– Այո՛, և եթե դուք ինձ չափ զարգացած լինեիք և կարողանայիք գրքեր ու լրագրեր կարդալ, այն ժամանակ կիմանայինք, թե լուսավորյալ երկրներում որքան շատ և որքա՛ն բազմատեսակ են ուտում: Որովհետև նրանք հասկանում են, որ ստամոքսը մեր բոլոր մյուս գործարանների թագավորն է, եթե այդ գործարանները եռանդով չաշխատեն, և բավականաչափ հարկ չտան իրենց թագավորին, նա կթուլանա, և էլ ուժ չունենալով յուր երկիրը կառավարելու, կթողնե նրան, իսկ ստամոքսի թշնամին, որ մահն է, անտեր գտնելով յուր հակառակորդի երկիրը, կտիրե նրան, այսինքն մեր մարմնին:
Միկիթ-բեկի այս նորագույն վարդապետությունը, որ մինչև ճաշի վերջը շարունակեցավ, պ. Թովմասը լսում էր ակամա ուշադրությամբ, առանց հայտնել կարողանալու յուր դժգոհությունը: Բայց երբ հազիվ վերջին բաժինն էլ վայելեցին և ծառան ներս բերավ մրգեղենի սկուտեղը, Թովմասը էլ ավելորդ համարեց ավելի սպասել: Ամբողջ երկու ժամ էր, ինչ հաշվի կամ գործի մասին բան չէր խոսվում յուր սեղանի վերա և այդ բանը ավելի քան ընդդեմ էր յուր սրբազան սկզբունքներին:
– Միկիթ-բեկ, թողնենք առայժմ ստամոքսի խնդիրը, – վերջապես նկատեց պ. Թովմասը, – ես մի կարևոր գործ ունիմ և կամենում եմ նրա մասին մի խորհուրդ հարցնել ձեզանից:
– Հրամայեցեք, խնդրեմ:
– Ասում են, որ զորքի մեծավորի տանը այս առաջիկա շաբաթ մեծ աճուրդ պիտի լինի, զորքի հացը, միսը ու խմելիքը կապալով տալու համար, ճշմարիտ է արդյոք, այս տեսակ բաները դուք կիմանաք:
– Ճշմարիտ է, աճուրդ պիտի լինի: Բայց դուք ինչու համար եք հետաքրքրվում նրանով:
– Ես կամենում եմ այդ կապալը վերցնել:
– Ի՞նչ, միթե կամենում եք միանգամից Մելքոն-աղայի հացը կտրացնել, – ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը:
– Այդքան ուժ չունիմ, բայց կարծում եմ, որ այդ գործում մի մասնավոր օգուտ կմնա մեզ: Դուք էլ գիտեք, որ այժմյան առևտուրներում շահ չէ մնացել և իզուր մշակություն ենք անում:
– Լավ եք մտածել, և եթե ինձանից խորհուրդ եք հարցնում, ես էլ խորհուրդ կտամ, որ այդ կապալը վերցնեք:
– Բայց այդ ձեզանով պիտի լինի, Միկիթ-բեկ, առանց ձեր օգնության ես ոչինչ անել չեմ կարող:
– Ինչպե՞ս:
– Այնպես, որ այդ կապալը վերցնելու համար ես ճանապարհներ չգիտեմ, այդ ճանապարհները դուք պետք է ցույց տաք ինձ:
Միկիթ-բեկը կամաց-կամաց ետ քաշվեցավ սեղանից, ձգվեցավ բազկաթոռի մեջ և լուրջ ու խորախորհուրդ կերպարանք առնելով՝ ձեռքը դրավ ճակատի վերա և սկսավ մտածել:
Պ. Թովմասը անթարթ աչքերով դիտում էր յուր իդեալի իմաստուն կերպարանքը և նրա դեմքի մկանունքների ամեն մի շարժմունքից ցանկանում էր գուշակություններ անել: Բայց ավաղ, բախտը նրան զրկել էր այդ մեծ շնորհքից, նա զգում էր, թե այդ րոպեին որքան երևելի մտքեր ու խորհուրդներ էին զբաղեցնում յուր Միկիթ-բեկի հանճարեղ գլուխը, և սակայն ինքը չէր կարողանում գուշակել նրանց ինչ լինելը: Իրեն մնում էր միայն հիանալ նրա ճակատի խորախորհուրդ կնճիռներով և սպասել նրա պատգամին:
Վերջապես Միկիթ-բեկը խոսեց,
– Այդ կապալը վերցնել հեշտ է, բոլոր աձանց հետ ես կարող եմ խոսել, իսկ կարևոր թղթերը ես ինքս կպատրաստեմ: Բայց մեծ դժվարությունը նրանումն է, որ կարողանայինք ուրիշ ցանկացողներին ետ կանգնեցնել իրենց դիտավորությունից, այսինքն աճուրդի օրը այդպիսիները կամ ձեռնպահ մնային և կամ այնպիսի գներ առաջարկեին, որ կապալը իրենց վերա չմնար:
– Ամեն բան դուք պետք է անեք, Միկիթ-բեկ, ես ոչինչ անել չեմ կարող:
Միկիթ-բեկը կրկին մտածմունքների մեջ խորասուզվեցավ և Թովմասը կրկին սկսավ հիանալ նրա ճակատի կնճիռներով:
– Իմ կարծիքով միայն չորս հոգիներ կան, որոնք անպատճառ կմասնակցեն այդ աճուրդին. – սթափվելով յուր մտածմունքներից, կրկին խոսեց Միկիթ-բեկը, – առաջինը Մելքոն-աղան է, երկրորդը՝ բազազ Սարգիսը, երրորդը՝ Ամիրի տղան, չորրորդը՝ ձուկ Ավետիսը: Դրանցից այս վերջին երեքը իմ մարդիկներս են. և երեքն էլ առանձին առանձին ինձ պետք է դիմեն իրենց առաջարկության թղթերը գրել տալու համար, որովհետև նրանցից ոչ մեկը չգիտե, թե մյուսն էլ իմ բարեկամն է: Ուրեմն նրանց թղթերի հետ ինչ խաղ խաղալը ես կիմանամ: Մնում է Մելքոն-աղան, որին ես մոտենալ չեմ կարող, որովհետև նա ունի յուր սեփական փաստաբանը, որին դիմում է կարևոր միջոցին: Նրան այս գործից հեռու պահել կարելի է միայն խնդրելով: Նա յուր կյանքում շատ կապալներ է վերցրել և շատ էլ մեծ փողեր է աշխատել, եթե դուք հանձն առնեք գնալ և նրան խնդրեք, որ այս անգամ ձեռնպահ մնա այս կապալից, նա կարող է հարգել ձեր խնդիրը: Հակառակ դեպքում կարող եք նրան խոստանալ և առանձին գոհացում: Եթե կարողանաք ետ կանգնեցնել նրան այս կապալից, ես խոստանում եմ կապալը անպատճառ վերցնեք ձեզ համար:
– Կերթամ, կխնդրեմ, կաղաչեմ, – ոգևորությամբ բացականչեց Թովմասը, – կերթամ հենց այս րոպեին, եթե, կհրամայեք:
– Գնացեք մի երկու ժամից ետ, երբ նա արդեն քնից վերկացած կլինի: Վաղը դատարանը արձակվելուց ետ՝ ես կրկին կգամ ձեզ մոտ: Եթե մի ուրախ լուր բերած կլինիք, ես կմնամ ձեզ մոտ ճաշելու և միասին կխորհրդակցենք գործի մնացյալ կետերի համար, – ասաց Միկիթ-բեկը, և ապա շնորհակալություն անելով Թովմասին նրա հյուրասիրության համար դուրս գնաց:
Պ. Թովմասը ճանապարհ դրավ նրան մինչև սանդուղքների վերջը:
Ե
ՄԵԼՔՈՆ-ԱՂԱՅԻ ՄԻԱԿ ՑԱՎԸ
Մինչև նշանակված երկու ժամը լրանալը, պ. Թովմասը կարևոր համարեց շտապել շուկան յուր խանութն ու գործերը աչքե անցնելու, որովհետև վախենում էր, որ յուր բացակայության ժամանակ գործակատարները մի որևէ սխալմունք գործած լինեին: «Գուցե այս գործը չէ հաջողում, ինչո՞ւ համար իսկականը հավանականին զոհենք», – մտածում էր պ. Թովմասը: Բայց փառք աստուծո, ոչինչ դժբախտություն չէր պատահել, ամեն բան յուր տեղն էր:
Նշանակած ժամերը յուր սիրելի խանութի մեջ անցնելուց ետ վերջապես նա բռնեց Մելքոն-աղայի տան ճանապարհը: Բայց որպեսզի գործակատարները չիմանային, թե նա կրկին բացակայում է խանութից, պ. Թովմասը դիտմամբ կամ այս խանութի առաջն էր կանգնում ու խոսակցում, կամ այն խանութի, կամ երրորդի, կամ չորրորդի, մինչև որ անզգալի կերպով դուրս գնաց շուկայից, իսկ գործակատարները կարծում էին, թե նա դեռ շուկայումն է գտնվում և ամեն րոպե կարող էր ներս մտնել խանութ:
Այսպես անելը, իհարկե, հարկավոր էր նրանց զգաստ պահելու համար:
Թեպետ կեսօրից չորս ժամ արդեն անցել էր, բայց արեգակը դեռ այրում էր քաղաքի փողոցներում: Ամեն տեղ անցուդարձը նվազել էր: Շուկայում խանութպաններից ոմանք քաշվել էին խանութների անկյունը և գլուխները դախլի կամ հաշվետետրերի վերա գրած՝ խոր քնով խռմփում էին, ուրիշներն անգործությունից դադրած՝ հավաքվել էին այս ու այն դրացու մոտ և անհոգությամբ զրույց ու կատակներ էին անում, աշխատելով քեսադ առևտրի օրը շուտով մթնացնելու: Սակավ էին այն բախտավորները, որոնց օրվա այդ ժամին հաջողվել էր ձեռք գցել ընկերներից ետ մնացած մի գյուղացի, կամ հեռու թաղերից եկած մի անփորձ տղա, և մի փոքր առևտուր անել, վաճառելով նրան ապրանքի հետ միասին և երդումների մի ամբողջ շարական: Մեծ հրապարակն անգամ, որ քաղաքի միակ բաբախող սիրտն էր, վաղուց անշնչացել էր: Նպարավաճառները էլ չէին լսեցնում իրենց գովասանական անախորժ բացականչությունները և հաղթահարված տիրապետող տոթից, հազիվ մեկ-մեկ ջուր էին սրսկում թառամող վարունգներին, կամ կանաչեղենի թաբախներին: Հարևան մսագործները ահագին փափախով գլուխները եղոտ կշռասեղանի վրա դրած՝ անուշ-անուշ քնում էին, թողնելով ճանճերին շահատակելու մսի կիսանների վերա, որոնք արևի տաքությունից արդեն դեղնել և չորացել էին, քաղաքի կշիռը նույնպես անգործ ընկած էր: Պարոն կշռապահը յուր անկեղծությունը այնտեղ էր հասցրել, որ ծալապատիկ նստել էր կշեռքի լայն թաթերից մեկի վրա և մեծ գավաթով մածնաբրթուշը առջևը դրած՝ ջերմեռանդությամբ ուտում էր, գրգռելով իրեն շրջապատող սակավաթիվ գյուղացիների թե ախորժակը և թե նախանձը:
Ամբողջ քաղաքի մեջ միայն աղա-Մելքոնի պարտեզն էր, որ օրվա այդ տոթագին ժամին զովասուն էր և հովաշունչ էր: Գեղահասակ բարդիները, որոնք բոլորում էին ամբողջ պարտեզը և հողմի յուրաքանչյուր հոսանքից քաղցր շրշյունով ծածանվում էին աջ ու ձախ, բազմամյա ակաթենիները, որոնք երկուստեք հովանավորում էին աղյուսախճի ճեմելիները և իրենց ձյունաթույր ու ողկուզաձև ծաղկեփնջերով, նրանց կանաչազարդ կամարակապը զարդարում, սաղարթախիտ ուռենիները, որոնք շրջաբոլոր եզերում էին ընդարձակ ավազանը և սփռում նրա շատրվանի վերա մի սիրախորժ ստվեր, և վերջապես բազմաթիվ պտղատու ծառերը, որոնք գրավել էին պարտեզի մի ընդարձակ մասը և գունավորել նրան իրենց բազմերանգ պտուղներով, ստեղծում էին այդ արվեստական դարաստանի մեջ մի հովաշունչ և կենսաբեր եղանակ անծանոթ քաղաքի հասարակաստեղծ մարդիկներին: