Կլթացնում են, արտորում,
Արտույտները արտերում,-
Թռչում մանուկ հագուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։
Հիշել է ''վես ու վիթխարի լեռների'' շուրջը տարածված անտառները, կարոտել.
Ո՞վ է ձեռքով անում, ով,
Հեռվից անթիվ ձեռքերով.
–Ջան, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։
Հիշել է անգամ մանկության կենդանիներին. ''Իբրև հին կարոտ մտերիմների, հիշում եմ պոզատ գոմեշը՝ Նազլուն, Ծաղիկը (կով), Չերքեզը, Աբրաշը (եզներ), Թոբլան շունը, Ղայթարը (շան անուն), իմ պապոնց, մեր Մարինոս էշը, Ղռատ ձին…''
Ես գիտեի, լսել էի, որ Դսեղից վերև, անտառի մեջ կա մի լճակ, որին դսեղցիները անվանում են ''Ծովեր'' և, որ Թումանյանը շատ է սիրել ''Ծովերը''։ Դեռևս 1922-ին նա դիմել է հողժողկոմ Արամայիս Երզնկյանին, խնդրել, որ ''Ծովերի'' մոտ գրողների հանգստյան տուն կառուցեն։
– Կուզենայինք տեսնել Ծովերը,– ասում եմ Արմենուհի Թումանյանին։ Արմենուհին մի պահ նայում է ինչ-որ կետի, հետո ժպտալով ասում է։
– Խնդրեմ։ Թումանյանն այնտեղ շատ է եղել։ Գնանք։
Գյուղամիջով քայլում ենք։
– Այստեղ մի մարդ է ապրում, որի հարսանիքին Թումանյանը քավոր է եղել։ Մտնե՞նք։
Բակում նստած էին ''հարսն'' ու ''փեսան''։ Ծերունին գլուխը քաշ, տեր-ողորմյա էր քաշում, պառավը՝ ձեռքերը ծնկներին (ասես նկարվում էր), նայում էր ճանապահին։
-Բարի օր ձեզ,– բարձր ասաց Արմենուհին։– Կարելի՞ ա…
–Եկեք, եկեք։– Պառավը վեր կացավ տեղից։– Ախչի, աթոռ բերեք։
–Ասում են Հովհաննես Թումանյանը ձեր քավորն է եղել, ճի՞շտ է, -հարցնում եմ ես։
– Հա, բա ոնց, ճիշտ ա,– հպարտացավ պառավը։– Կարողա՞, որ ճիշտ չըլի…
Ծերունին լուռ, դեռևս ոչինչ չհասկանալով, նայում էր մեզ։
–Արտեմ բիձա, Թումանյանի մասին մի երկու բան ասա, լսենք։
Ասես հենց դրան էր սպասում։ Դասը սերտած աշակերտի պես ծերունին սկսեց.
-Մի անգամ հերը աղունը տարել էր աղալու. ջրաղացում տեսնելով միրգ ծախող մի գյուղացու, աղունը թողնում ա ջրաղացում, միրգը բեռնում ձին, բերում։ Կինը հարցնում ա. ''Տերտեր, բա ալյուրը ո՞ւրա''։ Տերտերը թե՝ ''Ջրաղացում ջրաղացպանը դեռ աղում ա''։ ''Ախր, անտեր ա, կգողանան''։ ''Չունեվոր մարդիկ են, թող մի քիչ էլ գողանան'',– ասում է Օհաննեսի հերը։ Օհաննեսն էլ շատ լավ մարդ էր։ Էջմիածնա որբերը բերել տանը պահում էր։ Մի օր էդ որբերին շատ հեքիաթներ ա պատմել, ծիծաղացրել ա, հետո, որ որբերը քնել են, ինքը գնացել, պարտեզում նստած լաց ա եղել… ախպերն ա տեսել…
Ու դեռ՝ ''Օհաննե՜ս աղա''…
Ծերունին լռում է։
–Էլ ի՞նչ գիտեք, հայրիկ։
–Հա, Օհաննես Թումանյանը ուսում շատ էր սիրում, ուսումնասեր մարդ էր, նրա պես ուսումնասեր մարդ, ես կյանքիս մեջ տեսած չեմ։ Որ գեղ գար, իսկույն գեղիցը կհարցներ։ Մի անգամ, էլի որ գեղ էր եկել, գնացինք գանգատ արինք։ Առաջ դպրոց չկար, ասացինք, հիմա էլ դպրոց կա, ամա շատերը իրենց երեխեքին դպրոց չեն տալի։ Ասաց՝ օրինակ, ո՞վ։ Ասացինք՝ Ալեքսին։ Կանչել տվեց։ Ալեքսին եկավ, թե՝ բարով ես եկել, Օհաննես ջան։ Օհաննեսն էլ թե՝ բարիդ եմ եկել։ Էս ոնց ա, քեզնից բողոքում են։ Երեխեքին խի՞ չես դպրոց տալիս, որ աշխարհքի լիսն ու մութը ջոկեն, գրաճանաչ դառնան, խավարումը չմնան։ Ալեքսին էլ թե՝ Օհաննես ջան, չկա, բա որ ըլի, ղարգիլ չե՞մ, ըրեխա որդի՞ան՝ կա ոչ։ Երկուսին ոչխար եմ ղարգում, երկուսին կովեր, մինը էշն ու ձին ա պահում, մինը դուռն ու կտուրն ա ավլում, երկուսն էլ՝ գեղ ենք, տուն ենք, պետք են գալիս։ Ժողովուրդը տվավ ծիծաղեց, ամա Օհաննեսը ծիծաղեց ոչ։
''Ամեն ինչ անցողական ա, – ասաց Օհաննեսը ,– ամա ուսումը չէ. ամեն ինչ կվերանա. տավարն էլ, ոչխարն էլ, ամա ուսումի տվածը՝ չէ։ Լավ բան չես անում''։
– Ձեր հարսանիքը հիշո՞ւմ եք, – հարցնում եմ։
– Հիշում եմ… Օհաննեսը մեր քավորն էր, հարսանիքը շատ լավ անցավ, շուլուխով, օրենքով։ Ասես երեկ էր, ափսո՜ւզ…
Ծերունու հիշողությունը լավ չէր։ Մինչ նա կհավաքեր մտքերը, կինը՝ Մարիամը, ամուսնուց ջահել ու շատ աշխույժ մի պառավ, սկսեց.
– Ես ասեմ։ Թումանյանը իմ ու նշանածիս քավորն էր։ Հարսանիքի մյուս օրը գնացել եմ աղբյուրը՝ Կաթնաղբյուր, մոտիկ ա, կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ տեսնեմ Թումանյանը։ Ծանդր մարդ էր, խելոք։ Մեծ տղի հետ կանգնած էր։ Կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ Թումանյանը տղին ասում ա. ''Համլիկ, մեր էս թազա հարսին նկարիր''։ Մանչում եմ, ոնց եմ մանչում, էրեսս էրվում ա։ Կարացի ոչ փախչեմ, մնացի շշկլած, կանգնած։ Թումանյանի տղեն նկարեց, ամա ես տանը ասեցի ոչ. սկեսուրս ձեռիցս կբռներ, դուրս կաներ։ Էդպես էլ ոչ մեկին ասացի ոչ։ Էդպես էլ անցավ գնաց ու շատ բաների հետ էդ էլ եմ հիշում։
– Դե հիմա էլ ինձ ականջ արա,– խոսք վերցրեց ամուսինը։– Օհաննեսը ինչ գրել ա, ճիշտ ա գրել։Անուշի մասին գրածն էլ ճիշտ ա։ Անուշը Գոգնաց Աթնի աղջիկն ա, շատ սիրուն ա ելել։ Սարոն էլ Չոփռի տղեն ա։ Իրար սիրել են, ամա ոչ ախպերն ա ուզել, ոչ էլ հերը։ Էդպես ա եղել։ Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը տղերքի հետ ձի նստած սարում ման գալիս ա ըլել, որ ժողովուրդը կռիվ չանի։ Դրա համար էլ Նիկոլը բռնեց Օհաննեսին, տարավ Թիֆլիսա բանտումը նստացրավ, ասավ՝ քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես։ Օհաննեսի հինգերտինքը գնացին և բանտից դուրս բերեցին Օհաննեսին։ Մի քանի անգամ էլ իմ ձիով ա գնացել սարերը… Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը ավլուկ էր ուզում, փիփերտ էր ուզում… Ուղարկում էինք… Էն ժամանակ մաշինա չկար, երեք օրումը մինչև Թիֆլիս գնում էինք… Մեզ համար Թիֆլիսիցը յուղ ա ուղարկել։
– Պուլիկը մինչև հիմա էլ պահում ենք,– ասում է Մարիամ մայրիկը։
– Հա, որ գեղ գար, կխնդրեր, որ ծեր մարդիկ իրա համար բաներ պատմեին, ինքը գրի կառներ, դիմացը փող կտար… մի անգամ էլ ես եմ մի լավ բան պատմել, հիմի չեմ հիշում ինչ, ինձ երկու մանեթ ա տվել… Մի անգամ էլ գնացի Թիֆլիս, մի տեղով անցնելիս, տեհա մեր գեղացի երկու մարդ գինի են խմում։ Ասացին Օհաննեսը հիվանդ ա, գնանք մոտը։ Գնացինք։ Ծանդր հիվանդ էր։ Դուռը բաց արինք, տեսանք սեղանը մոտեցրել ա, որ բռնի վեր կենա. Բռնել ա սեղանից, մի քիչ բարձրացել ա ու չի կարողանում շարժվել։ Մեզ որ տեսավ, շատ ուրախացավ։ ''Էդ ոնց ա եղել, որ Ռոստոմի խոտը էրվել ա'',– տխուր ասաց նա։ Միշտ էդպես կհետաքրքրվեր գեղացիների դարդովը։
Արևը բարձրացել, կանգնել է լեռների վրա։ Հնձած արտերի միջոցով գնում է նեղ ճանապարհ։ Գնում ենք ''Ծովեր''՝ Թումանյանի սիրած վայրերից մեկը։ ''Ծովերի'' մոտ, կանաչ խոտերին պառկած, Թումանյանը նայել է դեպի մաքուր երկինքը, ժամերով նայել է վերջալույսի վարդագույն ամպերին, հետևել է Չաթինդաղի գագաթին նստած թխպերի խաղին, նրանց դանդաղ-դանդաղ ընթացքին ու երազել… Լսել է ծղրիդի ճռռոցը ու երազել… ''Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի, կանաչի ու թարմության հետ խառնված հոսում է գարնան դաշտերի վրայով… Գուցե էդ ժամանակ մի ծառի կամ թփի տակ պառկած խորասուզվել եք ջինջ կապույտ երկնքի խորության մեջ, մաքուր, թեթև երազների մեջ, իսկ չորս կողմերը համատարած ճըռռ… ճըռռ…''։
Արևից ծառերը երկար ստվեր էին գցել։
– Հրեն Ծովերը, – ասաց Արմենուհին, – շուտով այստեղ գրողների հանգստյան տուն կկառուցվի… 22 թվին Թումանյանը դիմել է, հիմա սկսում ենք շինարարությունը՝ մոտ 47 տարի հետո…Շատ գեղեցիկ հանգստավայր է լինելու։
Մենք հասնում ենք Ծովեր, նստում ենք ստվերախիտ ծառերի տակ։ Այստեղ, գուցե հենց այս ծառի տակ, որտեղ մենք ենք նստած, տիեզերական այս լռության մեջ, նստել է Թումանյանը, նստել են Իսահակյանը, Շիրվանզադեն, Վալերի Բրյուսովը, Տերյանը, Լեոն և մեր մյուս երախտավորները։ Ճարմանայի անհաջող ճակատամարտից հետո այստեղ է դադար առել Վարդան Մամիկոնյանը ու նորից համալրված, գարնան հեղեղի պես գնացել գրոհի։ Այստեղ, 1896 թվականին ընկերներով քեֆ է արել Ստեփան Շահումյանը։ Հետագայում Շահումյանը շատ է մտաբերել Հովհաննես Թումանյանի հետ անցկացրած պահերը, ջալալօղլեցի Սերգեյ Տեր-Գրիգորյանի աղջկան՝ Քեթևանին, որին բոլորը քնքշանքով Քեթո էին ասում, և նրա կրտսեր քրոջը՝ փոքրիկ Ելենային (Լելուշ)։ Շահումյանը նամակ է գրել իր սիրած աղջկան՝ Քեթոյին, խոսքը համեմելով Թումանյանից մեջբերած մի հատվածով՝ ''Ուր Չաթինդաղի…'', և ավելացրել է Թումանյանի ոգով.
''Եվ ուր վերջապես ապրում են երկու սիրելի քույրե
Քեթոն է մեկը, մյուսը՝ Լելուշ
Իրենց երկրի պես քաղցր ու անուշ''։
(Ի դեպ, Քեթոն՝ Ք. Տեր-Գրիգորյանը, հետագայում դարձավ մեծ հեղափոխականի՝ վտանգներով լեցուն կյանքի հավատարիմ ընկերուհին)։
Նստում, հանգստանում ենք կանաչ խոտերին։ Ծառերի ստվերները պառկել են լճի վրայով, և ջուրն այնպես վճիտ է…
Ես մտնում եմ անտառ ու խորանում եմ անտառի մեջ։ Մարցի անտառներն են։ Հաճարենինեի կատարները երկինք են հասնում։ Արևը դժվարությամբ է ընկնում անտառ և այնպես հով է, այնպես մութ ու խաղաղ…
Վեր է կացել են սարում
Մեր Չալանկը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։
Պարզ, հասարակ, ու էնքան պարզ ու հասարակ, որ թվում է նստես, դու էլ էդպես կգրես։ Բայց չէ, ինչքան պարզ ու էնքան էլ հանճարեղ է։