Մինչդեռ Թովմասը այս խորհրդածություններն էր անում, այգին մտան Մելքոն-աղայի հետ միասին տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան, երկուսն էլ վայելուչ կերպով կոկված ու հագնված: Պ. Թովմասը թեպետ երբեք առիթ չէր ունեցել ասպետական օրենքները ուսումնասիրելու, այսուամենայնիվ նա զգաց, որ հարկավոր էր հանել յուր գլխարկը և ժպտերես դիմավորել յուր խնամուն ու հարսնացուին:
Վերջիններս շատ սիրալիր ընդունեցին պ. Թովմասի ողջույնը և ծանոթանալով նրա հետ, ջերմագին սեղմեցին նրա ձեռը:
Տիկինը առաջարկեց բոլորին էլ նստել ծաղկանոցի առաջ շարված աթոռների վերա:
Սովորական հարց ու բարևից ետ, Մելքոն-աղան հանդիսավոր կերպով կանգնեց նրանց մեջ և բառերի հստակ ու որոշ արտասանությամբ հայտարարեց, որ պ. Թովմաս Մարալյանը շնորհ է բերել յուր մոտ իրենց սիրելի Նատալիայի ձեռքը յուր եղբոր որդի Պետրոսի համար խնդրելու և որ ինքը այդ բանին սրտով համաձայն է, սակայն հարցնում է և տիկին Անիչկայի կամքը:
Վերջինս կարելվույն չափ քրքրվելով և կարելվույն չափ գեղեցիկ ժպիտով պատասխանեց. – «Ես այնքան շատ լավ բաներ եմ լսել պ. Թովմասի եղբոր որդու համար, և այնքան գովություններ նույնիսկ պ. Թովմասի և յուր ընտանիքի վերաբերությամբ, որ ես ոչ միայն պատճառ չունիմ մերժելու նրա առաջարկությունը, այլև շատ ուրախ կլինեմ նրան ընդունելով: Իմ Նատաշան այնքան քնքուշ, այնքան ուրախ և այնքան սիրելի պահված աղջիկ է, որ բացի պ. Թովմասի ընտանիքը, ուրիշ որևէ ընտանիք ես արժանի չեմ գտնիլ նրա հարսնության, հետևապես ես տալիս եմ իմ համաձայնությունը»:
Պ. Թովմասը, որին ըստ երևույթին շատ դուր եկավ յուր խնամու փոքրիկ, բայց ազդու ճառը, խորը կերպով գլուխ տվավ տիկին Անիչկային ի նշան ամենաանկեղծ շնորհակալության:
Իսկ Մելքոն-աղան, որ փորձված վաճառականի նման աշխատում էր պայմանագրի բոլոր կետերի համար բանավոր ստորագրություն առնել Թովմասից, մոտեցավ նրան և թուրքերեն լեզվով հարցրեց. – «Հավանո՞ւմ ես իմ աղջկան, թե ոչ. նա քո առաջ կանգնած է կարող ես լավ նայել, քննել և ապա քո ազատ կարծիքը հայտնել»:
– Քո աղջիկը հրաշալի է, իմ եղբոր որդին հազիվ թե արժանի է նրան, – պատասխանեց նույն լեզվով Թովմասը: Եվ այս խոստովանությունը բոլորովին անկեղծ էր:
Այդ ժամանակ Մելքոն-աղան ետ դարձրեց Թովմասին նրանից ստացած մատանին, որպեսզի սա ինքը յուր ձեռքով հագցնե այն յուր հարսնացուին: Թովմասը ուրախությամբ կատարեց և այդ վերջին պարտականությունը, հայտնելով միևնույն ժամանակ, որ այդ մատանին իսկապես նշանադրության ընծա համարելու չէ, այլ լոկ մի առհավատչյա իրենց մեջ տեղի ունեցած խնամական համաձայնության:
Օրիորդ Նատալիան բոլոր այդ խոսակցությանը ժամանակ նստած էր լուռ և համեստ, որովհետև այնպես էին պատվիրել նրան յուր ծնողները, իսկ նրա համաձայնությունը ստանալու համար խոսք ու զրույց չեղավ: Սա մի անհրաժեշտ նախազգուշություն էր, որով Մելքոն-աղան կամեցել էր ծածկել Թովմասից յուր դստեր արժանիքը, բայց իհարկե, դա միևնույն ժամանակ և ավելորդ նախազգուշություն էր, որովհետև այդ րոպեին Թովմասին հետաքրքրողը ոչ թե հարսնացուն էր, այլ յուր կապալի շահավոր գործը:
Նոր բարեկամները այդ երեկոյան պատվեցին Թովմասին փառավոր ընթրիքով, որի ժամանակ նա երախտագիտությամբ հիշեց լավ ընթրիքների սիրահար Միկիթ-բեկի անունը և ծածուկ յուր խնամիներից խմեց նրա թանկագին կենացը:
Վերջապես հոգվո ամենալավ տրամադրության տակ հեռացավ պ. Թովմասը Մելքոն-աղայի տնից և ուխտեց, ինչպես ազնիվ մարդ, կատարել յուր տված խոստումը, եթե միայն շահավոր կապալը կմնար յուր վերա:
Է
ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ՅՈԻՐ ԱՌԱՆՁՆԱՐԱՆՈԻՄ ԵՎ Պ. ԹՈՎՄԱՍԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՊԱԼԱՌՈԻ
Մի փոքրիկ սենյակ, որ լուսավորվում էր երկու նեղ պատուհաններով: Մի հասարակ գրասեղան, որի զարդարանքը կազմում էին դատարանից բերված հին թանաքամանը, երկու մաշված գրիչներ, կես կապ թուղթ և մի աժանագին լամպար. – չորս պարզաշեն աթոռներ, որոնցից մինը արդեն կազմալույծ էր եղած, ուստի և դատապարտված սենյակի անկյունում անգործ մնալու, մի դեղնափայտե պահարան, որի մեջ անկարգ կերպով դարսված էին քանի մի օրինագրքեր, մի հին տարազի պատի ժամացույց, որը գնված էր մի ինչ որ աճուրդի ժամանակ, և վերջապես մի անբովանդակ պատկեր, որ առանց շրջանակի կպցրած էր պատի վերա. – սա Միկիթ-բեկի առանձնարանն էր:
Երեկոյան ժամը վեցն էր. մի այնպիսի ժամանակ, երբ առհասարակ գործից վերադարձող մարդիկ տանը չէին նստում, որովհետև քաղցր հովերի ժամանակ լինելով քաղաքի միակ զբոսարանը, որ մի վանդակապատ ծառաստան էր, դառնում էր զվարճալի: Օրվա ծանրությունը բարձող մարդիկ գունդագունդ դիմում էին այդտեղ թարմ օդ շնչելու և իրենց հոգնած հոգուն ու մարմնին հանգստություն տալու:
Բայց Միկիթ-բեկը ժամանակ չուներ այդ շռայլության համար: Նա յուր առանձնարանում նստած խորասուզվել էր օգտավետ մտածմունքների մեջ: Դուք, իհարկե, չեք գուշակում, որ նա մտքով վերափոխվել էր հին պատմությունների աշխարհը և մտածում էր այն հանճարեղ նկարչի վերա, որ ժամանակի պատկերը մարմնացրել էր մերկ աղջկա կերպարանքով, նրա գլխի առաջից երկար մազեր նկարելով իսկ ետքի կողմը թողնելով լերկ, ինչպես յուր մարմինը և տալով նրան երկու զորեղ թևեր անընդհատ առաջ սլանալու համար…
– «Այո՛, քանի որ նա քեզ մոտիկ, քո առաջ կանգնած է, – խոսում էր ինքն իրեն Միկիթ-բեկը, – աշխատիր բռնել նրա մազերից, աշխատիր ընկերանալ նրա թռուցքին, ապա թե ոչ, մի փոքր անհոգություն, մի փոքր դանդաղություն և ժամանակը սլանալով կհեռանա քեզանից – այնուհետև որքան էլ վազես նրա ետևից էլ հասնել չես կարող և զղջումն ու ապաշավանքն էլ քեզ չեն օգնիլ…»:
Միկիթ-բեկի խորհրդածությունները վերաբերում էին մեզ արդեն հայտնի աճուրդին: Նա փորձով գիտեր, որ առհասարակ հազվագյուտ են այն դեպքերը, որոնցից կարելի է լինում անսպաս օգուտներ ձեռք բերել: Այդ աճուրդը պատկանում էր հազվագյուտ դեպքերի կարգին: Եվ որովհետև հետևյալ առավոտ նա տեղի պիտի ունենար, իսկ Միկիթ-բեկը բացի Թովմասին օգնելուց դեռ յուր ուրիշ երեք բարեկամների համար էլ գործ ուներ կատարելու, պարզ է, ուրեմն, որ նա չէր կարող այդ թանկագին ժամանակը զբոսանքի նվիրել: Նա նստել էր յուր առանձնարանում և հաստատապես վճռել՝ բռնել ժամանակի մազերից և չթողնել նրան, մինչև որ անսպաս օգուտներից յուր բաժինը չստանար: Գործը չերկարացնելու համար նա մինչև անգամ պատրաստել էր կարևոր թղթերը և ինքն յուր մեջ որոշել, թե յուր բարեկամներից որին ինչ խորհուրդ և որին ինչ ճանապարհ պիտի ցույց տար: Եվ այս ամենը նա կարգավորել էր այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը առանձնապես գոհ մնան իրենից, հավատացած լինելով, որ Միկիթ-բեկը միայն իրեն համար է գործ շինում: Բայց, իհարկե, դրանք բոլորը միասին իրենց մասնակցությամբ պետք է անգիտակցաբար ծառայեն Միկիթ-բեկի գլխավոր բարեկամ Թովմաս Մարալյանի օգտին, որից և պիտի հասներ նրան ամենագլխավոր օգուտը:
– Փառք աստուծո, ես ձեզ տանը գտա, շնչասպառ բացականչելով ներս ընկավ Միկիթ-բեկի առանձնարանը բազազ Սարգիսը. – օհ, ես այնպես հոգնել, այնպես վաստակել եմ, որ դեռ պետք է հանգստանամ, ներեցեք խնդրեմ, Միկիթ-բեկ, ես շատ եմ հոգնել, այո՛, շատ:
– Ինչո՞ւ համար էիք այդքան շտապում:
– Ինչու համար… չէ որ դուք ապսպրել էիք ճիշտ վեց ժամին գալ ձեզ մոտ. իսկ ձեր տունը հո գիտեք որքան է հեռու:
– Ինչո՞ւ մի փոքր վաղ դուրս չեկաք խանութից:
– Եվ կարծում եք, թե վաղ չեմ դուրս եկել, ամբողջ քառորդ ժամ է, ինչ որ ճանապարհ եմ գալիս:
– Շատ փոքր հասկացողություն ունիք ժամանակի գործադրության մասին, ներեցեք ասել, այսպիսի մի գործի համար ավելի վաղ պետք է թողնեիք խանութը, մի քառորդը բավական չէ. – նկատեց Միկիթ-բեկը բարեկամին և առաջ քայլելով դեպի գրասեղանի արկղիկը հանեց այնտեղից նրա համար պատրաստած թղթերը:
– Ահա. ամեն ինչ պատրաստ է, – ասաց նա, – հարկավոր է միայն ավելացնել գները: Ասացեք այժմ, ինչ գներով եք կամենում մատակարարել հացը, ինչ գնով միսը ինչ գնով խմիչքը:
– Չգիտեմ, դուք ի՞նչ եք կարծում, որքանով է լավ նշանակել:
– Եթե կարծում եք աճուրդին մասնակցողներ շատ չեն լինիլ՝ նշանակեցեք ավելի թանկ:
– Օրինակ:
– Օրինակ հացի պուդը 1 ռուբլի 40 կոպեկ, մսինը 4ռ. 20 կոպ. խմիչքներից գինու վեգ. 5 ռ., օղիինը 7 ռուբլի:
– Ես կարծում եմ այդ գները շատ թանկ են. այդպիսով մենք կարող ենք կապալը կորցնել:
– Ես նշանակեցի այն գները, որոնք իմ կարծիքով ամենահարմարներն են. դուք կարող եք ավելացնել նրանց, կամ պակասեցնել:
Բազազ Սարգիսը սկսեց մտածել, նա յուր գլխում հաշիվներ էր անում: Հետո մի ինչ որ եզրակացության գալով՝ պատասխանեց. – Ես ձեզանից ավելի խելոք չեմ. նշանակեցեք այն գները, ինչ որ հիշեցիք: Եթե բախտը ինձ հետ խռով չէ, այդ գներով էլ կապալը կմնա ինձ վերա:
Ваша оценка очень важна
Помогите Вашим друзьям узнать о библиотеке
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- РњРѕР№ Р В Р’В Р РЋРЎв„ўР В Р’В Р РЋРІР‚ВВВВВВВВРЎР‚
- Viber
- Telegram