Րաֆֆի - Կայծեր Մաս 1 стр 10.

Шрифт
Фон

Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակն, նա շատ բարի էր: Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից: Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը ոչինչ չի սովորի: Նա այնքան հավատում էր իր ֆալախկային, որքան հավատում էր իր թիլիսմաններին և կախարդական արարողություններին, որոնցով հրաշքներ էր գործում…

Երբ պատմում էի մորս դպրոցում կրած իմ տանջանքները. նա էլ միևնույնն էր հաստատում և սովորաբար պատասխանում էր. – «Որդի, մինչև ծեծ չուտես, մինչև նեղություն չքաշես, բան չես սովորի»: Ապա ի՞նչու այնքան ծեծ էի ուտում, այնքան տանջվում էի, դարձյալ ոչինչ չէի կարողանում սովորել:

Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում. ես միանգամից բոլորը սովորում էի. երբ մեր քաղաքում աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, ես իսկույն սովորում էի: Իսկ դպրոցում ի՞նչու այնքան բթամտացա, ո՞րտեղ կորավ իմ սրամտությունը…

Տատիս հեքիաթը, աշուղի երգը ես հասկանում էի, դրա համար շուտ էի սովորում, բայց վարժապետիս դաս տված բաներից ոչինչ չէի հասկանում. ինձ երևում էր, որպես թե նրանք հայերեն չլինեին: Գիշեր ու ցերեկ դասս սերտում էի ու սերտում, գլխումս մի բան չէր մտնում. հենց որ վարժապետիս աչքը ընկնում էր աչքիս, ես սարսափում էի, միտքս շփոթվում էր, գիտցածս մոռանում էի…

Ես մինչև այն աստիճան ընկած էի թե մտքով և թե հոգով, մինչև այն աստիճան սպանված էին իմ մեջ մանկական ուժերը, որ բոլորովին հավատում էի, երբ վարժապետս բարկանալով ասում էր. – «Սատանայի լակոտ, քեզանից մի օրինավոր բան չի դուրս գա»…

Առաջին անգամ վարժապետս ինձ տվեց սովորել այբբենարանը: Կարծես, այս րոպեիս էլ իմ աչքի առջևն է այն փոքրիկ տետրակը, տպած խոշոր տառերով: Նրա ճակատին նկարած էր մի մեծ խաչ, որի ներքև կային այս խոսքերը – «Խաչ, օգնյա՛ ինձ»: Մի քանի ամբողջ ամիսներ, երեսս խաչակնքելով կրկնում էի այդ երեք բառերը: Վարժապետս ասում էր, եթե ամեն դասի սկզբում խաչից օգնություն չխնդրես, ոչինչ չես կարող սովորել: Բայց երևում էր, որ խաչն էլ խռովել էր իմ գլխին, նա ինձ խելք ու միտք տալու նպատակ չուներ…

Ես մինչև այսօր չեմ կարող հեռացնել այն ծանր և անախորժ տպավորությունը, որ թողել է իմ վրա այբ-բենը… նրա ամեն մի տառը, կարծես թե, ուզում էր վիշապի նման ինձ կուլ տալ… գիշերներն անգամ հանգիստ քուն չունեի… երազների մեջ նույնքան տանջվում էի, որքան դպրոցում…: Ինձ երևում էր, որպես թե նոն, մեյմունի նման առջևս պըպըզած, իր զզվելի ռեխը ծըռմռելով, ուզում էր վախեցնել ինձ… ռան, մի մեծ մողես դարձած, վազում էր որ ծոցս մտնի… Ամենից ավելի ես ատում էի ճեն, նա միշտ երևում էր ինձ վիզը ծռած ուղտի պես… ես շատ էի վախենում ուղտից: Բայց մի տառ, որին ես շատ սիրում էի, էր օն. ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակ աչքերին…

Նազելի՜ Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլո՜րը, բոլո՜րը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ… դու էիր իմ մխիթարությունը… դու էիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը…

Սոնան վարժապետիս աղջիկն էր: Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի. բարի և անմեղ բնավորություն: Պատահում էր, երբ վարժապետս ծեծում էր ինձ, Սոնան մի թաքուն տեղ նստած, լաց էր լինում: Խե՜ղճ աղջիկ, ի՞նչու էր լաց լինում նա:

Է

ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Վարժապետիս ընտանիքը կազմում էին երեք հոգի` կինը, որդին և փոքրիկ Սոնան: Նրա կնոջը կոչում էին Գյուլ-Ջհան: Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհի վարդը, երեցկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր: Այսուամենայնիվ տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան: Թեև պատահած ժամանակ մանր հայհոյանքներ տալիս էր, բայց շատ սակավ էր պատահում, որ ծեծեր նրան: Դա ուներ իր առանձին պատճառները. որպես մարգարեի առաջին երկրպագուն լինում է իր կինը, այսպես էլ «աշխարհի վարդը» տեր հոր ամենամոլեռանդ պաշտողներիցն էր: Նա էր հռչակում կանանց հասարակության մեջ, թե որպիսի հրաշալի ներգործություններ էին անում իր ամուսնի կախարդական թղթերը: Նա էր տարածում լուրեր, թե այսինչ և այնինչ տիկինը որպիսի բախտի հասավ տեր հոր կախարդությունների շնորհիվ: Այսպիսով ավելանում էր վարժապետիս հաճախորդների թիվը:

Որդին – Ստեփանը – վարժապետիս երեխաների անդրանիկն էր. դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը: Միշտ լուռ, միշտ, մունջ, գունաթափ դեմքով և մարած աչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր: Չէր կարելի առանց խղճալու նայել նրա երկչոտ երեսին: Նրա հետ խոսելու ժամանակ ես միշտ նկատում էի, որ առանց պատճառի ժպտում էր, ծիծաղում էր, արձակում էր մի քանի անմիտ, անկապ խոսքեր և իսկույն գժի նման փախչում էր, վախենալով, չիցե թե իրան ծեծեն: Խեղճը ցնորված էր: Երբեմն ամբողջ գիշերներ անցուցանում էր նա անհանգիստ զառանցության մեջ, շատ անգամ քնած տեղից վեր էր թռչում և անգիտակցաբար գնում էր, ուր որ հանդիպում էր: Այս պատճառով նրան կապում էին: Հոր բոլոր կախարդական հնարները, որոնք ուրիշների վրա հրաշալի կերպով ազդում էին, բոլորովին անզոր մնացին գեղեցիկ Ստեփանի առողջությունը վերականգնելու, խեղճը մնաց միշտ խելագար: Որքան ճիշտ էր, ես չգիտեմ, միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը: Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ, – ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը: Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով: Բայց լինում էին օրեր, որ Ստեփանի խելքը գլխին էր գալիս, նա խիստ քաղցր և Աղջիկը – Սոնան – նույնպես լուռ երեխա էր, և չնայելով իր փոքրիկ հասակին, կատարում էր տնային շատ գործեր: Սոնան կրում էր եղբոր հեզ, հանդարտ և մուգ-երկնագույն աչքերը, այն զանազանությամբ միայն, որ քրոջ աչքերը ավելի պայծառ և կենդանի էին, մինչդեռ եղբորը` բոլորովին կորցրել էին իրանց կենդանի փայլը: Սոնայի ծամերը նույնպես ավելի մուգ գույն ունեին, քան եղբոր շեկ, մետաքսանման մազերը, և ավելի խիտ էին, քան թե նրանը: Զարմանալին այն էր, որ այդ երկու երեխաներից ոչ մեկը նմանություն չուներ ոչ հոր հետ, որի կերպարանքի մեջ կային մի քանի որոշ մոնգոլական գծեր, և ոչ նման էին մորը, որի դեմքը վախեցնելու չափ տգեղ էր:

Չնայելով, որ տեր Թոդիկը 700 ընտանիքից բաղկացած մի ամբողջ թաղի ավագ քահանան էր, չնայելով, որ բացի դրանից, նա վիճակավոր առաջնորդի գործակալի պաշտոն էր կատարում, և այդ բոլորից առատ արդյունք էր ստանում (էլ չեմ խոսում դպրոցի մասին) – այնուամենայնիվ, նրա ապրուստը, նրա կեցությունը խիստ չքավոր էր: Մի քանի մթին սենյակներ, ծեփած սպիտակ կավով, նեղ բակ ցածրիկ շրջապարիսպով, – այդ բոլորը կացուցանում էին նրա անշուք բնակարանը, ուր տիրում էր մշտական փոշի, աղտ, խորին տխրության հետ: Դրացիները տեր հոր այսպիսի չքավոր կեցությունը վերաբերում էին նրա անփառասիրությանը և նրա աշխարհի վայելչություններին չցանկացող բնավորությանը: Դա մասամբ իրավացի կլիներ, եթե ագահներն էլ այնպիսի հատկություններ չունենային: Ժլատները նույնպես անապատի մեջ են ապրում, որպես տեր Թոդիկը իր մերկ ճգնարանում: Դերվիշությունը առհասարակ գրավիչ է լինում և հրապուրում է ռամկի սնահավատությունը, թեև դերվիշի քրքրված վերարկուի տակ շատ անգամ ծածկվում է մի շահասեր և հարստահարիչ ոգի…

Վերջին տարիներում, մայրս չկարողանալով վարժապետի ամսականը վճարել, ինձ բոլորովին ծանրաբեռնեցին տնային գործերով, այնպես որ ժամանակ չէի գտնում դասերս պատրաստելու: Ամբողջ ցերեկը հոգիս դուրս էր գալիս կամ երեցկնոջ, կամ տեր հոր պատվերները կատարելով: Մնում էր պարապվել միայն գիշերով, իսկ այդ ևս շատ անգամ չէր հաջողվում, որովհետև ճրագ և լույս չունենալու համար միշտ ստիպված էինք քնել շատ վաղ: Քեռուս տան հետ ավելի հարաբերություններ չունեինք. մայրս իր եղբայրներից ոչինչ օժանդակություն չէր ստանում, և եթե հնար լիներ, նա կթողներ այն խեղդված խրճիթը, որ քեռիներս շնորհել էին մեզ բնակության համար: Մեր հույսը մնացել էր մեր բարերարի` որսորդ Ավոյի վրա: Սա էլ դպրոցի վերաբերությամբ ինձ չէր օգնում, և մինչև անգամ խիստ անախորժ էր թվում նրան, որ ես այնտեղ ուսում էի առնում: Ես դեռ չեմ մոռացել այն խոսքը, որ մի օր հայրական բարեսրտությամբ որսորդը ասաց ինձ.

– Ֆարհատ, դուրս եկ այդ դժոխքից, դու բոլորովին կբթանաս այնտեղ:

– Դուրս գամ ի՞նչ անեմ, ի՞նչ սովորեմ, – հարցրի ես:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора