Մուրացան - Չհաս է стр 7.

Шрифт
Фон

– «Երբ դու ինքդ չունիս այդ խելքը, որտեղից կարող էիր նրա գլխի մեջ թափել», – խոսեց ինքը յուր սրտում Մելքոն-աղան և ընկավ մտատանջության մեջ: Նա մտքով թռավ դեպի հեռու անցյալը, դեպի այն բախտավոր օրը, երբ վեց արու զավակներից հետո աշխարհ եկավ Նատալիան, և լցրեց յուր ծնողների ցանկությունը, որ էր՝ աղջիկ ունենալ յոթերորդ զավակը: Եվ այդ օրը ի՞նչ հույսեր, ի՛նչ ոսկի երազներ չուներ Մելքոնը, իբրև բախտավոր հայր: Նա հավատում էր, որ մի օր այդ աղջիկը կռվածաղիկ կդառնա քաղաքի երիտասարդների համար: Հարուստ և գիտնական փեսացուները կվխտան յուր դռներում, և ինքը, իբրև միակ տեր չքնաղագեղ աղջկան, յուր անբռնաբարելի իրավունքով փեսացու կընտրեր նրան, որին ինքը կկամենար, որին յուր սիրտը կսիրեր… Նատալիան հետզհետե մեծանում էր. մի օր նա գեղեցիկ էր ինչպես հրեշտակ, բոլոր տեսնողները հիանում էին նրանով, երանում էին նրա ծնողներին, ամենափառավոր ապագա էին գուշակում նրա համար: Բայց ավա՛ղ, ամեն բան կորավ նրա անփույթ, պճնասեր և միայն ինքը յուրմով զբաղվող մոր շնորհիվ: Երեխան մեծանում էր. հայրը յուր գործերով էր զբաղված, մայրը յուր հագուստներով ու այցելություններով: Չկար մեկը, որ մտածեր ազատելու խեղճ աղջկան նախասահմանյալ հիվանդությունից: Նրա ծաղիկը չհոգացին պատվաստելու և այդ հիվանդությամբ վարակվեցավ նա, երբ ծաղիկը դրացիների տներում կոտորածներ էր անում: Շատ ուշ ճանաչեց տիկինը յուր սխալը, բայց էլ նրան ուղղելու հնար չկար: Մելքոն-աղայի բոլոր ջանքը միայն այն եղավ, որ յուր աղջկանը վերահաս մահից ազատել կարողացավ, բայց խեղճի դեմքը այնքան ծաղկատար, այնքան այլանդակված էր, որ նրա վերա նայել չէր լինում: Այս հանգամանքը բավական էր, որ տիկին Անիչկան բարձիթողի աներ յուր աղջկան:

Կան մի տեսակ մայրեր, որոնց կրծքի տակ՝ ծնողական գթո և գորովի փոխարեն՝ միայն ինքնասիրություն և փառամոլություն է սնանում: Այդպիսիները իրենց զավակների վերա նայում են ինչպես իրենց զարդարանքների վերա, որոնք քանի նոր են և պսպղուն՝ ծառայում են իրենց պարծանքին, բայց հենց որ հնացան, կոտրվեցան, էլ կորցնում են իրենց արժեքը, և նրանք շպրտում են նրանց սնդուկի այն անկյունը, ուր փոշին կամ ցեցը պիտի մաշե նրանց մնացորդը:

Տիկին Անիչկան այդ մայրերից մինն էր: Հենց որ նա յուր Նատաշի դեմքը ծաղկատար տեսավ, էլ սառեցավ նրա մեջ յուր աղջկա համար հոգալու բոլոր եռանդը: Ի՞նչ բան էր այդ այլանդակված աղջիկը, եթե ոչ նախատինք և. ամոթ յուր մոր համար: Նա նրա հետ չէր կարողանում երևալ ո՛չ փողոցում, ո՛չ եկեղեցում, ո՛չ յուր բարեկամների տանը: Տեսնողները պիտի կարծեին, թե Նատաշան յուր աղախինն է և ոչ յուր աղջիկը: Եվ իրավ, ինչպես կարելի էր, որ տիկին Խալաթյանը, այն գեղեցիկ և պճնվող Անիչկան, այդպիսի մի այլանդակ աղջիկ ունենար… Այդ պատճառով նա ընդմիշտ թողեց նրան տան մեջ յուր աղախինների հոգատարության ներքո, որոնք նրանից շինեցին այն, ինչ որ կարող էին. այսինքն մի համառ, ստահակ, բարոյապես և մտավորապես փչացած աղջիկ: Ճշմարիտ է, վերջերում, երբ Մելքոն-աղան սահմանափակեց յուր լայնածավալ գործերի շրջանը, նա առանձին ուշադրություն դարձրեց յուր աղջկա վերա, և համաձայն ընդունած սովորության վարձեց նրա համար ռուսերենի, ֆրանսերենի և մուզիկի վարժուհիներ, և ամեն միջոց գործ դրավ նրան ըստ պատշաճին կրթելու և դաստիարակելու, բայց բոլոր այդ հոգսերը ուշացել էին արդեն: Նատալիան թութակի նման սովորեց մի քանի բան, բայց և այնպես նա մնաց միշտ միևնույն փչացած և կորած աղջիկը… Այս բոլոր անցյալը մի քանի վայրկյանի մեջ մտաբերեց Մելքոն-աղան և ծանր հառաչեց:

– Ինչո՞ւ համար ես հառաչում, – քնքշաբար հարցրեց տանտիկինը, որ դեռ կախված էր նրա թևից և կարծես տեսնում էր յուր ամուսնու մտատանջության առարկան:

– Նրա համար, որ մի քանի վայրկյան առաջ ես ինձ ամենաբախտավոր մարդն էի կարծում աշխարհի մեջ, և չէի մտաբերում իմ այս թշվառ և ողորմելի աղջկան, որի դժբախտության պատճառը մենք ինքներս ենք:

– Էհ, ի՞նչ բանի վերա ես մտածում, արժե՝ միթե այդքան չնչին պատճառի համար տխրել: Մի աղջիկ է. ինչպես որ լինի կամուսնացնենք: Ասենք թե ես ասում եմ տգեղ է, բայց այնքան էլ հո տգեղ չէ, որ տանը մնա: Արհեստավորներն անգամ իրենց կաղ ու կույր աղջկերանց մարդու են տալիս, հիմա ինչ պատահեցավ, որ Մելքոն-աղայի աղջիկը տանը մնա: Եվ վերջապես ի՞նչ է պակսում մեր Նատաշին. գեղեցիկ հասակ, առողջ կազմվածք, սիրուն աչքեր, մի փոքր երեսն է ծաղկատար էլի՛, դա հո մի մեծ պակասություն չէ: Իսկ դրա փոխարեն, որ նա լեզուներ է սովորել, մուզիկ գիտի և էլ ուրիշ չգիտեմ ինչ բաներ, մի՞թե դրանք ոչինչ, ուսում առած աղաները այնքան էլ աղջկա գեղեցկության չեն նայում, այլ նրա գիտությանը:

( Բայց որտեղ են այդ ուսում առած տղաները, որ համաձայնվեն քո աղջկա հետ ամուսնանալու:

– Ամեն տեղ. ա՛յ մեկը հենց իմ հորանց դրացի Սարալյանի եղբոր տղան չէ …

– Որը: Թովմասի եղբոր տղան:

– Այո՛: Թովմասի եղբոր տղան, անցյալները մայրը ասում էր, թե այս տարի ավարտում է յուր ուսումը, ասում էր, թե պետք է բերեմ և ամուսնացնեմ:

Մելքոն – աղան ծիծաղեց:

– Ինչո՞ւ համար ես ծիծաղում:

– Նրա համար, որ դու կարծում ես, թե Թովմասի եղբոր տղան, այն էլ Թիֆլիսից վերադարձող տղան, պիտի գա և մեր աղջկան ուզե: Ուրիշ մարդ ունիս՝ նրա համար խոսիր:

(Թովմասի եղբոր տղան ի՞նչ մի մեծ մարդու որդի է, որ մեր աղջիկը չուզե. նրանից շատ լավերը ոտքդ կհամբուրեն:

– Այդ. լավերը դեռ չգիտեմ ինչ կանեն, միայն նրա համար ասում եմ, որ նա չի ուզիլ:

– Վերջապես ինչ մեծ ցավ է դառել քեզ համար Նատաշան, մի՞թե նա այդքան էլ դեն գցած աղջիկ է:

– Այո , Անիչկա. նա է իմ միակ ցավը, նրանից ի զամ ես ուրիշ ցավ չունիմ:

– Լավ, ինձ թող նրան ամուսնացնելու հոգսը:

Այս խոսքի վերա դռան հնչակը քաշեցին, և մի վայրկյանից ետ երևեցավ ծառան, որ հայտնեց թե՝ պ. Թովմաս Մալարյանը կամենում է Մելքոն-աղային տեսնել:

Երկու ամուսինները զարմացած սկսան նայել իրար վերա:

– «Անունը տո՛ւր, տեղը գցի»: – ասաց Մելքոն-աղան. – այս ո՞ր խաչից է:

– «Մատաղը յուր ոտքով է եկել, այ մարդ», – շշնշաց տիկինը. – կանչել տուր նրան և ձեռքից բաց մի թողնիլ, կարելի է իմ Նատաշի բախտից աստված է ղրկել նրան այստեղ: – Այս ասելով տիկինը հեռացավ և Մելքոն-աղան հրամայեց ծառային հրավիրել պ. Մարալյանին պարտեզ:

ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՇԱՀԱՎՈՐ

– Բարով, բարով, հազար բարով եկաք դուք մեզ մոտ. այս որ խաչից է, ումնից պետք է շնորհակալ լինինք, – ուրախ դեմքով ու ձայնով դիմավորեց Մելքոն-աղան պ. Թովմասին, երբ վերջինս ներս մտավ պարտեզի դռնով:

Թովմասը, որ այսպիսի ընդունելություն չէր սպասում Մելքոն-աղայից, մի քանի րոպե ուրախությունից ինքն իրեն կորցրեց: Բայց շուտով խելաբերելով, որ ինքը նույնպես Մելքոն-աղայից պակաս մարդ չէ և որ այդ ընդունելությունը հենց իրեն նման պատվավոր մարդու էլ կվայելեր, լուրջ կերպարանք առավ:

– Վաղուց ցանկանում էի այցելություն անել ձեզ, – ասավ նա Մելքոն-աղային. – դուք ամեն բանի մեջ փորձված եք, և մանավանդ իբրև վաճառական, դուք աննման եք: Ով որ մոտիկ բարեկամ է ձեզ և կարող է օգուտ քաղել ձեր իմաստուն խորհուրդներից, իմ կարծիքով նա ամենաբախտավոր մարդն է մեր աշխարհում: Տեսնելով որ ես միայնակ եմ և շատ գործերի մեջ կարոտ եմ մի իմաստուն խորհրդականի, որոշեցի, ինչպես որ լինի, վաստակել ձեր բարեկամությունը: Ահա այս նպատակով էլ ես այսօր այցելում եմ ձեզ: Հույս ունիմ, որ դուք չեք մերժիլ այդ բարեկամությունը, որ ես խոնարհաբար առաջարկում եմ ձեզ:

– Շատ ուրախ եմ, շատ ուրախ, – պատասխանեց Մելքոն-աղան: – Սկզբից էլ ես այնքան հավանել եմ ձեզ, թե՛ իբրև մասնավոր մարդու և թե՛ իբրև վաճառականի, որ ես ամենամեծ ուրախությամբ կընդունեմ ձեր բարեկամությունը: Ինչով կարող եմ օգնել ձեզ, ասացեք, ես պատրաստ եմ ձեզ ծառայելու:

– Շնորհակալ եմ, դուք չափազանց բարեսիրտ եք, այո, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա. բայց այդ շնորհը այնքան մեծ է, որ ես արդարև ամաչում եմ ձեզ հայտնելու: Իմ խնդրածս իսկապես շնորհ էլ չէ, այլ մի զոհաբերություն… Եվ այս է պատճառը, որ ես չեմ կարողանում վստահությամբ հայտնել ձեզ իմ խնդիրը:

– Խնդրեմ, խնդրեմ, դուք իրավունք ունիք ամենայն վստահությամբ ինձ հետ խոսելու: Ինչ էլ որ լինի ձեր խնդիրը, ես հոժարությամբ կկատարեմ, միայն թե կարողանամ:

– Կարողանալը՝ կարող եք, բայց չգիտեմ, իրավունք ունիմ արդյոք այս տեսակ խնդիր ձեզ առաջարկելու:

– Դեռ հայտնեցեք ձեր խնդրի տեսակը, այն ժամանակ կտեսնենք՝ կարող ենք, թե ոչ, – ծիծաղելով նկատեց Մելքոն-աղան:

– Շատ լավ. ահա թե բանը ինչումն է: Առաջիկա շաբաթ, զորքի մեծավորի տանը…

– Այո, գնդապետ Բոլատկովսկու մոտ, – ընդհատեց Մելքոն-աղան:

– …Աճուրդ պետք է լինի:

– Զորքի հացը, միսը և խմիչքը կապալով տալու համար, գիտեմ, շարունակեցեք:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги