Կանանց հագուստը շատ պարզ էր, երեք կտորից միայն բաղկացած` շապիկ, շալվար և թիկնոց: Նուրբ, թափանցիկ կերպասից կարված, կարճլիկ շապիկը հազիվ սքողում էր կիսաբաց կուրծքը և իջնում էր մինչև այնտեղ, ուր փորը բաժանվում է մարմնի մի այլ մասից: Հետո սկսվում էր շալվարը, որ մեր կանանց յուփկայի տեղ էր ծառայում: Նա կարված էր մետաքսյա խառայից, զարդարած ոսկեհյուս ծաղիկներով և հասնում էր մինչև ծնկները միայն, բոլորովին մերկ թողնելով ոտների լիքը և հաստլիկ սրունքները**: Շալվարի ստորին եզերքը, չորս մատ լայնությամբ, նույնպես զարդարած էին ոսկե թելերով: Շապիկի վրա հագած ունեին կարճլիկ թիկնոցը, որ սեղմված էր մեջքի վրա և մեր կանանց բեզրուկավչիկի ձև ուներ: Թիկնոցները ըստ մեծի մասին կարված էին թանկագին մանիշակագույն և վարդագույն թավիշից և նախշած դարձյալ ոսկե թելերով: Աղախինները կրում էին իրանց տիկինների հին հագուստը, որոնց մի կամ երկու անգամ էին հագել: Կարծես, այդ թիթեռների նման նախշուն և խայտաճամուկ արարածները դեռ նոր էին դուրս եկել կնոջ այն դրությունից, երբ նա իր մերկությունը ծածկում էր թզենի տերևներով: Բայց ոչ, հագուստի այդ ձևը հարեմական հանճարի, հարեմական հեշտասիրության արդյունք էր, որ երևան էր հանում մերկ կուրծք, մերկ սրունքներ և մերկ բազուկներ: Կնոջ մարմնի այդ մասերը միշտ կարող էին գրգռել վավաշոտ կրքեր, որոնք թուլացած, բթացած էին հարեմի իշխանի մեջ, որը միայնակ տիրում էր կնիկների մի ահագին երամակի վրա:
Ավելի խորհրդավոր նշանակություն ունեին նրանց մյուս զարդարանքները: Թանկագին ակներով զարդարած, պարանոցի մանյակները ունեին իրանց շարքում մի տեսակ, ոսկուց շինած խողովակաձև թելիսման, որի մեջ դրած էին կախարդական բժժանքներ: Թե՜ բազուկների վրա, թե՜ թևքերի վրա (արմունկներից դեպի վեր) բոլորն էլ ապարանջաններ ունեին այն զանազանությամբ, որ թեքերի ապարանջանները կրում էին հագուստի վրայից, իսկ բազուկներինը` մարմնի վրա: Բացի դրանից, թեքերի ապարանջանները զարդարած էին գույնզգույն հուլուններով, որոնք գյութական նշանակություն ունեին: Մատանիներին թիվ չկար, բացի դրանից, բոլորի ոտների մերկ սրունքները նույնպես զարդարած էին գույնզգույն հուլուններով: Մի քանիսը ունեին համայիլներ, այսինքն ակներից, ոսկուց և մարգարիտներից հյուսված մի զարդ, որ գեներալների ժապավենի նման ձգել էին իրանց ուսից և կապել աջ թեքի տակ: Կինը, որպես մի կախարդական էակ, բառի բուն նշանակությամբ, իր զարդերի մեջն էր ամփոփել իր բոլոր զորությունը: Այդ զարդերը ոչ միայն ավելի փայլ էին տալիս նրա գեղեցկության, այլ պահպանում էին նրան չար աչքից, սիրելի էին կացուցանում նրան իր իշխանի աչքում և ազատ էին պահում մյուս կնիկների նախանձից ու նենգավոր որոգայթներից: Երեք հայ ոսկերիչներ, իրանց աշակերտների հետ, խանի բանակի մեջ, անդադար գործում էին նրա կնիկների զարդարանքի համար, որ լափում էր ամբողջ գավառների եկամուտը:
Չադրների այդ խումբը, որ հատկացրած էր կանանոցի համար, բոլորովին անմատչելի էր: Նա շուրջանակի պատած էր բարձր ալաչուղով, որ կոչվում էր սարայ-փերդայ, այսինքն սերալի վարագույր: Այնտեղ կարող էին մուտք գործել միայն ներքինիները և սևամորթ ստրուկներն ու ստրկուհիք:
Այն առավոտ կանանոցի հրապարակի վրա կատարվում էր մի արտակարգ շարժողություն: Բոլորը զբաղված էին մի մեծ պատրաստությունով: Աղախիններից մի քանիսը նստած էին մերկ գետնի վրա, բոլորել էին ահագին, երկաթյա կասկարայի շուրջը: Նրանցից մեկը ալյուր էր մաղում, մյուսը փայտյա տաշտի մեջ խմոր էր հունցում, երրորդը խմորից գնդակներ էր շինում, չորրորդը գնդակները հարթ տախտակի վրա դնելով, փայտյա կլորիկ կռնակով բաց էր անում և նրանց բոլորակ լավաշի ձև էր տալիս. հինգերորդը վեր է առնում լավաշները, տարածում էր տաքացած կասկարայի վրա և նրանցից հաց էր թխում: Աշխատությունը կատարվում էր ամենայն արագությամբ. միևնույն ժամանակ նրանց զբաղմունքը չէր արգելում խոսել, ծիծաղել և բամբասել: Երկու կնիկներ դրանցից փոքր-ինչ հեռու, պտտեցնելով շրջական երկանաքարի թեքը ալյուր էին աղում: Սպիտակ փոշին պատել էր նրանց սև մազերը և երեսը: Մի քանիսը կաթսաների մեջ տապակում էին ամբողջ գառներ կամ շամփուրների վրա միս էին խորովում: Կարծես, մի ահագին բանակի համար պատրաստվում էր նախաճաշիկ:
– Հաֆսա՜, գիտե՞ս ինչ է պատահել այս գիշեր, – ասաց մանկահասակ Այիշան մի սևաչյա կնոջ, որ նստած չադրի մեջ, հարում էր խնոցին կարագ պատրաստելու համար:
– Ի՞նչ է պատահել, – հարեցրեց Հաֆսան հետաքրքրությամբ և դադարեց խնոցին հարելուց:
– Ասում են, սատանաները այս գիշեր Սյուրիի մազերը մկրատով կտրել են:
– Ճշմարի՞տ, – հարցրեց Հաֆսան, և միևնույն ժամանակ ուրախության նման մի լույս արտափայլեց նրա սիրուն դեմքի վրա:
– Բոլո՞րը կտրել են:
– Բոլորը, թե՜ զուլֆերը, թե՜ հյուսերը, – հիմա այլանդակվել, քեչալ Ասլոյի նման է դարձել Սյուրին:
– Նրա տեղն է: – Շատ էր պարծենում իր երկայն մազերով Սյուրին: – Պետք է նրա պոչն էլ կտրեին:
– Ի՞նչ պոչ, – հարցրեց Այիշան զարմանալով:
– Դու չե՞ս իմանում, ախար այդ հայ կնիկները պոչ ունեն: Սյուրին էլ ունի: Զեյնաբն էր ասում: Նա մի անգամ տեսել էր, Սյուրիի լոգանալու ժամանակ:
Երկու մանկահասակ կնիկները սկսեցին երկար խոսել Սյուրիի պոչի վրա, սկսեցին դատել, քննել, թե ինչի՞ց էր այդ. հետո այն եզրակացության հասան, որ բոլոր հայ կնիկները ջինների տոհմից են, դրա համար Սյուրին այնքան վարպետ և խորամանկ է, որ կարողացավ կախարդել, խելքից հանել խանին, կարողացավ բոլոր կնիկներին նրա «աչքից գցել» և իրան միայն սիրել տալ:
– Հիմա ի՞նչ է անում Սյուրին, – հարցրեց Հաֆսան:
– Ի՞նչ պետք է անե, – պատասխանեց Այիշան արհամարհանքով, – իր վրանում նստած, լաց է լինում, ասում է` ես գիտեմ, այդ սատանային գործ չէ, դա Զեյնաբի գործն է… Զեյնաբը մի քանի օր առաջ ասել էր նրան, թե ես քո գլխին մի «օյին» պիտի խաղամ… Հիմա Սյուրին մտածում է, թե գիշերը քնած ժամանակ Զեյնաբն է կտրել տվել նրա մազերը, ասում է, ես բոլորը խանին կհայտնեմ…
Զեյնաբը խանի հարեմի թագուհին և նրա առաջնակարգ կնիկներից մեկն էր, բայց Սյուրիի խանի հարեմը մտնելուց հետո նա իր նշանակությունը կորցրեց: Գեղեցիկ Սյուրին ստվեր ձգեց նրա վրա, և այստեղից առաջ եկավ երկուսի մեջ նախանձ և ատելություն: Հաֆսան և Այիշան հավանական էին գտնում, որ Զեյնաբը,իր վրեժխնդրությունը գոհացնելու համար, իր աղախինների ձեռքով կտրել տված լիներՍյուրիի մազերը, որ այլանդակե նրան, որ նրա գեղեցկությունից մի բան խլած լինի: Բայց մյուս կողմից, սնահավատությունը նրանց թույլ չէր տալիս բոլորովին հավատալ այդ խայտառակությանը, որ հարեմի մեջ մի սովորական բան էր: Նրանք կարծում էին, թե անպատճառ սատանայի մատը պետք է խառն լիներ այդ գործի մեջ, թեև նման շատ գործեր կատարվում էին առանց սատանայի մասնակցության, ինչպես էին` կնիկների միմյանց նոր կարված հագուստի վրա բծեր գցելը, մկրատով կտրատելը, միմյանց նոր գնված հողաթափների մեջ ցեխ լցնելը, միմյանց զարդարանքները, ակնեղենները գողանալը և այլն: Վերջին ժամանակներում խանը այն աստիճան ձանձրացավ կնիկների անընդհատ կռիվներից, և դժվարանալով որոշել, թե որն է արդարը և որը մեղավորը, սկսեց անխտիր կերպով ծեծել թե՜ արդարին և թե՜ մեղավորին, մտածելով, իհարկե նրանցից մեկը հանցավոր կլինի: Բայց Հաֆսան և Այիշան չէին կարծում, որ Սյուրիի վիրավորանքը անց կկենա առանց հետևանքի, գիտեին, որ խանը նրան շատ սիրում է և Զեյնաբը լավ ծեծ կուտեր նրա մազերը կտրել տալու համար: Թեև այդ սատանայի գործ ևս լիներ, բայց պետք էր աշխատել, որ Զեյնաբը պատժվի. նա էլ մի բարի պտուղ չէ. նա էլ առաջ փքվում էր, տրաքվում էր, աշխատելով բոլոր կնիկներին իր ոտների տակ դնել…
Թանձր մառախուզը սկսեց փոքր առ փոքր նոսրանալ և կապույտ երկինքը տեղ-տեղ բացվեցավ. արեգակի ճառագայթները սկսեցին շողալ այդ բացվածքներից, որպես սպիտակ վրանի պատառված ճեղքերից: Չնայելով որ ամառն էր, բայց վաղերդյան արեգակը դեռ անզոր էր ջերմացնելու լեռնային օդի ցրտությունը: Առավոտյան ցողը մանր գոհարների նման դեռ փայլում էր խոտաբույսերի վրա, հիշեցնելով տաք երկրների գարնան սկիզբները:
Խանի կիսաքուն երեխաները, բոբլիկ ոտներով, առանց վարտիքի, դուրս էին թափվել չադրներից և օջախների կրակի մոտ կկզած, տաքանում էին: Այստեղ նրանց մայրերը նախաճաշիկի պատրաստություն էին անում: Երեխաներից մեկը կատվի ճարպկությամբ իր թաթիկը տարավ կաթսայի մեջ և այնտեղից խլեց մի կտոր միս: «Չոռ, ցավ, վարամ» ուտես, ասաց բարկացած մայրը և առեց վառելու փայտը, որ պատժե նրա լրբությունը: Տղան սատանայի նման փախավ, տանելով իր կողոպուտը. մոր ձգած փայտը դիպավ նրա ոտներին, և նա ընկավ երեսի վրա: Մսի կտորը դուրս պրծավ նրա ձեռքից և թավալվեցավ գետնի փոշիների մեջ: Տղան շուտով ուշի եկավ, և վեր բարձրանալով, կրկին հափշտակեց իր ավարը, փախավ, և հեռվից սկսեց ծիծաղել, ջիգրացնել մորը և ախորժանոք կրծել փոշեթաթախ մսի կտորը: