Մուրացան - Չհաս է стр 8.

Шрифт
Фон

Պ. Թովմասը լռեց: Մելքոն-աղայի այդ աստիճան գործին տեղյակ լինելը նրա վերա վատ ազդեցություն արավ: – «Այս մարդը, որ այս աստիճան է զբաղվում այս գործով և դեռ բերանս չբացած ամեն բան գիտե, հազիվ թե զիջանե իմ խնդրին. ավելի լավ է լռեմ և իմ պատվով հեռանամ այստեղից…», – զգուշաբար մտածեց Թովմասը և մի տարակուսական հայացք ձգեց Մելքոն-աղայի վերա:

– Հա: Ինչո՞ւ չեք շարունակում, – հարցրեց վերջինս: Թովմասը լուռ էր և դարձյալ նայում էր նրա վերա:

– Դուք ինձ զարմացնում եք ձեր լռությամբ, մի՞թե մի բան պատահեց ձեզ, խոսեցեք, ինչ եղան աճուրդը, կապալը, դուք դրանց մասին էիք ուզում խոսել:

– Ես այլևս չեմ ուզում դրանց մասին խոսել:

– Ինչո՞ւ:

– Որովհետև կարծում եմ, որ իմ խնդիրը դուք պիտի մերժեք:

– Զարմանում եմ, որտեղից կարող եք իմանալ, թե ես կմերժեմ ձեր խնդիրը, քանի որ նրա մասին ես դեռ մի խոսք էլ չեմ արտասանել: Ընդհակառակն, ինչ դժվար խնդիր էլ որ լինի ձեր խնդիրը, դարձյալ ես պիտի աշխատեմ նրան կատարելու, եթե միայն ուժերս կներեն:

Թովմասը մի փոքր սիրտ առավ և շարունակեց.

– Իմ խնդիրը, Մելքոն-աղա, կայանում է հետևյալում: Ինչպես ահա գիտեք առաջիկա շաբաթ աճուրդ պիտի լինի գնդապետի տանը: Մեր քաղաքում, որքան ինձ հայտնի է միայն չորս հոգի կան, որոնք կցանկանան այդ աճուրդին մասնակցելու: Բայց այդ չորս հոգիների մեջ միայն դուք եք զորեղը, և եթե ցանկացաք, անպատճառ դուք էլ կվերցնեք կապալը: Բայց որովհետև ես էլ եմ ցանկանում այս անգամ այդ աճուրդին մասնակցել և իմ բախտը մի անգամ կապալի մեջ էլ փորձել, ուստի եկա ձեզ խնդրելու, աղաչելու, որ եթե հնար է, այս անգամ դուք ձեռնպահ մնաք այդ կապալից, գուցե աստված հաջողում է և ինձ վերա է մնում նա: Մյուս երեք անձինքները ինձ համար երկյուղալի չեն. ես կարող եմ նրանց հեռացնել այդ գործից, բայց դուք կարող եք ինձ արգելք լինել, այդ պատճառով էլ եկել եմ ձեզ աղաչելու, որ այդ զիջումը անեք ինձ, եթե հնար է:

Մելքոն-աղան ընկավ մտածության մեջ: Թովմասը ակնապիշ նայում էր նրա վերա և սրտատրոփ սպասում նրա այն պատասխանին, որ միանգամով պիտի բախտավորեցներ և կամ դժբախտացներ իրեն:

– Որքան էլ որ ցանկանում եմ ձեր խնդիրը չմերժելու, – վերջապես խոսեց Մելքո-աղան, – այսուամենայնիվ հնար չեմ գտնում իմ ցանկությունը կատարելու: Դեռ մի քանի օր առաջ ես գնդապետի տանն էի (պետք է ասած, որ մենք նրա հետ շատ մտերիմ և բարեկամ ենք), ես նրան խոստացա, թե այդ կապալը անպատճառ ես կվերցնեմ, որքան էլ նրա պայմանները ձեռնտու չլինեն: Պ. գնդապետը միևնույնը խնդրեց ինձ, որովհետև մինչև այժմ իմ վերցրած կապալներով միշտ գոհ են մնացել ինձանից թե զորքը և թե նրա մեծավորները: Այժմ ես չգիտեմ, թե ի՞նչպես կարող եմ իմ խոստման հակառակը գործել: Դա ինձ համար մեծ անպատվություն կլինի:

– Այսուամենայնիվ դուք կարող եք այդ անել, եթե կամենաք:

– Գիտեք ինչ կա, պ. Թովմաս. – այդպիսի մի զիջողություն եթե ես անեմ ձեզ, ինձ վերա բոլորը կծիծաղեն, սկսած գնդապետից մինչև վերջին սպան, որովհետև այդ տեսակ մի զիջողություն ես իրավունք ունիմ անելու միայն իմ ազգականներից մինին: Ի՞նչ կասեն ինձ այդ մարդիկը: Եթե իմանան, որ ես իմ իրենց տված պատվավոր խոսքը ետ եմ առնում լոկ մի օտար մարդու խնդրանաց զիջանելու համար: Գոնե եթե դուք իմ ազգականներից մինը լինեիք, իմ վարմունքը մի փոքր բնական կլիներ:

– Ինչ կա, մի՞թե չեք կարող ինձ էլ իբր ազգական ներկայացնել նրանց:

– Օ, այդ անկարելի է. այդ կնշանակե նրանց խաբել, այդ կնշանակե այսքան տարվա իմ նրանց մոտ ունեցած վարկն ու համարումը արատավորել, չէ, այդ անկարելի բան է:

– Ուրեմն դուք մերժում եք իմ խնդիրը, – հուսահատ ձայնով հարցրեց Թովմասը:

Մելքոն-աղան չպատասխանեց. նա մտածում էր:

Այս լռությունը գրավեց Թովմասի ուշադրությունը, նրա սրտի մեջ սկսեց մարմնանալ մի նվաղ հույս՝ «Գուցե դեռ կփոխե յուր միտքը, գուցե դեռ կբախտավորացնե ինձ, – մտածում էր նա, և Թովմասի հույսը պարապ չելավ: Մի քանի րոպեաչափ մտածելուց հետո, Մելքոն-աղան դարձավ Թովմասին հետևյալ հայտարարությամբ.

– Սիրելի Թովմաս, դուք պետք է իմանաք, որ ես ինչպես առաջ էլ ասացի, ձեզ սիրում ու հարգում եմ: Ձեր խնդիրը բացե ի բաց մերժելը ինձ համար այնքան դժվար է, որքան և դժվար է գնդապետին տված պատվավոր խոստմանս դրժելը: Բայg որպեսզի ոչ ձեր խնդիրը մերժեմ և ոչ գնդապետի մոտ խայտառակվիմ, ահա թե ես ինչ նոր բան մտածեցի այս րոպեին: Դուք կարծեմ մի լավ եղբոր որդի ունիք, որ այժմ սովորում է Թիֆլիսում:

– Այո՛, մեր Պետրոսը մի շատ լավ տղա է:

– Լսել եմ, շատ լավ տղա է. աստված պահե: Ես էլ ինչպես գիտեք, մի շատ խելոք աղջիկ ունիմ. մի պատվական աղջիկ: Ես կարծում եմ, որ լավ կանենք, եթե միմյանց պատվավոր խոսք տանք ձեր Պետրոսն ու իմ Նատալիան իրար հետ ամուսնացնելու և այսպիսով խնամիներ դառնալու: Այնուհետև շատ հեշտ կլինի ինձ համար զիջանել ձեզ կապալը և գնդապետն էլ ներողամտությամբ կնայի այս գործի վերա, որովհետև այդպիսով ես կապալը իմ ազգականներից մինին կլինեմ հանձնած:

Թովմասը ուրախությունից քիչ էր մնում, որ խելագարվի:

– Դուք ինձ կրկնակի եք բախտավորացնում, Մելքոն-աղա, – հրճվանքով բացականչեց Թովմասը, – տվեք ինձ ձեր ձեռը, ես համաձայն եմ. ձեր Նատալիան իմ սիրելի հարսն է այսօրվանից, – և այս ասելով նա ջերմությամբ սեղմեց Մելքոն-աղայի ձեռքը:

– Դուք համաձայն եք. շատ բարի, բայց եթե Պետրոսը գա և չկամենա լսել ձեզ, այն ժամանակ ինչ կանեք:

– Պետրոսը, ինձ չլսե՞. հա՛, հա՛, հա՛. միթե կարծում եք, թե նա կհամարձակվի ինձ չլսել, նա, որին ես դեռ մանուկ հասակից իմ հացով պահել, մեծացրել, ուսում եմ տվել և քանի-քանի հազարներ նրա համար վատնել եմ: Ոչ, դրա համար մի երկբայեք: Պետրոսը իմ որդին է. նա մինչև ինձ հնազանդ է եղել և այս անգամ էլ նա չի համարձակվիլ իմ խոսքից դուրս գալու: Եվ միթե բոլոր իմ այս չարչարանքները նրա համար չեն. Պետրոսից զատ ով ունիմ:

– Եթե դուք ինձ պատվավոր և վճռական խոսք եք տալիս, որ իմ Նատաշին անպատճառ կառնեք Պետրոսի համար, ես էլ ձեզ խոսք եմ տալիս անպատճառ զիջանել ձեզ կապալը, որ, իհարկե, մի շատ մեծ զիջողություն է. ըստ որում դա կնշանակե հրաժարվել տարեկան երեսուն հազար ռուբլի օգուտից… Եվ ես այդ զիջողությունը անում եմ այն մտքով, թե ձեր օգուտն էլ այսուհետև իմն է, որովհետև իմ աղջիկը ձեր տան հարսն է լինելու:

– Իհարկե, իհարկե, և ես դրա համար ձեզ պատվավոր և վճռական խոսք եմ տալիս, իսկ իմ խոսքի գրավականը – ահա, և նա հանելով իր ճկույթից յուր փոքրիկ ադամանդյա մատանին, որ նա մի անգամ նվեր էր ստացել յուր մի բարեկամ հաճախորդից, տվավ Մելքոն-աղային:

Վերջինս ընդունեց այդ գրավականը հոգվո ներքին ուրախությամբ, բայց որպեսզի ճրագը գրվանի տակ չմնար, նա թույլատվություն խնդրեց Թովմասից՝ կանչել և յուր կնոջն ու աղջկանը և նրանց էլ հայտնել այդ բախտավոր նորությունը:

– Որովհետև գործը միայն ինձ ու ձեզ չէ վերաբերում, – ասաց Մելքոն-աղան գործնական մարդու նախատեսությամբ, – լավ է որ մեր այս բարեկամական պայմանադրությունը հաստատվի նաև իմ կնոջ ու աղջկա ներկայությամբ: Աշխարհ է. ո՞վ գիտե, թե վաղը ինչ նորություններ կստեղծվին և գուցե կստիպեն էլ մեզանից մինին դրժել յուր պատվավոր խոստմանը: Բայց որովհետև այդ տեսակ վարմունքը ամոթապարտ պիտի կացուցանե հանցավոր կողմը, գոնե թող մեզ համար վկաներ ունենանք, որ հարկավոր դեպքում մատնացույց անեն նրանք հանցավոր կողմի վերա: Բացի այդ, այս տեսակ ծանրակշիռ բարեկամության խոստում անելուց առաջ դուք կատարյալ իրավունք ունիք ձեր հարսնացուն տեսնելու և ձեր ազատ կարծիքը նրա մասին մեզ հայտնելու: Ո՞վ գիտե. գուցե իմ աղջիկը ձեզ անգամ հավանելի չէ. ինչո՞ւ համար ապագայում ծնվելիք գժտությունները այսօրվանից ևեթ չխափանենք:

– Շատ խելոք խոսք եք ասում, Մելքոն-աղա. դրան ես հակառակվել չեմ կարող, կանչեք այստեղ իմ խնամուն և հարսնացուին. և թող նրանք էլ իմանան մեր որոշումը: Բայց կապալի գործի մասին, խնդրում եմ, դուք ոչինչ չհիշեք նրանց մոտ. մանավանդ իմ հարսնացուն չպետք է իմանա, թե այսպիսի մի գործի շնորհիվ է կայանում մեր մեջ այս բարեկամությունը: Այդ բանը կարող է նրան վշտացնել:

– Իհարկե, իհարկե, ինչ հարկավոր է կնոջ հետ առևտրական գործերի մասին խոսել, այդ կողմից ես ավելի խիստ եմ: – Այդ ասելով Մելքոն-աղան ներողություն խնդրեց Թովմասից և գնաց կնոջն ու աղջկանը կանչելու:

Պ. Թովմասը սկսավ ճեմել պարտեզի սիրուն ճեմելիքներից մինում և զմայլմամբ դիտում էր մերթ այդտեղի գեղեցկությունները, և մերթ Մելքոն-աղայի հոյակապ ապարանքը, որ մի շքեղ պալատի նման ձգվում էր պարտեզի ամբողջ լայնությամբ:

– Տեր աստված, այսքան խելքի ու իմաստության հետ այսքան էլ միամտություն, – մտածում էր ինքն իրեն պ. Թովմասը. – մի մարդ, որ այնքան խելք, շնորհք, ընդունակություն է ունեցել այսքան մեծ հարստություն և փառք ձեռք բերելու, ինչպես չէ հասկանում, որ ինձ նման մարդու համար մեծ պատիվ և մեծ փառք է իրեն հետ բարեկամանալ: Դեռ չեմ հիշում այն ահագին շնորհը, որ նա անում է ինձ, հեռանալով հարյուր հազարանոց կապալից: Ուրեմն ինչու կասկածել թե ես կարող եմ իմ խոստմանը դրժել: Մելքոնի աղջիկը, ճշմարիտ է, ասում են որ գեղեցիկ չէ, բայց ինչ հարկավոր է իմ եղբոր որդուն գեղեցկությունը, քանի որ նրա հարսնացուն քաղաքի ամենաառաջավոր մարդու աղջիկն է և ի դեպ, եթե ես չլինեմ էլ, դարձյալ նա յուր հարուստ աներոջ շնորհիվ փողի կամ ապրուստի կարոտություն տեսնելու չէ երբեք: Իմ եղբորորդին այնքան հիմար չէ, ես կարծում եմ, որ չգնահատե այս առավելությունները: Գեղեցկությունը մի փայլ է, որին ոչնչացնում են առաջին պատահած վիշտն ու նեղությունները: Բայց հարստության առաջ ոչ միայն չքանում են ամեն տեսակ վշտեր, նեղություններ և ցավեր, այլև ուրախություն չեղած տեղը ուրախություն է բուսնում, զվարճություն չեղած տեղը զվարճություն է ստեղծվում… Չէ, սա մի բախտ է, որին իմ պատճառով արժանանում է Պետրոսը և նա պետք է երախտապարտ լինի յուր հորեղբորը:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора