Րաֆֆի - Կայծեր Մաս 2 стр 5.

Шрифт
Фон

– Ինչո՞ւ չես խոսում, – հարսին իրավունք տվեց պառավ սկեսուրը, – դա էլ քո եղբայրն է:

Հարսի բերանը դարձյալ չբացվեցավ, որովհետև քաղաքավարությունը պահանջում էր, որ ես սկսեի խոսակցությունը: Բայց ես, կին տեսած չլինելով, կանանց հետ խոսելու ամենևին շնորհք չունեի: Որոնում էի մի բան` ասելու համար: Երեխաների տրտունջը ազատեց ինձ, նյութ տվեց իմ խոսակցությանը: Ես հարցրի.

– Ինչո՞ւ են տրտնջում դրանք:

– Ուզում են եղբոր հետ գնալ:

– Կարդալո՞ւ:

– Ինչ կարդացող պտուղներ են. կգնան այնտեղ, կխաղան, եղբորն էլ կխանգարեն, վարժապետին էլ:

– Ո՞վ է վարժապետը:

– Տեր Եղիշեն:

– Նա դպրոց ունի՞:

– Ուներ, բայց փակեցին… Այժմ այնպես, իմ որդու և մի քանի բարեկամների մանուկների հետ օրեկան մի քանի ժամ պարապվում է:

Իմ խոսակցության պաշարը սպառվեցավ: Մտածեցի հարցնել երեխաների անուները:

– Ի՞նչպես է մեծի անունը:

– Հայկ:

– Փոքրի՞նը:

– Արամ:

– Իսկ այդ սիրուն աղջկա՞ նը:

– Շամիրամ:

– Պատմական անուններ են, – նկատեցի ես, ինքս էլ զարմանալով եմ գյուտի վրա:

– Թագավորների անուններ են, – ավելացրեց պառավը: – Որդիս շատ անգամ պատմում է երեխաներին այդ թագավորների գործերը, ասում է, որ ամեն մեկը պետք է գիտենա, թե ո՞վ էր իր անվան տերը:

Տիկինը, ինչպես երևում էր, շտապում էր: Առավոտ էր. տնային գործերը կոչում էին նրան: Մեր թեթև խոսակցությունը նա ավելի գործնականի փոխեց, ասելով, որ ճանապարհից ու հեռու տեղից ենք եկել, խնդրեց, որ մեր սպիտակեղենները, թե իմը և թե Ասլանինը, ուղարկեմ, որ լվանալ տա, որովհետև տանը այդ օրը լվացք չէին լվանալու, և ավելացրեց, եթե կարկատելու մի բան կա, նույնպես ուղարկեմ:

– Ձեր տունն է, եղբայր, – ասաց նա, – մի ամաչեք, ինչ որ պետք ունեք, կարող եք պահանջել, որպես ձեր մորից և քույրից:

Ես շնորհակալություն հայտնեցի: Նա հեռացավ: Երեխաները այժմ հանգիստ էին: Նրանք կարծես մոռացան մեծ եղբորը, և երկուսն էլ ուրախանալով վազեցին կատվի փոքրիկ ձագի ետևից, որ նույնպես վազվզում էր բակում: «Դրանք էլ են սիրում Վանա կատուներին, որոնց մազերը կայծեր են արձակում», մտածեցի ես:

Թե մեր կողմերում, թե այստեղ, հյուրի համար մի առանձին հարգանքի և մտերմության նշան է համարվում, երբ տանտերը ցույց է տալիս յուր տնային տնտեսությունը: Այդ պատճառով ես սիրով ընդունեցի պառավի առաջարկությունը, երբ նա հրավիրեց տեսնելու իրանց տնտեսությունը: Նախ տարավ ինձ մառանը: Դա մի ստորերկրյա ներքնատուն էր, որ ամառնային սաստիկ տոթի ժամանակ ևս պահպանում էր իր մեջ խիստ ախորժելի զովություն: Այստեղ, մի կողմում, կիսով չափ հատակի մեջ թաղված, մինը մյուսի մոտ շարված էին գինու կարասները:

– Այդ բոլորը մեր այգիիցն է, – ասաց պառավը անմեղ պարծենկոտությամբ: Մյուս կողմում, զանազան փոքրիկ թակույկների (տուճիկ) մեջ կարգով դրված էին յուղ, պանիր, մեղր, աղ դրած տառեխ և զանազան տեսակ թթուներ խաղողից, բոխիից և պես-պես մրգերից ու բանջարեղեններից: Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի լիություն:

– Այդ բոլորը ո՞վ պիտի ուտե, – հարցրի ես զարմանալով:

Մենք էլ կուտենք, ուրիշներն էլ կուտեն, – պատասխանեց պառավը բարեսիրտ ծիծաղով: – Աստված խո բոլորը միայն մեզ չէ տվել. նա տվել է, որ մենք էլ չունեցողների համար բաժին հանենք:

– Գնե՞լ եք այդ ամենը:

– Ոչինչ չենք գնել: Բոլորը մեր տանիցն է. յուղը, պանիրը ստացել ենք մեր կովերից ու ոչխարներից, մեղրը մեր մեղուներից, մյուսները նույնպես մեր բերքերից ենք ստացել: Պատահում է, որ երբեմն քրդերը մեզ համար յուղ, պանիր, չորաթան ընծա են բերում, բայց մենք նրանց բերածը չենք ուտում, տալիս ենք վաճառելու:

Ես իսկույն հիշեցի, որ այդ սովորությունը Պարսկաստանի հայոց մեջ էլ կար, մանավանդ կանանց մեջ, որ «թրքազեն» է ասելով, մահմեդականների թե՛ մորթած միսը և թե՛ այլ ուտեստները պիղծ կհամարեին և չէին գործածի, ինչպես, փոխադարձապես, մահմեդականները հայերի պատրաստած ուտեստների վերաբերությամբ նույն կարծիքն ունեին:

Հետո մտանք ամբարը, որ մի ցամաք շինվածք էր, և ամեն կողմից օդը համարձակ անցուդարձ էր անում: Այստեղ ահագին, քառանկյունի փեթակները լի էին ցորենով և ալյուրով: Մեծ և փոքր խարարների ու ջվալների մեջ դրած էին զանազան տեսակ ընդեղեններ` բրինձ, ձավար, կորկոտ, մաշ, բակլա, սիսեռ, ոսպ և այլն: Դրանք պահոց օրերի համար էին:

– Բացի բրինձից, – ասաց պառավը, – մնացած բոլորը մեր մշակություններից ենք ստացել: Բրինձի մշակությունը այստեղ չի հաջողվում, և այնքան էլ ջուր չկա. ասում են, որ նա ջուր շատ է սիրում:

Պառավը երկրագործությունից նույնպես տեղեկություն ուներ:

Հետո անցանք թոնրատունը: Այստեղ հաց էին թխում, կերակուրներ էին եփում: Աղախինների և սպասավորների մի ամբողջ խումբ աշխատում էր, կարծես մի մեծ բանակ պետք է կերակրեին: Բոլորի վրա հսկում էր, բոլորին կառավարում էր վարպետի կինը: Ես զարմանում էի, թե ինչպես նրա պառավ սկեսուրը իր իրավունքները տվել էր նրան: Մեր կողմերում այս տեսակ առանձնաշնորհություններ խիստ հազիվ էին պատահում ընտանիքների մեջ: Քանի որ պառավ սկեսուրը դեռ կենդանի էր, հարսը ձայն չուներ տնային տնտեսության մեջ:

Թոնրատունը, դեպի բակի կողմը դարձրած երեսը բաց, իսկ երեք կողմից ծածկված, մի ընդարձակ սրահ էր, որ հարմարեցրած էր ամառվա կեցության համար: Այստեղից մտանք հացատունը: Կարելի է ասել, որ վարպետ Փանոսի կահ-կարասիքը և տնային հարստության մեծ մասը այստեղ էր տեղավորված: Մինը մյուսի վրա ծալած դարսած էին գեղեցիկ կապերտներ, գորգեր, սփռոցներ և նախշուն թաղիքներ: Պղնձյա մեծ և փոքր կաթսաները, սինիները, թասերը, մաքուր, նոր կլայեկած, աչք էին շլացնում: Այստեղ ևս անկողինները, իրանց բոլոր պարագաներով կապած, կարգով դարսված էին ծալքերի վրա: Ո՞ւմ համար` վարպետ Փանոսի ընտանիքը շատ փոքր էր այդքանի համար: Պառավը փարատեց իմ մտատանջությունը` ասելով.

– Պատահել են ուրախության հացկերույթներ, կնունք ենք ունեցել կամ մկրտություն, պատահել է, որ սուգ ենք ունեցել, մեռելահաց ենք տվել. հարյուր հոգուց ավելի մեր սեղանի վրա նստած են եղել: Բայց երբեք չի պատահել, որ մի գդալ անգամ հարևանից փոխ առած լինեինք: Ամեն ինչ մեր տանը պատրաստ ունեցել ենք, և ամոթ ենք համարել ուրիշից բան խնդրել: Մարդս մեռնելուց հետո ես շատ խեղճություն կրեցի. բայց այն ժամանակ ևս իմ աշխատանքով էի ապրում: Իսկ երբ որդիս մեծացավ, աստուծո ողորմածությամբ, հոր դատարկված տունը նորից լցրեց: Հիմա շատերը, որոնք առաջ ծիծաղում էին մեզ վրա և մարդի տեղ չէին դնում, հիմա նախանձում են:

Պառավի խոսքերը, և այն բոլորը, որ ես տեսա, իմ մեջ զարթեցրին և՛ ուրախ, և՛ տխուր մտածություններ: Ուրախալի էր ինձ տեսնել հայկական մի ճոխ տուն, աստուծո բոլոր բարիքներով լի, ուր ամենքը ուրախ և գոհ վայելում էին անսպառ բախտավորություն: Իսկ նրա շուրջը բազմաթիվ ընտանիքներ հեծում էին աղքատության մեջ: Ի՞նչ էր դրա պատճառը: Ես համոզված էի, որ թողյալ արտաքին հանգամանքերը, որոնք փութացնում էին տիրող աղքատությունը, գլխավոր և բուն պատճառը պետք էր որոնել իրանց` աղքատների մեջ: Ես հետո առիթ ունեցա մոտից, շատ մոտից շոշափել այդ պատճառները: Այդ դուք կտեսնեք իմ պատմության ընթացքում: Բայց ավելի համոզվեցա իմ կարծիքների մեջ, երբ տեսա վարպետ Փանոսի գործարանը:

Պառավի առաջնորդությամբ ես մտա մի երկարաձև շինվածքի մեջ, ուր զետեղված էր գործարանը: Այստեղ մինը մյուսի մոտ շարված էին ներկի կարասները: Ներկում էին ամեն գույներով, առավելապես լեղակի գույնով: Գյուղացինրը բերել էին զանազան տեսակ տնային գործվածքներ, որպիսիք են` կտավ, շալ, բամբակյա կամ բրդյա թելեր և այլն: Հաճախորդների մեջ կային զանազան ազգերից և զանազան լեզուներից` հայ, թուրք, քուրդ, ասորի և ուրիշները: Վճարների հատուցումները կատարվում էին ըստ մեծի մասին երկրագործական և անասնապահական բերքերով. փողի փոխարեն տալիս էին յուղ, պանիր, ցորյան, բուրդ, մորթիք և այլն: Այդ էր պատճառը, որ գործարանատերը ստիպված էր քաղաքում մի խանութպանի հետ ընկեր լինել, որպեսզի վաճառվեն այդ մթերքները: Ոմանք ոչինչ չէին վճարում:

Աշխատանքը եռ էր գալիս ժրաջան բանվորների ձեռքում: Փոքրիկ և մեծ աշակերտները, հագուստով ու մարմնով թաթախված ներկերի մեջ, վժվժում էին այս կողմ ու այն կողմ: Կապույտ լեղակը ամենի ձեռքերի և դեմքի վրա թողել էր իր թախծալի գույնը: Կապույտ էին գործարանի փայտյա սյուները, կապույտ էին առաստաղը, հատակը և կավով ծեփած պատերը, կապույտ էին երկայն փայտյա ձողերը, որոնց վրա չորացնելու համար կախ էին տված ներկված կտավները: Կապտագույն էր և լույսը, որ ներս էր թափանցել գործարանի նեղ պատուհաններից:

Բայց իմ ուշադրությունը գրավեց մի այլ բան, գործարանի փոխվարպետը, մի երեխա գրկում բռնած, լռությամբ մոտեցավ լեղակի կարասին: Կարասը հենց նոր էին խառնել և մուգ-լրջագույն փրփուրը դեռ դիզված էր նրա բերանի վրա: Նա երեք անգամ պտտացրեց երեխային կարասի շուրջը, հետո խորհրդավոր կերպով մատը թաթախեց փրփուրի մեջ և նրանով խաչաձև օծեց երեխայի կոկորդը: Պառավ դայակը, որ կանգնած էր այնտեղ և երկյուղածությամբ նայում էր այդ գործողության վրա, ընդունեց փոխ-վարպետի ձեռքից երեխային, նրա բժշկությանը վարձատրելով մի կապտագույն աքաղաղով, որ բերել էր յուր հետ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги