Դուռը բացվեցավ. շեմքի վրա հայտնվեցավ հրեան ճրագը ձեռին: Նա անդադար մյուս ձեռքը քսում էր իր երեսին, կարծելով, թե Աղասու մատները դեռ կպած էին այնտեղ: Նա ինքն իրան մրթմրթում էր.
– Չի էլ ասում, որ աղան է գալիս… աղայի առջև ո՞վ կփակե իր դուռը… իմ տունը աղայի տունն է… անիծված… ա՜խ, ի՜նչ ծանր ձեռք ունի…
– Ես քեզ հազար անգամ ասեցի, – պատասխանեց Աղասին, – բայց դու էլի չէիր ուզում բաց անել:
– Լավ է, լավ, – խոսեց իշխանը վեր գալով ձիուց, – Հարունը լավ մարդ է, նրան պետք չէ ծեծել:
– Հա՜, այդպես, քո հոգուն մատաղ, – պատասխանեց հրեան, և դառնալով դեպի Աղասին էլի կրկնեց, – ա՛խ, ի՜նչ ծանր ձեռք ունի այդ անիծվածը…
Հրեան ծեծը ուտելուց հետո փափկացել, մոմ էր դարձել. նա ամեն կողմ ծալվում էր, գործ դնելով շողոքորթության բոլոր ձևերը: Նա մի քանի րոպեի մեջ ձիերը տեղավորեց իր տան բակում և հյուրերին հրավիրեց միևնույն սենյակում, ուր ինքը իր կնոջ հետ ապրում էր:
Գ
Հարունը Օրդուբաթի հրեա ոկերիչների մեջ միակ վարպետն էր, որ բացի ոսկերչությունից գիտեր և կնիքներ փոխագրելու արհեստը: Նա բավական հարուստ էր, ինչպես ամեն մի հրեա, որ գոհարների և թանկագին մետալների հետ գործ ունի: Իշխանի անակնկալ այցելությունը, որի անունը միայն լսած էր, իսկ անձամբ չէր ճանաչում, սաստիկ վախեցրեց նրան: Ո՞ր սատանան բերեց այդ թափառաշրջիկ ասպետին իր տունը, այն ևս գիշերը, երբ հարևանները բոլորը քնած էին: Ի՞նչ էր ուզում նա: Ինչ էլ որ լիներ, հրեան համոզված էր, որ մի բարի բան նրանից սպասել չէր կարելի:
Խրճիթը, ուր ներս տարավ Հարունը իր հյուրերին, բաղկացած էր երկու փոքրիկ սենյակներից, որոնցից մեկը ծառայում էր որպես մթերանոց և բովանդակում էր իր մեջ նրա տնտեսության բոլոր պարագայքը, անկարգ, խառնիխուռն կերպով ածված միմյանց վրա, – իսկ մյուսը նրա քնարանը, հյուրանոցը, խոհանոցը, մի խոսքով, ամեն ինչն էր:
– Բարով, հազար բարով, իմ աչքիս վրա, իմ գլխիս վրա, համեցեք, նստեցեք, – ասաց հրեան խնդրելով նստել:
Ջումշուդը և Աղասին մնացին ոտքի վրա, իսկ նրանց տերը աչք ածեց իր շուրջը, մի հարմա տեղ չգտավ նստելու համար: Սանյակի հատակը բավական ցած լինելով բակի հատակից, անձրևի ջուրը դռան շեմքից ներս էր թափվել և լճացել էր սենյակի մեջ: Միակ տեղը, որ իր բարձրությամբ ազատ էր մնացել այդ ջրհեղեղից, էր տանտիկնոջ սնդուկը, որ նա բերել էր որպես օժիտ իր հոր տնից: Նրա վրա նստեղ իշխանը: Ջումշուդը և Աղասին դուրս գնացին, երբ նկատեցին, որ այլևս իրանց տիրոջը պետք չեն: Անձրևը դադարել էր: Գարնանային երկինքը այժմ պարզ էր հայելու նման: Աստղերը ժպտում էին: Փոթորիկը անցել էր, ինչպես մի քմահաճ երեխա, որ հանկարծ բարկանում է, աղմուկ, արտասուք և աղաղակ է բարձրացնում, և քանի րոպեից հետո կրկին հանգստանում է, սկսում է ծիծաղել:
Ջումշուդը և Աղասին գնացին ձիաների մոտ, որ կապած էին բակում: Նրանցից մեկը բարձրացավ հարևանի կտուրի վրա, ուր խոտ էր դիզված, մի քանի խուրձ գողացավ, բերեց, ցրվեց ձիաների առջև: Հետո երկուսն էլ նստեցին հավաբույնի վրա, սկսեցին ծխել:
Իշխանը դեռ նստած էր սնդուկի վրա: Հարունը նրանից փոքր-ինչ հեռու պպզել էր, մեջքը տալով պատին և չհամարձակվելով նստել, որովհետև գետինը թաց էր: Տանտիկինը այդ միջոցին մի խեցեղեն ամանով սենյակում լճացած ջուրը հավաքում էր և դուրս էր թափում: Երկու երեխա, միմյանց գրկած, պառկած էին ցեխի մեջ և ոչինչ չէին զգում: Նրանց մայրը իր աշխատությունը մասամբ վերջացրել էր այժմ. սենյակում այլևս ջուր չկար, միայն սաստիկ ցեխ էր. պետք էր չորացնել նրան: Նա բոբիկ ոտներով, մերկ սրունքներով, ներքին հագուստը մինչև ծնկները վեր քաշած, ցեխը կոխ տալով, դուրս գնաց: Մի րոպեից հետո նա վերադարձավ, բերելով իր հետ, գոգնոցի մեջ ածած, ցամաք մոխիր, և սկսեց սփռել հատակի վրա: Այդ գործողությունը մի քանի անգամ կատարելով, հատակի վրա գոյացավ մոխրի բավական թանձր խավ, որ ծծեց իր մեջ գետնի խոնավությունը: Հետո տանտիկինը տարածեց նրա վրա մի փսիաթ և փսիաթի վրա մի կապերտ: Հյուրի օթոցը արդեն պատրաստ էր: Չնայելով այս բոլոր աշխատություններին, իշխանը չկամեցավ իջնել իր սնդուկից, ասելով, որ այնտեղ էլ լավ է: Կապերտի վրա նստեց Հարունը: Կինը դեռ պտույտ էր գալիս այս կողմ և այն կողմ, ինքն էլ չիմանալով, թե ինչ պետք է անել: Ամենագլխավոր հոգսը, որ մնացել էր նրան, այն էր, որ պետք էր ոտները լվանալ: Բայց այդ մասին չմտածեց նա. միայն հագուստի ներքին փեշերը ցած թողեց, մերկ սրունքները ծածկվեցան, և այնպես ցեխոտ ոտներով մոտեցավ, նստեց իր երեխաների մոտ, որոնցից մեկը պառկած տեղից գլուխը վեր բարձրացնելով սկսեց լալ: Մայրը նրան հանգստացնելու համար մի սաստիկ ապտակ տվեց երեսին: Երեխան ավելի ևս խստացրեց աղաղակը: Նրա ձայնից մյուսն էլ զարթնեց, և առանց գիտենալու պատահածը, սկսեց ձայնակցել իր եղբորը:
– Նրան էլ, նրան էլ… – ասաց հայրը:
Մայրը մյուսին էլ խրատեց իր ապտակով:
Իշխանը տհաճությամբ սպասում էր, որ երեխաները իրանց ձայնը կտրեն, որ կարողանա խոսել տանտիրոջ հետ: Այդ միջոցին մայրը գլուխը խոնարհեց, հայտնի չէ, ինչ փսփսաց երեխաների ականջին, երկուսն էլ իսկույն լռեցին: Նրանք, իրանց երկչոտ աչքերը լայն բացելով, նայեցին օտարական հյուրի երեսին և սատանայի նման մտան վերմակի տակը, կրկին պառկեցին:
– Ես քեզ մոտ գործով եմ եկել, Հարուն, – խոսեց իշխանը:
– Տապանակ ուխտին թող ինձ կուրացնե, եթե սուտ եմ ասում. – մի սև փող էլ չունեմ, – պատասխանեց հրեան, կարծելով, թե եկել է փող խնդրելու:
– Ես եմ բերել փող քեզ տալու համար, – իշխանը կտրեց նրա խոսքը:
Հարունի կնճռած դեմքը պարզվեցավ. նրա աչքերում փայլեց մի տեսակ լույս, որ կարելի է տեսնել քաղցած գայլի աչքերում միայն:
– Ինձ պետք են մի քանի կնիքներ, Հարուն, և դրա համար ես քեզ առատ կվարձատրեմ:
– Հարունը ձեր ծառան է, աղա, Հարունը մի՞թե փող կառնե աղայից կնիքներ շինելու համար, – պատասխանեց հրեան կեղծ բարեմտությամբ:
– Կնիքներ օտար մարդկանց անունով: – Հասկանու՞մ ես… .
– Հասկանում եմ… – կրկնեց հրեան խորհրդավոր ձայնով: – Բայց թող չնեղանա աղան, Հարունը իր մատները կկտրի, ու այդպիսի բան չի շինի:
– Յուրաքանչյուր կնիքի համար կստանաս հինգ ոսկի:
Հրեան բացասական կերպով գլուխը շարժեց:
– Տասը ոսկի, – ավելացրեց իշխանը:
Նա դարձյալ գլուխը շարժեց:
– Տասնևհինգ ոսկի:
– Անկարելի է, աղա, փողի համար չէ իմ խոսքը, ինչքան էլ կուզեք, ավելացրեք: Եթե կարելի լիներ, ես ձեզանից ոչինչ չէի առնի, և, ինչպես ասեցի, առանց փողի կշինեի: Այն էլ բավական էր, որ աղան քաղցր աչքով կնայեր ինձ վրա:
Հետո նա սկսեց երկար ու բարակ պատմել, թե ինչ ուխտ է դրել` երբեք կեղծ կնիքներ չշինել: Թե մի անգամ սատանան մոլորեցրեց նրան և մի այսպիսի մեղք գործեց. այն օրից իր գործերը չեն հաջողվում, երևի, աստված բարկացավ նրա վրա, և նրա խարդախությունը հայտնվեցավ: Դատավորը քիչ էր մնում, որ նրա ձեռքը պիտի կտրել տար: Ստիպվեցավ ահագին կաշառք տալ և ձեռքի փոխարեն կտրեցին մորուքը: Այդ էլ մի հրեայի համար շատ մեղք բան է: Մովսեսը հրամայել է մորուքը չխուզել: Եվ դրա համար հրեաները առանձին հարկ են վճարում պարսից խաներին, որ թույլ տան նրանց մորուք կրելու: Թե ինքը առաջ շատ երկայն մորուք ուներ, բայց այն օրից, որ խուզեցին, կարճացավ:
– Ես հիմա կերկարացնեմ քո մորուքը, – ասաց իշխանը փոքր-ինչ խռովյալ ձայնով:
– Ինչպե՞ս…
– Ահա այսպես…
Իշխանը բռնեց նրա մորուքից, որ շատ էլ կարճ չէր, սկսեց սաստիկ թափ տալ: Հրեայի գլուխը զարկվեցավ պատին. նա գոչեց.
– Վա՛յ, վա՛յ… կշինեմ, թող տուր…
Կինը այս տեսնելով, ճիչ բարձրացրեց և վազեց ազատելու իր այրիկը: Իշխանը թողեց մորուքը: Հրեան, որի գլուխը պատին զարկվելով, ուշաթափ էր եղած, կրկին զգաստացավ, և դեռ աչքերը չբացած, ասաց.
– Կշինեմ, բայց քսան ոսկուց պակաս չեմ առնի:
– Անպիտան, դու խո առաջ փող չէին պահանջում, – ասաց իշխանը ծիծաղելով:
– Ապա մորուքս որ այսքան քաշեցիք, դա ոչինչ չարժի՞, – պատասխանեց հրեան ինքն էլ ծիծաղելով:
Իշխանը զարմացավ անամոթության վրա:
– Ախար ձեր ծառան էլ ապտակ տվեց, – ավելացրեց նա, – ա՛խ, ո՜րքան ծանր է անիծվածի ձեռքը…
Հարունը այնպես էր խոսում այդ բոլորի վրա, կարծես նա շատ կվիրավորվեր, եթե նրան չծեծեին: Ոսկիները նրան մոռանալ էին տվել մարմնի ցավերը: Նա խնդրեց իշխանից ցույց տալ, թե ինչ անուններով և ինչ տեսակ կնիքներ է կամենում:
Իշխանը հանեց իր ծոցից թղթերի մի մեծ կապոց, որոնց վրա դրոշմված էին քառասունի չափ կնիքներ զանազան ձևերով և զանազան տառերով: Նրանց մեջ կային եպիսկոպոսների, քահանաների, իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքներ, հայերեն կամ պարսկերեն տառերով:
– Դրանցից մի քանիսը իմ ձեռագործն է, – ասաց վարպետը ակնոցները քնթի ծայրի վրա դնելով, և ուշի-ուշով քննելով կնիքները, – բայց սատանայի աշխատություն պետք է այս բոլորին ճշտությամբ նմանացնելու համար: