Պարտեզի թե՛ ծառերը և թե՛ ծաղկածուները արդեն դրված պատրաստ էին և ավազանի սյունաձև շատրվանը կարկաչաձայն դուրս էր թափում յուր զովարար աղբերակը, երբ աղա-Մելքոն Խալաթյանը սիրեցյալ Անիչկային թևն առած՝ ներս մտավ պարտեզ: Կես ավուր քնից և լվացվելուց ետ նա սովորություն ուներ իջնել պարտեզ յուր Անիչկայի հետ թարմ օդ ծծելու և միրգ վայելելու համար:
Չնայելով, որ աղա-Մելքոնի տարիքը վաթսունի մոտ էր, և տիկին Անիչկան միայն տասնևհինգ տարով էր նրանից փոքր, այսուամենայնիվ երկու ամուսինները դեռ երիտասարդական քնքշությամբ ողջագուրում էին իրար, մանավանդ երբ նրանք դրսումն էին գտնվում, կամ մի երրորդ անձնավորություն ներկա էր լինում նրանց սիրակցություններին: Աղա-Մելքոնի համար մեծ զվարճություն, էր ցույց տալ օտարներին (թեպետ նրանք այդ չէին պահանջում), որ ինքը անսահման սիրով կապված է Անիչկայի հետ, և որ առանց նրան աշխարհի բոլոր մեծությունները յուր աչքում արժեք չունեին:
Ինչ տիկին Խալաթյանին է վերաբերում, նա պակաս խանդակաթ չէր դեպի յուր ամուսինը, ամենքը գիտեին, որ նա անձնվեր է Մելքոն Կարլիչին, և ազնիվ տիկինը ոչ միայն այդ բանը չէր ծածկում ոչ ոքից, այլև հայտնում էր ամենքին:
Բամբասասեր մարդիկ, որոնք առհասարակ չեն սիրում իրենց գործերով զբաղվել, կամենում էին հավատացնել, որ երկու ամուսինների մեջ իսկապես սեր ասած բանը չկա, բայց նրանք հաշտ են ապրում, որովհետև ինչ որ գաղտնի հարաբերությունների պատճառով, որոնց մեջ յուրաքանչյուրը յուր սեփական հաճույքն էր որոնում, նրանք պարտավորվել էին փոխադարձ զիջումներ անել իրար:
Ի՞նչ գաղտնի հարաբերություններ էին դրանք, կամ ի՞նչ փոխադարձ զիջումներ, մենք, իհարկե, դրանցով չենք հետաքրքրվում, ավելի լավ է հավատալ, որ մարդիկ բարի են և առաքինի, քան հետամուտ լինել նրանց չարությունները ճանաչելու: Մենք, ահա, գոհունակությամբ տեսնում ենք, թե որքան քաղցր և սիրաժպիտ խոսակցում են իրար հետ երկու ամուսինները, հանդարտ ճեմելով ստվերաշատ ծառերի տակ:
– Նայի՛ր, Անիչկա, նայիր մեր ամբողջ պարտեզին, այս ծաղկածուներին, այս վարդե թփերին, այս սիրուն ճեմելիքներին, ինձ թվում է, թե նրանք այսօր մյուս օրերից ավելի գեղեցիկ և հրապուրիչ են, այնպես չէ՞, – քաղցրությամբ խոսում էր Մելքոն-աղան յուր Անիչկայի հետ շրջեցնելով նրան մերթ ակաթենիների ճեմելիքում, մերթ ծաղկանոցի շուրջը և երբեմն զովազարդ ուռենիների տակ:
– Իհարկե, նրանք օր-օրի վերա գեղեցկանում են, չէ որ երեկվա կոկոնը այսօր պետք է բացվեր և այսօրվա կանաչ պտուղները մի քանի օրից պիտի կարմրին կամ դեղնին, – փիլիսոփայորեն տրամաբանեց Անիչկան:
– Ճիշտ այդպես է: Բայց գիտե՞ս, սիրելիս, ամեն բան մեզ մոտ կատարյալ է. – պալատի նման տուն, Շահզադի վայել պարտեզ, փառավոր ապրելու համար մի՞թե էլ մի ուրիշ բան պակասում է մեզ:
– Իհարկե ոչինչ:
– Ճիշտ այդպես: Եվ այս բոլորը ես քեզ համար պատրաստեցի, իմ անգին թագուհիս, միայն քեզ համար… – Եվ այս ասելով Մելքոն Կարլիչը ամուսնուն թևն առած դուրս եկավ ակաթենիների ճեմելիքից պարտեզի փոքրիկ հրապարակը:
Երկու ամուսինները նստեցին իրենց համար պատրաստած աթոռների վերա, իրենց դեմքերը դարձնելով դեպի պալատանման տունը:
Շուտով երևեցավ փոքրիկ աղախինը, որ սկուտեղի վերա մրգեղեն էր բերում նրանց:
Մելքոն Կարլիչը շտապեց մի շնորհալի ասպետի նման ծառայել տիկին Անիչկային, մաքրելով նրա համար բերած մրգերից ամենաընտիրները:
Բայց հազիվ էին նրանք մի քանի փոխադարձ «համեցեքներ» արել իրար, երբ տան պատշգամբում երևեցավ մի բարձրահասակ, շիկահեր և ծաղկատար երեսով աղջիկ, ձեռքում բռնած ջրով լի աման, որը նա առանց, աջ ու ձախ նայելու շտապելուց շուռ տվավ և մեջը եղած ջուրը շռռ… թափեց գեղեցիկ ածուների վերա:
Մելքոն Կարլիչը վեր թռավ տեղից, իսկ տ. Անիչկան քիչ մնաց, որ վախենար: Շիկահեր աղջիկը տեսնելով նրանց վրդովմունքը, սկսեց քրքիջ դառնալ և ծիծաղել:
– Հիմար, լավ բա՞ն ես արել և դեռ ծիծաղո՞ւմ ես, – ճչաց ներքևից տիկինը, – այստեղ ի՞նչ ջուր թափելու տեղ է:
Բայց շիկահեր աղջիկը փոխանակ նրա նկատողությանը պատասխանելու, թողեց ջրի ամանը վանդակակապի վերա և առաջ անցնելով բացականչեց,
– Ա՛յդ ինչ է, դուք արդեն միրգ եք ուտում, և առանց ինձ հայտնելու… – Այս ասելով նա վազեց սանդուղքներով և մի րոպեում իջավ պարտեզ: Առանց սպասելու, որ իրեն բաժին տային, նա վերցրեց սեղանից մի աման, դարսեց նրա վերա բավականաչափ միրգ և կրկին վազեվազ բարձրացավ պատշգամբը:
Մելքոն Կարլիչի ուրախ տրամադրությունը փոխվեցավ: Նա հոնքերը կիտեց և հեռացրեց իրենից մրգի սեղանը: Տիկինը, իհարկե, ավելորդ համարեց հետևել նրա օրինակին:
– Զարմանալի ջղազգաց ես դու, Մելքոն, արժե միթե տխրել այդ չնչին պատճառի համար, նոր հո չե՞ս ճանաչում քո Նատաշին:
– Եվ դու այս չնչին պատճառ ես համարում, հա, – հարցրեց Մելքոն-աղան գլուխը շարժելով:
– Իհարկե, նա այդպես ծնվել, այդպես էլ մեծացել է, նորից հո չես կարող փոխել նրան:
– Նա այդպես չէր ծնվել, Անիչկա, բայց դու նրան այդպես մեծացրիր, – վշտալի ձայնով նկատեց Մելքոն – աղան:
– Ե՛ս, ես նրան այդպես մեծացրի, ես ուրեմն նրան փչացրի, – վրդովելով հարցրեց Անիչկան:
– Էլ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, Անիչկա. ինչ որ եղել է, եղել…
– Չէ, ես կամենում եմ, որ դու ինձ կրկնես քո մեղադրանքը, մի՞թե, ուրեմն, ես եմ փչացրել Նատաշին:
– Չէ, սիրելիս, դու ի՞նչ մեղավոր ես. ես եմ մեղավոր, որ նրան քո հույսով թողեցի:
– Դու էլի նույնն ես կրկնում, անգութ, – ճչաց տիկինը լացի ձայնով, – ուրեմն էլ ավելորդ է, որ ես ապրեմ քեզ մոտ, որովհետև ես փչացնում եմ քո աղջկանը… – Այս ասելով Անիչկան հեռացրեց իրենից մրգի ամանը և սկսեց հեկեկալ:
– Օ, այդ չափազանց է, այդ երեխայություն է, հանդարտվիր. ես կատակ արի. իհարկե, դու ինչ մեղավոր ես, որ Նատաշան այդպես հիմար աղջիկ է. դու հո քո որդու թշնամին չես. – քաղցրությամբ սկսեց ամոքել կնոջ սիրտը Մելքոն-աղան:
– Չէ, այդ առաջին անգամը չէ, – վրդովված խոսեց Անիչկան. – դու մի քանի անգամ էլ միևնույն տեսակ նկատողություններով վիրավորել ես իմ սիրտը, ես եմ հիմարը, որ քո պակասությունների, քո անվայել վարմունքների մասին ոչինչ չեմ խոսում, լռում, պապանձվում եմ. ինչ կանեիր, եթե քո արածներից հենց միայն մեկը լույս աշխարհ հանեի…
Մելքոն-աղան տեսավ, որ մեծ սխալմունք է գործել միջընտանեկան պայմանի դեմ մեղանչելով. ախր չէ որ երկու ամուսիններն էլ իրենց սեփական պակասություններն ունեին և. հենց դրա համար նրանք պարտավորվել էին փոխադարձաբար չտեսնել միմյանց թերությունները: Ինչ իրավունքով, ուրեմն, ինքը այդ նկատողությունը արավ Անիչկային: Այժմ էլ եթե նա սկսեր իրեն հայտնի գործերի մասին նկատողություններ անել, դա խո կատարյալ խայտառակություն կլիներ: Հարկավոր էր, ուրեմն, փակել խնդիրը, ինչ միջոցով էլ որ լիներ:
– Անիչկա, հոգյակս դու մի նեղանար, որ ես երբեմն-երբեմն ակամա սխալմունքներ եմ գործում, ես երբեք էլ քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել: Ի՞նչ անեմ, անիծվի Նատաշան. նա այնպես հիմարություն արավ, որ ինձ սաստիկ վրդովեց: Ախար ի՞նչպես կարելի է կեղտոտ ջուրը ծաղիկների ածուի վերա թափել: Այդ բանում, իհարկե, ոչ դու ես մեղավոր և ոչ ես, երբ աստված կամենում է մեկին պատժել նրան այս տեսակ ժառանգ է տալիս: Ուրեմն ներիր ինձ, հոգիս, ներիր, ես ակամա վիրավորեցի քեզ:
Տիկինը լուռ էր և ոչինչ չէր խոսում, բայց նրա ինքնասիրությունը ըստ երևույթին գոհություն էր ստացել ամուսնու զղջումը տեսնելով, երկու մեղմ խոսքեր էլ՝ և Անիչկան կներեր յուր ամուսնուն:
– Դու չես խոսում ինձ հետ, Անիչկա, – քաղցրությամբ կրկնեց Մելքոն – աղան. – Բայց չէ որ ես ներողություն խնդրեցի: Տիկինը ծանրությամբ բարձրացրեց աչքերը, մի ներող հայացք ձգեց յուր ամուսնու վերա և ժպտաց: Այդ նշան էր, որ, ուրեմն, հաշտությունը տեղի ունեցավ: Մելքոն-աղան սեղմեց կնոջ ձեռքը ի նշան շնորհակալության:
– Բայց ի՞նչ պիտի անենք վերջապես այս աղջկան, – կամացուկ ձայնով շշնջաց Անիչկան ամուսնու ականջին, երբ նրանք թև ի թև մտան կրկին ծառուղիների մեջ:
– Այդ աղջկան… այո՛, այդ հարցը ուշադրության արժանի է: Քանի որ Նատաշան մեր տանն է, նա մեզ միշտ կվրդովե. պետք է հնար մտածել մի կերպով նրան ամուսնացնելու:
– Բայց ում հետ ամուսնացնել, ով կհոժարի նրա հետ ամուսնանալու. Գեղեցկությունից գեղեցկություն չունի, շնորհքից՝ շնորհք չունի, խելքն էլ հո՝ աստված տա: Ինչ ասես, որ ես դրա համար չեմ արել, ինչ նեղություն ասես, որ ես չեմ կրել, ռուսերեն սովորեցրել եմ, ֆրանսերեն սովորեցրել եմ, մուզիկ սովորեցրել եմ. լավ հագցրել եմ, լավ ապրեցրել եմ, էլ ի նչ պետք է անեի. երբ որ աստված խելք չէ տվել, ես հո չէի կարող նրա գլխի մեջ զոռով խելք էլ թափել: