Հասնելով մինչ այն հասակին, տիկին Թարլանը ապրել էր միշտ սրբությամբ, նրա ձայնը չէր լսել մի այլ մարդ և ոչ նրա երեսը տեսել էր մի անհավատարիմ աչք: Նա յուր ազնիվ բնավորությամբ՝ միշտ եղել էր մի բարի օրինակ կանացի պարկեշտության և յուր անարատ բարք ու վարքով՝ մի խելացի խրատ յուր դրացի կնիկների համար: Նա խիստ նախանձավոր կերպով պախարակում էր այն կնիկներին, որոնք փոփոխում էին իրանց հագուստների ձևերը և չէին ամաչում տղամարդկանց հետ խոսելուց:
Բ
ՈՒԽՏՅԱԼ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
Մեզանում աղջիկները և ազապ տղամարդիկ չգիտեն սեր և համարձակություն չունին իրանց համար ամուսնացուներ ընտրելու: Նրանց սերը, նրանց ընտրությունը ծնողների կամքն է: Հայրը և մայրը իրանց աղջիկները որ տղային կամենան՝ կտան, և իրանց տղաներին ինչ աղջիկ որ ուզեն՝ կբերեն: Նրանք լեզու չունին խոսելու կամ ընդդիմություն գործելու…: Բայց ավելի ցավալի է, երբ շատ անգամ այդ որդեվաճառ, անագորույն ծնողները ոչ թե մի աղջկա գեղեցկությանը, խելքին նայելով են բերում իրանց տղային, կամ մի պատանիի կատարելության նայելով են տալիս իրանց աղջիկը, ո՛չ, այդ իրողության նրանք ամենևին ուշադիր չեն լինում, այլ հայրը մտածում է, այսինչ մարդը լավ, քաջ մարդ է, կարող է իրան շատ գործերի մեջ օգտակար լինել, թև ու թիկունք դառնալ և այդպես, յուր ցավերին կարեկից, յուր գինու փիալային5 ընկեր գտնելու մտքով, իրանց անմեղ աղջիկներր և տղամարդիկը գործիք ընտրելով՝ բարեկամություն և խնամություն են հաստատում: Այսպիսի հանգամանքներում շատ անգամ պատահում է, ծնողները՝ իրանց անձնական փափագը լցնելու և իրանց նպատակին շուտ հասնելու համար, չսպասելով մինչև իրանց զավակները հասունանան` երբեմն մի անչափահաս հինգ տարեկան աղջիկ պսակել են տալիս մի տարիքը առած տղամարդի հետ, և ընդհակառակն, մի հասուն օրիորդ պսակում են մի երեխայի հետ, և կամ երկու սեռի անչափահաս երեխայք – միմյանց հետ: Ամենևին չեն մտածում, թե ի՛նչ սարսափելի խռովություններ են պատահում մի զույգ այր և կնոջ մեջ, երբ նրանք առանց իրանց կամքի հոժարության, հիմար ծնողների ստիպմամբ էին մտնում ամուսնական լուծի տակ: Մի չար բախտով, Պարսկաստանում կա այն վատթար սովորությունը, որ մի աղջիկ և մի տղա նշանադրվում էին միմյանց համար ծնողների կողմից, երբ նրանք դեռ օրորոցում ծիծ էին ծծում, այլև՝ ծիծաղելի՛ խնամություն՝ երբ դեռևս իրենց մոր արգանդումն էին… Թեպետ շատ անգամ պատահում էր, որ ծնողները չէին հասնում իրանց նպատակին, որովհետև ծնվածները կա՛մ երկուսն էլ արու էին լինում, կամ էգ:
Հայաստանի սուրբերից ոմանք` որոնց անունով շինված կա մի վանք, կամ եկեղեցի. – նշանավոր են կացուցել իրանց համարումը ինչ-ինչ հատուկ հրաշագործություններով. բարեպաշտ ուխտավորները գնալով նրանց դուռը` բժշկություն էին գտնում. կամ ստանում էին իրանց փափագելի մուրատը6: Օրինակ. Կորդվաց սարերի մեջ, Վասպուրականի կողմերում, դեպի սուրբ տիրամոր վանքը ջերմ հույսերով դիմում են ամեն կողմերից ուխտավորներ, որ ցավագարված են բորոտության և մարմնի փտության ախտերով: Այնտեղ են տարվում անդամալույծները և տեսակ-տեսակ խոցեր և ապականված վերքեր ունեցողները: Այդ վանքի սրահներում գտնվում են բազմաթիվ այդ տեսակ հիվանդներ, որ ամբողջ տարիներով մնում էին այնտեղ, կերակրվելով վանքի հացով: Նաև ամուլ կանայք գնում էին այնտեղ որդեծնություն հայցելու: Հայկա ձորի մեջ, Անգեղ գետի ափի մոտ հաստատված է սուրբ Աստվածածնի վանքը, որտեղ գնում են աչքացավով տկարացած ուխտավորներ, և այդ վանքի մեջ գտնված ապառաժից «ինքնաբուխ» ձիթով օծելով իրանց աչքերը, հույս ունեին բժշկություն գտնել: Փութկու սուրբ Գևորգ վանքը Մոգաց կողմերում նշանավոր է դիվահարներ բժշկելու մեջ:
Մենք միտք չունինք գրելու վանքերի հրաշագործությունների մասին, միայն չէր կարելի մի քանի խոսք չասել Մշու դաշտի մեջ գտնված Գլակա սուրբ Կարապետի վանքի մասին: Յուր հրաշագործ զորություններով՝ հայոց մեջ մեծ համարում ունի այդ վանքը: Հայոց երգիչ «աշղները» ռամկաբանորեն կոչում են այդ վանքը Մուրատատու Ջանգլի սուլթան սուրբ Կարապետ: Առաջին ածականը բարդված է թուրքերեն և հայերեն երկու բառից. «մուրատատու» նշանակում է շնորհաբաշխ կամ փափագակատար: Բայց չգիտենք ի՞նչ հարմարություն ուներ սուրբ Կարապետին տալ երկրորդ ածականը – «Ջանգլի սուլթան», այսինքն պատերազմող թագավոր:
Շատ տեղերում հայերի մեջ կա այն սովորությունը, որ մի տղամարդ չէ պսակվում մինչև սուրբ Կարապետ գնացած չլինի, իսկ պսակվելուց հետո անզավակության դեպքում նա կրկին դիմում է սուրբ Կարապետի դուռը և երբ իր նպատակին հասնում է` յուր առջնեկին անուն է դնում Հովհաննու յոթն անուններից մինը:
Աշուղները համարում են նրան իրենց քանքարի մուսան – նրանցից ոչ մինը համարձակություն չուներ սազ վեր առնել և «մեյդան» (հրապարակ, հանդես) դուրս գալ՝ մինչև գնացած չլիներ այդ վանքը, և երազի մեջ ստացած չլիներ սուրբ Կարապետի ձեռքից մի գավաթ էշխի (աշխույժի) ըմպելի, և մինչև նրա սազը օրհնած չլիներ վանքի վանահայրը: Նրա դուռը սիրով դիմում են իրենց արհեստը կատարելագործելու – լարախաղացներ, ըմբիշներ, և տեսակ-տեսակ նվագածուներ, ո՛չ միայն հայ, այլև թուրք և պարսիկներ: Կանանց արգելված է այդ վանքը գնալ, որովհետև սուրբ Հովհաննու գլխատման՝ մի տռփոտ կին էր պատճառ եղել, իսկ գնացողները չեն կարող գերեզմանի մատուռը մտնել և գերեզմանը համբուրել:
