«Ոստիկանի պաշտոնական համազգեստը փոխելով պատվավոր քաղաքացու հագուստով, նա մտավ մեծամեծ կապալների մեջ, սկսեց այնուհետև խաղ առնել հարյուր հազարների հետ… և շուտով տեր դարձավ քաղաքի նշանավոր մասներում հոյակապ տների, լծեց փառավոր կառք և սկսավ վայելել յուր բախտը…
«Նրա կինը՝ համարյա մի ձու էր յուր ամուսնու հետ կես կիսած: Նախախնամությունն անգիտելի է, թե ինչ նպատակով շատ անգամ այդպիսի երկու համամիտ և համակամ բնավորությունները լծորդում է միմյանց հետ: Նա այն ազդեցություն ունեցող կնիկներից մինն էր, որոնց ներգործությունը մեծ նշանակություն ունի զանազան մարդերի ճակատագրի վրա: Այդպիսի կանայք, որոնք կառավարում են նշանավոր պաշտոնակալների սանձը, միշտ եղել են և լինում են մեծամեծ փոփոխությունների պատճառներ և կարծես հսկում են մարդերի բախտավորության և անբախտության վրա: – Այդպես էր օրիորդի մայրը: Նա կատարում էր մի երևելի միջնորդի դեր ոչ միայն հասարակական կյանքում, այլև նշանավոր գերդաստանների ընտանեկան շրջանի մեջ. – ում աղջիկը պետք էր մարդու տալ, ո՜ր տղամարդն ամուսին լինելու միտք ուներ, նա խառն էր դրանց պայմանների մեջ, և այդպիսի դեպքերում այնքան առատ էր նրա հունձքն, որքան թույլ էր տալիս յուր մանգաղը…