– Հը՛մ… հը՛մ… տեսա՛ր, աչքդ հանեցի… տարա… – ասաց նա երեսը ծռմռելով:
– Չոռ ուտես, ցավ ուտես, վարամ ուտես, – կրկնեց մայրը, – թե ձեռքս կընկնես, ես գիտեմ ինչ կանեմ…
Չադրներից մեկը մեջ, Խորասանի գեղեցիկ գորգի վրա, միայնակ նստած էր մի մանկահասակ կին, գրկած ունենալով մի փոքրիկ երեխա: Նա կպած էր մոր կուրծքին և ծիծ էր ուտում: Արևի ոսկեգույն ճառագայթները թափվելով վրանի մեջ, լցրել էին նրան խիստ ախորժ և փափուկ ջերմությամբ: Մայրը տխրությամբ նայում էր երեխայի երեսին և նրա սևորակ աչքերը լցվում էին արտասուքով: Երեխան երբեմն թողնում էր բերանից ծիծը, նայում էր մոր երեսին և ժպտում էր, կարծես, այդ անմեղ ժպիտով կամենում էր ասել, թե դեռ չեմ կշտացել: Մոր գլուխը, չալմայի նման, փաթաթած էր մետաքսյա սև քողով, որի տակից մազեր ամենևին չէին երևում: Այդ կինը Սյուրին էր, Տաթևի Դավիթ ուրացողի աղջիկը: Նրա առաջվա անունը Մարիամ էր, բայց երբ մահմեդականություն ընդունել տվեցին, կոչեցին Սյուրի: Խանը ուներ այդ անունով մի ուրիշ կին, որին շատ էր սիրում, վաղահաս մահը զրկեց նրան այդ կնոջից, և նրա անունը շնորհեց գեղեցիկ Մարիամին: Հայրը ծախեց Մարիամին Տաթևի մելիքությունը ստանալու համար, և թողնելով քրիստոնեական կրոնը, ինքը նույնպես ընդունեց մահմեդականություն. այդ պատճառով հայերից ստացավ «ուրացող» անունը և Տաթևի համար դարձավ մի երկրորդ Վասակ, իսկ ինքը իրան թուրքի անունով Բաղր էր կոչում:
Սյուրիի տխրությունը նրա համար չէր, որ այն գիշեր իր նախանձորդների ոխակալ ձեռքը զրկել էր նրան իր հարուստ և սև սաթի նման փայլուն գիսակներից: Նա այդ մասին չէր մտածում և ի՞նչ հարկ կար մտածելու: Նրա գեղեցկությունից պակասեց մի զարդ: Ավելի լավ, այդ մեծ կորուստ չէր Սյուրիի համար: Այդ կորուստ համարում են այն կնիկները, որոնք ախորժակ ունեն սիրվելու: Բայց ումի՞ց պետք է սիրվեր Սյուրին: Մի գազանի՞ց, մի եղեռնագործի՞ց, որին նա ամեն սրտով ատում էր, որի սերը ավելի բարկացնում էր նրան, որի ձեռքում գերի էր նա: Նա զոհ էր, մի անբախտ զոհ հոր փառասիրության: Հայրը վաճառեց նրան Տաթևի մելիքությունը ստանալու համար. և ծնողական այդ անգթության հետ չէր կարող հաշտվել նա: Ամեն անգամ հայ քահանայի երեսը տեսնելիս, ամեն անգամ հայոց եկեղեցու զանգակի ձայնը լսելիս, նրա սրտում կրակ էր լցվում. նրա աչքերը հեղեղվում էին արտասուքով, և նա մտածում էր, որ կորած է թե՜ հոգով և թե՜ մարմնով: Այս աշխարհը սև էր նրա համար, իսկ այն աշխարհում սպասում էր նույնպես տանջանք: Կրոնական զգացմունքը ջերմ էր նրա մեջ: Իր մորից լսել էր նա շատ բաներ մահմեդականների մասին: Մահմեդականի հաց ուտելը, մահմեդականի հագուստը հագնելը, մահմեդականին դիպչելն անգամ մեղք էր համարում նա, իսկ ա՞յժմ.. այժմ սարսափում էր նա, երբ նայում էր իր սիրելի զավակի վրա. այդ իր մարմինը և արյունը կրող մանուկը մահմեդականի պտուղ էր… Քանիցս անգամ նա պատրաստվեցավ խեղդել իրան, քանիցս անգամ կամեցավ թունավորել իրան, բայց ամեն անգամ, երբ նայում էր այդ մանուկի վրա, նրա ձեռքերը թուլանում էին, նա անզոր էր լինում կատարել իր մտադրությունը: Ի՞նչն էր պահում նրան. մեղքի ծնու՞նդը, թե՞ մայրական սերը. – այդ մասին նա անկարող էր իրան հաշիվ տալ:
Խորին տխրությամբ նայում էր նա այս առավոտ փոքրիկ հրապարակի վրա, որ շրջապատած էր սպիտակ չադրներով: Այնտեղ ման էին գալիս խանի կիսամերկ կանայքը, երեխաները աչջի քոթոթների նման վխտում էին, աղախինները գլուխը կորցրած այս կողմ և այն կողմ էին վազում, ամեն ինչ գտնվում էր մի անսովոր շարժողության մեջ: Ի՞նչ էր պատահել ու՞մ համար էր այդ մեծ պատրաստությունը: Կասկարայի վրա հացի թխելը դեռ չէին վերջացրած. կաթսաների մեջ կերակուրները դեռ եփվում էին. շարժական երկանաքարը անդադար ալյուր էր աղում. օդը լցված էր այդ մեծ խոհանոցի ախորժ հոտով: Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, վաղորդյան մառախուղը բոլորովին փարատված էր. մանիշակագույն երկնքի վրա ամպի մի փոքրիկ կտոր անգամ չէր երևում: Անտառապատ լեռները ծփում էին արեգակի ճառագայթների մեջ, ներկայացնելով մի սքանչելի տեսարան: Սյուրիի երեխան, առանց մոր ծիծը թողնելու բերանից, աչքերը փակեց և ննջեց. նա դեռ իր վարդագույն շրթունքները շարժում էր, երևակայելով, թե ծծում է: Մայրը զգուշությամբ ցած դրեց նրան բարձի վրա, սկսեց պատրաստել լանդիկը, որ կապած էր վրանի երկու սյուների մեջ: Այդ միջոցին, իր շուրջը նայելով, ներս մտավ մի մարդ, որը, ինչպես երևում էր, զգուշանում էր, որ իրան չնկատեին: Դա մի կլորիկ մարդ էր, փոքրիկ հասակով. գլխի ալևորած մազերը ցույց էին տալիս, որ նրա տարիքը վաղուց արդեն անցել էր հիսունից, բայց երեսի վրա մազերի մի նշույլ անգամ չկար: Մի այսպիսի թառամած, կնճռոտած, և զուրկ այրական բոլոր արտահայտությունից դեմք կարող էին ունենալ պառավ կնիկները միայն: Երեսի լերկ կաշին դեղին պղնձի գույն ուներ մուգի հետ խառնված, իսկ աչքերում ամենևին փայլ չկար: Նրա ձայնը երեխայի անզարգացած ձայնի կատարյալ նմանությունը ուներ, որը, կարծես, դուրս էր գալիս փորից: Այդ ծերունի երեխան խորին հարգանքով մոտեցավ տիկնոջը և չոքելով նրա առջև, ասաց.
– Մի խնդիրք ունեմ:
– Գիտեմ ինչ պիտի ասես, Ահմեդ, – պատասխանեց տիկինը երեսը շուռ տալով, – լավ է, որ չխոսես:
Ծերունին ձեռքը մեկնեց և վեր առեց տիկնոջ հողաթափների մի հատը, որ դրած էր վրանի մուտքի մոտ, և սեղմելով իր ցամաքած շրթունքի վրա, ասաց.
– Ես ձեր ուտքը համբուրում եմ, լսեցեք ծերուկ Ահմեդի աղաչանքին:
– Երկար խոսել պետք չէ, Ահմեդ, ես երդվել եմ երբեք չտեսնել նրա երեսը:
Ծերունին փորձ փորձեց նորից կրկնել իր խնդիրքը, բայց տիկինը հրամայեց նրան հեռանալ, հայտնելով, թե իր հիմարություններով կարող է զարթեցնել երեխային, որին պատրաստվում էր կապել օրորոցի մեջ:
Ահմեդը ազգով հայ էր, ղարաբաղցի, տեղային ամենալավ թառ ածողներից մեկը: Նրան երիտասարդության ժամանակ բերել տվեց խանը և պահում էր իր սազանդարների (նվագախումբի) մեջ, որոնց իր մոտից չէր հեռացնում: Եվ որպեսզի Ահմեդը կարողանա հարեմի մեջ ևս մուտք գործել, խանումների համար ևս ածել, խանը հրամայից նրան ներքինիացնել: Երկար տարիներ նա զվարճացնում էր խանումներին իր թառով, բայց երբ ծերացավ, թողեց ածելը, այժմ կանանոցի մեջ ներքինապետի պաշտոն էր կատարում: Բայց մի բան, որ պահեց նա ամենայն սրբությամբ, – դա էր քրիստոնեական հավատը, որ պաշտում էր գաղտնի կերպով:
Զ
Դուրս գալով Սյուրիի վրանից, Ահմեդը դիմեց դեպի մի վրան, որ բավական հեռու էր կանանոցից և գտնվում էր անտառի խորքում: Այստեղ կային մի քանի ուրիշ վրաններ ևս, որ հատկացրած էին խանի թիկնապահներին և նրա ծառաներին: Մի մարդ կես ճանապարհի վրա կանգնած, սպասում էր նրան. երբ տեսավ ներքինում, մոտենալով հարցրեց.
– Ի՞նչ եղավ…
Ահմեդը պատմեց նրան, թե ինքը ամեն հնար գործ դրեց, աղաչեց, պաղատեց, ոտքը համբուրեց, բայց տիկինը ասում է. – չէ՜ ու չէ՜, չեմ ուզում տեսնվել նրա հետ:
– Նա չէ ուզում տեսնվել իր հո՞ր հետ… շատ լավ… – խորին դառնությամբ կրկնեց Ահմեդի հետ խոսող մարդը և դիմեց դեպի այն վրանը, ուր նրան իջևան էին տվել:
Ահմեդը սառած կանգնել, երկար նայում էր նրա ետևից: Երբ նա բոլորովին աչքից հեռացավ, ներքինին գլուխը շարժելով, ասաց իր մտքումը. – քեզ նման հայրը արժանի չէ այնպիսի զավակի երեսը տեսնելու…
Այդ մարդը Սյուրիի հայրն էր, Տաթևի մելիք Դավիթ «ուրացողը», որ թյուրքի անունով իրան Բաղր էր կոչում: Մի ժամանակ նա Տաթևի մելիք Գյուլումբարի մոտ գզիրի և լրտեսի պաշտոն էր կատարում և շատ սիրելի էր նրան, վերջը կամենալով իր բարերարի տեղը գրավել, թունավորեց նրան, և իր աղջիկը կաշառք տալով խանին, ոչ միայն կարողացավ ազատվել այդ չարագործության համար պատժվելուց, այլ իր զոհի փոխարեն ժառանգեց Տաթևի մելիքությունը: Բռնությամբ, դավաճանությամբ և եղեռնագործությամբ հափշտակված իշխանությունը բոլորովին անտանելի դարձավ Տաթևի հայ ժողովրդին, առավել այն պատճառով, որ Դավիթը խանին ավելի հաճոյանալու համար փոխեց իր կրոնը: այս պատճառով «ուրացողը» անբավական ժողովրդին իր ճնշման տակ պահելու համար ստիպված էր այնուհետև միշտ նորանոր միջոցներ հնարել խանի սիրտը գրավելու և նրա պաշտպանությունը վայելելու համար, որպեսզի նրա օգնությամբ կարողանա պահպանել իր խախուտ դիրքը:
Միջակ հասակով մարդ էր նա, մի ոտքով կաղ. երեսը կապիկի դեմքի նմանություն ուներ, մազով պատած մինչև աչքերի կոպերը: Եթե հավատանք ժողովրդական կարծիքին, թե «չոլախ» մարդիկ «յարամազ» (հնարագետ) կլինեն, – պետք է ընդունենք, որ Դավիթը մարմնացած խորամանկության ճիշտ տիպարն էր: Դա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են, թե սատանայից յոթ օր առաջ են ծնվել: