Երբ ամեն հոգածությունները վերջացած էին, տիկնոջ ուղեկիցը մի քանի անգամ դարձավ դեպի նա, շտապեցնելով, թե ժամանակ է հեռանալու: Բայց նա, կարծես, դժվարանում էր մի քայլ անգամ փոխել, կարծես, մի ներքին, գաղտնի զգացմունք կապում էր նրան այդ հոտած քարանձավի հետ, որի օդը խեղդելու չափ անտանելի էր: Նա ավելի ուրախ կլիներ այնտեղ մնալ, նայել և միշտ նայել այն սիրուն պատանու վրա, որի գունաթափ շրթունքների ջերմ դրոշմը դեռ զգում էր իր ձեռքի վրա:
Մի զիլ, ձգական ձայն լսելի եղավ դրսից: Տիկինը ամբողջ մարմնով դողաց: Դա վաղորդյան ազանի ձայնն էր: Կնշանակե, նա շատ էր ուշացել քարանձավի մեջ. պետք էր շտապել, հեռանալ, որ ոչ ոք չտեսնե:
Դրսի թամ, հովասուն օդը փոքր-ինչ կազդուրեց տիկնոջ բորբոքված սիրտը և նրա թուլացած ուժերը կրկին զորություն ստացան: Փաթաթված իր լայն վերարկուի մեջ, նա առանց ճանաչվելու, անցավ պահապանների մոտից, հրամայեց իր ուղեկցին առաջ ընկնել, և որքան կարելի է, փութացնել իր քայլերը:
– Մի շտապեք, տիկին, – ասաց նա մտերմական կարեկցությամբ, – դուք բավական տանջված եք, ճանապարհը ավելի ևս կհոգնեցնե ձեզ:
Դեռ մութն էր, այն լույսի հետ պատերազմող մութը, որ ժողովուրդը կոչում է «Ադամի խավար»: Աստղերը շողշողում էին երկնքից, իսկ Արուսյակը, երկնքի այդ սիգաճեմ հարսիկը‡, դեռ նոր իր նազելի դեմքը ցույց էր տալիս հորիզոնի հետևից: Երբեմն թուփերի միջից լսելի էր լինում նոր զարթած թռչունների չկչկոցը, որպես մի նախերգանք, որով պատրաստվում էին փառաբանել տվնջյան լուսատուի գալուստը: Ամեն կողմից շնչում էր ուրախություն, ամեն տեղ զարթնում էր կյանքը: Միայն տիկնոջ սիրտը տխուր էր, միայն նա ուրախ լինել կարող չէր…
Կանանոցի չադրների առջև դեռ գունավոր լապտերները տարածում էին իրանց շուրջը մի տեսակ կախարդական խայտաճամուկ լուսավորություն: Չադրներից ոչ մեկի վարագույրները դեռ բարձրացրած չէին: Ամբողջ կանանոցը մրափում էր քաղցր, հեշտասեր քնի մեջ: Տիկինը մտնելով իր չադրը, գտավ այնտեղ իր սևամորթ աղախնին նույնպես քնած, թեև պատվիրել էր նրան արթուն մնալ: Նա չկամեցավ անհանգստացնել նրան և մտավ իր քնարանը: Այնտեղ զգուշությամբ մերկացավ իր այրացի հագուտը, առանց մի շշնջյուն անգամ հանելու, որ չվրդովե իր փոքրիկ երեխայի քունը, որ պառկեցրած էր կախաղանավոր լանդիկի (օրորոց) մեջ: Նա ուշիկ կերպով հետ քաշեց երեխայի երեսից թափանցիկ քողը, որ ձգած էր նրա մարմինը մոծակներից ազատ պահելու համար, և մի քանի րոպե մայրական ջերմ գթասրտությամբ նայեց նրա սիրուն երեսիկի վրա: Կրկին քողըբաց թողնելով, ինքն էր պատրաստվեցավ քնելու: Մի փառավոր անկողին, պատրաստված արևելքի ամենաթանկագին և նուրբ կերպասներից, սպասում էր նրան: Աստղիկը իր գեղեցկության բոլոր վայելչությամբ պիտի նախանձվեր, պիտի շառագուներ, տեսնելով այդ ճոխ, սքանչելի մարմինը, երբ նա մերկանալով մտավ իր անկողնի մեջ: Ճանապարհի հոգնածությունը մի կողմից, հոգեկան տանջանքը մյուս կողմից, այն աստիճան թուլացրել էին նրա վաստակաբեկ ջղերը, որ իսկույն տիրեց նրան մի տեսակ թմրություն, որ հաջորդում է կոտրած սրտի երկար խռովություններից հետո:
Քառորդ ժամ հազիվ էր անցել, մի արարած ստվերի նման անցավ տիկնոջ վրանի ետևի կողմը: Նրա սև մարմինը բոլորովին միախառնվում էր գիշերային մթության հետ: Նա գազանների անշշունջ քայլերով մոտեցավ վրանի ցիցերից մեկին և զորեղ ձեռքով դուրս քաշեց: Պարանը թուլացավ: Հետևապես թուլացավ վրանի պաստառի այն մասը, որ ձգված էր այդ պարանով: Նա կուրծքի վրա սողալով, մոտեցավ վրանին և ձեռքով զգուշությամբ բարձրացրեց նրա անջրպետը, որ բաժանում էր տիկնոջ քնարանը վրանի մյուս մասերից: Այս բացվածքից հազիվ կարող էր մի կատու անց կենալ: Նա իր ահագին գլուխը ներս տարավ: Քնարանի մեջ վառվող լապտերի լույսը, ընկնելով նրա երեսի վրա, երեվան հանեց խափշիկի այլանդակ կերպարանքը: Նա կամաց-կամաց սկսեց առաջ սողալ: Նրա մերկ մարմինը մինչև մեջքը արդեն անցել էր քնարանի մեջ: Այդ միջոցին երկու ձեռքերը, օրանգուտանի երկայն թաթերի նման, դրեց հատակի վրա, և գլուխը վեր բարձրացնելով, քննական կերպով աչք ածեց դեպի քնարանի շուրջը: Այդ դրության մեջ նմանում էր նա մի քած շան, որի ահագին ստինքը հասնում է մինչև գետին ծնունդից հետո: Եվ իրավ, խափշիկը կին էր: Պահպանելով իր դիրքը, նա սկսեց ուշադրությամբ ականջ դնել տիկնոջ շնչառությանը, առանց մի թեթև հնչյուն անգամ փախցնելու իր սուր լսողությունից: Այդ քնած մարդու շնչառություն էր: Խափշիկի սև դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ և նրա հաստ շրթունքները կծկվեցան, երևան հանելով սպիտակ, մեծ ատամները: Նա սկսեց առաջ սողալ և այժմ ամբողջ մարմնով գտնվում էր քնարանի մեջ: Նա բոլորովին հագուստ չուներ, սպիտակ կտավից մի սփածանելիք միայն ծածկում էր նրա մերկությունը: Սատանայի զգուշությամբ մոտեցավ նա տիկնոջ անկողնին և չար դևի նման կկզեցավ նրա կողքին: Վրանի բոլոր վարագույրները ձգած էին. քնարանի մեջ բավական տաք էր և օդը խեղդված: Տիկինը կիսով չափ հետ էր ձգել իր վերմակը, նրա սքանչելի կուրծքը և ճոխ ուսերը մնացել էին բաց: Նրա փոքր-ինչ շառագունած երեսը համարյա սքողված էր խիտ ծամերի տակ, որ ծածկելով պարանոցը, սփռվել էին մախմուրե ծաղկավոր բարձի վրա: Սև դևը մի առանձին դժոխային մոլեգնությամբ դեռ նայում էր երեխայի պես քնած կնոջ վրա: Նրա տափակ քթի ծակերը անհանգիստ շնչառությունից լայնանում էին և արագաշարժ աչքերի սպիտակուցը շողշողում էր երեսի խավար մակերևույթի վրա: Նա ներկայացնում էր մի գազան, որ զոհը իր ճանկերի մեջ ունի: Նա իր ձեռքը մեկնեց և սկսեց անզգալի կերպով ետ քաշել սփռված ծամերը տիկնոջ պարանոցի վրայից, կարծես, այդ խիտ, մետաքսանման ծամերը արգելում էին նրան կատարելու մի եղեռնական գործողություն: Նա այժմ իր երկու ձեռքերը տարավ դեպի տիկնոջ պարանոցը և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր խեղդել նրան, հանկարծ վրանի մյուս մասնից լսելի եղավ մի ձայն.
– Ահմե՛դ… Ահմե՛դ…
Դա տիկնոջ աղախնի, Փերիի ձայնն էր, որ քաղցր երազների հրապուրանքի մեջ, կանչում էր իր սիրելի Ահմեդին: Բայց որովհետև նույն անունով կոչվում էր և կանտնոցի ներքինապետը, խափշիկը կարծեց, թե նրան օգնության է կանչում:
– Ա՛խ, Ահմեդ… – կրկին լսելի եղավ աղախնի ձայնը:
Խափշիկը սարսափեց. կանչում էին Ահմեդին, կանանոցի սոսկալի պահապանին: Նա սկսեց աճապարել, որ չբռնվի: Եվ հանելով իր սփածանելիքի միջից մի սուր մկրատ, շտապեց նրա նով կտրել տիկնոջ կոկորդը: Բայց երկյուղը և խռովությունը այն աստիճան շփոթել էին նրան, որ սխալվեցավ իր գործողության մեջ. – փախանակ կոկորդը կտրելու, կտրեց տիկնոջ ծամերից մի քանի հյուսեր:
Նա վագրի արագությամբ, դարձյալ սողալով, դուրս թռավ քնարանից և աներևութացավ կանանոցի բազմաթիվ չադրների մեջ:
Ե
Առավոտ էր: Արեգակի առաջին ճառագայթները կորչում, անհետանում էին մոխրագույն մառախուղի մեջ, որ պատել էր Ղարաբաղի լեռների գագաթները: Խիտ անտառները դեռ մրափում էին գիշերային մռայլի մեջ: Ծառեր չէին երևում: Սար, դաշտ և հովիտ ընկղմված էին մի լայնատարած, մառախլապատ ծովի մեջ:
Հեռվից սև բծերի նման երևում էին Չալաբիանլիների§ օբաները: Ամեն մի գյուղի հովիվները, առանձին խումբեր կազմելով, տարածել էին իրանց չադրները այդ լեռների ճոխ, խոտավետ արոտամարգերի վրա: Մի լեռնադաշտի վրա ցրված էին ցեղի պետի, Ֆաթալի խանի, չադրները: Նրանք թե իրանց ձևով և թե նյութով, որից պատրաստված էին, զանազանվում էին հասարակ մահկանացուների չադրներից. նրանք ավելի փառավոր, բարձր և ընդարձակ էին:
Խանը դեռ քնած էր: Նրա բազմաթիվ կնիկները, վաղուց արդեն զարթնելով, զբաղված էին իրանց տնտեսություններով: Վրանների առջև, բաց օդի մեջ, օջախները ծխում էին: Այդ օջախների կազմությունը խիստ պարզ էր. հարթ գետնի վրա շարված էին երկաթյա եռոտանիներ, որոնց տակին կրակ էր վառվում և տաքացնում էր նրանց վրա դրած մեծ և փոքր կաթսաները:
Ամբողջ Փայտակարանի բռնապետի կնիկները, որոնք ամեն հարմարություն ունեին իրանց տնտեսության մեջ բոլոր աշխատությունները աղախինների ձեռքով կատարելու, բայց դարձյալ հավատարիմ մնալով ավանդական սովորություններին, իրանց գործը իրանց ձեռքով էին կատարում: Քաղաքակրթության բացակայությունը ազատ էր պահել նրանց տանտիկնոջ թե քնքշությունից և թե ծուլությունից: Բայց պետք է նկատել, որ աշխատում էին պառավները միայն, իսկ ավելի մանկահասակները կամ դեռ քնած էին, կամ զբաղված էին իրանց առավոտյան զարդարանքով:
Չադրները, որոնց մեջ զետեղված էր կանանոցը, բոլորովին առանձնացած էին խանի մյուս վրաններից: Նրանք թվով քսանից ավել կլինեին, որոնց յուրաքանչյուրը հատկացրած էր նրա կնիկներից մեկի բնակության համար: Ագուլեցի հայ վաճառականների Սպահանից և Հնդկաստանից բերած թանկագին փարչաները զարդարում էին այդ շքեղ օթյակները, որոնց մեջ ապրում էին երկրի ամենագեղեցիկ կնիկներից ընտրյալները: Չադրները կիսաբոլորակի ձևով շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով մեջտեղում հրապարակի նման ընդարձակ տարածություն: Խոտերը այդ տարածության վրա կոխվելով, բոլորովին սևացել էին և կպել գետնին: Այստեղ խառնափնթոր կերպով շարժվում էր, վըժվըժում էր և խլրտվում էր մի ամբողջ լեգեոն: Այստեղ կարելի էր տեսնել մի բազմություն ամեն ազգից և ամեն գույնի. – սևամորթ և սպիտակամորջ աղախիններ, ներքինի ծառաներ, Աֆրիկայի խորքերից բերած սև սպասավորներ, խառն ահագին գամփռների և նիհար որսորդական բարակների հետ: Գնչուների կատարյալ թաբուն էր դա: