Տասնևհինգ օրվա ճանապարհորդությունից հետո, ուխտավորները անցնելով Հաղբակ, Վան, Բաղեշ՝ ոտք դրին Մշու դաշտի հողի վրա: Երբ նրանք անցել էին Մուրատ գետը, որ երկու ժամվա ճանապարհ է մինչև սուրբ Կարապետի վանքը, ջերմեռանդ ուխտավորները ձիուց վայր իջան և սկսեցին բոբիկ ոտով, արտասուք թափելով, աղոթք մրմնջալով, երկրպագություն տալով – գնալ մինչև վանքը:
Վանքի սրահների, գավիթների բոլոր իջևանները լի էին ուխտավորների բազմությամբ: Վարպետ Պետրոսը ներսը տեղ չգտնելով` յուր ընկեր մահտեսի Ավետիսի հետ – իրանց վրանը կազմեցին վանքի շրջապատից դուրս – մի բարձր սարավանդի վրա:
Մի օր, արևածագից խիստ կանուխ, երբ օդը թարմ էր ու զովացնող, երբ նա ծորում էր թփերի տերևների վրա անուշահոտ և քաղցրահամ մեղր (կազպ), երբ մի բարեբույր բուրմունք շնչում էր ամենուրեք՝ վարպետ Պետրոսը խռոված գիշերային երազներով՝ դուրս եկավ վրանից, քայլերը ուղղեց դեպի սարը – յուր սրտի մեջ կուտակված տխուր-տրտում զգացումները պատմելու ծառերին, ծաղիկներին և հողին: Մի ամբողջ ժամ անձնատուր եղած դառն մտածումների, լուռ-մունջ թափառում էր նա մացառների մեջ, մինչև հոգնեց, եկավ նստեց Լուսաղբյուրի մոտ, որի ափերը հովանավորված էին ուռենիներով: Ձեռքերով գրկելով յուր ծնկները, նա նստած ականջ էր դնում ջրի կախարդական քչքչալուն-փչփչալուն, որ այնպես հիանալի կերպով լսելի էր լինում գիշերային խորին լռության մեջ: Լուսինը վառեց յուր պայծառ ճրագը՝ հսկելու աշխարհի խավար տան մեջ: Բնության օրհներգուները հնչեցրին անտառի խուլ լռությունը՝ փառաբանելով գիշերվա լուսատուն: Բայց վարպետ Պետրոսի սիրտը չէր զգում ոչ մի ուրախություն, նա ընկղմված էր դառն, մելամաղձային տխրության մեջ:
Երբեմն նա իր հետաքրքիր աչքերը դարձնում էր դեպի վանքի արևելյան կողմը – Ավետյաց բլուրի վերա, յուր մտքի մեջ պատկերացնելով այն կրոնական ժամանակների հոգին, երբ այդ սարի վրա բնակվում էին վրանների մեջ չորս հարյուրի չափ ճգնավորներ: Երբեմն նայում էր Ավետյաց բլուրի հյուսիսային կողմը, դեպի Հավատամ բլուրը, որից, սուրբ Լուսավորչի հրաշքով` ինն աղբյուրներից պարզ և հստակ ջուր է վազում, այդ առվակները միախառնվելով անցնում են վանքի միջով: Երբեմն էլ նրա տեսողությունը հրապուրում էր վանքի հարավային կողմում մի փոքրիկ մատուռ, ուր ճգնում էր յոթն խոտաճարակ աբեղաների միաբանությունը, այստեղ այժմ էլ կարելի էր տեսնել Անտոնի և Կրոնիդեսի դամբարանները:
Այդ հրաշալի տեսարանը, որ ամեն մի րոպե հազարավոր սրբազան զգացմունքներ էր ծնում նրա հոգու մեջ՝ պատկերացնելով նրա ուղեղի մեջ բազմաչարչար Լուսավորչի և նրա հզոր օգնականի ծաղկավետ աշխատությունները քրիստոսական կրոնի համար – երբեք չկարողացան ցրվել տխրության սևաթույր թուխպերը, որ կիտված կուտակված էին վարպետ Պետրոսի սրտի վրա:
Երկար ժամանակ նա նստած էր այսպես և դառն կերպով լաց էր լինում, մինչև մի անհանգիստ քուն, որ ավելի նման էր մի ջերմախտական թմրության – տիրեց նրան, նա այնպես, բաց ընկողմանեցավ արձակ օդի մեջ:
Արդեն լուսո աստղը – Արուսյակը փողփողում էր դեռևս նոր բարձրացնելով յուր գլուխը սարերի գագաթներից: Թռչունների հազարավոր տեսակները պատրաստվում էին փառաբանելու տվնջյան լուսատուն: Վարպետ Պետրոսը զարթնում է քնից: Այժմ նրա դեմքը արտահայտում էր ուրախություն, նա հանդարտ էր որպես պայծառ երկինքը: Հանկարծ նա լսում է մի ձայն.
– Բարև, եղբա՛յր:
– Աստծո բարին քեզ, մահտեսի Ավետիս, հազար բարի, – պատասխանում է վարպետ Պետրոսը ուրախությամբ ողջունելով:
– Երևի շատ ժամանակ է, որ այստեղ նստած եք, – ավելացրեց մահտեսի Ավետիսը. – ես զարմացա, երբ զարթնելով ձեզ չգտա վրանի մեջ:
– Դուք տակավին քնած էիք, երբ ես կեսգիշերին զարթեցա քնից. խառնափնթոր երազներ խռովեցրել էին իմ միտքը, և իմ սիրտը սաստիկ վրդովված էր: Երկար նստեցի անկողնիս մեջ, կարդացի իմ առավոտյան աղոթքները, բայց և այնպես որևէ թեթևություն չզգացի, ավելի և ավելի անհանգիստ էի լինում: Կրկին գլուխս բարձին դրի, բայց քունը վաղուց փախել էր իմ աչքերից: Ես վճռեցի դուրս ելնել վրանից, մի փոքր ազատ շունչ առնել և կազդուրել իմ զորությունը: Երկար, ես անխորհուրդ և աննպատակ թափառում էի գիշերային խավարի մեջ մինչև եկա այս աղբյուրի մոտ, դրա սառն ջրով լվացի երեսս. հոգիս մի փոքր զվարթություն զգաց: Ես ախորժանոք լսում էի թռչունների տաղերգը, որ եղանակում էին ուռենի ճյուղերի վրա նստած: Այդ քաղցրալուր ձայները կախարդական զորությամբ թովեցին իմ ուշադրությունը, ես հափշտակվեցա մի անբացատրելի հոգեզմայլությամբ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով:
Մինչ վարպետ Պետրոսը պատմում էր յուր գիշերային անցքը, մահտեսի Ավետիսը զարմանալի համակրությամբ, աչքերը լարած, ականջ էր դնում, թե ի՛նչ պիտի լինի յուր բարեկամի զրույցների վերջը: Վարպետ Պետրոսը շարունակեց.
– Երբ ես խորին քնի մեջ էի, մի նոր տեսիլք հրապուրում է երևակայությունս, զգում եմ ինձ մի ընդարձակ անտառի մեջ. կարծես թե մի բան որոնում էի այնտեղ, ուր օդը արբված էր հիանալի անուշահոտությամբ, և առավոտյան ցողը, որ հազարավոր գոհարներով զարդարել էր խոտաբույսերի և ծաղիկների գլուխները՝ թրջում էին իմ ոտները: Ես սքանչանոք դիտում էի եղևնիների հսկայական բարձրությունները և նայելով այն ահագին, փտած և արմատներից գետին գլորված ծերունի մայրածառերին՝ զարհուրելով նկատում էի մահի անհաղթելի իշխանությունը, որ տիրում է բոլոր տիեզերքի վրա: Մի քարաժայռի բարձրությունից տեսանելի էր մի ջրվեժ, որ սարագագաթից հոսելով ձևացնում էր մի հիանալի, ապակենման կամարակապ, որ ա՛յնքան գեղեցիկ փայլում էր հեռվից յուր թափանցիկ պայծառությամբ: Պարզ և ջինջ, մանիշակագույն երկնքի վրա փողփողում էր փայլուն գույներով ծիածանը: Մի ալևոր եղջերու յուր մանուկ ձագերի հետ խմում էր սպիտակ փրփուրների միջից, որը, առաջանալով՝ ձևացնում էր մի պայծառ առվակ, որ և ուղիղ ներս էր հոսում անտառի խորքում: Երբ ես զմայլված բնության այդ սքանչելի պատկերներով դիմում էի ուղիղ դեպի այդ տեսարանը՝ հանկարծ քարայրից դուրս եկավ իմ հանդեպ մի ալևոր անապատական մարդ: Նա նմանում էր մի խստակյաց ճգնավորի, որը յուր հոգու հանգստությունը գտել էր այդ անտառի լռության մեջ: Նրա ուղտի բրդից հորինած վերնազգեստը ծածկում էր սպիտակ քաթանից շապիկը, որ յուր քղանցքսերով հասնում էր մինչև նրա բոբիկ ոտները: Նրա մեջքը ամրացրած էր սև մաշկե գոտիով: Մի երկաթե խաչ հաստ շղթայից քարշ էր ընկած նրա մերկ, արևից սևացած, թավամազ կուրծքի վրա: Անապատականը մի բարձրահասակ և բարակ ծերունի էր: Սպիտակ մորուքը հասել էր մինչև մաշկյա գոտին: Նրա գլխի անհյուս ծալքերը արծաթաջրած ալիքներով, անփույթ, խառնափնթոր – ծածանվում էին մերկ թիկունքների վրա: Երեսը՝ գունատ, նիհար, երկայնաձև` բայց պատկառելի, պարզ և զվարթ էր. ճակատը` լայն և բարձր, աչքերը՝ խոժոռ և կրակոտ, որոնց կենդանի արտափայլությունը պարզ տեսանելի էր թավախիտ հոնքերի տակից: Յուր ձեռքին բռնած գլուխը կեռ գավազանը, որ նմանում էր հովիվների ցուպին, նա մխեց գետնին և կանգնեց իմ առջև: Այդ միջոցին, ո՛վ Մահտեսի, մտաբերում եմ՝ որ մենք երկուքս միասին էինք, դուք ևս ինձ մոտ էիք: Նա հանդարտ կերպով այսպես խոսեց.
– Ես մի ճգնավոր եմ, ինձ անվանել են «անապատում հնչող ձայն»: Ես կերակրվում եմ մեղրով, որ օդը առատորեն թափում է այս անտառի տերևների վրա7, ես ուտում եմ և՛ մարախ: Բայց որովհետև ձեր բախտը առաջնորդել է ձեզ ինձ հանդիպելու իմ լռին առանձնության մեջ, ահա հյուրասիրում եմ ձեզ մի զույգ կարմիր խնձորներով, որ այդ անտառի ազնիվ պտուղներիցն են, և դուք բախտավոր կլինեք դրանցով: – Այս խոսքերը ասելուց հետո նա յուր կողքին քարշ ընկած մաղախից, որ ավելի նմանում էր հովվական պարկին, դուրս բերեց մի զույգ կարմիր խնձոր, որոնք կարծես թե Եդեմի ծառերից քաղված լինեին: Մինը տվեց ինձ, մյուսը – քեզ, մահտեսի Ավետի՛ս, այնուհետև աներևութացավ նա ուռենյաց ծառաստանի մեջ: Թեպետ մենք շատ աղաչեցինք, որ կանգնե, որ համբուրենք նրա ոտները, նա ուշադրություն չդարձրեց, գնաց – հեռացավ մեզանից: Այնուհետև ես իմ խնձորի կարմիր մակերևույթի վրա նայեցի ուրախությամբ, և չկարողացա զսպել իմ զարմանքը՝ տեսնելով նրա կեղևի վերա ոսկե տառերով գրված «Սալբի» անունը: Դուք ևս, ո՛չ սակավ զարմանալով, ցույց տվիք ձեր ձեռքի խնձորի վրա մի երկրորդ անուն, նույնպես ոսկե տառերով գրված «Հովհաննես»: Մինչ մենք սքանչացած աշխատում էինք բացատրել այդ խորհրդական անունների գաղտնիքը, և թե ո՞վ էր այն երկնավոր ալևորը` հանկարծ զարթեցի և զգացի – երազ էր: