Րաֆֆի - Կայծեր Մաս 2 стр 6.

Шрифт
Фон

– Այդ երեխան կապույտ հազ ունի, – ասաց վարպետ Փանոսի մայրը, որ կանգնած էր իմ մոտ, և խորհուրդ տվեց, որ նույն գործողությունը և իմ կոկորդի վրա կատարել տամ:

Շատ չանցավ, սովորական ժպիտը երեսին, ներս մտավ վարպետ Փանոսը: Նրա հայտնվիլը այն ազդեցությունը չգործեց, ինչպես առհասարակ լինում է վարպետի ներկայության ժամանակ. անգործը գործի է դիմում, աղաղակները լռում են, կրկին տիրում է կարգը, ոչ, այլ կարգը պահպանված էր և նրա բացակայության ժամանակ: Նրա մեջ չէր երևում ոչ հպարտ գործարանատիրոջ խստությունը և ոչ արևելյան վարպետի կոպիտ տիրասիրությունը, այլ մի պարզ, մտերմական կապ միացնում էր ստորադրյալներին իրանց գլխավորի հետ: Նա գործունյա մարդու հատուկ աչալրջությամբ մոտեցավ կարասներին, նայեց նոր ներկած կտավներին ու շալերին, մի քանի բաներ հարցրեց, մի քանի պատվերներ տվեց և հեռացավ: Նրա մի հայացքը բավական էր գիտենալու համար, թե որտեղ ի՛նչ էր պակաս, և որտեղ ի՛նչ պետք էր անել: Հետո նա դարձավ դեպի հաճախորդները. մոտենում էր ամեն մեկին, բարևում էր, հարցնում էր նրանց առողջությունը, հետաքրքրվում էր նրանց դրությամբ, թե ի՞նչպես է հացի բերքը, առո՞ղջ են նրանց անասունները, առո՞ղջեն նրանց հայրը, մայրը, կանայք, զավակները և այլն: Բոլորի անունները գիտեր, բոլորի մասին հարցմունքներ էր անում:

Ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր՝ հաճախորդների չափազանց ընտանիությունը թե՛ վարպետ Փանոսի և թե՛ նրա տան հետ: Մի քուրդ մոտեցավ նրա մորը խնդրեց, որ իր անթարիի պատռված թևքը կարել տա: Մի այլ քուրդ մի զույգ կենդանի կաքավներ էր բերել վարպետի փոքրիկ երեխաների համար: Ես զարմանում էի, ի՞նչ էր պատճառը, այդ մարդը, որ գիշերը Ասլանի հետ այնքան դառնությամբ էր խոսում քուրդերի մասին, այժմ այդպես բարեկամաբար ողջագուրում էր նրանց: Մի՞թե դա մի տեսակ կեղծավորություն էր նրա կողմից, մի՞թե շահեկան նպատակները ստիպում էին նրան շողոքորթել իր հաճախորդներին: Ոչ, վարպետ Փանոսը ոչ կեղծավոր և ոչ շահասեր մարդ էր: Նա առհասարակ սիրում էր բարեկամական հարաբերություններ պահպանել ամեն տեսակ մարդկանց հետ, մանավանդ գյուղացիների հետ:

Վարպետ Փանոսի տունը մի տեսակ հյուրանոց էր այդ ամեն կողմից եկած, խառնիճաղանջ բազմության համար: Ես նրա գործարանը համեմատում էի իմ քեռին երի զինագործության գործարանի հետ: Բայց այնտեղ բոլորովին ուրիշ բան էր. այնտեղ գլխավորապես դեր էր խաղում շահը: Հաճախորդներից ոմանք, որոնք հեռու տեղերից էին եկած, իրանց գրաստները կապել էին վարպետի ախոռատանը. այնտեղ նրանց համար թե՛ սնունդ և թե՛ խնամք պակաս չէր: Գրաստների տերերը իրանք ևս գիշերում էին ախոռատանը կից առանձին բնակարանում և վարպետի խոհարանից կերակուր էին ստանում: Ոմանք իրանց գյուղերից բերած մթերքները տեղավորել էին նրա տանը. այստեղից տանում էին բազարը, վաճառում էին և փոխարենը ինչ-որ գնելիք ունեին, առնում էին ու բերում, նույնպես դնում էին նրա տանը: Կարծես այստեղ մի տեսակ մթերանոց լիներ նրանց համար: Նրանք այնքան ժամանակ հյուրասիրություն էին վայելում, մինչև գործները վերջացնում էին, հետո շնորհակալությամբ գնում էին իրանց տեղերը:

Երբ որ պատահում էր վարպետ Փանոսին գնալ քրդերի «օբաները», նա նույն հարգանքը և սիրալիր հյուրասիրությունն էր վայելում նրանց վրաններում: Օրերով, շաբաթներով, ամիսներով պահում էին իրանց մոտ, մի ընտանիքի վրանից մյուս ընտանիքի վրանն էին հրավիրում, ուտեցնում էին, խմեցնում էին, հետո զանազան պարգևներով ճանապարհ էին դնում: Մեկը ընծայում էր մի գեղեցիկ ձի, մյուսը` մի թանձր թաղիք կամ կապերտ, երրորդը` մի քանի ոչխարներ «ղավուրմայի» համար, չորրորդը` մի տիկ պանիր, յուղ, մեղր և այլն:

Զարմանալի էր այդ եռանդոտ և վերին աստիճանի բանիմաց մարդու բարոյական ազդեցությունը քրդերի վրա: Քրդերի զանազան ցեղերի մեջ, ուր նրա անունը հայտնի էր, ուր ճանաչում էին նրան` նա համարյա թե պաշտելի էր: Լինում էին կռիվներ քրդերի մեջ, թշնամություն, արյան վրեժխնդրություն, բավական էր, որ վարպետ Փանոսը հայտնվեր նրանց մեջ և մի երկու խոսք ասեր, իսկույն կտիրեր խաղաղություն: Շատ անգամ իրանք, քրդերը, փոխանակ իրանց շեյխերին դիմելու, հրավիրում էին նրան վճռելու իրանց մեջ ծագած այս և այն վեճերը: Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում, որ ամենադժվարին խնդիրներում անգամ, կարող էր մի քանի խոսքով հաշտություն կայացնել:

Վարպետ Փանոսի բարեկամությունը քրդերի հետ ոչ սակավ օգուտ էր բերում հայ գյուղացիներին: Ինձ պատմում էին այսպիսի դեպքեր. պատահում էր, որ հայ գյուղացիներից մեկի կովը, եզը կամ ոչխարները գողանում էին քրդերը. բավական էր, որ գյուղացին գիտենար, թե իր անասունները ո՛ր ցեղի մեջ են տարել կամ ո՛վ է իր գողը: Նա այլևս փաշային կամ մուֆթիին չէր դիմում գանգատվելու, ուղղակի գալիս էր վարպետ Փանոսի մոտ, հայտնում էր իր հետ պատահած անցքը: Վարպետը ուղարկում էր նրան նույն ցեղի ցեղապետի մոտ, ուր տարել էին կողոպուտը: Գյուղացին գնում էր, ներկայանում էր ցեղապետին այսպիսի խոսքերով. «Իմ այս և այն անասունները գողացել են. ասում են, որ ձեր «էլի» մեջն են բերել. ինձ ուղարկեց ձեր սպասին վարպետ Փանոսը, խնդրեց, որ գտնվի կողոպուտը»: Եթե, իրավ, գողացված անասունները այնտեղ էին տարված, իսկույն գտնում էին և հանձնում տիրոջը իսկ եթե տերը սխալվել էր, նրան ցույց էին տալիս կողոպուտի տեղը (քրդերի մեջ ոչ մի գողություն գաղտնի չէ մնում): Տերը հայտնվում էր ցույց տված տեղը՝ դարձյալ միևնույն խոսքերով, և ետ էր ստանում իր կորուստը:

Այդպիսի դեպքերում վարպետ Փանոսը նամակ չէր գրում, այլ ամեն հանձնարարություն կատարվում էր բերանացի պատվերներով: Բայց որպեսզի հավատային, որ ներկայացողը իսկապես նրա կողմից էր ուղարկված, նա սովորաբար տալիս էր նրա ձեռքը մի որևիցե նշան, օրինակ` իր դանակը, «տեր-ողորմյան», մորուքի սանդրը, վերջապես մի բան, որ տանողը ցույց էր տալիս` ասելով. «Այդ էլ վարպետի նշանն է»:

Երբ ճանապարհների վրա Քրդերը պատահեին մի հայ գյուղացու, բավական էր, որ նա ասեր, թե ես վարպետ Փանոսի մարդն եմ, այլևս նրան չէին դիպչի: Իհարկե, այդ բոլոր հարգանքները վայելում էր վարպետը այն ցեղերի կողմից, որոնց հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր, իսկ թշնամի ցեղերը ոչ միայն հայերին, այլ նույնիսկ քրդերին կկողոպտեին, եթե նրանք օտար ցեղի էին պատկանում: Գողությունը, հափշտակությունը, կողոպուտը քրղերի համար ապրուստի սովորական միջոցներից մեկն է:

Մի անգամ ես հարցրի վարպետ Փանոսից.

– Ի՞նչ միտք ունի քո այդքան բարեկամությունը քրդերի հետ, որոնց այդքան ատում ես:

Նա պատասխանեց հայկական առածով.

– «Շան հետ բարեկամացի՛ր, բայց փայտը ձեռքումդ պատրաստ պահի՛ր»…

Վարպետ Փանոսը կարդացած մարդ էր. հայոց հին գրականությունը նա բավական լավ ոաումնասիրած էր. Եղիշեից, Թոմա Արծրունուց նա ամբողջ գլուխներ անգիր գիտեր. իսկ Խորենացու հետ այնքան ծանոթ էր, որպես մի հմուտ քարոզիչ, որ գիտե, թե Ավետարանի այսինչ գլխի այնինչ համարում ինչ է ասված: Նրա մանկության օրերում հայտնի էր Ղազար վարդապետ «սքանչելագործը»: Այս տարապայման աբեղան ոչ մի վանական միաբանության հետ չհաշտվեցավ, կամ ավելի ճիշտ կլիներ ասել` միաբանությունները նրա հետ չհաշտվեցան, այն պատճառով առանձնացավ իր տանը, և մի քանի մանուկներ հավաքած իր շուրջը, սկսեց պարապել նրանց կրթությամբ: Այդ աշակերտներից մեկն էր պատանի Փանոսը և հառաջադեմ աշակերտներից: Վարժապետը նրան շատ էր սիրում և շատ անգամ խրատում էր, որ վարդապետ չդառնա: Այդ ժամանակ ուսում առնում էին միայն հոգևորական դառնալու նպատակով: Պատանի Փանոսի հայրը վաղուց մեռած լինելով` նրա վարժապետը առանձին հոգ էր տանում նրա ապագայի համար, նշմարելով նրա մեջ բավական հարուստ ընդունակությաններ: Իր վարժապետի խորհրդով Փանոսը մտավ մի ներկարարի գործարան: «Ինչ որ ինձ մոտ սովորեցար, այդքանը բավական է մի արհեստավորի համար, – ասաց բարեսիրտ վարժապետը, երբ ճանապարհ դրեց նրան իր դպրոցից, – հիմա գնա արհեստ սովորի՛ր, որ քեզ հաց տա»…

Ներկարարի գործարանում Փանոսը նույն հաջողությունը ունեցավ, որպես իր վարժապետի փոքրիկ դպրոցում: Իր ընդարձակ ընդունակությունների համար այստեղ ավելի լայն ասպարեզ գտավ, և մի քանի տարուց հետո աշակերտից դարձավ փոխ-վարպետ և մի նոր փայլ տվեց իր վարպետի գործարանին: Այդ տեսնելով, վարպետը շատ անգամ առաջարկում էր նրան ընկերանալ իր հետ, բայց Փանոսը միշտ շնորհակալությամբ մերժում էր: Երբ նա փոքր ի շատե գումար ձեռք ձգեց, հիմնեց իր համար մի փոքրիկ գործարան, որը հետզհետե ընդարձակելով, այն կատարելագործությանը հասցրեց, որպես մենք տեսանք:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги

Популярные книги автора