Ամեն մարդ, որ ուխտել է սուրբ Կարապետ գնալու, պետք է յոթն տարի շարունակ, Հոգեգալստից սկսած մինչև Վարդավառ, յոթն շաբաթ պաս պահե, որ արժանանա նրա դուռն գնալուն: Նրանց ամեն մինի ուխտը ընդունելի էր, երբ Մուրատ գետի ափի մոտ քնելով այնպիսի մի երազ են տեսնում, որը որևէ առնչություն ունի իրենց ուխտյալ նպատակի հետ: Թերևս այդիսկ պատճառով հիշյալ գետը (որ Եփրատի ճյուղերից մինն է), ստացել է «Մուրատ» խորհրդական անունը, որովհետև, նրան հասած` ուխտավորները սուրբ Կարապետից առնում էին իրանց մուրատները:
Վարպետ Պետրոսը և նրա կին տիկին Թարլանը, հասնելով իրանց կյանքի միջասահմանին` դեռ զավակ չունեին, որ իրանց մահից հետո թող չտար, որ տան ճրագը մարի և տան ծուխը կտրվի: Այդ հոգեմաշ տրտմությունը պղտորել էր նրանց պարզ և խաղաղ օրերը, նրանց կյանքի ամենապատվական ժամերը: Առավել ևս այնպիսի մի երկրում, ուր հրեական հետևողականությամբ ամլությունը աստուծո առանձին պատիժ էր համարվում, և այդ նախատինքը տանջում էր խղճալիներին:
Վարպետ Պետրոսը հարուստ չէր, բայց յուր արհեստով ոչ միայն երջանիկ պահպանում էր յուր փոքրիկ ընտանիքը, այլև յուր համար փառավոր տուն-տեղ հաստատելուց հետո` տեր եղավ մի մեծ այգիի, որ կարող էր մի գյուղացիի տան ապրուստի բոլոր պիտույքները հոգալ: Նրա կինը, տիկին Թարլանը ո՛չ կարդացել էր և ո՛չ էլ համարում ուներ դեպի կարդալը կամ ուսում կոչված բաները. նրա կարծիքով բոլոր «կարդացվոր» մարդիկ չարագործ և մեղավորներ են, նրանք դասվում են սատանաների կարգում:
Կամենալով շարժել աստուծո և նրա սուրբերի գութը, նրանք բաշխում էին աղքատներին իրենց ցանքի և այգիի բերքի արդյունքի մի որոշյալ մասը: Տոն օրերին մատաղներ էին զոհում, այցելում էին հրաշագործ ուխտատեղիներ, և ամեն կյուրակեմտի երեկո, լուսավորում էին իրենց գյուղի եկեղեցին բազմաթիվ մոմերով, որպեսզի աստուծո «սիրտը քաղցրանա» նրանց վրա և բախտավորե նրանց ծերությունը – մի զավակ բաշխելով:
Արդեն յոթներորդ տարին լրանում էր, վարպետ Պետրոսը և յուր կին տիկին Թարլանը սրբությամբ պահում էին սուրբ Կարապետի պասը: Վարդավառից մի ամիս առաջ ուղևորվեց բազմաթիվ ուխտավորների քարավանը դեպի Մուշ: Նույն ժամանակ վարպետ Պետրոսը յուր կնոջ հետ ընկերակցելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսին, որ յուր մտերիմ բարեկամն էր՝ ուխտավորների հետ ճանապարհ ընկան: Այդ անբախտ մարդը՝ մահտեսի Ավետիսը, նույնպես անզավակ կնոջ այր էր, որ դիմում էր սուրբ Կարապետ նույն հույսով, որ նրան մի որդի պարգևեր:
Ուխտավորները կրոնական խորին հոգեզմայլությամբ ճանապարհին հանդիպում էին Հայաստանի բազմաթիվ վանքերին, որ այնքան բազմությամբ հայոց մոլեռանդ ազգը շինել է ամեն մի սարի վրա, ամեն մի ձորի մեջ, կղզիներում – իզուր վատնելով յուր հարստությունը… Այդ թամբալխանաներում – ծույլերի և տխմարների բնակարաններում – հավաքվելով ազգի մի կտրված և անպիտան մասը, սև մազե հագուստով սովոր են հրապուրել և թովել ջերմեռանդ ուխտագնացների սնահավատությունը և դատարկել նրանց քսակները…: