Մուրացան - Չհաս է стр 4.

Шрифт
Фон

Բայց սրանով չպիտի վերջանա, իհարկե, Միկիթի գործունեությունը: Դեռ նրան մնում էր մի ուրիշ մեծ գործ, որ գլուխ բերելու համար նրան հարկավոր էր գործ դնել թե խորամանկություն և թե մեծ աշխատություն: Այդ այն էր, որ Միկիթը դեռ մի հասարակ գրագիր էր, իսկ այդ պաշտոնը ինքնըստինքյան մի ստոր պաշտոն էր այնպիսի մարդու համար, որպիսին Միկիթն էր, որի ճաշակը գնալով զարգանում էր և ախորժակը բացվում: Մի օր նրա բոլոր ցանկությունը կայանում էր նրանում, որ եթե ոչ սեղանապետի օգնական, գոնե գրագրապետ լիներ: Բայց այսօր, որ նա յուր, աշխատասիրության շնորհիվ հենց այդ պաշտոնումն էր, ցանկանում էր ոչ թե սեղանապետ, այլ մինչև անգամ և ատենադպիր լինել: Եվ այն օրից սկսած, որ նա եկավ այն համոզմունքին, թե չկա մի արգելք, որ անընդհատ աշխատության առաջ կարողանա կանգուն մնալ, Միկիթը էլ հանգստություն չուներ: Գրագրապետ կարգվելու օրից դեռ չէր անցել մի տարի, երբ նա սեղանապետի օգնականի պաշտոն ստացավ: Բայց նրա բախտի անիվը կանգ չպիտի առներ այդտեղ: Մի քանի ծանրակշիռ գործերում Միկիթի ցույց տված առաջադիմությունը գրավեց դատավորի ուշադրությունը և հետևյալ տարին նա սեղանապետության պաշտոնը հանձնեց նրան:

Փոքրիկ քաղաքների մեջ, ինչպիսին Միկիթի ծննդավայրն էր, մարդիկ շատ շուտ են անվանի դառնում, մինչև անգամ դատարանի սպասավորը, որի գոյությունը մայրաքաղաքներում չեն նկատում, առանձին հարգանք է վայելում այստեղ, կան մարդիկ, որոնք մինչև անգամ հավատում են, թե դատարանում հաջողություն ձեռք բերելու համար առաջին անգամ սպասավորի իշխանությանը պետք է հարգել… Կարծիք չկա, ուրեմն, որ այսպիսի տեղը Միկիթի նման մարդը, որ հանկարծ սեղանապետության աստիճանին էր հասել, շատ ավելի մեծ հարգանքի և պատիվների պիտի արժանանար: Եվ ահա ժողովուրդը, որ դյուրապատրաստ է ամեն մի փքված ուժ աստվածացնելու և բուն աստվածները կործանելու, հացթուխի տղա Միկիթին բեկ պատվանունն է շնորհում, որը, երևի հենց այդ պատվանունից քաջալերված, երկու, տարուց ետ դատարանի ատենադպրի պաշտոնին տիրացավ:

Այնուհետև մարդիկ իրար գլուխ էին պատռում Միկիթի-բեկի ծանոթությունը և բարեկամությունը վաստակելու համար, բայց նա յուր այդ փառքի մեծության ժամանակ անգամ չէր մոռանում յուր խիստ սկզբունքը, որ էր – չարժանացնել ոչ ոքի յուր բարեկամությանը առանց արժանավոր վարձատրության:

Միայն մեր ծանոթ պ. Թովմասը առանձին հարգանք էր վայելում Միկիթ-բեկից, որովհետև նա էլ յուր հերթում մեծ ակնածությամբ էր վերաբերվում դեպի վերջինս: Թովմասը Միկիթ-բեկին ճանաչում էր նրա մանկության հասակից և հիացմամբ հետևել էր նրա աստիճանաբար առաջադիմության: Երբ Միկիթ-բեկը հասավ ատենադպրության պաշտոնին, պ. Թովմասը բացականչեց. – «Ահա՛ մի մեծ մարդ…», – և այնուհետև Միկիթ-բեկը պ. Թովմասի իդեալն էր. նա միշտ նրան էր դիմում, երբ հարկավոր էր լինում մի որևէ դատաստանական գործի վերաբերմամբ խորհուրդ հարցնել և կամ մի պաշտոնական անձի հետ հարաբերության մեջ մտնել: Այն չափազանց խնայասեր վաճառականը, որ նույնիսկ յուր օրինավոր ապրուստի համար դժվարանում էր փող ծախսելու, միշտ բաց ուներ յուր քսակը Միկիթ-բեկի համար: Թովմասը նրան իրավունք էր տալիս օգտվելու այդ քսակից որքան և ինչպես ցանկանում էր նա. բայց Միկիթ-բեկը պահպանում էր, իհարկե, յուր արժանապատվության կշիռը և միայն առատությամբ օգտվում էր այն ժամանակ, երբ ինքը համոզված էր լինում, թե մի մեծ գործ է շինել Թովմասի համար:

ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Բավական ճաշակով բացված սեղանի չորս կողմը անցուդարձ էր անում պ. Թովմասը, խորասուզված մտածմունքների մեջ: Սիգոյի հաղորդած նորությունը նրան հանգստություն չէր տալիս: Մանավանդ մինչև այդ օրը կապալների գոյության մասին չմտածելը Թովմասին շատ էր նեղացնում. նա հավատացած էր, որ եթե երկու տարի առաջ գոնե այդ մասին հոգացած լիներ, այսօր յուր հարստությամբ կգերազանցեր Մելքոն աղային: Բայց յուր կույր բախտից, այդ ոսկեծին գործի համար, ոչ ոք չէր հիշեցրել նրան: Հենց այդ զրկանքի մեծությունն էր պատճառը, որ Միկիթ-բեկի ուշանալը տխրության ամպեր էր հավաքել Թովմասի ճակատին և րոպեները ժամերի պես էին անցնում նրա համար: Սպասելուց ավելի վատթար բան չկա, բայց վատթարագույն է, երբ մարդ սպասում է բախտի հետ կապ ունեցող գործերի համար: Թովմասը այդ վատթարագույն դրության մեջ էր և յուր ամբողջ տան մեջ նա մի անկյուն չէր գտնում, ուր կարողանար հանգիստ շունչ քաշեր:

Վերջապես դռան հնչակը քաշեցին՝ Թովմասը սրտատրոփ դուրս վազեց պատշգամբը և որքան մեծ եղավ նրա ուրախությունը, երբ տեսավ Միկիթ-բեկին, որ յուր կարճահասակ և գեր ու կլորիկ մարմնով ծանրաշունչ բարձրանում էր սանդուղքների վերա:

– Ձեր մոտ ամեն բան լավ է, բացի այս սանդուղքները, որոնք ինձ չափազանց հոգնեցնում են, – տանուտիրական վստահությամբ նկատեց Միկիթ-բեկը, երբ հասավ փոքրիկ պատշգամբին, ուր ժպտադեմ սպասում էր նրան պ. Թովմասը:

– Այո, այո, նա խիստ զառիվեր է. անիծյալ լինի ուստա Սարգիսը, ես դեռ շինելու ժամանակ նրան ստիպեցի քանդել և ուղղել, բայց նա չլսեց, – պատասխանեց իսկույն Թովմասը և ապա սիրալիր բարեկամությամբ ողջունելով Միկիթ-բեկին, առաջնորդեց դեպի սեղանատունը:

– Ես ձեզ ուղղակի այստեղ եմ բերում նրա համար, որ արդեն ճաշի ժամանակն է, – բացատրեց Թովմասը և ամենից լավ բազկաթոռը հրամեցրեց յուր հյուրին, որ շնորհքով բացված սեղանը ու փայլուն շշերով գինիները տեսնելուց ետ, արդեն հոգեկան հափշտակության մեջ էր մտել:

– Այո, պ. Թովմաս, այո, ժամը երկուսից ետ էլ ոչ մի սենյակ ինձ չէ գրավում, սեղանատունը այդ ժամանակ ամենասիրելին է ինձ համար, – ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը և նստելով առաջարկած բազկաթոռի վերա՝ սկսավ ոլորել յուր փոքրիկ ընչանցքի ծայրերը, որոնց հովանավորում էր հայկական մի փառավոր քիթ: Նրա կարմիր ու կայտառ երեսի վերա արտափայլում էր այդ րոպեին մի այնպիսի զվարթություն, որ ունենում են միայն երեխաները, երբ հայրը նրանց համար խաղալիքներ է բերում և կամ անուշ մրգեղեններ: Յուր խորամանկ և երբեմն ծիծաղկոտ աչքերը, որոնց մեջ պ. Թովմասը մեծ խելք էր նշմարում, նա անդադար հածում էր սեղանի մակերևույթի վերա, ուր կարգով շարված էին նախաճաշի համեղ և բազմատեսակ բաժինները:

Թովմասը նստավ սեղանի վերա և առաջարկեց հյուրին վայելելու աստուծո տվածը:

– Այսուամենայնիվ դուք բավական զարգացած ճաշակ ունիք, – նկատեց Թովմասին Միկիթ-բեկը՝ առաջ քաշելով յուր բազկաթոռը, – այս քանիերորդ անգամն է, որ ես ձեր տանը միշտ փառավոր եմ տեսնում սեղանը: Եվ պետք է խոստովանել, որ ես միայն ձեր տանն եմ ախորժակով ճաշում, որովհետև դուք գիտեք ուտելու համար ծախսել: Լավ ուտելն էլ մի աստվածատուր շնորհք է, – ավելացրեց Միկիթ-բեկը դարդակելով ռոմի բաժակը և յուր պատառաքաղը ոգևորությամբ դեպի զուրգելի պնակը ուղղելով:

– Իհարկե լավ ուտելն էլ մի շնորհք է, – հաստատեց Թովմասը Միկիթ-բեկի կարծիքը. – ով որ լավ ուտել չգիտե, նա անշուշտ լավ գործելն էլ չգիտե:

– Օ՛, ես չեմ կարող տանել այդ տեսակ մարդկերանց. նստել սեղանի վերա և գոնե մի ամբողջ ժամ չուտել, այդ անհասկանալի է ինձ համար, և վերջապես ինչո՛ւ համար ենք ապրում մենք, չէ որ աստված այն բոլոր բարիքները մեզ համար է ստեղծել:

– Իհարկե, իհարկե:

– Այո՛, ես սիրում եմ մանավանդ երբ կերակուրները բազմատեսակ են, իսկ բաժինները առողջ ու առատ:

– Կարծեմ այդպես բոլորն են սիրում:

– Սխալվում եք, ես հարուստ մարդիկ գիտեմ, որոնք պարապում են միմիայն փող դիզելով, իսկ ստամոքսի համար այնքան են մտածում, որքան իրենց թշնամու համար: Իմ կարծիքով դա անօրենություն է. չէ որ մարդու միակ բարերարը յուր ստամոքսն է, և մի՞թե կարելի է անուշադիր թողնել մարմնի այն հրաշակերտ մասը, որ մեզ սնունդ և կյանք է տալիս:

– Իհարկե ոչ:

– Բայց կան մարդիկ, որոնք ձեզ նման չեն մտածում, նրանք ստամոքսի վերա նայում են ինչպես մի վնասակար արարածի վերա, որ անդադար սպառնում է իրենց նյութական կարողությանը, և եթե հնար լիներ, նրանք ուրախությամբ կհեռացնեին նրան իրենց մարմնից:

– Իսկ ես էլ կարծում եմ, որ ստամոքսի վերա այնքան մեծ ուշադրություն չպետք է դարձնել, – վերջապես հայտնեց յուր կարծիքը պ. Թովմասը, – օրական մի, կամ շատ-շատ երկու անգամ կարելի է կերակրել նրան, և այն էլ մինչև անգամ ցամաք հացով: Ստամոքսն այդ համեստ կերակրով էլ կարծեմ մեզ բավական սնունդ կտա:

– Օ, մի ասեք, մի՛ ասեք, – բացականչեց Միկիթ-բեկը. – բավական հիմար պետք է լինի մարդ, որ փլավ ուտելու կարողություն և ախորժակ ունենա ու ինքը ցամաք հացով կշտանա: Ես բոլորովին ընդդեմ եմ ձեր կարծիքին և եթե գիտենայի, թե դուք ներքին կերպով համաձայն չեք ինձ հետ, ես կհրաժարվեի երկրորդ անգամ ձեր տանը ճաշելուց: – Խնդրեմ, խնդրեմ, իմ հայտնած միտքը լոկ մի կարծիք էր, – վախեցած խոսեց պ. Թովմասը, – իհարկե ես համաձայն եմ ձեզ հետ…

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3