Պարոնյան Հակոբ - Մեծապատիվ Մուրացկաններ стр 3.

Шрифт
Фон

– Տիկին, մեր իրավունքը տուր, որ երթանք, պարապ տեղը չսպասենք հոս, – ըսին բեռնակիրները։

– Վաղը եկեք, – պատասխանեց տիկինն․ և բեռնակիրներն, որք վաղը բառն ամեն օր լսելու վարժված էին, տիկնոջ պատասխանին վրա դռնեն դուրս ելան։

– Թաղականի մը ետևեն է ինկեր, – շարունակեց տիկինն դարձյալ, և բնավ չմտմտար, որ ուտելու համար հաց պետք է, միս պետք է, եղ պետք է, բրինձ պետք է․ զանոնք եփելու համար փայտ պետք է, ածուխ պետք է․ ասոնք բնավ չհարցուներ, առտուն լուսը չճեղքված կերթա և իրիկվան մութուն կուգա։ Ահա հյուրերնիս այսօր եկած է և ժամե մը հոս պիտի գա․ հարկավ անոթի է մարդն, առջևը բան մը հանելու է, որ ուտե, և մենք բան մը չունինք, վասն զի իրիկունները տուն եկած ժամանակ կտոր մը միս կամ ձուկ չբերեր, որ տունին մեջ կերակուր գտնվի․․․ թաղականեն ուրիշ բան չունինք տուներնուս մեջ, ամեն իրիկուն թաղական․․․

Տիկինն դեռ դիտողություններն լմնցուցած չէր, և ահա յոթանասունի մոտ մարդ մը, որ բանալիով բացած էր դուռն, ժպիտով ներս մտավ և բարևեց տիկինը։ Այս մարդը տիկնոջ ամուսինն էր։ Յուր խորշոմած կունտ ճակատն չափեն ավելի դուրս ցցված էր և այնպիսի դեմք մը ուներ, որ կարծես, թե մեկն զայն կը խտղտեր։

Այս մարդն հազիվ թե դռան սեմեն ներս ոտք կոխած էր, կինն առջևն ելնելով՝ հարցուց անոր։

– Ո՞ւր էիր մինչև հիմա, մարդ աստուծո։

– Չես ըսեր, կնի՛կ, թաղականին գործն ալ այսօր լմնցուցինք․ կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի, և բոլոր անդամները պատվավոր մարդիկ պիտի ըլլան։ Թորոս աղան ինծի քանի մը օղի խմցունելով ետևես ինկավ, որ յուր ուզած մարդոցը քվե տամ, բայց ես իմ մարդոցս տվի, վասնզի իմ մարդիկս ինծի ամեն գիշեր օղի կը խմցունեն և շատ բարի և պատվավոր մարդիկ են, ուրիշներուն պես թաղին սնտուկեն ստակ չեն գողնար և դպրոցն ալ․․․

– Այդ խոսքերուն ատենը չէ հիմա, շուտ մը գնա կտոր մը միս առ։

– Թորոս աղան քիչ մը սրդողեցավ, և ասկից վերջը հետս սքամպիլ չպիտի խաղա․ թո՛ղ չխաղա՜․․․։

– Ես քեզի ի՞նչ կըսեմ կոր․․․ շուտ ըրե՛, գնա՛։

– Ես ալ տիրացու Մարտիրոսին հետ տամա կը խաղամ ասկից ետքը․․․

– Այդ խոսքերը վերջն ալ կընենք, Մանուկ աղա, գնա՛ մսավաճառեն քիչ մը միս առ ու բեր։

– Տիրացու Մարտիրոսին գլխուն եկածը չես ըսեր, կնի՛կ․ խեղճին կինն այս գիշեր մազ մնացեր է, որ մեռնի եղեր․․․

– Ինչո՞ւ։

– Մանչ մը բերեր է․ բայց շատ դժվարությամբ․ չորս դայակ և տասնվեց բժիշկ հազիվ կրցած են տղան առնել։

– Խեղճ կնիկ․․․

– Վաղը քիչ մը գնա՛, զինքը տե՛ս։

– Կերթամ, հիմա դուն գնա, սա մսին գործը լմնցուր։

– Այս գիշեր անպատճառ միս պե՞տք է։

– Հապա, Աբիսողոմ աղային անկողինն ու սնդուկները բերին, ինքն ալ հիմա կուգա։

– Իրա՞վ կըսես, կնի՛կ։

– Սուտ ինչո՞ւ պիտի խոսիմ։

– Շատ աղեկ ուրեմն․ երթամ պատվական միս մ՚ առնեմ ու գամ։

Մանուկ աղան անմիջապես տունեն դուրս ելավ և հազիվ թե քանի մը քայլ առած էր, կինը ետևեն պոռալ սկսավ․

– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Մանուկ աղան ետ դարձավ․

– Միսն ինչո՞վ պիտի եփենք, – հարցուց կինը։

– Կուզես գետնախնձորով եփե՛, կուզես լուբիայով։

– Ատ չէ իմ ըսածս․ ածուխ չունինք, քիչ մ՚ ալ ածուխ առնեիր։

– Շատ աղեկ, – պատասխանեց Մանուկ աղան և սկսավ երթալ։

– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա, – կանչեց տիկինը նորեն։

Ետ դարձավ Մանուկ աղան։

– Աղեկ ա՛, մինակ միսով չըլլար, քիչ մ՚ ալ բրինձ ա՛ռ, որ ապուր մ՚ ալ շինենք։

– Աղեկ ըսիր, կնի՛կ, քիչ մ՚ ալ բրինձ առնենք։

Մանուկ աղան այս անգամ վազելով սկսավ երթալ․ փողոցը դառնալու վրա էր, երբ կինն բոլոր ձայնովն ետևեն զայն կանչեց․

– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Ման․․․

Կանգ առավ էրիկն և վերստին ետ դարձավ՝ այս անգամ դեմքին զվարթության վրա քիչ մը գեղջ ընելով։

– Ի՞նչ կուզես․․․

– Մարդ աստուծո, շոգեկառքի պես կը վազես, ձայնս մարեցավ։ Սոխ չունինք, աղ ալ չունինք, քիչ մ՚ ալ գազ կամ ճրագ առնելու է, որ վառենք․ մարդը մութո՞ւն պիտի նստեցունենք։

– Աղեկ ա՛, ամենը մեկեն ըսե, որ նպարավաճառին երթամ և պետք եղածներն առնեմ․ հարյուր անգամ ետևես կանչեցիր։

– Ջուրի շիշ ալ չունինք․․․ գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա․ այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ։

– Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք, – ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով դուրս ելավ։

– Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա․․․

– Ուզածիդ չափ պոռա՛, ա՛լ ետ չեմ դառնար, – մռմռաց Մանուկ աղան և ճամփան շարունակեց։

Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր, երբ կնկան ձայն մը առավ, որ զինք կը կանչեր։

– Գործ չունիս նե, պոռալով ետևես վազե, – ըսավ ինքնիրեն Մանուկ աղան՝ առանց գլուխն ետ դարձնելու՝ տեսնելու համար, թե ով էր զինք կանչողը։

– Մանուկ աղա, Մանուկ աղա, – կրկնեց ձայնը, որ տիրացու Մարտիրոսին տասնամյա աղջկանն էր։

Մանուկ աղան շարունակեց յուր ճամփան․ և տիրացու Մարտիրոսին աղջիկն՝ քայլերն փութացնելով՝ տասը քայլ հեռավորությամբ մոտեցավ անոր։ Խեղճին շունչը կտրած ըլլալով՝ անգամ մ’ալ կրցավ պոռալ.

– Մա՛նուկ աղա։

Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով Մանուկ աղային հագուստի ծայրեն քաշելու։

– Թող տուր, կնի՛կ, – ըսավ Մանուկ աղան՝ առանց ետևը նայելու։

– Բան մը պիտի ըսեմ։

– Մտիկ ընելու ժամանակ չունիմ․ ըսածներդ արդեն չեմ կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի ըսես․․․

– Դայակին տունը պիտի հարցունեի․․․

Դայակ բառը լսելուն պես արթնցավ Մանուկ աղան և ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկն տեսնելով՝

– Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը, – հարցուց անոր։

– Ա․․․յո․․․ես․․․ – պատասխանեց Աղավնին, որ հևալեն ա՛լ չէր կարող խոսել։

– Մայրդ ի՞նչպես է։

Աղավնին կը հևար։

– Չըսե՞ս, մայրդ ի՞նչպես է․․․ դժբախտությո՞ւն մը պատահեցավ։

Աղավնիին բոլոր պատասխանը հևալ էր․․․

– Հետաքրքրութենես պիտի ճա՛թիմ․․․ չըսե՞ս, աղջիկ, հևալու ժամանա՞կ է հիմա, մայրդ ի՞նչպես եղավ։

– Մայ․․․րի․․․կս․․․ ա․․․ղեկ է, բայց․․․տը․․․ղան․․․ ծիծ չը․․․բռ․․․ներ․․․կոր․․․ դա․․․յա․․․կը․․․պի․․․տի․․․

– Շատ լավ, շատ լավ, աղջիկս, դուն տուն գնա, դայակն ես կը ղրկեմ։

Աղավնին բաժնվեցավ Մանուկ աղայեն, որ ճամփան փոխեց դայակին տունը փնտրելու համար։

Չուզելով մեր ընթերցողին ձանձրույթ պատճառել՝ կը թողունք Մանուկ աղան, որ ամեն քայլափոխին բարեկամի մը կը հանդիպեր և անոր կծանուցաներ կամ թաղականին ընտրությունը կամ տիրացու Մարտիրոսին կնկան մանչ զավակ մը բերելն կամ Աբիսողոմ աղային գալը։ Դառնանք հիմա Աբիսողոմ աղային։

Գ

Բավական երկար տարիներե ի վեր սովորություն եղած է, որ շատերը ուսում առնելու համար Ֆրանսա կամ Գերմանիա երթալեն ետքը մայրաքաղաքս կուգան կին առնելու համար, և ընթերցողն ալ գիտե արդեն, որ Աբիսողոմ աղան ալ ուրիշ նպատակով եկած չէր Կ. Պոլիս։ Ընթերցողս չմոռցավ նաև, թե այս ամուսնության խնդիրն ո՛րչափ միտքը գրաված էր Աբիսողոմ աղային, որ առջևեն եկող էշերը չտեսնելով՝ անոնց միույն դեմ բախեցավ։ Թերևս հարցվի, թե Աբիսողոմ աղային դեմ բախվող ավանա՞կն ալ ամուսնության վերաբերյալ գործ մ’ուներ, որ յուր առջև չտեսավ Աբիսողոմ աղային պես խոշոր մարդ մը։ Անոնք, որ պատմության քիչ կամ շատ ծանոթություն ունին, գիտեն, որ էշերը, որոնց նախահայրերեն մին ժամանակավ հրեշտակ տեսած է, բնավ կարևորություն չեն տար մահկանացուներուս և կուզեն, որ միշտ մենք ճամփա բանանք իրենց։ Աբիսողոմ աղան եթե պատմության տեղյակ ըլլար, կամ կին առնելու խնդիրով միտքն չզբաղեցուներ, անշուշտ ճամփա պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս թագավորին ներկայացուցիչներն ըլլալու պատիվն ալ կը վայելեն։

Արդ, Աբիսողոմ աղան էշերեն բաժնվելեն ետքը Ծաղկի փողոցը գտնելու համար անոր ասոր հարցումներ կուղղեր․ վասնզի ինքն առաջին անգամ էր, որ Պոլիս կուգար, և Տրապիզոն բնակվող բարեկամներեն մին խորհուրդ տված էր իրեն, թե հանգիստ ուտելու և պառկելու համար հիշյալ փողոցը, հիշյալ թիվը կրող տունն իջնելու էր։ Այդ բարեկամն շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ նամակով իմացուցած էր, որ Աբիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակեր։ Աբիսողոմ իրեն տրված տեղեկություններուն համեմատ մեկ փողոցեն կը մտներ, մյուսեն կելլեր, երբեմն ալ սխալմամբ անել փողոցներու մեջ կը մտներ, կը բարկանար, ետ կը դառնար և մեկ կողմեն ալ կը կասկածեր, որ բեռնակիրներն իրեն անկողինն և սնդուկներն առնելով չփախչեին, թեպետ և անոնց հավատարմությունն շատերեն լսած էր։

Ժամու մը չափ Բերայի փողոցները չափելեն ետքը՝ Աբիսողոմ աղան հաջողեցավ վերջապես գտնել Ծաղկի փողոցն, զոր շփոթելու չէ նույն անունը կրող փողոցին հետ, որ Բերայի հրդեհեն մոխիր դարձած էր հազար ութը հարյուր յոթանասունը չեմ հիշեր քանիին։ Այս փողոցն Ծաղկի փողոց կանվանվեր սա պատճառով, որ հոն բոլոր տուներուն պատուհաններուն առջև միշտ ծաղիկներ կը գտնվեին։

– Երկու թիվն ո՞րն է, – հարցուց, առանց գիտնալու, Մանուկ աղային կնոջը, որ դռան առջև յուր էրկանը գալստյան կսպասեր։

– Աս է հրամմե՛ցեք, Աբիսողոմ աղա, – պատասխանեց տիկինը։

– Անկողինս և սնդուկներս բերի՞ն։

– Բերին, Աբիսողոմ աղա․ վեր հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե կուզեք, քիչ մը հոգնություն առնելու համար սա պզտիկ սենյակը նստեցեք, – ըսավ կինը գետնահարկի վրա պզտիկ խուց մը ցույց տալով։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора