Րաֆֆի - Դավիթ Բեկ стр 5.

Шрифт
Фон

Դրսից լսելի եղավ Հարունի հազալու ձայնը, որ նշան էր, թե ահա գալիս եմ: Կինը հեռացավ իշխանի մոտից:

– Լսու՞մ ես, Հարուն, ուղիղ մեկ ամսից հետո կնիքները պետք է պատրաստ լինեն, քառասուն հատ:

– Լսում եմ, աղա, միամիտ կացեք: Հարունը մի աշխատություն երբ հանձն առեց, իր ժամանակին կկատարե:

– Մնացեք բարյավ, Եսթեր:

Այր և կին դուրս եկան հյուրին ճանապարհ դնելու: Երբ նրանք փոքր-ինչ հեռացան, Հարունը ասաց Եսթերին.

– Ես էգուց առավոտյան քո հոգին կառնեմ…

– Կանչե՞մ… կանչե՞մ աղային… – սպառնացավ կինը բարկանալով:

– Չէ՜… չէ՜… մի՜ կանչիր, թե աստվածդ կսիրես, մի’ կանչիր…

– Տե՜ս, այդպես կատու կդառնաս…

Դ

Մինչև հրեան կպատրաստե կնիքները, ես կպատմեմ մի անցք, որ պատահեց մոտավորապես տասնևհինգ տարի առաջ:

Սեֆեվիների ժամանակ, երբ ավղանները արևելքից օրըստօրե զորանում էին, երբ պարսից հարավային երկրների մի մասը անցավ օսմանցիների ձեռքը, – այդ ժամանակ Պարսկաստանի արևմտյան մասում, մանավանդ Ատրպատականում շահերի իշխանությունը բոլորովին թուլացավ: Խաներից շատերը ապստամբվեցան և կազմեցին զանազան մանր, անկախ իշխանություններ: Այդ խաներից մեկն էր Փայտակարանի (այժմյան Ղարաբաղի) Բարգյուշադ գավառի Ֆաթալի խանը: Նա մի ազնվական էր աննշան տոհմից, որ իր ամբողջ կյանքում պարապել էր ավազակությամբ և ասպատակություններով: Նվաճելով Բարգյուշաղի բոլոր թյուրք բեկերին, Ֆաթալի խանը ոչ միայն այդ գավառի բռնապետը դարձավ, այլ մտածում էր տիրել ամբողջ Ղափանին: Եվ այն գազանը, որ առաջ իր փոքրիկ խումբով մեծ ճանապարհների վրա միայն քարավաններ էր կողոպտում, այժմ սկսեց ահագին խումբեր կազմել և ամայի դարձնել հարևան երկրները:

Ամառնային ամիսներից մեկն էր:

Ֆաթալի խանը, թողնելով Ղափանի ջերմ տափարակները, իր Չալաբիան կոչված խոշնարած ցեղի հետ, անցել էր Փայտակարանի հովասուն և անտառապատ լեռների վրա ամառը անցկացնելու համար:

Գիշեր էր: Հովիվների բոլոր վրանները պատած էին թանձր խավարով. միայն խանի կանանոցը կազմող չադրների մեջ վառվում էին մի քանի գունավոր լապտերներ: Այդ չադրներից զգույշ և հուշիկ քայլերով դուրս եկան երկու հոգի, որ փաթաթված էին լայն վերարկուների մեջ: Մեկը գնում էր առաջ, իսկ մյուսը հետևում էր նրան: Մի փոքր հեռանալով կանանոցից, նրանք անհետացան գիշերային մթության մեջ:

– Ձեռքդ տուր ինձ, տիկին, – ասաց նրանցից մեկը, որը երևում էր, տղամարդ էր, – այդ ճանապարհը անծանոթ է քեզ, դու անդադար սայթաքվում ես:

– Շնորհակալ եմ, Ահմեդ, այսպես կարող եմ գնալ, – պատասխանեց մի վշտալի կանացի ձայն, – դու միայն առաջ գնա և ճանապարհը ցույց տուր ինձ:

Նեղ շավիղը, որի վրայով անցնում էին նրանք, տեղ-տեղ կորչում էր թուփերի և մացառների մեջ: Ծակոտող փուշերը պատառոտում էին նրանց հագուստը և երբեմն ծվատում էին նրանց մարմինը, բայց նրանք, կարծես, ոչինչ չէին զգում և շարունակում էին իրանց ճանապարհը: Անցնելով մի քանի կիրճեր, մի քանի դժվարին դարուփոսներ, նրանք հասան մի տեղ, ուր լեռան քարաժայռերը գոգովորված էին, կազմելով այրի նման մի ահագին խոռոչ: Նրա մուտքի առջև պառկած, խռմփում էին մի քանի պահապաններ: Տիկինը կանգնեց փոքր-ինչ հեռու, իսկ նրա ուղեկից տղամարդը մոտենալով, զարթեցրեց պահապաններից մեկին:

– Բաց արա դուռը, – ասաց նրան հազիվ լսելի ձայնով:

Այդ դուռ կոչվածը մի ահագին սալ էր, որով փակած էր այրի նեղ մուտքը: Ուժեղ պահապանը, թիկն տալով, մի կողմ գլորեց ծանր սալը և մուտքը բացվեցավ: Այդ միջոցին տիկինը, ավելի զգույշ կերպով փաթաթվելով իր այրացի վերարկուի մեջ, մոտեցավ այրին և ներս մտավ: Նրա հետ եկող տղամարդը, որ կանանոցի ներքինապետն էր, պատվիրեց պահապանին հսկել մուտքի մոտ և ոչ ոքի ներս չթողնել: Պահապանը, որի ամեն ձևերից երևում էր ակնածություն և խոնարհություն դեպի այդ մարդը, խոստացավ, թե կկատարե նրա հրամանը:

Այրի մեջ տիրում էր մթին խավար: Կարծես, նրանք իջնում էին մի ստորերկրյա տարտարոսի մեջ: Մի քանի քայլ առաջ գնալուց հետո, տղամարդը կանգնեց, և չախմախը զարկելով կայծքարին, վառեց աբեթը, որով կպցրեց ծծումբի մեջ թաթախած լուցկին, և նրանով վառեց ձեռքի փոքրիկ լապտերը, որ իր հետ ուներ բերած: Մռայլ լույսը տարածվեցավ այրի մթին կամարների մեջ: Այդ ստորերկրյա զնդանը ոչխարների աղըլ* էր, ուր պատսպարվում էին հովիվների հոտերը աշնան և ձմեռվա փոթորիկների ժամանակ, իսկ ամառը մնում էր դատարկ: Այդ ժամանակ ոչխարները այսպիսի մթին, խեղդված խորշերի կարոտություն չունեին, լեռների արձակ, բացօթյա կյանքը ավելի լավ էր նրանց համար: Անասունների այդ խավար պատսպարանը այժմ ծառայում էր որպես մարդիկների զնդան: Խանը այնտեղ էր բանտարկում իր կալանավորներին: Նա կատարելապես լաբիրինթոսի ձև ուներ. մի ահագին գետնափոր խոռոչ, ոլորմոլոր պտույտներով, տարածվել էր ժայռերի սրտի մեջ: Անասունների բորբոսած ապականությունը, ամբարվելով այնտեղ, ավելի անտանելի էր դարձնում առանց օդի և լույսի այրը, ուր տիրում էր մշտական խոնավություն, խեղդող ժահահոտության հետ:

Տղամարդը ձեռքերի փոքրիկ լապտերով դեռ լուսավորում էր այրի մուտքը և խարխափելով առաջ էր գնում, իսկ տիկինը հետևում էր նրան: Նրանք հասան մի տեղ, ուր այրի նեղ անցքը լայնանում էր, կազմելով մի ընդարձակ քարանձավ: Այստեղ ներկայացավ նրանց առջև մի սարսափելի տեսարան: Մոտ երկու հարյուր բանտարկյալներ, առանձին ղաթարներով, պառկած էին սառն և խոնավ գետնի վրա: Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց: Մի երկայն շղթա, որի ծանր օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին: Շղթայի այն օղակը, որ անց էր կացրած նրանց պարանոցով, ավելի լայն էր մյուսներից և ետևից ամրացրած էր եկրաթե կողպեքով: Այդ մի սոսկալի դրություն էր ողորմելի կալանավորների համար: Երևակայեցեք, քսան մարդիկ համարյա կարված են մինը մյուսի հետ: Բոլորի պարանոցները միևնույն շղթայով կապված լինելով, նրանք ստիպված էին միասին կանգնել, միասին նստել, միասին պառկել, մի խոսքով, ամեն շարժում պետք է միասին գործեին, այլ կերպ անհնարին էր: Որովհետև, եթե մեկը պառկեր, երբ մյուսները նստած էին, կարող էր խեղդվել. եթե մեկը կանգներ, երբ մյուսները նստած էին, նույնպես կարող էր խեղդվել:

Մի ծանր սոսկում տիրեց տիկնոջ սրտին, երբ նա տեսավ այդ թշվառ, դատապարտված բազմությունը: Նրա աչքերի առաջ սևացավ և փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ: Նա թիկն տվեց քարանձավի պատին և մի քանի րոպե մնաց անշարժ, խորին տրտմության մեջ:

Տեսնելով լապտերի լույսը, բնատարկյալներից մի քանիսը շարժվեցան. նրանք բարձրացրին իրանց գլուխները և կրկին դրեցին խոնավ գետնի վրա, չկամենալով զարթեցնել իրանց մոտ պառկած ընկերներին:

Տիկնոջը դժվար էր ճանաչել իր ծպտյալ հագուստի մեջ. նա նմանում էր մի գեղեցկադեմ պատանու, որի նմանները խիստ շատ էին խանի մանկլավիկների թվում: Երբ նա մի փոքր ուշքի եկավ, նրա ուղեկիցը մոտեցավ, ասելով.

– Մենք ուշանում ենք…

Երկուսը միասին մոտեցան շղթայակապների մի խումբի, որ գտնվում էր քարանձավի խորին անկյունում: Նրանցից մեկը վիրավոր էր: Տիկինը գթության քրոջ ցավակցությամբ սկսեց բաց անել նրա վերքի փաթոթները: Դա մի պատանի էր, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Նվաղած, արյունաքամ եղած այդ մանուկը, պատերազմի դաշտում ընկած Արայի նման, հանկարծ կյանք ստացավ, երբ իր Շամիրամի դյութական մատները դիպան նրա մարմնին: Վերքը գտնվում էր գլխի վրա. թշնամու սուրը խորին սպի էր թողել նրա գագաթի վրա: Տիկինը սկսեց լվանալ վերքը և սրբել մաքուր կտավով: Նրա հետ եկող տղամարդը սպեղանի դրեց, իսկ տիկինը դարձյալ փաթաթեց վիրակապերով: Այդ բոլոր գործողությունը կատարվում էր լուռ և անխոս կերպով: Բայց ոչ ոք չկարողացավ նկատել` այն րոպեում, երբ տիկնոջ հոգատար մատները զբաղված էին վիարվորի փաթոթներով, պատանու գունաթափ շրթունքները տենդային ջերմությամբ սեղմվեցան իր խնամակալի ձեռքի վրա: Այդ ամենաթանկագին վարձատրությունն էր, որ ստացավ նա իր գիշերային այցելության համար: Նա պատրաստ էր գրկել, համբուրել այդ գեղեցիկ, շղթայակապ վիրավորին, բայց խեղդելով իր մեջ սիրո բուռն զգացմունքը, տխուր, սպանված սրտով վեր կացավ նա, ասելով հիվանդին. – քո վերքը հիմա բավական լավացած է, ես ամեն գիշեր կայցելեմ քեզ մոտ, մինչև բոլորովին կառողջանաս:

– Իմ վերքը… – կոչեց հիվանդը դառն հառաչանքով, – իմ վերքը կմնա անբուժելի… նա այնքան խորն է, որ բժշկի ձեռքը հազիվ թե կարող է շոշափել այնտեղ…

Պատանու խոսքը իր սրտի վերքի մասին էր: Տիկինը պատասխանեց.

– Ես այն էլ կբժշկեմ…

Նա վերջին անգամ իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը դարձրեց դեպի պատանին և անցավ մի քանի ուրիշ հիվանդների մոտ: Բոլորը վիրավորներ էին: Տիկինը իր ձեռքով փոխում էր նրանց փաթոթները, իսկ նրա հետ եկած տղամարդը սպեղանի էր դնում: Որպես մխիթարության հրեշտակ, ամեն տեղ հանդիպում էր նա օրհնության և խորին շնորհակալությունների: Շատերի բռնում էին նրա հագուստի փեշերը և համբուրում էին: Այդ հիվանդ, քաղցած, ծարավ բազմության կյանքը կախված էր այդ տիկնոջ առաքինությունից: Նրանք բոլորն էլ կմեռնեին իրանց խոնավ, մթին գերեզմանի մեջ, եթե այդ կինը չլիներ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги

Популярные книги автора