Րաֆֆի - Դավիթ Բեկ стр 4.

Шрифт
Фон

Միևնույն ժամանակ նա իր մտքում հաշվեց այն խոշոր գումարը, որ պիտի ստանար քառասուն կնիք փորագրելու համար, և սրտի հրճվանքը թաքցնելով, հարցրեց.

– Թող իմ տերը չբարկանա համարձակությանս վրա, փողերը ե՞րբ կարող եմ ստանալ:

– Կեսը այս րոպեիս, իսկ մյուս կեսը` երբ աշխատությունը կվերջանա:

Հրեան առանց հարցնելու, թե ի՞նչ նպատակով է իշխանը փորագրել տալիս այդ կնիքները, սկսեց բացատրել այն բոլոր վտանգները, այն բոլոր աշխատությունները, որ ինքը հանձն է առնում իշխանի պատվերը կատարելու համար: Նա ասաց, թե ինքը ստիպված կլինի մի ամբողջ ամիս իր խանութը կողպել և տանը աշխատել, որովհետև այսպիսի աշխատությունը բազարում, հրապարակավ չեն կատարում: Եվ այդ ժամանակ նա իրան կձևացնե իբրև հիվանդ, տանը պառկած: Բայց որքան վնաս կկրե, երբ մի ամբողջ ամիս, գուցե ավելի, նրա խանութը կողպված կլինի: Այդ ժամանակ նրա ոսկերչության առևտուրը պիտի դադարի: Բայց այդ բոլոր զոհողությունները հանձն է առնում Հարունը միմիայն աղայի սիրտը շահելու համար, միմիայն աղային մի «լավություն» անելու համար:

– Շնորհակալ եմ, – պատասխանեց իշխանը, – բայց եթե դու կհամարձակվես այդ գաղտնիքը երևան հանել, գիտցած եղիր, որ քեզ, այդ կնոջդ և այն երկու երեխաներիդ անպատճառ կմորթեմ:

– Այդ ես գիտեմ… – պատասխանեց հրեան խորհրդավոր ձայնով:

Սակարկությունը վերջացավ: Իշխանը հանձնեց կնիքների օրինակները և այն գումարը, որ կանխիկ պիտի վճարեր: Փայլուն ոսկիները բոլորովին շլացրին Հարունի և նրա կնոջ աչքերը, որը դեռ նստած երեխաների մոտ, լուռ լսում էր իր ամուսնի և պատվելի հյուրի խոսակցությունը:

Այդ ոսկիները իշխանը այն օր պարտքով էր վեր առել մի ագուլեցի հարուստ վաճառականից, այն պայմանով, երբ կունենա, այն ժամանակ կվճարե: Բայց իշխանի որևիցե ժամանակ փող ունենալը շատ կասկածավոր լինելով, վաճառականը սկզբում չհոժարվեցավ տալ: Բայց երբ իշխանը բռնեց նրա կոկորդից և սպառնացավ գլուխը կտրել, ժլատը իսկույն բաց արեց քսակի բերանը: Հարունը լսելով այդ պատմությունը, ծիծաղելով բացականչեց.

– Ա՛յ, լավ բան եք արել, աստված է վկա, շա՛տ լավ բան է:

– Բայց եթդ մի այսպիսի լավ բան քեզ հետ անեին, դու, կարծեմ, շատ գոհ չէիր լինի:

– Օրհնած, ինձ մոտ ի՞նչ է մնացել. մի քանի շահի ունեի, բոլորը կորցրի, ում տվեցի, չկարողացա հետ առնել. տոկոսն էլ գլխի հետ կերան: Թո՜ղ հառա՛մ լինի, հառա՛մ…

Հրեան շարունակեց գանգատվել իր գրության վրա, թե հազիվ է կարողանում ծայրը ծայրին կպցնել. ժամանակը վատ է, ամեն ինչ թանկ է: Այդ երեխաները նրան իսպառ կողոպտեցին, ուտում են, ուտում և երբեք չեն կշտանում: Այդ պատճառով շատ փոշմանել է իր ամուսնանալու վրա, բայց ինքը մեղ չունի, ամենևին միտք չուներ պսակվելու: Անիծվի՛ն հարևանները, հավաքվեցան զոռով պսակեցին, և ինքը ընկավ կրակ-ցավի մեջ…

Վերջին խոսքերը սաստիկ վիրավորեցին կնոջ սիրտը, և նա մոռանալով իր արևելյան ամոթխածությունը, թե անվայել էր օտարների հետ կամ օտարների մոտ խոսել, – շառագունած դեմքով դարձավ դեպի իշխանը, և կատաղությամբ ասաց.

– Սուտ է խոսում, շան նման սուտ է խոսում… ես գիտեմ, թե ո՜րտեղ են նրա փողերը…

Հետո նա սկսեց լաց լինել և արտասուքը աչքերում պատմել, թե ամբողջ օրերով մնում է տանը քաղցած, երբ ամուսինը խանութից վերադառնում է, հարցնում է, թե ինչու՞ հաց չբերեցիր, նա միշտ պատասխանում է` «մոռացա»: Եվ երբ ինքը շատ է խոսում, նա սկսում է ծեծել:

– Սու՜ս կաց, Եսթեր, քեզ ասում եմ` սու՜ս կաց, – անդադար կրկնում էր բարկացած ամուսինը:

– Չէ՜, սուս չեմ կենա, դու իմ այս տեղը հասցրիր, – և նա մատը դրեց իր կոկորդի վրա:

– Սուտ է խոսում, աղա, ես նրան երբեք չեմ ծեծել. թող աստված իմ ձեռքը չորացնե, եթե մի անգամ գոնե նրան ծեծած լինիմ:

– Չե՞ս ծեծել, հենց այսօր ծեծեցիր: Հիմա ցույց կտամ… – ասաց կինը սպառնալից դեմքով, և բոլորովին մոռանալով իրան, մոտեցավ իշխանին: Նա գլուխը թեքեց, ցույց տվեց իր գեղեցիկ երեսը, որի վրա երևում էին մի քանի կապույտ նշաններ: Հետո նա շտապով բաց արեց շապիկի օձիքը, մերկացրեց իր թիկունքը, այնտեղ ևս կային մի քանի կապույտ նշաններ: Իշխանը բոլորովին հիացավ, տեսնելով այդ հարուստ, սքանչելի մարմինը կեղտոտ ցնցոտիների մեջ:

Բայց Հարունի բարկությանը չափ չկար. նրա շիլ բիբերը բոլորովին թաքնվեցան աչքերի կոպերի տակ: Նա իր մտքում ասում էր. «Հիմա խո կգնա այդ մարդը, ես այն ժամանակ քո կապուտակների թիվը կրկին կավելացնեմ…»:

Եսթերը կարծես գուշակեց նրա միտքը և կնիկների սովորական թուլությամբ, տեսնելով իր առջև մի գերազանց ուժ, աշխատեց նրա մեջ պաշտպանություն գտնել ամուսնի բռնության դեմ:

– Դու դրա վիզը կկտրես, երբ մյուս անգամ կծեծե ինձ, այնպես չէ՞, – հարցրեց նա իր գեղեցիկ, անբախտությամբ լի աչքերը դարձնելով դեպի իշխանը:

Իշխանին խիստ անախորժ էր դատավոր լինել մի այսպիսի ընտանեկան կռվի, բայց մանկահասակ կնոջ վրդովմունքը, նրա թշվառությունը և ծերունի ամուսնի անգթությունը այն աստիճան ազդեցին նրա վրա, որ պատասխանեց.

– Կկտրեմ…

Ծերունի հրեան սարսափեց:

– Եսթեր, ի սեր աստծո, – գոչեց նա ողբալի ձայնով, – ես աղբ կուտեմ, գլուխս քարին կտամ, ես քեզ էլ չեմ ծեծի, ինչ որ ուզես կառնեմ, միշտ յուղ, մեղր, փլավ կուտացնեմ…

Եսթերը այս խոսքերից ուրախացավ և մի գրավիչ ժպտով, որի մեջ արտահայտվում էր և՜ ակնածություն, և՜ շնորհակալություն, մոտեցավ իշխանին, և բռնելով նրա աջը, սեղմեց իր վարդագույն շրթունքի վրա: Կնոջ վարմունքը ամենևին օտարոտի չթվեցավ նրա ամուսնին, որովհետև այս կողմերում սովորություն էր կնիկներին ի նշան հարգանքի համբուրել տղամարդերի ձեռքերը:

Հարունը ճշմարիտ էր ասում, որ ինքը ակամա ամուսնացավ: Փողի սերը բոլորովին կուլ էր տվել նրա սիրտը. կնոջ համար ոչինչ չէր մնացել: Վաթսուն և հինգ տարեկան հասակում նա ամուսնացավ տասնևվեց տարեկան Եսթերի հետ: Կինը այժմ քսանմեկ տարեկան էր, իսկ ինքը բոլորովին ծերացած: Խանդոտ ծերունին պահում էր Եսթերին իր այրի քրոջ պահպանության ներքո, որը սատանայի նման հսկում էր նրա վրա: Այս գիշեր մի դիպվածով նա տանը չէր, գնացել էր իր աղջկա մոտ: Եթե տանը լիներ, Եսթերը նրա մասին էլ շատ գանգատներ կաներ իշխանին: Այդ պառավը նրա հոգին առնում էր, չէր թողնում ջահիլ տղերքի հետ խոսի, չէր թողնում մենակ տնից դուրս գնա… Եսթերը շատ անբախտ էր, Եսթերը մի լավ օր չէր տեսնում… Հուդիթների այդ գեղեցիկ, մանկահասակ քույրիկը այրվում, տանջվում, խորովվում էր երկու պառավների ճանկերի մեջ… և նրա սրտի բոլոր տանջանքները կարելի էր նկատել նրա վշտացած, գունաթափ դեմքի վրա:

Գիշերից բավական անցել էր: Այժմ Հարունին անհանգստացնում էր ոչ թե կնոջ անզգամությունը, այլ գլխավորապես այն միտքը, թե ի՞նչ պետք էր անել անտանելի հյուրի հետ: Պահել նրան իր տանը չէր կարող, իսկ այն ուշ, գիշերային պահուն դռները բաց անել նրա առջև, այդ ոչ միայն անկարելի էր, այլ իր երկրի հյուրասիրական սովորություններիին բոլորովին հակառակ: Բայց ինչո՞վ հյուրասիրել նրան: Չնայելով որ այն օր ուրբաթ էր, չնայելով որ ուրբաթ օրը ամեն մի հրեայի տնում նախապես պատրաստվում են շաբաթվա բոլոր կերակուրները, իսկ իր տնում ոչինչ պատրաստություն չկար: Ուրեմն, պահելով հյուրին իր տանը, նա պիտի արդարացներ Եսթերի գանգատը, թե հրեաների մեջ ամենահարուստ ամուսինը իր կնոջը քաղցած էր պահում: Այս պատճառով Հարունը շատ ուրախ եղավ, երբ իշխանը հրամայեց նրան հայտնել ծառաներին, որ ձիաները պատրաստեն:

– Միթե իմ տունը արժան չէ՞ ձեզ մի գիշեր անցկացնելու համար, – ասաց նա կեղծ քաղաքավարությամբ: – Այժմ ու՞ր կարող եք գնալ, շատ ուշ է:

– Չեմ կարող մնալ, – պատասխանեց իշխանը:

– Մնացեք, խնդրում եմ… – աղաչում էր Եսթերը այնպիսի մի ձայնով, որ կարող էր ազդել ամեն մի երիտասարդ սրտի վրա:

Հարունը թեքվեցավ և այնպես պարզ փսփսաց կնոջ ականջին, որ բոլորը լսեց իշխանը.

– Դու չե՞ս հասկանում, հիմար, որ հրեայի տունը, հրեայի հացը պիղծ է քրիստոնյայի համար:

– Ես նրա համար մաքուր անկողին կպատրաստեմ, – ասաց կինը լսելի ձայնով, ուշադրություն չդարձնելով, որ այրը նրա հետ ծածուկ է խոսում:

– Շնորհակալ եմ, Եսթեր, – ասաց իշխանը դառնալով դեպի կինը, – ցավում եմ, որ չպիտի կարողանամ մնալ. մի անհրաժեշտ գործ ստիպում է ինձ հեռանալ այստեղից: Բայց խոսք եմ տալիս, երբ մյուս անգամ կգամ կնիքները ստանալու, գիշերը հյուր կմնամ ձեզ մոտ:

Հարունը առանց սպասելու իշխանի հրամանին, դուրս եկավ խրճիթից ծառաներին պատվիրելու, որ ձիաները պատրաստեն: Այդ միջոցին Եսթերը մոտեցավ իշխանին, և նրա աջը բռնելով իր դողդոջուն ձեռքերի մեջ, կրկին սեղմեց իր վառված շրթունքների վրա, ասելով.

– Ես ձեզ շատ բաներ ունեի ասելու… խիստ շատ բաներ… Ափսո՛ս որ չմնացիք…

Խեղճ կնոջ աչքերում երևացին արտասուքի կաթիլներ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги

Популярные книги автора