ԱԴՅԱՆ ԼԵՎՈՆ - ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ стр 2.

Шрифт
Фон


Հզոր են եղել Թումանյանի պապերը։ Նրանք պարսից Հասան խանի ասպատակության ժամանակ ժողովրդի գլուխ են անցել, պաշտպանել շրջակա գյուղերի խաղաղ բնակիչներին։ Անվանի զինվորական է եղել Թումանյանի Օհաննես պապը ու հայտնի զրուցասեր (նրա թուրը մինչև հիմա էլ պահվում է)։ Նա իր տան պատի տակ, ճանապարհի վրա, տասներկու քար է տաշել տվել, դրել, որ գյուղացիները գան ու զրույց անեն։ Այդ նա, Թումանյանի պապ Օհաննեսն էր, որ Հասան խանի ժամանակ գնաց ուղտերով հաց բերեց, բաժանեց ժողովրդին, փրկեց նրանց։ Պետական պաշտոնյաները, երբ գալիս էին հացահատիկ հավաքելու, նա չէր թողնում, որ գյուղացիները հացահատիկ տան.''…ջուրը անցկացրեք, թող գնա'' – ասում էր նա պրիստավի մասին։ Եվ, վերջապես, նա էր, որ իր հետ առաջին անգամ այս ձորերը մոմ բերեց, հայելի բերեց, նկարներ բերեց ու մի ռուս ջրաղացպան։

Ավելի անվանի ու հայտնի է եղել Օհաննեսի հայրը՝ Ավագիմ յուզբաշին՝ քաջ ու հաղթանդամ , Լոռու իգիթներից մեկը։ Խաչատուր Աբովյանը ''Վերք Հայաստանում'' այդ նրա մասին է գրում. ''Էս Օվագիմը, էս Լոռվա ձորերի աստվածը, էս սարերի արծիվը… էն սևացած, արևի, անձրևի տակ մուր դառած ունքերի տակից, որ աչքը չէր ընկնում մարդի երեսին, էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած''։ Օվագիմի հայրը՝ Մեհրաբը, Լոռու ձորերի նահապետն էր։ Նրանից սարսափում էր թշնամին։ ''Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն,– ասում էր նա,– մեր տան դուռը ու մեր սիրտը բարեկամու համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք…'' Հարյուր տարին թեպետ լրացել էր արդեն, բայց նա ամուր էր դեռ։ ''Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել, ճերմակ մազ ու միրուք բռնել կուրծք ու երես, աժդահայի ահավորության հետ խառնել-միացրել ծերության պատկառանքը'',– այսպես է բնութագրում Թումանյանը իր Մեհրաբ նախապապին։



Մեհրաբը 108 տարեկանում վախճանվեց։ Մեռնելիս ցավով բացականչել է. ''Այ փուչ աշխարհ, արժե՞ր երկու օրվա համար ծնվել…''

Սրանցից էր սերել Թումանյանը, սրանց ''սիրտն ու արինը'' կար նրա մեջ, դրա համար էլ անվախ էր նա, իր նախնիների նման նա էլ ժողովրդի գլուխ անցավ, երբ թշնամին մոտեցել էր Լոռու ձորերին. ''Լոռեցիներ, իմ քաջ հայրենակիցներ, փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել… Հավաքվեցեք մեր մութ անտառների նման, կանգնեցեք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցեք ու զարկեցեք մեր սարերի կայծակների նման։ Թող թշնամին էլ տեսնի, աշխարքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել, Ղարսի վրից էլ, բայց Լոռու սարերից անցնել չի կարելի…''։

Արմենուհու հետ շրջում ենք տուն-թանգարանի բոլոր սենյակները։

– Թումանյանի հարյուրամյակին, որ գաք, ամեն ինչ պատրաստ է լինելու։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գլուխներս խառն է, նորոգումներով ենք զբաղված։

Հետո քայլում ենք պարտեզում, զրուցում։

– Թումանյանի օրոք գյուղը վաթսուն-յոթանասուն ծուխ ուներ,– պատմում է Արմենուհին։– Իսկ հիմա հազարից անցնում է։ Մարդիկ լավ են ապրում ։ Էլ ոչ Գիքոր կա, ոչ Համբո,– Արմենուհին ժպտում է։– Աշխարհը մեզ է նայում, պետք է շտապել, կիսատ գործեր շատ ունենք։ Ողջ գյուղով ոտքի ենք ելել, որ հասցնենք…

Թումանյանի տան մոտ, եկեղեցու բակում, մամռապատ, հին-հին քարեր կան։ Դրանց տակ են հանգչում մեծ բանաստեղծի նախնիները։ Երբ մտանք եկեղեցու բակ, մի ծերունի՝ նստած մի քարի, հենված ձեռնափայտին նայում էր քարերին։

– Էստեղ ի՞նչ ես անում, Աբրամ բիձա,– հարցրեց Արմենուհին։

Ծերունին ծանր բարձրացրեց հայացքը, երկար նայեց։

– Կարացի ոչ ճանաչեմ։

– Հարստանալու ենք,– ժպտում է Արմենուհին,– ասում եմ էստեղ ի՞նչ ես անում։



– Զրից եմ անում,– շատ հանգիստ խոսեց ծերունին, իսկ ես հանկարծ հիշեցի Ժամանակ-ծերունուն. ''Աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես, այն ես եմ թաղել…''։



– Ի՞նչ զրից ես անում,– մեզ աչքով է անում Արմենուհին։

–Ինչ իմանամ… զրից եմ անում…Ասում են՝ եկ, վախիլ մի, կան- չում են… էս ոնց անցավ, է՜… երկու օր ապրեցինք ու հմի պիտի գնանք, փուչ, փուչ աշխարհ ա…

–Ինչքան էլ կանչեն, չգնաս,– Արմենուհին ձեռքը դնում է ծերունու ուսին։– Լսո՞ւմ ես, չգնաս, շուտով Թումանյանի 100 տարին լրանում է, կաց քեֆ արա… Թումանյանին ճանաչո՞ւմ ես։

–Յանի Օհաննեսի՞ն… խի՞ չեմ ճանանչում, հրեն էն քարը Օհաննեսի հոր քարն ա` Տեր-Թադևոսի։ Օհաննեսը հորը շատ էր սիրում։– ''Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…’’։– Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան։

–Ծննդյան հարյուր տարին շուտով լրանում է։

–Յա…– ծերունին տխուր օրորում է գլուխը, – երեկվա երեխան էր, էդ ե՞րբ թամամեց։



-Շուտով կտոնենք, ամեն տեղից մարդ է գալու։

–Դե շուտ արեք։ Վախում եմ հասցնեմ ոչ։ Բաքվիցն էլ ա՞ մարդ գալու,– հանկարծակի հարցնում է ծերունին

Արմեուհին բացատրում է, որ մենք Բաքվից ենք։

Ծերունին տեղում շարժվում է, աշխուժանում։

–Հա՞… էդ շատ լավ ա… Բաքու նավթումը սրանից քանի տարի առաջ աշխատել եմ… հազար իննհարյուր ութ թվին։ Հմի երևի Բաքուն շատ ա փոխվել… Էյ գիդի հա… Որ Բաքու աշխատում էի, մի ղարաբաղ- ցու թատրոնում մեր Անուշին շանց տվին։ Որ տեհա, լացս եկավ։ Դե գեղացիս ա, բեմ ելած խալխին հավասար լացացնում ա… գեղի կարոտը, հողի կարոտը առա… Օհանեսը ասում էր, որ Թիֆլիսից Դսեղ եմ գալի, ամեն անգամ, գիշեր ըլի, թե ցերեկ, որ պոեզդը մտնում ա Լոռվա ձորերը, ծմակներից փչող օդը խուտուտ ա տալի, լցնում թոքերս, զարթնեցնում։ Վեր թռչելով նա ասում էր. ''Օրհնվես, հող…''։ Էդպիսի բան ա հողը…

Արմենուհին մարդ է ուղարկում, որ մի երկու ուրիշ ծերունիների էլ կանչեն։ Ասես նրա կանչելուն էին սպասում, քիչ անց գայթելով գալիս են նրանք, բարև են տալիս ու նստում իրար կողքի։



– Սարգիս բիձա, Թումանյանից մի բան պատմիր, ընկերները լսեն,– ասում է Արմենուհին,– ո՞նց մարդ էր։

–Շատ լավ մարդ էր։ Ոնց որ էսօր, հիշում եմ։ Աչքիս առաջն ա։ Եկավ, մազերս խառնեց, մոմպաս տվեց, հետո հորս հետ գնացին Բորչալու՝ ժողովի։ Բա ո՞նց չեմ հիշում։



Նրանք նստել էին սալ քարերին, կողք-կողքի, նայում էին մեզ ու չիբուխ էին քաշում։ Ես նայում էի նրանց ու մտածում էի, որ ոչինչ չի փոխվել։ Սա Թումանյանի աշխարհն է, ինձ թվում էր նույնիսկ, թե ինչ որ տեղ ես տեսել եմ նրանց, խոսել հետները, որ ահա այս մեկը գյուղացի Համբոն է, մյուսը՝ ''Հառաչանքի''-ի ծերունին, երրորդը անպայման Սուտլիկ որսկանն է, չորրորդը՝ Գաբո բիձան, և որ նրանք բոլորը միասին Կիրակոսին քարաբաղնիս սարքեցին, ու երբ արդեն մեռել էր Կիրակոսը, ''կտերը, արևումը նստոտած, նրանք պատմում էին, թե քանի-քանի հոգի է խեղդվել քարաբաղնիսից…''։ Ու չիբուխ էին քաշում, ինչպես հիմա։

–Որ գեղ գար, կհետաքրքրվեր մարդկանց ապրուստով, երեխաներին կամփետ կտար, հանաք բան կաներ բոլորի հետ, ծերերին կնստեցներ, պատմություն անել կտար, ինքը կգրեր։ Էդպես էր։

–Դու ի՞նչ կասես, քեռի Եզեկ։

Ծերունին ծխամորճը հանում է բերանից, մի պահ մտածում։

''– Է՜… է՜…է, կրակ էինք անում, շուրջը նստոտում, մինչև կես գիշեր զրույց անում, հեքիաթ ասում, որը չիբուխն էր զոռ տալիս, որը քնում էր… քեռի Եզեկն էլ շվի էր ածում…''։



– Ի՞նչ ասեմ… Օհանեսի հետ էնքան ենք ընկերություն արել։

Օհաննեսը, երբ մաքուր մարդկանց մասին էր խոսում, միշտ ասում էր. պախրան էն տեսակ զուլալ, անարատ կենդանի ա, որ երբ քարափներից իջնում է ձորը և ջրավազանը պղտորված ա տեսնում, պինչ չի կպցնում, ջրի մոտ նստում, էնքան սպասում ա, մինչև ջուրը զուլալվում ա ու նոր խմում ա էդ ջրիցը։ Մաքուր մարդս, կասեր Օհաննեսը, միշտ էլ մաքուր տեղից ջուր կխմի։ Պախրի պես մաքուր մարդ էր Օհաննեսը… Էնքան եմ շվի ածել իրա համար… շատ էր սիրում…

Պատմում են ծերունիները, և դու տեսնում ես, որ Թումանյանը նրանց համար կենդանի մարդ է, նստում-վեր են կենում՝ նրանից են խոսում, նրանից մեջբերումներ են անում, Թումանյանն այստեղ երեխանների հետ երեխա է, մեծի հետ՝ մեծ։

Տասներեք տարեկան է եղել, որ հայրը նրան տարել է Թիֆլիս։

Թումանյանի մայրը, քույրերը, եղբայրներն ու մոտիկ հարևանները մինչև Ձաղի ձորը գնացել են, ճանապարհել նրան։ Մայրը, տղային հրաժեշտ տալուց հետո, տուն է եկել ու լաց լինելով ասել է. ''Տղիս տարան''։ Նա չէր ուզում, որ իր ''քյորփա էրեխեն են անիրավ աշխարհն'' ընկնի։ Թումանյանն իր ուղևորության մասին հետագայում գրում է ''Գիքորում''. ''Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը…''։

Իր հայրենի սարերից, աղբյուրներից, լեռներից գնացել է Թումանյանը, բայց հոգով ու սրտով իր սարերում ու լեռներում է եղել, աղբյուրների մոտ։ Ուր էլ եղել է, կարոտ-աչքի առաջ Դսեղն է եղել, Դսեղի հերանց գնացող արտերը.

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3