտանք անտառը, աշակերտուհիները ցրվեցան զանազան կողմեր և սկսան ոմանք ծաղիկներ քաղել, ոմանք վայրի մրգեղեններ: Հանկարծ նկատում ենք Նատոն աներևութացել է. մենք կարծեցինք, թե հարկավորության պատճառով մեզանից հեռացած պիտի լինի: Բայց երկար նայեցինք՝ նա չդաձավ: Վարժուհիները վրդովվեցան և կամենում էին որոնել նրան: Ես իսկույն կասկածանքի մեջ ընկա, որովհետև առաջուց գիտեի նրա գազտնիքր և թույլ չտվի վարժուհիներին՝ որոնել նրան: Ինքս Նինոյի հետ գնացի նրան որոնելու: Հանկարծ թփերի միջից, որ խիստ փակված էին միմյանց, լսում ենք խշշոց. հազիվ թե կարողացանք մտնել այնտեղ, գտնում ենք Նատոյին և նրան կատարյալ ռոմանական դրության մեջ… Նա իսկույն անհետացավ, թողնելով այնտեղ յուր շլյապան, իսկ Նատոն մեր ոտքերն ընկավ և սկսեց աղաչել, որ ոչ ոքի չասենք մեր տեսածը: Իհարկե, մենք ծածկեցինք վարժուհիներից և մյուս աշակերտուհիներից այդ անցքը. բայց ահա Նինոն հայտնել է քեզ:

– Ես վաղուց գիտեի նրա գաղտնիքները:

Երկու ընկերուհիների խոսակցությունն ընդհատեց տիկին Բարբարեն, որ մտավ յուր դստեր սենյակը: Անիչկան վեր կացավ, շնորհալի կերպով ձեռք տվավ նրան և շնորհավորեց օրիորդ Սոֆիի ուսման ավարտելը և մյուս անգամ յուր ծնողական տուն վերադառնալը: Տիկին Բարբարեն շնորհակալ եղավ և օրհնեց օրիորդին՝ նրա բարեսրտության համար, և կամենում էր նստել յուր դստեր մահճակալի վիա, բայց օրիորդ Սոֆին յուր աթոռը նրան տվավ և ինքը նստեց այնտեղ:

Օրիորդ Սոֆին մինչ այն աստիճան մոռացված էր իրանց խոսակցությամբ, որ չէր մտածել մի բանով հյուրասիրել յուր ընկերուհուն. մայրը մտաբերեց նրան, թե նա շատ անքաղաքավարությամբ էր վարվել յուր հյուրի հետ: Օրիորդը դուրս գնաց և հրամայեց ծառային սուրճ մատուցանել:

Բայց որովհետև այդ հյուրը մի անծանոթ բան էր Հացի-Գելենց տանը, ծառան նոր գնաց փողոցից գնելու: Մինչև նրա գնելը, մինչև դրացիներից բովելու գործիք առնելով սուրճը բովելը, տևեց ամբողջ երկու ժամ: Մի ժամ ևս հարկավոր էր կաթ գնելու համար, բայց օրիորդ Սոֆին խիստ տհաճությամբ հրամայեց այնպես տալ:

– Ինչպե՞ս են մայրդ, քույրերդ, – հարցրեց տիկին Բարբարեն Անիչկայից վրացերեն:

– Փառք աստծո, առողջ են. մայրս ձեզ հատուկ բարև ունի, – պատասխանեց նույն լեզվով Անիչկան:

Անիչկան թեև արմենուհի էր, բայց դժբախտաբար նա էլ չգիտեր հայերեն խոսել:

– Շատ շնորհակալ եմ, – պատասխանեց տիկին Բարբարեն: – Ձեր մայրը բարի կին է: Դուք ևս լավ աղջիկ եք. ես ուրախ եմ, որ չեք մոռացել Սոֆիին:

– Մենք վարժարանից սկսած սիրում էինք միմյանց, դեդի ջան, – ասաց Անիչկան բարեսրտությամբ:

– Աստված պահե ձեզ երկուսիդ էլ, – կրկնեց տիկինը:

Եվ այնուհետև նա սկսեց պատմել նրանց յուր մանկության ժամանակի աղջիկների բարքի ե բնության մասին, երբ ո՛չ ուսում կար և ո՛չ կրթություն, և թե ինչպես նրանք շատ պարզամիտ ու հիմարներ էին: Երկու օրիորդները բավական ծիծաղեցան՝ ասելով. – հենց հիմա էլ այդպիսի աղջիկներ սակավ չեն մեր քաղաքում:

Սույն միջոցին ներս մտավ բարձրահասակ Քիտեսը՝ սուրճի մատուցարանը ձեռքին: Քիտեսի ուղտի նման անշնորհք շարժմունքից սուրճի սև հեղուկը կես մասամբ գավաթների ափսեների մեջ էր թափվել: Օրիորդ Սոֆին, նկատելով այդ, բարկությամբ մի կողմնակի հայացք ձգեց վայրենի իմերելի երեսին և ոչինչ չխոսեց:

Աննա Եգորովնան բավական երկար նստեց, նրանք խոսեցան այս ու այն աղջկա, այս և այն նորափեսայի մասին, այս և այն հագուստի վրա, մի փոքր բամբասելուց, մի փոքր չարախոսելոց հետո օրիորդ Աննան առավ յուր փոքրիկ վարդագույն հովանին և հեռացավ:

Նրա գնալու ժամանակ օրիորդ Սոֆին խնդրեց շուտ – շուտ հաճախել յուր մոտ: Օրիորդը շարժեց գլուխը և ասաց նրա ականջին.

– Ես մյուս անգամ կգամ քեզ մոտ, մեր խոսքը կիսատ. մնաց…

Զ

Ազատվելով դպրոցի փակված վանդակից, այո՛, օրիորդ Սոֆին մտավ հասարակական կյանքի ընդարձակ ասպարեզը: Բայց Հացի-Գելենց ընտանեկան շրջանը ո՛չ միայն անհամեմատ էր արտաքին աշխարհի պահանջմունքներին, այլ մի փոքրիշատե կրթված և կյանքի վայելչություններին սովորած օրիորդի համար, որպես օրիորդ Սոֆին էր, խիստ նեղ և նրա բաղձանքներին բոլորովին անգոհացուցիչ էր:

Մթին ու խոնավ սենյակներ, անզարդ և համարյա աղքատիկ կարասիք, անկանոն տնային կառավարություն, անկիրթ և կեղտոտ սպասավորներ և այլ զանազան անհարմարություններ առաջին օրից անտանելի եղան օրիորդին: Դպրոցում կյանքի գաղափարական վայելչություններով միշտ հրապուրված կույսը որոնում էր արձակ կյանք, զվարճություն և ցանկանում էր իրան շրջապատել այն ճոխություններով, որոնց երազներով միշտ հրապուրված էր նրա երևակայությունը:

Բայց գիտենալով հոր խստասրտությունը, խղճալի օրիորդը չէր համարձակվում հայտնել յուր ցանկությունները, և այդպես տրտմությամբ անց էր կացնում յուր օրերը, մինչև մի անգամ մայրը, գտնելով նրան միայնակ յուր սենյակում, ընկղմված խորին տխրության մեջ, հարցրեց.

– Սոֆի, դու օրեցօր մաշվում ես, քո դեմքը միշտ տխուր է, ասա, սիրեկան, չլինի՞ հիվանդ ես դու:

– Ես հիվանդ չեմ, մայրիկ, – պատասխանեց օրիորդը հոգվոց հանելով:

– Ապա ի՞նչ է քո սրտի դարդը:

– Ոչինչ… – տխրությամբ պատասխանեց օրիորդը:

– Մի բան կա, ասա՛, սիրեկան:

Եվ մայրը սկսեց նրան փայփայել:

Իսկ օրիորդ Սոֆին պատասխանեց նրան բավական զգայի եղանակով.

– Ինչը՞ կտրող է ինձ ուրախացնել, որ չլինիմ տխուր. ես շրջապատված եմ այնպիսի անհարմարություններով, որ ամաչում եմ մինչև անգամ տեսնվել ընկերուհիներիս հետ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги