Մի բան, որ ավելի պարզ կերպով նկատում էի, սկսյալ այն օրից, որ ճանապարհորդում էի Ասլանի հետ` այն էր, որ նրա խորհրդավոր տեսակցությունները, ամեն տեղ և ամեն դեպքում, այնպիսի անձինքների հետ էին լինում, որոնք բողոքում էին երկրի ընդհանուր անկարգության դեմ: Եվ այդ տարբեր, զանազան ցեղերին պատկանող անձինքների մեջ կարծես թե տարածված էր մի գաղտնի թել, որ կապում էր բոլորի սրտերը, բոլորի կամքերը միմյանց հետ: Բայց ո՞ւմ ձեռքումն էր գտնվում այդ թելի ծայրը, ո՞վ էր դարձնում բոլորի կամքերը դեպի մի որոշ նպատակ, այդ գաղտնիքը և մինչև այսօր մնաց ինձ համար անհայտ: Կարոն, Ասլանը, Որսորդը և նրանց բոլոր համախոհները մի-մի գործիքներ էին, որ բաղկացնում էին մի բավականին բաղադրյալ մեքենայի կազմվածքը: Բայց այն ի՞նչ զորություն էր, որ պտտեցնում էր այդ մեքենան և նրան ընթացք և ուղղություն էր տալիս: Դա, որպես ինձ թվում էր, այն գերագույն տիրապետող ոգին էր, որ ինքը գոյություն ունի անհայտության մեջ, որ իրան պահում է անմատչելի, իսկ իր հզոր, աներևույթ ձեռքով կառավարում է մարդկանց սրտերը, մարդկանց մտքերը և նրանց ուղղություն է տալիս…
Ասլանը վերջացրել էր նամակները. նա այժմ սկսել էր կնքել ծրարները: Ճրագի լույսը խիստ աղոտ կերպով լուսավորում էր նրա գուլնաթափ դեմքը: Նա հագած ուներ մի տեսակ գիշերային խալաթ, և սենյակում տիրող տոթի պատճառով կոճակները թողել էր արձակ: Շապկի կիսաբաց օձիքից երբեմն երևում էր նրա մերկ կուրծքը: Այն լայն, զորավոր կուրծքի վրան նշմարում էի ես մի ընդարձակ սպի, որը, շատ հավանական էր, ստացվել էր հրացան գործիքից: Ես մի առանձին ուշադրությամբ նայում էի այն նշանի վրա: Չգիտեմ, ինչո՞ւ վերքը, սպին միշտ իմ մեջ հետաքրքրություն էր զարթեցնում: Երևի նրա համար, որ նա պարունակում էր իր մեջ մարդու կյանքի մի նշանավոր արկածի հիշատակները: Գուցե այդ էր պատճառը, երբ նա ծրարները կողպեց պահարանի մեջ, որ առավոտյան հանձնե թղթատարին, և երբ մտավ իր համար պատրաստած անկողինը, ես մտածեցի գոհացնել իմ հետաքրքրությունը: Բայց Ասլանը տարօրինակ բնավորություններից մեկն էր: Երբեմն նա այնքան քաղցր էր, որ կարծես թե շրթունքներից մեղր էր կաթում, իսկ երբեմն այն աստիճան ժանտ էր, որ կկարծեիր, թե աչքերից, երեսից լեղի էր թափում: Այդ րոպեներում լավ էր չխոսել նրա հետ: Բայց ես համբերել չկարողացա և համարձակվեցա հարցնել, թե այն ի՞նչ վերքի նշան է, որ երևում է նրա կուրծքի վրա:
– Ինչո՞ւ ես հարցնում, – մաղձոտ կերպով կտրեց իմ խոսքը:
– Այնպես… ուզում եմ իմանալ…
– Դրանից ի՞նչ օգուտ քեզ:
Ես լուռ կացա: Նա նկատեց, որ ես վշտացա, ավելի մեղմ կերպով ասաց ինձ.
–Ոչ ոք իրավունք չունի ուրիշի գաղտնիքների մեջ մտնել: Եթե դու հարցնեիր, թե ի՞նչպես է կազմված իմ կուրծքը, ո՞ր կողմումն է գտնվում իմ սիրտը և ի՞նչ պաշտոն է կատարում, կամ ո՞րպես են դասավորված իմ թոքերը, ես բոլորը կբացատրեի քեզ, որովհետև դրանից մի բան կսովորեիր: Բայց գիտենալ իմ կուրծքի վրա մի ծվատած տեղի պատմությունը, դա, կարծեմ, մի առանձին օգուտ չի բերի քեզ:
Ես ավելի վիրավորվեցա, ասելով.
– Դու միշտ համարել ես ինձ մի երեխա, մի հիմար և տգետ երեխա, որի հետ, բացի կատակներից, ուրիշ բան չէ կարելի խոսել:
– Ես կատակ չեմ անում: Բայց դու այնքան խելացի էլ չես, որքան կարծում ես…
Բ
ՓԱՆՈՍԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Գիշերը անցուցի անհանգիստ, տենդային դրության մեջ: Առավոտյան զարթեցա խիստ ուշ: Ասլանը սենյակում չէր, չէր երևում և վարպետ Փանոսը: Ես ինձ բավական թույլ էի զգում. մարմինս կոտրատվում էր, իսկ գլխիս մեջ տիրում էր մի տեսակ թմրություն, մի տեսակ մառախուղ: Գիշերվա բոլոր անցքերը երևում էին ինձ ինչպես մի երազ: Կոկորդիս մեջ ցավ էի զգում և, նայելով հայելու մեջ, տեսնում էի պարանոցիս վրա բաց-կապտագույն բծեր: Շապիկս բուրում էր դեղորայքի հոտով: Երևում էր, գիշերը Ասլանը իմ վրա գործ էր դրել բժշկական միջոցներ:
Վարպետի գործարանի փոքրիկ աշակերտներից մեկը ջուր բերեց, լվացվեցա, հագնվեցա և դուրս եկա պատշգամբի վրա:
Այստեղից բացվեցան իմ առջև հրաշալի տեսարաններ. երևում էին շրջակա լեռները իրանց գեղեցիկ հովիտներով, երևում էր քաղաքը իր կրկնակի պարիսպներով ու աշտարակներով, երևում էին քաղաքի բարձր սյունաձև մինարեթները և հայոց եկեղեցիների գմբեթները, երևում էր միջնաբերդը իր ահռելի, հսկայական կերպարանքով, երևում էր ծովը իր մանիշակագույն հարթ տարածությամբ: Իմ սիրտը տրոփում էր անհամբերաթյունից, թե երբ պետք է մոտից, շատ մոտից տեսնեմ այդ բոլորը: Գիշերով հասած լինելով Այգեստան` ես դեռ ոչինչ չէի տեսել: Իրավ, գեղեցիկ, շատ գեղեցիկ էր քաղաքի այդ ծառազարդ արվարձանը: Այգիների ծառերը, ծանրաբեռնված գույնզգույն պտուղներով, առավոտյան լուսով ավելի սքանչելի էին երևում, քան թե գիշերը: Արեգակը հսկում էր վերևից: Այժմ նրա լույսի երկյուղից գիշերային գողերը դադարել էին կողոպտելուց: Այժմ հերթը հասել էր ցերեկվա գողերին: Ահա ճնճղուկների ահագին երամը խառնաձայն աղմուկով իջավ ծիրանի ծառի վրա: Նրա տերևախիտ ճյուղերը թեքվեցան այդ փոքրիկ ավազակների ծանրության ներքո: Ճլվլում են, ոստոստում են և ուրախ, հաղթական աղաղակներով կտցահարում են իրանց քաղցր, հյութալի ավարը: Հեռվից ճռնչում է այգեպանի ճոճանակը, և չարաճճի խումբը միանգամից թողնում է ծառը: Ինչ զանազանություն քրդերի և այդ անմեղ արարածների մեջ: Երկուսն էլ ապրում են ուրիշի վաստակով: Բայց ճնճղուկներն ավելի բարեխիղճ են, դրանք գոնե չեն ոչնչացնում ծառերը: Այդ համեմատությունն էի անում, երբ վերադարձավ Ասլանը: Նրան տեսնելով, ես մտա սենյակը:
– Ես չկամեցա քեզ զարթեցնել, լավ է, որ վեր ես կացել, – ասաց նա բժշկի եղանակով, որ մի անծանոթ հիվանդի մոտ այցելություն է գործում: – Մոտ եկ, տեսնեմ:
Ես մոտեցա: Նա սկսեց քննել իմ կոկորդը:
– Փոքր-ինչ ուռուցք է գոյացել, բայց շուտով կանցնի, – ասաց նա, տալով ինձ մի ինչ-որ հեղուկ և մի օծանելիք, և պատվիրելով, որ առաջինով ներսից ողողեմ կոկորդս, իսկ երկրորդը` դրսից քսեմ:
– Այդ քաղաքում բժշկությունը նախ իմ վրա փորձիր, – նկատեցի ես ծիծաղելով:
– Ո՛չ, այս րոպեիս մի հիվանդի մոտից եմ գալիս, պատասխանեց նա իր սովորական սառնությամբ, – բայց խեղճը հազիվ թե կապրի:
Նա վեր առեց իր եվրոպական լայնեզր գլխարկը և հեռացավ՝ պատվիրելով ինձ հանգիստ մնալ և տնից դուրս չգալ: Ես մնացի սենյակի մեջ միայնակ:
Երևում էր, որ վարպետ Փանոսը տանը չէր, եթե ոչ` նա կգար ինձ տեսնելու: Որդու փոխարեն եկավ մայրը: Դա այն ճարպիկ, լեզվանի և աչքաբաց կանանցից մեկն էր, որ իր ընդունակություններով սքողում է, մոռացության է տալիս տղամարդի անունը, և ամբողջ զավակները հասարակության մեջ ճանաչվում են միայն մոր անունով: Նրան կոչում էին Սանամ, և վարպետ Փանոսը մոր անունով կոչվում էր Սանամի տղա:
Նա մոտեցավ ինձ այս խոսքերով.
Լսեցի հիվանդ ես, որդի, ո՞ր տեղդ է ցավում, որդի, ասում են, կոկորդդ ուռել է. սուրբ տիրամայրը փարատություն տա: Ես հիմա կլավացնեմ, մի վախիր, հենց որ մատս դնեմ մի քիչ հուփ տամ, աստծո շնորհիվ կլավանա: Անցյալ օրը մեր հարևանի տղան էլ այսպես էր, հենց որ ձեռքս դիպավ, իսկույն լավացավ:
Պառավն էլ ուզում էր նորից խեղդել ինձ: Ես, իհարկե, քաղաքավարությամբ մերժեցի նրա բժշկական հնարները, հայտնելով, որ բոլորովին առողջ եմ զգում ինձ: Բայց նա դարձյալ չհանգստացավ` զգուշացնելով ինձ, թե քաղաքում «կապույտ հազ» կա, շատերի կոկորդը ուռչում է, շատերը մեռնում են, և միայն չափահասներն ազատվում են այդ «պատուհասից», իսկ երեխաների մեջ մեծ կոտորած է պատճառում:
– Այսուամենայնիվ, – վերջացրեց նա իր խրատները, – զգուշությունը լավ բան է, – և խորհուրդ տվեց այցելել իր որդու գործարանը:
Ես զարմանում էի, ի՞նչ փրկակար ազդեցություն կարող էր ունենալ ներկարարի գործարանը «կապույտ հազի» կամ մի կոկորդի ուռուցքի վրա: Այդ մասին պառավը ոչինչ չբացատրեց ինձ: Իսկ ես հետևեցի նրա խրատին միայն այն մտքով, որ առիթ ունենամ տեսնելու գործարանը:
Երբ պառավի հետ ցած իջանք սանդուղքներից, բակում մեզ հանդիպեց վարպետ Փանոսի կինը: Նրա երեխաները (մինը տղա, մյուսը աղջիկ) մոր փեշիցը բռնած, տրտնջում էին և ինչ-որ ուզում էին: Ինձ տեսնելով, երկուսն էլ շնորհալի դեմք ընդունեցին: Ո՞րքան գեղեցիկ էին այդ մի զույգ հրեշտակները, կայտառ, առողջ և մաքուր: Երեխայի մաքրությունից կարելի է գաղափար կազմել և մոր մաքրասիրության մասին: Վարպետի երրորդ որդին, բոլորից մեծը, գրքերը թևի տակ առած, տանից դուրս էր գնում: Երևի գնում էր մի տեղ սովորելու: Երբ նա հեռացավ, երկու փոքրիկները նորից սկսեցին տրտնջալ:
Նրանց մայրը մոտեցավ ինձ և գլխով լռությամբ ողջունեց: Նա թեև չխոսեց իմ հետ, բայց իմ հասակին նայելով, երեսը չծածկեց: Ճակատը զարդարված էր ոսկիներով, իսկ պարանոցը և կուրծքը` մարջանի խոշոր շարքերով: Այդ բոլորը մի առանձին փայլ էր տալիս նրա սիրուն, համակրական դեմքին: Ժիր տան տիկնոջ հատուկ սովորությամբ` նա իր բավական նուրբ գործվածներից պատրաստված զգեստների վրա հագել էր լայն, երկար, կարմիր շապիկ, որ իջնում էր մինչև ոտները: Այդ հագնում են գործի ժամանակ, որ մյուս հագուստները չկեղտոտվին: